27 Հուլիս 2013, 17:54
4497 |

Սեփական դարաշրջանը ստեղծողը

Նրա նկարազարդումները փրկում էին ռեժիմին անհաճո գրքերը, իսկ նկարների ցուցահանդեսները դառնում էին ուխտավայրեր. քչերին է հաջողվել Գրիգոր Խանջյանի պես խորը պատկերել ազգի պատմության ողբերգական ու փառավոր էջերը: Նա եզակի նկարիչ էր, ով ոչ միայն պատկերում, այլև ստեղծում էր իր դարաշրջանը:

Գրիգորը Երզնկայից գաղթած Սեպուհ ու Վերգինե Խանջյանների չորորդ զավակն էր: Առաջին երեքը ծնվել էին Վանում, որտեղ Սեպուհը տեղի վաճառականներից մեկի գործերն էր կառավարում: Ընտանիքը Արևելյան Հայաստան տեղափոխվեց ցեղասպանությունից առաջ՝ անսալով ծանոթ ռուս սպաների խորհրդին: Երեք երեխաներից կրտսերը 10 տարեկան էր, երբ Վերգինեի մոտ ծանր հիվանդություն հայնտաբերեցին, որը բժիշկների կարծիքով կարող էր բուժվել չորրորդ երեխայի ծնունդով: Այդպես՝ հանուն մոր փրկության, ծնվեց հայկական գեղարվեստի ապագա մեծ վարպետը: Վերգինե Խանջյանն իրոք բուժվեց ու ապրեց մինչև խորը ծերություն:

***

Մանկուց նկարչությամբ տարված Գրիգորը մասնագիտական գլխավոր գաղտնիքն իմացավ Փանոս Թերլեմեզյանից: Արվեստագետի հետ անձամբ ծանոթ Սեպուհը տարավ նրան որդու ցուցահանդեսին, ծանոթացրեց ու հարցրեց, «Փանո՛ս, տղաս ուզում է նկարիչ դառնալ: Ի՞նչ ես մտածում, կկարողանա՞»: Վերջինս նույնիսկ չնայեց երեխային, ուղղակի ձեռքը դրեց գլխին ու պատասխանեց, «Եթե համբերատար լինի, գուցե կարողանա»: Գրիգորը համբերության, աշխատասիրության ու տաղանդի պակաս չուներ: Առջևում համաշխարհային ճանաչումն ու ժողովրդի սերն էր:

***

1945-ին Խանջյանը Երևանի նորաբաց Գեղարվեստական ինստիտուտի առաջին ուսանողներից էր: Քննությունը անցկացնում էր անվանի հայ քանդակագործ, ինստիտուտի հիմնադիր ու առաջին տնօրեն Արա Սարգսյանը: Կատակում էր՝ տեսնելով ապագա նկարիչներին՝ Մեծ Հայրենականի զրկանքներից հյուծված երիտասարդներին. «Այս մեկն այնքան գունատ է, որ ավելի լավ է՝ քննություն տա բժշկականում համալսարանում », «Լավ կլիներ՝ սրան շորի կտրոն տային»… Գրիգորին անվանեց «նիհար լեռնային աղվես, որին շուտ պետք է ուղարկել Արզնի, որ մաքուր օդ շնչի ու ուշքի գա»: Սակայն «լեռնայի աղվեսը» առանց դրա էլ շատ լավ սովորեց: Նրա ուսուցիչներն էին Արա Բեքարյանի, Բաբկեն Քոլոզյանի ու Էդուարդ Իսաբեկյանի պես վարպետներ:

***

Խանջյանի դիպլոմային աշխատանքի թեման Լոնդոնում 1907-ին կայացած կոմկուսի հինգերորդ հանրագումարն էր: Նույնիսկ այսպիսի շարքային հեղափոխական սյուժեում Գրիգորը կարողացավ ընդդիմանալ ընդունված կանոններին: Առաջին պլանում՝ Լենինի կողքին, Ստալինի փոխարեն տեղադրեց Ստեփան Շահումյանին, ում դերը հեղափոխության մեջ այն տարիների սովետական քարոզչությունը խիստ նսեմացնում էր: Այս փոքր ըմբոստությունը Խանջյանին չխանգարեց ավարտել ինստիտուտը: 1953-ին դարձավ Հայաստանի Նկարիչների միության ամենաերիտասարդ անդամներից մեկը ու քիչ անց ընտրվեց ղեկավարության անդամ:

