Պատմություն Pepsi-ի, Կասանդրայի, ДДТ-ի ու կարմիր Marlboro-ի մասին, որոնք, ըստ շատ հայրերի, քանդեցին խորհրդային միությունը:
Ամեն անգամ, երբ հեռուստացույցի էկրանին հայտնվում էր կարմիր խալով հայտնի մարդը, մեր տանը սարսափելի իրարանցում էր սկսվում: Միշայի գլխին հազար ու մի անեծք ու հայհոյանք էր թափվում, միջին ծանրության, բայց հիմնականում փափուկ մի քանի իր անպայման դիպչում էին հեռուստացույցի էկրանին։ Պարտադիր լսում էի լուտանքներ իրենց կառուցած երկիրը «քանդած» մարդու հասցեին: Ապոկալիպսիսը տարիներ առաջ էր, երբ Գորբաչովին խաղաղության նոբելյան մրցանակ տվեցին: Ինչքան հաճախ էր նա հայտնվում էկրանին, էնքան հաճախ էի ցանկանում, որ կռվի բուն դարձած սարքը փչանար: Դրա հավանականությունը զրոյական էր. հորական պապս Աջափնյակի ամենաճանաչված հեռուստացույց վերանորոգողն էր:
Պատին փակցված խորհրդային քարտեզի վրա ուսումասիրում էի էդ մեծ երկիրն ու չէի հավատում, որ մի խեղճ մարդ մեկ-մենակ կարող էր քանդել 70 տարի կառուցած երկիրը: Դե, իր մասնակցությունն այդ գործում ձյաձյա Միշան ուներ, ինչպես հետո պարզվեց, բայց նա հաստատ մենակ չէր: Ու որոշեցի կազմել իրերի, երևույթների ու երազանքների ցուցակ, որոնք միլիոնավոր մարդկանց տարան իրենց հետևից ու կործանեցին մեր հայրերի ու պապերի սիրելի երկիրը, որտեղ ամեն ինչ կար….դե, բացի սեքսից, իհարկե:
VEF ռադիոընդունիչ
Լատվիական ռադիոընդունիչը խորհրդային ընտանիքներում ազատության խորհրդանիշն էր: Ամեն երեկո դրվում էր սենյակի կենտրոնում, րոպեներ անց հնչում էին կախարդական բառերը՝ «եթերում ամերիկայի ձայնն է Վաշինգթոնից»: Շատ տարիներ անց էլ տանը սովորույթի ուժով լսում էին Լենինի ջանքերը ջուրը գցած ձայնը, թեև Վաշինգթոնն իր ուզածին մեր ծնվելուց առաջ արդեն հասել էր:
Կարմիր Marlboro
Գովազդային պաստառից խեթ-խեթ նայող կովբոյին կերտող դերասանը երևի չի էլ պատկերացրել, թե ինչ մեծ դեր է ունեցել աշխարհի քաղաքական քարտեզը ձևելիս: Marlboro-ն սովետում հաճույք է եղել, ազատության ու ըմբոստություն խորհրդանիշ:
ДДТ և Յուրի Շևչուկ
Ռուսական ռոք խմբերը 1980-90-ականներին իսկական իրարանցում առաջացրին: Միլիոնավոր մարդիկ վարակվեցին երաժշտությամբ ու որոշեցին, որ իրենք են իրենց գլխի տերը, ոչ ոք իրավունք չունի հրամայել կամ որոշում կայացնել, նրանցից բացի: Ռոքն ազատություն էր քարոզում, քարոզը տեղ հասավ։ Խմբերն էլ քիչ-քիչ ցրվեցին՝ ամեն մեկը մի ուղղությամբ:
Levi Strauss & Co.
Այն, ինչից հիմա ամենքս մի քանի հատ ունենք, ընդամենը մի քանի տասնամյակ առաջ շքեղություն էր ու հարստության նշան: Մարդիկ մի ՎԱԶ 21-06-ի գին էին տալիս ու ամերիկաներից Levi’s պատվիրում: Տեղ հասնելուն պես էլ կամուկացի մեջ էին ընկնում՝ հագնե՞լ, թե չհագնել: Լեգենդի համաձայն՝ ջինս հագնողներին տանում էին КГБ ու ցուցմունք վերցնում, մեղադրում լրտեսության մեջ: Զարմանալի է, թե ինչու խորհրդային տնտեսությունը 7 տասնամյակի ընթացքում չկարողացավ իր սեփական ջինսը ստեղծել:
Pepsi
Մի հին անեկդոտ կա: Երկու ընկեր 80-ականներին հանդիպում են:
- Pepsi խմած կա՞ս:
- Ես չէ, բայց ախպերս տեսել ա, ոնց են մետրոյի տակ խմում:
Արևմուտքի սև ըմպելիքը պահանջված էր մինչև 1973-ի ապրիլը, երբ PepsiCo ընկերության նախագահ Դոնալդ Քենդալի և ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահ Ալեքսեյ Կոսիգինի միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ առաջին արկղ Pepsi-ն պաշտոնապես մտավ խորհրդային հող: Ամերիկացիներն էլ շահած դուրս եկան, ռուսական «Столичная» օղին սկսեց արտահանվել ԱՄՆ: Մեկ տարի անց խորհրդային քաղաքացիների՝ արևմուտքի հանդեպ սերն այնքան մեծացավ, որ Նովոռոսիսկում հիմնվեց Pepsi-ի առաջին գործարանը: Սև տենդը տարածվեց երկրով մեկ:
Հեռուստասերիալ «Կասանդրա»
Ամեն ինչի վերջը հայտնի հեռուստասերիալն էր: Մութ ու անլույս տարիներին հմուտ տեխնոկրատները ավտոմեքենայի մարտկոցները հարմարեցնում էին փոքր հեռուստացույցներին ու, ամեն գործ թողած, ապշահար նայում վենեսուելական սերիալը: «Կասանդրան» շատերին կարողացավ համոզել, որ խորհրդային միությունում սեքս, ամեն դեպքում, եղել է: