16 Ապրիլ 2013, 15:01
6210 |

Բոլոր ժամանակների Չապլինը

Կյանքը ողբերգություն է, երբ տեսնում ես այն խոշոր պլանով, և կատակերգություն՝ երբ նայում ես նրան հեռվից…

«Ես ծնվել եմ 1889-ի ապրիլի 16-ին՝ երեկոյան ժամը 8-ին, Ուոլվորթի շրջանում, Իսթ-լեյն փողոցում», - իր մասին Չապլինն այսպես է պատմում, ինչպես կպատմեր ինչ-որ մեկի սովորական ծննդի մասին. մանավանդ, որ դրան հաջորդել են ծանր մանկությունն ու պատանեկությունը: Թատերական անհաջող կարիերան հորն ու մորը կյանքի անդունդն են գլորել: «Իմ առաջին ելույթի համար մորս խզված ձայնին եմ պարտական», - հիշում է Չապլինը: Հաննա Չապլինի ձայնը ներկայացման ժամանակ կտրվում է, տապալված դերասանուհին 5-ամյա որդուն բեմ է հրում՝ ներկայացումը փրկելու: Տղան երգում ու պարում է, նմանակում արտիստներին ու վաստակում դահլիճից նետված առաջին աշխատավարձը՝ մի բուռ շիլլինգ: Սակայն չքավորությունն այդ պահին արդեն սողոսկել էր Չապլինների ընտանիք: Հայրը հարբում էր, մայրը հոգսերի բեռից կորցնում է հոգեկան հավասարակշռությունը: Շատ չանցած հայտնվում է հոգեբուժարանում՝ կյանքի հետ մենամարտում, որդիներին թողնելով մեն-մենակ: «Ես լրագիր եմ վաճառել, խաղալիքներ սոսնձել, աշխատել եմ տպարանում, ապակի փչողի արվեստանոցում, բայց գիտեի, որ դրանք ժամանակավոր են, ի վերջո, ես դերասան եմ դառնալու»,- պատմում է Չարլին:

Հաննան էլ էր որդու համար այլ ճակատագիր կանխատեսել՝ բեմ, մեծ արվեստ: Համառ, ինքնավստահ, աշխատասեր 12-ամյա պատանին թատրոնի տնօրենից թաքցնում է իսկական տարիքն ու ստանում առաջին դերը «Շերլոկ Հոլմս» պիեսում: Բիլլի. այս անունը դաջվում է Չապլինի հիշողության մեջ առհավետ. այդ դերակատարման շնորհիվ նա ու եղբայրը դուրս են գալիս աղքատության ճանկերից: Շաբաթական 2 ֆունտ ու 10 շիլլինգ՝ մի ամբողջ կարողություն կիսաքաղց եղբայրների համար: Իսկ 15 արի անց արդեն նաև ռեժիսոր Չապլինը «Պստիկը» ֆիլմի համար պահանջելու է 1,5 մլն Դոլար՝ ունենալով 5 մլն դոլար կարողություն:

Լայն տաբատ, ձեռնափայտ, , մեծ կոշիկներ, հնամաշ գլխարկ. փոքրամարմին այս մարդը գլխիվայր շրջեց բեմավեստի ու կինոյի չափանիշները: Ի հեճուկս զարմացած ու զայրացած հայացքների՝ մերժում է «ապտակների կոմեդիայի» քարացած իշխանությունը: Ավելին՝ Անգլիային, հետո նաև Ամերիկային ցույց տալիս համաշխարհային կինոյի նոր՝ չապլինյան ոճը. լիամետրաժ կատակերգություններ: Իրար են հաջորդում «Անձրևի տակ մնացածը», «Փոքրիկը», «Շան կյանքը», «Դիկտատորը», «Կրկեսը», «Մեծ քաղաքի լույսերը», «Ոսկու տենդը», «Նոր ժամանակները». վերջին երեքը բոլոր ժամանակների ամերիկյան 100 լավագույն ֆիլմերի ցանկում են: Մրցակցող ընկերությունները Չապլինին հսկայական գումարներ են առաջարկում: «Մեծ քաղաքի լույսերը» ֆիլմի տոմսի արժեքը Չապլինը նշանակեց ր 50 ցենթիցմինչև 1 դոլար: «Յունայթեդ արտիստ» ընկերությունը տարակուսում է՝ այդքան բարձր գի՞ն: Բայց Չապլինը գիտեր իր արվեստի իսկական արժեքը: 1 200 տեղանող կինոդահլիճներում անշլագ էր: Համր ֆիլմը համարյա եռակի եկամուտ է բերում, քան դիմացի կինոթատրոնում ցուցադրվող հնչուն կինոնկարը:

Չապլինը հիշում է. «Յունայթեդ արտիստը» վնասով աշխատեցնող Հայրեմ Աբրամսը մի օր ինձ ասաց՝ Չարլի, երաշխավորում եմ, որ «Մեծ քաղաքի լույսերը» քեզ 6 միլիոնից ավելի եկամուտ կբերի: Ու նա չէր սխալվում»:

