10 Հունիս 2013, 13:09
1061 |

Բաբաջանյանը` պարտադիր պայման

Հունիսի 12-19-ը Երևանում երկրորդ անգամ կանցկացվի Պատանի և երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթ-փառատոն' տարիքային երեք խմբով' պատանեկան «Ա» խումբ (մինչև 10 տարեկան), պատանեկան «Բ» խումբ (11-14 տարեկան) և երիտասարդական (15-17 տարեկան): Մրցույթ-փառատոնի տարիքային բոլոր խմբերի ծրագրում ընդգրկված են Առնո Բաբաջանյանի դաշնամուրային ստեղծագործությունները:

Մրցույթ-փառատոնին մասնակցության հայտ են ներկայացրել Երևանի, ՀՀ մարզերի, ԼՂ, ՌԴ, Վրաստանի, Ղազախստանի, Սիրիայի և Ավստրալիայի 90-ից ավելի պատանի դաշնակահարներ: Նրանցից շատերն արդեն միջազգային, հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ են:

Մրցույթ-փառատոնի հաղթողները կպարգևատրվեն դափնեկրի դիպլոմով և Երևանի «Գնոմոն» ոսկերչական գործարանի պատրաստած հուշամեդալով, որի վրա պատկերված է Ա. Բաբաջանյանի կիսադեմը: Հանդիսավոր բացումը տեղի կունենա հունիսի 12-ին ժամը 18:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Փառատոնը կազմակերպվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության և Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի նախաձեռնությամբ: Աջակիցներն են «Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը» և Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը:

Այս թեմայով