25 Ապրիլ 2015, 17:54
1349 |

Դեպի բաց ծով

ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ երաժշտական հանդիպում Տիգրան Մանսուրյանի, Լիլիթ Պիպոյանի, Սերժ Թանգյանի և Տիգրան Համասյանի հետ: Մեծանուն հայ երաժիշտները խոսեցին հայ երաժշտության անցյալի, ներկայի և ապագայի մասին:

Հայկական երաժշտությունը

Լիլիթ Պիպոյան – Ինձ համար միջնադարյան և ժամանակակից հայ երաժշտության միջև տարբերություն չկա: Ասելիքը նույնն է, նույնն է նաև լեզուն, խոսքը, որն արդիական էր 500 տարի առաջ և այսօր: Մյուս կողմից հենց հայկական մելոսը, դրա կառուցվածքը, որն իր մեջ Արևելքի ու Արևմուտքի տարրեր է սինթեզել, կարող է համամարդկային արժեք դառնալ: Հայկական երաժշտությունը մեծ պոտենցիալ ունի այդ առումով:

Տիգրան Մանսուրյան – Երաժշտությունը հիմնավոր և ակադեմիական երևույթ է: Մեր երաժշտական մտածողությունը նույնիսկ հայերեն է, ընդ որում, խոսքը ոչ միայն ֆոնետիկայի մասին է, այլև աշխարհընկալման. մենք այն արտահայտում ենք երաժշտության միջոցով: Հարյուր տարուց ավելի է, ինչ մենք կոմպոզիտորական մտածողության դարաշրջան ենք թևակոխել: Ինչպե՞ս լինել և' կոմպոզիտոր, և' հայ: Ինչպե՞ս կլանել համաշխարհային երաժշտության ժառանգությունն ու այն հայերեն վերարտադրել. հարցերի պատասխանը տվել է Կոմիտասը, և ուրեմն Կոմիտասին հետևելը ճիշտ է:

Տիգրան Համասյան – Հայկական երաժշտության մեջ առաջին հերթին մեղեդին է հայկական, և հետո նոր' խաղիկներն ու նյուանսները: Կարևորը մեղեդին է և խոսքը, որը հայկական է դարձնում երաժշտությունը: Եթե չլինի հայկական խոսքը, լեզուն, հայն էլ չի լինի: Բայց դրա հետ մեկտեղ կարևոր է նաև ճանաչել օտարների երաժշտությունը: Մինչև այն չճանաչենք, չենք հասկանա՝ ո՞րն է մերը ու որտեղի՞ց է գալիս:

Սերժ Թանգյան – Մեր երաժշտությունը հետաքրքիր մելամաղձոտություն ունի:
Լիլիթ Պիպոյան – Բայց քո երաժշտությունը մելամաղձոտ չէ:
Սերժ Թանգյան – Հա՞ որ, չեմ նկատել:
Լիլիթ Պիպոյան – Իհարկե, այն ոչ թե մելամաղձոտ է, այլ ոգևորիչ, ճեղքող:

Հայու տեսակը

Տիգրան Մանսուրյան – Մի անգամ Ազնավուրը շատ դիպուկ նկատառում արեց' երբ հայերն իրար հանդիպում են, միշտ ուրախ են, ու տխրում են միայն օտարների մոտ, այն էլ' լոկ լուրջ երևալու համար: Մենք երբեմն սիրում ենք լուրջ լինելու համար տխուր լինել:

Սերժ Թանգյան – Մենք սովորություն ունենք անվերապահորեն սիրելու և սատարելու ցանկացած ստեղծագործի, ով հայ է: Բայց եթե նրա արածը գրոշի արժեք անգամ չունի, եթե նրա ստեղծածն անորակ է, մի սատարեք նրան լոկ այն բանի համար, որ նա հայ է:

Տիգրան Համասյան – Այստեղ ռադիոյի ու հեռուստատեսության հեռարձակածի 90%-ն աղբ է, ինչն ուղղակի անընդունելի է: Աշխարհի առաջատար երկրներում, որտեղ մարդիկ հնարավորինս ազատ հասարակության մեջ են ապրում, քարոզվող մշակույթը, այդ թվում' երաժշտությունը, ցենզուրայի է ենթարկվում: Ես կարծում եմ, որ այստեղ էլ պետք է ցենզուրա սահմանվի, պետք է հասկանալ, որ ոչ թե պահանջարկն է առաջարկ ծնում, այլ հակառակը:

Երիտասարդ երաժիշտներին

Լիլիթ Պիպոյան – Ինչպես Հայաստանին, այնպես էլ հայկական երաժշտությանն ու երաժիշտներին ծով է պետք: Անհրաժեշտ է բաց ծով դուրս գալ: Միակ կարևոր բանը ճաշակն է, մնացած գործիքներն ունեք, իսկ թե ինչ կստացվի արդյունքում կամ որքանով հայկական կլինի կամ ոչ, արդեն այլ հարց է: Իմացեք, որ դուք ազատ եք, ես ազատության կողմից եմ:

Տիգրան Համասյան – Միշտ հետաքրքրվեք, ներշնչվեք և անպայման ունեցեք ձեր կողքին մեկին, ով կուղղորդի ձեզ: Ես միշտ հետաքրքրվել եմ, իսկ ինձ ուղղորդելու համար շնորհակալ եմ Վահագն Հայրապետյանին:

Տիգրան Մանսուրյան – Այն ամենը, ինչ կարող եք քաղել, ձեր ընտանիքում է' և' ավանդույթը, և' ջերմությունը, և' հայությունը, և' սերը' ամեն ինչ: Ձեր արմատներն ու շարունակությունը ձեր ընտանիքում փնտրեք: Մեր լսած երաժշտությունը մեր կյանքն է: Սա է իրողությունը: Եվ ուրեմն ոչ թե պետք է ցենզուրա մտցնել կամ արգելել այս կամ այն երաժշտությունը, այլ մեր կյանքն է պետք փոխել: Երիտասարդները պետք է գնան դուրս, կրթվեն, ճանաչեն օտար մշակույթը, զգան, թե աշխարհն ի՞նչ է շնչում ու ինչո՞վ է ապրում, և այդժամ կփոխվի նաև նրանց ստեղծած երաժշտությունը: Արգելելը սխալ է:

Սերժ Թանգյան – Ես այստեղ հավաքված երաժիշտներից ամենաանգրագետն եմ: Ոչ դասական երաժշտական կրթություն եմ ստացել, ոչ էլ անգամ դաշնամուրի դասերի հաճախել: Ես երգարվեստը համեմատում եմ ուտելիքի հետ, իսկ եթե ավելի անկեղծ ասեմ' պիցցայի: Չես կարող պարտադրել, որպեսզի անպայման մսով պիցցա ուտեն կամ զեյթունով: Մեզ' հայերիս համար կարևոր է այդ պիցցան համեմել հայկական համեմունքներով: Նույնը երաժշտության մեջ է. որպեսզի այն հայկական լինի, պետք է հայկականություն ներարկենք դրա մեջ:

System of a Down-ի մենակատարը չէր կարող չանդրադառնալ նաև ապրիլի 23-ին ռոք խմբի համերգին Հանրապետության հրապարակում:

Սերժ Թանգյան – Այդ համերգը շատ յուրահատուկ էր ինձ համար և ավելի շատ' մյուս տղերքի համար: Ես հայ հանդիսատեսին գիտեի, ճանաչում էի, բայց նրանք' ոչ: Ու նրանց համար հայ երիտասարդությունը բացահայտում էր, ապշած էին, որ բոլորը անգլերեն երգերը բառ առ բառ անգիր գիտեին ու մեզ հետ հավասար երգում էին: Շատ ոգևորված էին ու զգացված: Երևանն իսկապես շնչում էր ու նոր կյանք խոստանում: Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո մեզ ոչ թե նոր գաղափար է պետք առաջ շարժվելու համար, այլ պետք է հասկանալ, թե որն է հայ լինելու համն ու հոտը: Մենք պետք է ճանաչենք մեզ ու գտնենք մեր տեղն այս նորագույն պատմության մեջ, պետք է մեր ունեցած մշակույթը մարսելով' նորը ստեղծենք ու նորովի ներկայանանք աշխարհին:

Այս թեմայով