Ուինսթոն Չերչիլի, Ֆրանկլին Ռուզվելտի ընկերակիցը բարձրաշխարհիկ հասարակության ամենացանկալի հյուրը դարձավ: Հեղինակավոր ամսագրերն իրենց շապիկներին Չապլինի նկարը տպագրելու համար պատրաստ էին հսկայական գումարներ ծախսել: Փառքի ու հարստության տիրակալը, սակայն, չի մոռանում մեծ քաղաքի աղքատ արվարձանների բնակիչներին, որոնցից մեկն էլ ինքն էր եղել: Չապլինյան ֆիլմերի հերոսները դարձան իր նման ընչազուրկները: Ողբերգությունից ծնվեց կատակերգությունը: «Ծիծաղը մարտահրավեր է ճակատագրին: Ծիծաղում ենք, որ չխելագարվենք», - ասել է Չապլինը:
Նրա ֆիլմերից շատերի սյուժեները ծնվել են նկարահանման ընթացքում: Ամսագրում տպագրված ոսկի փնտրողի մասին մի քանի տողը դարձավ «Ոսկու տենդը» ֆիլմի սյուժե, իսկ տեսողությունը կորցրած ծաղրածուի մասին պատմությունը վերածվեցկույր աղջկա ու թափառաշրջիկի սիրո ոդիսականի՝ «Մեծ քաղաքի լույսերը»:

Թափառաշրջիկ՝ այս կերպարով Չապլինն ամրագրեց իր տեղը մեծ կինոյում, իր հերոսի վրա հրավիրեց մոլորակի միլիոնավոր բնակիչների ուշադրությունը՝ հորդորելով վերանայել սեփական ես-ի պահանջների սահմանները, մարդու մեջ տեսնել հենց մարդուն ու գնահատել նրա ապրելու, սիրելու, գնահատված լինելու պարզ ցանկությունը: Թափառաշրջիկն իսկական հեղաշրջում էր, ձեռնոց՝ նետված մարդկանց անտարբերությանն ու եսասիրությանը, խարան՝ նրանց բիրտ սրտերի վրա: Նա գրավել էր աշխարհն այն ժամանակաշրջանում, երբ էկրանին էին անկրկնելի կոմիկներ Հարոլդ Լլոյդն ու Բասթեր Կիտոնը:

Իսկ Հոլիվուդը նոր էր ծնվում: «Արտիստների Մեքքա». Չապլինն այսպես անվանեց Հոլիվուդը: «Աստղերն աստղերի մեջ քիչ լույս են տալիս և ավելի քիչ՝ ջերմություն», - առաջին անգամ Հոլիվուդը տեսնելով՝ ասել էր նա: Նա ոչ մի ֆիլմի համար «Օսկար» չստացավ, և միայն կյանքի վերջում արժանացրեցին այդ մրցանակին, այն էլ՝ ամերիկյան կինոարվեստում ներդրած մեծ ավանդի համար:

Աշխատանքը միշտ նրա համար վեր էր ամեն ինչից: «Մարդը պետք է տիրապետի տառապելու ունակությանը»,- ի պատասխան հարցին, թե ինչպես եք կարողանում այդքան աշխատել, ասել է Չապլինը: Հնչուն կինոյի ժամանակներում էլ նա շարունակում էր համր ֆիլմեր նկարահանել, որոնց երաժշտությունը մեծ մասամբ ինքն էր գրում: «Ինչքան էլ լավ խաղամ հնչունային ֆիլմերում, միևնույն է, չեմ կարողանալու գերազանցել իմ վարպետությանը մնջախաղում», - խոստովանել է արտիստը:

Չապլինի կյանքում բազմաթիվ կանայք են եղել՝ կարճ ու երկար սիրավեպերով: Ամուսնացել է 4 անգամ և ունեցել 11 երեխա: 1943-ին, երբ 54 տարեկան էր ու երիցս ամուսնացած, «Ուրվականը և իրականությունը» պիեսում Բրիջետի դերի համար դերասանուհի էր փնտրում, երբառաջարկեցին 17-18-ամյա Ունա Օնիլին: Մերժեց՝ պատճառաբանելով, որ շատ երիտասարդ է: Բայց տեղեկանալով, որ «Ֆոքս» ընկերությունը պատրաստվում է դերասանուհու հետ պայմանագիր կնքել, Չապլինը շտապեց առաջ անցնել ու առաջինը կնքեց պայմանագիր Ունայի հետ: Դա նաև համատեղ երջանիկ կյանքի պայմանագիր դարձավ: Սեր՝ առաջին հայացքից, երկկողմանի ու հարատև: Ունան Չապլինին պարգևեց 8 երեխա: Նրանք միասին ապրեցին 34 տարի:

1977-ին կաթոլիկների Սուրբ Ծննդյան տոնին՝ դեկտեմբերի 25-ին, հանդարտ ու անխռով մահացավ 88-ամյա երջանիկ հայրը, ամուսինը, արտիստն ու մարդը: Վերջինն էր հենց Չապլինի մեծագույն կոչումը՝ մարդ մնալ իր ու մոլորակի մարդկանց աչքերում: Դստերը՝ Ջերալդինային գրած նամակը Չարլի Չապլինն այսպես ավարտեց. «Ես չեմ եղել հրեշտակ, բայց որքան կարողացել եմ, ձգտել եմ լինել մարդ: Փորձիր և դու»:

Այս թեմայով