18 Ապրիլ 2013, 16:03
4164 |

Շուռ տված քաղաք

Արգենտինացի ճարտարապետ Լուկաս Պերեզ Մոնսալվոն հեղինակել է «Զվարթնոց» օդանավակայանի նոր շենքը՝ անմահացնելով սեփական անունը մայրաքաղաքի պատմության էջերում: Սակայն դրանով նրա հարաբերությունները Երևանի հետ չեն ավարտվում՝ ճարտարապետը չի շտապում հեռանալ այստեղից:

Առաջին անգամ եկա Հայաստան 2005-ին: Ամենագրավիչն այդ այցելության մեջ ինձ համար այն էր, որ պետք է ոտք դնեի նախկին ԽՍՀՄ երկիր: Մանկությունս անցել է Սառը պատերազմի տարիներին, այդ պատճառով տպավորություններս Խորհրդային Միությունից բաղկացած էին այդ ընթացքում ձեռք բերված կարծրատիպային գիտելիքներից: Այստեղ գալուց հետո սկսեցի հասկանալ և ԽՍՀՄ-ը, և Հայաստանը, որի մասին ընդհանրապես ոչ մի պատկերացում չունեի: Հետագայում սկսեցի տարբերակել հայկականը խորհրդայինից, սովորեցի, որ ուշադրությունս գրավող շատ առանձնահատկություններն առկա են նաև այլ երկրներում՝ Ռուսաստանում, Ուկրաինայում կամ Վրաստանում: Ես, օրինակ, սիրում եմ խորհրդային մեքենաները: Չգիտեմ էլ ինչու, հավանում եմ ու վերջ: Իմ նկարազարդումներում մեքենաներն առանձին տեղ են զբաղեցնում: Շատ եմ ափսոսում, որ հիմա ոստիկանությունը նոր մեքենաներով է երթևեկում: Հներն ախր շա՜տ լավն էին:

***

Շատ է զարմացնում մարդկանց հագնվելու ոճը: Տղամարդիկ շատ կոնսերվատիվ են, սև կամ մուգ գույներ են ընտրում: Չնայած իմ այստեղ եղած տարիների ընթացքում այդ նորաձևությունն աստիճանաբար փոխվում է: Իսկ կանայք… Օ՜, շատ պրովոկացիոն կլիներ Արգենտինայում այն, ինչ այստեղ նորմալ է: Երևանում առավոտյան 9-ին կանգառում կանգնած կնոջ հագուստը իմ հայրենիքում համապատասխան կլինի միայն հարսանիքի կամ որևէ այլ կարևոր տոնախմբության ժամանակ: Ստրազներ և շատ ոսկի: Չնայած, մարդիկ ամեն տեղ են ոսկի սիրում: Պարզապես արևմուտքում ոսկեղենն ընդունված չէ ի ցույց դնել: Հիմա արդեն սովորել եմ տղամարդկանց հագին ծիծակ կոշիկ տեսնել, բայց երբ նոր եկա Հայաստան, շատ զարմանալի էր: Ասեմ ավելին՝ թեկուզ ինքս դրանցից չէի կրի, բայց ընդհանուր առմամբ ինձ դուր են գալիս: Մի անգամ կնոջս հետ գնացել էինք ԳՈՒՄ-ի շուկա, ես նայում էի այնտեղ վաճառվող ծիծակ կոշիկներին, որ կարծես օձի կաշվից էին պատրաստած, ու մտածում, որ եթե բերեմ Բուենոս Այրեսի ամենաթանկ մոդայիկ խանութը, հաստատ ֆուրոր կլինի:
Մի բան պետք է ասեմ, որ միգուցե զարմանալի թվա տեղացիներին: Ինձ դուր են գալիս այն նոր շենքերը, որոնք կառուցվում են Երևանում: Այդ նոր երևանյան ոճն իմ կարծիքով համապատասխանում է քաղաքի ընդհանուր շնչին: Բայց Հյուսիսային պողոտան առանձնապես չեմ սիրում՝ շենքերը միանման են:
Կինս ինձ հետ է ապրում Երևանում: Նա թարգմանչուհի է՝ իսպաներեն և անգլերեն լեզուների մասնագետ: Այժմ իսպաներեն է դասավանդում համալսարանում: Սկզբում կնոջս համար դժվար էր Հայաստան տեղափոխվելը, բայց նա շատ հետաքրքրասեր է, շատ խելացի: Նա առաջինն էր, ով սկսեց ծանոթանալ պատմությանը, ավանդույթներին, հետո նոր ես էլ միացա:

***
Մի տարի առաջ մի քանի լուսանկար արեցի ու դրանց հիման վրա մշակեցի առաջին նկարազարդումներս: Ու սկսվեց: Աշխատանքից տուն էի վերադառնում ու պարզապես խաղում էի այդ նկարների հետ: Հետո դրանք շատացան: Երբևիցե չեմ մտածել ինչ եմ անելու այդ շարքի հետ: Առայժմ տեղադրում եմ դրանք ֆեյսբուքում հատուկ բացված խմբում: Վերնագիրը ընկերներիցս մեկն էր առաջարկել՝ շրջել Երևանի անունը: Հավանեցի, քանի որ նկարներում էլ ես բոլորովին այլ տեսանկյունից եմ դիտում քաղաքը՝ շուռ տված, եթե կցանկանաք:

Սկզբում որոշել էի օգտագործել այն հարյուրավոր գրությունները, որոնք կարելի է հանդիպել երևանյան տարբեր շենքերի պատերին: Հետո սկսեցի ցույց տալ հայկականի ու սովետականի այն միքսը, որ կա քաղաքում, և որն ինձ այդքան հարազատ է դարձել:
Մայր Հայաստան արձանը շատ լուրջ ու մոնումենտալ է: Որոշեցի ծաղիկներով ու գույնով մի փոքր մայրական քնքշանք ավելացնել այնտեղ: Սեր: Ստացվեց ինչ-որ հիփփիական պատկեր: Հետո ընկերներիցս մեկը Անգլիայում որոշեց թողարկել շապիկների մի հավաքածու, որի համար նրան անհրաժեշտ էին կոշիկների լուսանկարներ: Ես և կինս գնացինք Բանգլադեշի շուկա ու նկարեցինք ահռելի քանակությամբ կոշիկներ: Իմիջիայլոց, երկար ժամանակ կարծում էի, թե Բ-2 թաղա-մասում բնակվում են փախստականներ Բանգլադեշից… Մի խոսքով, չդիմացա ու ինքս սկսեցի օգտագործել դրանք նկարազարդումներում:
***
Երբ նոր եկա Հայաստան, ինձ սկսեցին երկիրը ցույց տալ: Իհարկե, առաջին հերթին գնացինք Գառնի-Գեղարդ, Խոր Վիրապ: Բայց ամենաշատը տպավորվել էի Գյումրիից: Երևանն էլ սիրում եմ հատուկ սիրով: Կարծում եմ, դեռ երկար կմնամ այստեղ: Արդեն հասել եմ նրան, որ երբ ասում եմ «գնամ տուն», ի նկատի եմ ունենում երևանյան բնակարանը: Երևի բնական զգացողություն է, չէ՞:

Այս թեմայով