12 Դեկտեմբեր 2014, 22:34
26322 |

Վարդագույն մազերով աղջիկը ոչ ոքի չի տեսնում, չի լսում, չի պատասխանում

Նրա կողքով անցնելիս գրեթե բոլորը շրջվում են ու հետ նայում՝ այնքան վառ է ու անսովոր նրա տեսքը:

Երևանի կենտրոնական փողոցներով քայլելիս կարելի է հանդիպել երկար, վարդագուն մազերով, ընդգծված արտահայտիչ աչքերով ու տիկնիկի պես հագնված մի երիտասարդ աղջկա: Նրա կողքով անցնելիս գրեթե բոլորը շրջվում են ու հետ նայում՝ այնքան վառ է ու անսովոր նրա տեսքը:

Քսանամյա Սերինեն մանկուց սիրում էր անիմեներ (ճապոնական անիմացիա) դիտել: Դեռ այդ ժամանակից մորն ասում էր, որ ուզում է անիմե հերոսներին նմանվել: Միջին դասարաններում արտաքինի հետ կապված բարդույթներ ուներ: Կարծում էր, որ գեղեցիկ չէ ու ոչ ոք չի ուզի շփվել իր հետ։ Ընկերներ էլ չուներ: Քայլում էր դեմքը մազերով ծածկած…

Անիմեները նրան փոխեցին: Սերինեն համոզված է, որ, ի տարներություն այլ երկրների մուլտֆիլմների ու ֆիլմերի, դրանց հերոսները ուժեղ են ու չնայած դժվարություններին, միշտ առաջ են շարժվում: Սերինեն էլ դարձավ ուժեղ, դարձավ ավելի ինքնավստահ։ Ավագ դասարաններում էլ սկսեց հագնվել անիմե հերոսների պես: Հաղթահարեց բարդույթներն ու մի կողմ թողնելով տաբատները՝ հագավ շրջազգեստներ: Հիշում է՝ երբ սեպտեմբերի մեկին նոր կերպարով գնաց դպրոց, ինչպես զարմացան դասընկերները:

Դժվար չէր կռահել՝ ինչպիսին է շրջապատի վերաբերմունքն անսովոր արտաքինով աղջկա հանդեպ: Շատերը ժպտում էին, շատերը՝ մատնացույց անում ու ծիծաղում: Ոմանք էլ չէին սահմանափակվում միայն ռեպլիկներով՝ քաշում էին մազերից, հետևից մինչև տուն գալիս և այլն: Սերինեն նույնիսկ հիշեց դեպքեր, երբ մեծահասակ մարդիկ էին իրեն պաշտպանել հարձակումներից: Ընտանիքն էլ էր սկզբում դեմ:
«Դուք էլ եթե դեմ լինեք, ես էլ ինչի՞ ապրեմ»,-ասաց Սերինեն ու հարցը փակվեց: Ընտանիքն ընդունեց, մենակ չթողեց աղջկան:

«Քանի՞ իրական ընկեր ունի» հարցին Սերինեն պատասխանեց՝ երեք: Նրանք էլ էին դեմ իր ոճին: Միասին զբոսնելիս երբեմն ստիպված են լինում պատասխանել անծանոթների կոպիտ ռեպլիկներին ու վեճի մեջ ընկնել: Դրա համար էլ հիմնականում միայնակ է զբոսնում, ականջակալերով ու իր երեք կանոնով՝ ոչ ոքի չի տեսնում, չի լսում, չի պատասխանում:

Սերինեն չի հասկանում ագրեսիվ վերաբերմունքի պատճառը, չէ որ ինքը ոչ ոքի չի վնասում, չի խանգարում: Թեև զբաղվում է անիմե հերոսների cosplay-ով (նմանակելով), այնուամենայնիվ, իր սեփական ոճն ունի ու ոչ ոքի չի կրկնօրինակում, անգամ կեղծամներ չի կրում: Շատ դեռահասներ են մոտենում նրան ու ասում, որ իրենց իդեալն է: Իսկ իր իդեալի մասին վարդագույն մազերով աղջիկը խոսում էր մեծ քնքշությամբ. մայրն է: Միշտ կողքին է, օգնում է, աջակցում, հնարավորություն տվել աղջկան սովորել տարբեր մասնագիտություններ։ Սերինեն զբաղվոմ է տատու-արտով, մեյքափով, կիթառ է նվագում, հաճախում ճապոներենի դասընթացների, զբաղվում նկարչությամբ: Որոշ խնդիրների պատճառով ընդհատել էր ուսումը նկարչության գծով, հիմա էլ փորձում է լրացնել բաց թողածը: Երազում է ճանապարհորդել Ասիայով մեկ, լուսանկարել ու ցուցահանդեսներ ունենալ: Բայց առաջին տեղում մանկության երազանքն է՝ այցելել Ճապոնիա: խոստովանում է՝ Երևանի փողոցներով քայլելիս հաճախ է պատկերացնում, որ Ճապոնիայում է։

Սերինեն բավականին հայտնի է մայրաքաղաքում, հաճախ է ստանում ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ, սակայն չի սիրում գտնվել ուշադրության կենտրոնում: Վարդագույն մազերով աղջիկը շարժվում է առաջ, չի չարանում մարդկանց վրա, ժպտում է ու քայլում երազանքին ընդառաջ:

Այս թեմայով