16 Հուլիս 2013, 16:34
1492 |

Էլվիս Փրեսլիի հետքերով

Առջևում մեծ ծրագրերն են՝ ձայնասկավառակ է թողարկելու, ԲԲՍ-ի հրավերով Միացյալ Նահանգներում է լինելու:

Ձայնագրությունների, նկարահանումների ու համերգների ընթացքում Րաֆֆին մայրիկի ու հայրիկի հետ մի քանի օրով Հայաստան էր եկել: «Ինձ երեխայի պես վերաբերվեք»,- հենց սկզբից խնդրեց ու հավատացրեց՝ Ֆրանսիայում ու Հայաստանում հայտնի դառնալուց հետո չի մոռացել, որ դեռ երեխա է, թեև բեմում իրեն հասուն երաժիշտի պես է պահում: Րաֆֆին չի ժխտում, որ ճակատագրական ելութից հետո նրա կյանքը շատ է փոխվել, ամենօրյա նկարահանումներն են ավելացել, դպրոցում էլ ռեյտինգը բարձրացել է, մեծահասակ աշակերտները նրա թիկունքին միշտ կանգնած են, դասերի ժամանակ էլ՝ ուշադրության կենտրոնում է. «Մենք դաշնամուր ունենք դպրոցում, երաժշտության դասերին հաճախ խնդրում են նվագել: Մի քիչ նվագում եմ, ուրախանում ենք, հետո նոր դասը սկսում»:

Րաֆֆին հիշում է՝ երբ առաջին անգամ հայտնվեց «Ֆրանսիայի տաղանդ»-ի բեմում, վախենում էր, որ իրեն չհավանեն: Նա ռոքնռոլ էր նվագում, իսկ դա ամենքին հասու երաժշտություն չէ: Բացի այդ խոստովանում է՝ ձայնը այնքան հզոր չէր: Միայն այն ժամանակ հասկացավ, որ իր ելույթը հաջողվել է, երբ լսեց ժյուրիի ծափերը:

Րաֆֆին արդեն կողմնորոշվել է երաժշտական ճաշակի հարցում, բոյկոտում է հանուն բիզնեսի ստեղծված ցանկացած երաժշտություն, չի ընդունում փոփը. «Առաջ փոփն ուրիշ էր, օրինակ՝ Մայքլ Ջեքսոնը: Այս դարի փոփը ոչ պատմություն ունի, ոչ ասելիք, այն միայն գումար աշխատելու միջոց է: Իսկ ես ռոքնռոլն եմ ընտրել, այս երաժշտությունը պատմություն ունի»: Դատողությունները բարձրորակ ու ցածրակարգ երաժշտության մասին Րաֆֆին անգիր չի արել, սովորել ու ուսումնասիրել է, կարող է անվերջ խոսել ռոքնռոլի ծագման մասին:

Կես հայերեն, կես ֆրանսերեն՝ Րաֆֆին խոսում է Հայաստանի մասին: Անկեղծ խոստովանում է՝ Ֆրանսիան երաժշտական կարիերա անելու առումով ավելի նպաստավոր երկիր է, բայց Հայաստանը ազատ ու հանգիստ ապրելու լավագույն վայրն է: Որպես ապացույց բերում է այն փաստը, որ Հայաստանում ուշ երեկոյան հանգիստ կարող է դրսում խաղալ, Ֆրանսիայում նման հնարավորություն չունի. «Ես սիրում եմ Հայաստանը, պաշտում եմ հայերենը, որտեղ էլ ապրեմ, երբեք իմ մայրենի լեզուն չեմ մոռանա, որովհետև մայրիկս տանը ինձ հետ միայն հայերեն է խոսում»:

Երևանյան ամենահիշված բեմելը Պատրիկ Ֆիորիի հետ ելույթն էր: Այս համերգից ամենից շատ ոգևորվել էր Րաֆֆիի մայրը, չէր մտածում, որ մի օր տղան նույն բեմում իր ամենասիրած կատարողի հետ ելույթ կունենա: Հայաստանից դուրս ու ոչ հայկական բեմում էլ Րաֆֆին իր ով լինելը չի մոռանում, նվագելու ընթացքում ձեռքին կապած եռագույնն էլ տեսնողներին իմաց է տալիս՝ Հայաստանից է:

Այս թեմայով