***

Ի տարբերության շատ գործընկերների՝ Խանջյանը երբեք չդարձավ կուսակցական: Փոխարենը մտերիմ էր Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի հետ ու 1966-ին ընդունեց Մայր Աթոռի Հոգևոր և Ճարտարապետական խորհուրդների անդամ դառնալու առաջարկը: Սա վտանգավոր որոշում էր. Խորհրդային Միությունը չէր ընդունում սերտ կապերը եկեղեցու հետ՝ մանավանդ անկուսակցականների դեպքում: Սակայն Խանջյանի ու Վազգեն Ա-ի համագործակցությունը շարունակվեց 34 տարի՝ մինչև կաթողիկոսի մահը: Մտերմությունը չխոչնդոտեց նկարչի գործունեությունը: Այդ ընթացքում նա ստեղծեց «Աստվածամայրը մանկան հետ» երկու նկարները Էջմիածնի մայր տաճարի ու Նորքի զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու համար, երեք նկար («Աստվածամայրը մանկան հետ», «Խաչելություն», «Հարություն») Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցու համար, ձևավորեց Էջմիածնի կաթողիկոսարանի մի քանի սենյակների ինտերյերը… Խանջյանը շատ էր ճանապարհորդում, նաև՝ կաթողիկոսի հետ. այցելեց ավելի քան քառասուն երկիր: Այս ճանապարհորդություններից առաջացան «Ալբանիա», «Իտալական տպավորություններ», «Փարիզ», «Իսպանիա», «Մեքսիկա» գրաֆիկական շարքերը:

***

Արդեն փառքի հասած Խանջյանը ասում էր, որ իր ուղու սկզբում չէր էլ ենթադրում՝ ինչքան մեծ տեղ կտա գրքային գրաֆիկային: Այս ժանրին անցավ 1950-ականներին: Առիթը Հովհաննես Թումանյանի գործերն էին: Սկզբում Խանջյանը ստեղծեց «Գիքորի», հետո «Անուշի», «Լոռեցի Սաքոյի» ու «Սասունցի Դավթի» նկարազարդումների շարքերը: 1958-ին Հայպետհրատը նկարչին պատվիրեց «Վերք Հայաստանի» նոր հրատարակության նկարազարդումներն ու ձևավորումը՝ նվիրված Աբովյանի վեպի առաջին հրատարակման հարյուրամյակին: Նկարել սկսելուց առաջ Խանջյանը երկար ժամանակ թանգարաններում ուսումնասիրեց 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմի մասին վավերագրական ու ազգագրական նյութերը: Նկարազարդումներում վարպետը ժամանակաշրջանը ճիշտ պատկերելուց բացի կարողացավ բացահայտել ազգի ողբերգության ամբողջ խորությունը, ազգասիրական ոգին ու օտար լծից ազատվելու հույսը: Այս նկարները նոր փուլ սկսեցին Խանջյանի ստեղծագործական կյանքում. նա հետաքրրքվեց պատմական թեմաներով: Ավելին՝ հիմնականում դրանց շնորհիվ էր, որ հետագայում ստեղծվեց նրա ամենահայտնի գրաֆիկ շարքը:

***

1965-ին Խանջյանը պետք է մասնակցեր գրաֆիկայի համամիութենական ցուցահանդեսին: Եվ նորից նա ցուցադրեց ապստամբի իր բնավորությունը. որոշեց ներկայացնել Սևակի «Անլռելի զանգակատան» չորս նկարազարդում: Բանաստեղծի կարևորագույն ստեղծագործություններից այս մեկն արդեն հասցրել էր Հայաստանում մեծ աղմուկ բարձրացնել: Առաջին հրատարակությունը կարող էր վերջինը դառնալ. Կոմիտասի ու Եղեռնի մասին պոեմը ոչ մի կերպ չէր համապատասխանում կոմունիստական իդեալներին:

Սևակն իմացավ այս խռովարար գաղափարը, երբ պատահաբար հանդիպեց Խանջյանին տրամվայում: Շատ զարմացավ ու զգուշացրեց նկարչին մեծ վտանգի մասին: Սակայն նա անդրդվելի էր: Չորս նկար ուղարկվեց Մոսկվա ու հակառակ սպասումների՝ ունեցավ մեծ հաջողություն: Հիմա Խանջյանը կարող էր հանգիստ շարունակել աշխատել: Հետո հիշում էր. «Կարելի էր նկարազարդել պոեմի յուրաքանչյուր բառը, յուրաքանչյուր տողը, պատկերել տեսարանների բազմազանությունը տրամադրությունների ամբողջ հարստությամբ…»

Սակայն վերջում ընտրեց իննը սյուժե Կոմիտասի կերպարը բացահայտող նկարազարդումների համար: 1968-ին, երբ Երևանում նշում էին երգահանի հարյուրամյակը, իննը գրաֆիկ աշխատանքից բաղկացած շարքը ներկայացվեց Նկարչի տանը: Ցուցահանդեսին ներկա էին հայ բարձաստիճան կուսակցականներ, ովքեր արդեն լսել էին Մոսկվայում ունեցած հաջողության մասին:

Կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը մոտեցավ Խանջյանին ու հարցրեց, «Դե, հիմա ի՞նչ անենք»: «Իհա՛րկե տպենք», - ասաց վարպետը: Քոչինյանը միանգամից դիմեց «Հայպետհրատի» տնօրեն Մխիթար Դավթյանին՝ «Տպե՛ք»: Լույս տեսավ Խանջյանի նկարազարդումներով «Անլռելի զանգակատան» երկրորդ հրատարակությունը, որը նույնիսկ արժանացավ պետական մրցանակի: Այնուամենայնիվ երևանյան ցուցահանդեսը ծրագրվածից ավելի շուտ փակեցին. ՊԱԿ-ում անհագստացել էին՝ տեսնելով, թե ինչպես են երեկոյան Նկարչի տան մոտ մարդիկ մոմ վառում: «Նա տեսավ Կոմիտաս մարդուն, այն Կոմիտասին, որի ստեղծած երաժշտությունը ծնվում էր ազգի հոգում ու սրտում: Գրիգոր Խանջյանի ձևավորմամբ Պարույր Սևակի պոեմը ազդեցության նոր ուժ ստացավ», - այսպես գնահատեց աշխատանքը Մարտիրոս Սարյանը:

***

Նույն շենքը 1981-ի ամռանը դարձավ է՛լ ավելի մեծ ուխտավայր, երբ այնտեղ ցուցադրվեցին Խանջյանի «Հայոց այբուբեն» ու «Վարդանանք» գործերը: Մի քանի շաբաթ ասեղ գցելու տեղ չկար. ամեն օր գալիս էին հազարավոր մարդիկ, որ սեփական աչքերով տեսնեին վեհակերտ աշխատությունները, որոնցով նկարիչն անդրադարձել էր հայոց պատմության թերևս ամենակարևոր դեպքերին՝ գրերի գյուտին և Ավարայրի ճակատամարտին: «Հայոց այբուբեն» ու «Վարդանանք» գոբելենները ստեղծվել էին Վազգեն Ա կաթողիկոսի խնդրանքով: Սկզբում նկարներն արվել էին ստվարաթղթի երկու մեծ կտորների վրա, որոնց միջոցով Ֆրանսիայում դասական տեխնիկայով հյուսվել էին գոբելենները: Նրա արվեստանոցում տեղի պակասի պատճառով ստիպված էին ստվարաթուղթը բաժանել մի քանի՝ միմյանց միացող մասերի:

Ցուցահանդեսից հետո դրանք կախեցին Էջմիածնի կաթողիկոսարանում: Այստեղ սովորական մարդիկ չունեին մուտք, սակայն բոլորն էին ուզում հիանալ գլուխգործոցով: Ուստի կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի խնդրանքով Խանջյանը ստեղծեց այս գործերի նոր տարբերակները որմնանկարների տեսքով, որոնք արդեն հասանելի էին բոլորին:

***

Սկզբում ուզում էին դրանցով զարդարել նորակառույց Մարզահամերգային համալիրի շենքը, բայց նկարիչը չգտավ այնտեղ հարմար պատ: Փոխարենը Համալիրի համար ստեղծեց «Մայր Հայաստան» վարագույր-գոբելենը, որն իր մեծությամբ երկրորդն էր Խորհրդային Միությունում: Խանջյանի ընկեր ճարտարապետ Ջիմ Թորոսյանն էլ առաջարկեց որմնանկար ստեղծել կառուցվող Կասկադ համալիրում: Սրան առանձին սրահ հատկացվեց: Խանջյանը աշխատեց որմնանկարի վրա 15 տարի՝ մինչև մահը՝ չհասցնելով ավարտել երրորդ մասը՝ «Վերածնունդը», որտեղ պատկերել էր 20-րդ դարի հայկական մշակույթի մեծագույն գործիչներին:

***

Այդ ընթացքում երկրում տեղի ունեցան նշանակալի դեպքեր՝ անկախության շարժում, արցախյան պատերազմ, ԽՍՀՄ փլուզում, շրջափակում... Անկախության շարժմանը ակտիվ մասնակցող նկարիչը 2 տարի չկարողացավ աշխատել որմնանկարների վրա: 1991-ին հրաժարվեց ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավորի մանդատից՝ ի նշան Ղարաբաղում իշխանությունների վարած քաղաքականության: Իսկ շրջափակման տարիներին ստիպված էր աշխատել միայն ամռանը. ահռելի տարածքը ջեռուցելու հնարավորություն չկար: Որմնանկարը վտանգվեց մի քանի անգամ. մի գիշեր խուժանները սրահ էին մտել, ներկերի մի քանի աման գողացել, գնալուց էլ այրել դեռևս մերկ հիմնաներկը ծածկող ցելոֆանը: Ծածկը հալվելով՝ կպել էր մակերևույթին: Ածելիով մաքրելու համար պահանջվեց մի քանի օր: Հիմնաներկի վրա ճաքեր էին առաջացել: Այսօր էլ որմնանկարը վնաս է կրում Կասկադի տակով անցող մետրոյի ցնցումներից. եռանկարի փրկության հարցը դեռ չի լուծվել:

***

Ո՞րն էր այս ստեղծագործությունների գաղտնիքը: Խանջյանը դրանց մեջ ուզում էր ցույց տալ, որ Ավարայրի ճակատամարտի մասնակից է հայրենիքի շենացմանը նպաստած ցանկացած հայ՝ լինի զինվորական, թե քաղաքական կամ մշակութային գործիչ: Այդպես Վարդան Մամիկոնյանի մարտիկների շարքում հայտնվեցին Կոմիտասը, զորավար Անդրանիկը, Եղիշե Չարենցը, Պարույր Սևակը, Վիլյամ Սարոյանն ու ինքը՝ Խանջյանը… Նայողները նկարում նույնիսկ այնպիսի կերպարներ էին գտնում, որոնք նկարիչը չէր պատկերել՝ Հայկ Նահապետին, Գրիգոր Նարեկացուն: «Նրանք ուղղակի ուզում էին տեսնել իրենց բոլոր հերոսներին՝ մեկ տեղում», - ասում էր նա:

Մոսկվայում ներկայացված երկու աշխատանքները չարժանացան ջերմ ընդունելության՝ «չափից շատ են հոգևորականները»: Այս կարծիքը լսելով՝ Խանջյանը նշեց, որ նկարում երևի ավելի շատ կուսակցականներ կլինեին, եթե 5-րդ դարի Հայաստանում գոյություն ունենային համայնավարներ:
Կենտրոնական հեռուստատեսությամբ ելույթ ունենալիս Խանջյանն ասաց. «Ամենադժվարը ռեալիստ նկարչի ուղին է, քանի որ հենց նա է կոչված ստեղծելու առաջին հերթին իր դարաշրջանի տեսանելի կերպարը»: Նա իր աշխատություններում ոչ միայն արտահայտեց դարաշրջանը, այլև դարձավ դրա գլխավոր գործող անձանցից, այն ստեղծողներից մեկը:

«Ереван» ամսագիր, N6(86), 2013

Այս թեմայով