25 Սեպտեմբեր 2013, 18:04
1935 |

«Մալավիտա»

Թեթև, ոչ գռեհիկ հումոր, դերասանական լավ խաղ, ինչն էլ ստիպում է աչք փակել ակնհայտ բացթողումների վրա:

Ռեժիսոր' Լյուկ Բեսսոն
Դերերում' Ռոբերտ դե Նիրո, Միշել Փֆայֆեր, Դիաննա Ագրոն և այլք

Ամերիկյան ընտանիքը տեղափոխվում է խուլ նորմանդական քաղաք, որտեղ նրանց սպասում է մեծ առանձնատուն, հետաքրքրասեր հարևաններ և ՖԲՐ-ի աշխատողները: Ընտանիքի հայր Ջովաննին (Դե Նիրո) վկայություն է տվել իր մաֆիոզ կոլեգաների դեմ դատարանում և այժմ ստիպված է ուրիշ անվան տակ ապրել: Գլխավոր հերոսները կերտված են շատ պարզ և հասկանալի, բայց յուրահատուկ ուրախ տրամադրությամբ և հմայքով, առանձնապես աչքի է ընկնում Ջովանիի կին Մեգիին (Փֆայֆեր), որը կարող է ոչ միայն համեղ իտալական պաստա եփել, այլև պայթեցնել սուպերմարկետն անբարեհամբույր սպասարկման համար:
Ֆրանսիացի ռեժիսորը երկար չի մտածել գլխավոր դերասանների հարցում, ընտրել է մաֆիոզ ֆիլմերի դերասանների. երիտասարդ Փֆայֆերը նկարահանվել է «Սպիով դեմքը» և «Ամուսնացած է մաֆիայի հետ» ֆիլմերում, իսկ Դե Նիրոն իտալա-ամերիկյան մաֆիոզի դասական օրինակ է: Բեսսոնին չի վախեցրել նաև այն փաստը, որ Դե Նիրոյի հերոսը կինոակումբում պետք է դիտի իր իսկ մասնակցությամբ Սկորսեզեի «Լավ տղաները» նույնպես՝ մաֆիոզ ֆիլմը և վերլուծի այն:

Հանդիսատեսին կարող է զարմացնել այն փաստը, որ Ջովանիի՝ արտաքինից փխրուն դեռահաս որդին և դուստրը կարող են շատ հանգիստ ձեռքի տակ ընկած առաջին իրը տալ համադասարանցիներիգլխին՝ ոչ կոռեկտ պահվածքի համար: Սակայն ֆիլմի ֆլեշբեքերի շնորհիվ պարզ է դառնում, որ երեխաների մանկությունն անցել է բռուկլինյան իտալացի մաֆիոզների շրջապատում, ուսի վենդետայի նկատմամբ սերը արյան հետ միասին հոսում է երակներում:

Եթե սցենարից հանենք բոլոր արդեն դասական դարձած եվրոպա-ամերիկյան խնդիրների կլիշեները' հիմար ամերիկացիներ, ամերիկացիներին չսիրող ֆրանսիացիներ, ազգային ուտեստների շուրջ վեճեր, ապա ամենազվարճալին Ջովանիի երազներն ու պատկերացումներն են, որոնք շատ են հիշեցնում նույն ոճի Դե Նիրոյի մասնակցությամբ մեկ այլ սև կատակերգություն' «Վերլուծիր սա»:

Ֆիլմը միանշանակ արժե դիտել, եթե փնտրում եք թեթև, ոչ գռեհիկ հումոր, դերասանական լավ խաղ: Ի դեպ, հենց վերջինս էլ ստիպում է աչք փակել ակնհայտ բացթողումների վրա:

Այս թեմայով