22 Նոյեմբեր 2013, 17:34
2658 |

2 մլն դրամով քանի՞ մարդու կյանք կփրկվի

Եթե ինքնասպանության մտադրություն ունեցողներից գոնե մեկը հետ կանգնի իր որոշումից, ուրեմն ֆիլմը տեղ է հասել: Ի վերջո, մեկ մարդու կյանքն արժե ավելին, քան այդ 2 մլն դրամը:

«Անպետքը»' կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի նոր ֆիլմն արդեն պատրաստ է: Ինչպե՞ս սկսվեց ֆիլմը նկարահանվել ու ի՞նչ միջոցներով: Մեծ ցանկություն՝ ահա ռեժիսորի գաղտնիքը: Ֆիլմի գաղափարը կար, սակայն միջոցներ չկային: Ի՞նչ են անում սովորաբար նման դեպքում. ոչինչ, ուղղակի «երկիրը երկիր չի» արտահայտությունը նորից սկսվում է շրջանառվել:

Սա այդ դեպքը չէր: «Եկեք միասին ստեղծենք իրական արվեստի գործեր, որ ոչ թե գումար են վաստակում, այլ օգուտ տալիս մարդկությանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրեց Արշակ Զաքարյանն ու անցավ գործի:

Ու մինչ մշակույթի նախարարը կառավարությունից պահանջում էր Նունե Եսայանի համերգի համար ծախսված 54 մլն դրամը, Արշակ Զաքարյանը հաշվեց' ֆիլմի նկարահանման համար անհրաժեշտ էր 2 մլն դրամ' նախնական: Հավաքվեց, ճիշտ է ոչ ամբողջը, բայց' 1 800 000 դրամ:

Իսկ գումարի մյո՞ւս մասը: «Մարդիկ ֆիլմ են նկարահանում, որ մեքենա գնեն, իսկ ես մեքենաս վաճառում եմ, որ ֆիլմ նկարեմ». - կատակում էր Արշակ Զաքարյանը, սակայն այս կատակը հարյուր տոկոսով ճիշտ դուրս եկավ: Գումարի մյուս մասը ներդրեց ռեժիսորը, քանի որ ինչպես խոստովանում էր' ֆիլմը ստեղծելու գաղափարն ունենալուց հետո ամեն անգամ, երբ լսում էր, որ մեկն ինքնասպան է եղել, իրեն էր մեղավոր զգում:

Ֆիլմը նկարահանվեց երկու ամսում: Նույն երկու ամսում մեկ տասնյակին հասնող ինքնասպան գրանցվեց: Ֆիլմից հետո էլ կլինեն ինքնասպանություն գործողներ, սակայն եթե նրանցից գոնե մեկը հետ կանգնի իր որոշումից, ուրեմն ֆիլմը տեղ է հասել, քանի որ մեկ մարդու կյանքն արժե ավելին, քան այդ 2 մլն դրամը:

Հիմա, երբ ֆիլմը կյանքի է կոչվել, կարծում եմ' մշակույթի նախարարը տարեվերջին կինոռեժիսորի աշխատանքը կարժևորի' թեկուզ և ոչ 54 մլն դրամի տեսքով:

Այս թեմայով