13 Մայիս 2013, 13:28
2955 |

Թատերական սնահավատություններ. միջանցք և գրիմանոց

Եթե, ըստ Ստանիսլավսկու՝ «Թատրոնը սկսում է հանդերձարանից», ապա, ըստ իս, թատերական արարողությունն ու կյանքը սկսվում են դերասանական հարկի միջանցքից: Թատրոնի շենքից ներս մշտապես երկու ներկայացում է խաղացվում: Եվ եթե առաջին, բոլորին հասու բեմադրությունը սկսվում, ավարտվում, վերջում էլ՝ ծափահարվում է, ապա՝ երկրորդը՝ միջանցքում և գրիմանոցներում բեմադրվող, չունի ոչ ավարտ, ոչ սկիզբ, ոչ էլ հստակ գծագրված սխեմա, այլ կերպ ասած՝ դրամատուրգիա: Գուցե իմ որոնած թատրոնի տեսակին այս անպիես ու անտրամաբանական փրֆորմանսներն ավելի մոտ են:

Թատերական միջանցք, ավելի ճիշտ դերասանական մասի միջանցք ասելով հաճախ միջնադարյան մշուշն եմ հիշում: Ինչո՞ւ... Որովհետև սա ամենահակասական, խելքից-մտքից դուրս, չվերծանվող զգացմունքների խտարան է: Եթե բեմական սնահավատությունները ինչ-որ տեղ ըմբռնելի, նույնիսկ՝ իրենց ալոգիզմի մեջ որոշակի տրամաբանություն պարունակող երևույթներ են, ապա գրիմանոցի և միջանցքի էմոցիոնալ շերտերը այնքան ցիկլիկ են, որ մի վայրկյանի մեջ նույն միջադեպի և մարդու նկատմամբ տրիստանաիզոլդիական, հեթանոս, մայրթերեզային, հայրփիլիպոսային, այլմոլորակային և այլն, և այլն Սեր և աբելկայենային, փրթող-թափող Ատելություն են պարունակում:

Նախ ուզում եմ խոսել ժամային ցիկլերի մասին: Սա մի վայր է, որտեղ իրավամբ կուտակված են արվեստին վերաբերվող բոլոր իզմերը: Օրվա մի պահին միջանցքը չափազանց ռեալիստական է, մյուս պահին, ակնթարթորեն, սյուռեալիստական, ապա՝ դադաիստական, հետո՝ պոստմոդեռնիստական, նույնիսկ՝ նիհիլիստական: Սակայն երկու ժամ կա (ընդ որում, թատրոնի միջանցքի ժամերը ևս կայուն չեն, մի օր նույն պահը կարող է լինել առավոտ ժամը 10:30, մյուս օրը՝ երեկոյան 5-ին կամ հազարին), որոնք մեծ շեղումների չեն ենթարկվում: Առաջին ժամն ազդարարում է դերասանական հարկ առաջին մարդու մուտքը, երկրորդը՝ ներկայացումից հետո վերջին մարդու հեռանալը: Ամենամեծ միստիկան այն պահի մեջ է, երբ դուռը բացում ու, հավաքարարից առաջ, սկսում ես քայլել հարյուր, հազար անգամ տեսած ազդագրերով ու թատրոնի երախտավորների լուսանկարներով ձևավորած միջանցքով կամ, ներկայացումից հետո հեռանում ես՝ դերասանների մարմնի, մազերի ու ներսի հոտով լցված գրիմանոցներից, որտեղ բեմական զգեստներն ու կահ-կարասին ֆիքսում, ամփոփում են նրանց վերջին շարժումներն ու արտաբեմական զգացողությունները: Հենց էդ պահերին էլ տեղի են ունենում երևույթներ, որոնք չեն վերծանվում...

Թատրոնի տնօրենը, մահից առաջ, որպես կարծեցյալ լավություն, իր տեղակալի պաշտոնին էր նշանակել մանկության ընկերոջը՝ արվեստի արյան հետ կապ չունեցող մի մարդու, որն էլ՝ իր հերթին գեղարվեստական ղեկավարի քատրուղարուհու բարդ ու դժվարին գործը հանձնել էր հեռավոր ազգականին: Սովետական դաստիարակություն ստացած նախկին բասկետբոլուհին ամենաշուտն էր աշխատանքի գալիս...

Էդ օրը առավոտ կանուխ շենքում պահակից բացի ոչ ոք չկար: Քարտուղարուհին բացեց դերասանական հարկի դուռն ու սկսեց առաջանալ: Նրա լիքոտ մարմինը թեթևակի հևում էր, ձեռքին պոմիդորներով լի պայուսակ կար: Կինը դժվարությամբ էր գնում դեպի գեղղեկի առանձնասենյակը: Հանկարծ տարօրինակ խրթխրթոց, հետո հոգոց լսեց: Ազդագրերը, ընտրյալների ու հանգուցյալ տնօրենի մեծադիր լուսանկարը առանց շարժվելու կնոջն էին նայում: Կինը ուշադրություն չդարձրեց: Խրթխրթոցը կրկնվեց՝ վերածվելով ճաշկերութային չփչփոցի: Կարծելով, որ Անդոն է (Անդո՝ քառասունհինգ տարեկան, թատրոնում աշխատում է հնուց՝ շուրջ վաթսուն տարի, ինչ է աշխատում՝ նույնիսկ Բարձրյալին հայտնի չէ) քարտուղարուհին սկսեց նրան կանչել.
- Անդո, Անդո...

Անդոն չկար, փոխարենը գրիմանոցի՞ց, թե՞ միջանցքից մի տարօրինակ 3-Դ ձայն լսվեց.
- Բեեեեեեեեեեեմը թողեցի, դիրեկտըռ դարձա, որ էլ ինձ պոմիդորով չխփեն... Հա, հա, հա...

Սարսափած քարտուղարուհին ճչաց ու, չկողմորոշվելով, դեպի դրսի փակ դուռը վազեց: Մի քանի վայրկյան բռնակը բռնաբարելուց հետո հետ գնաց ու փորձեց աչքերը փակ տնօրենի զգաստ-մեծամեծ լուսանկարի կողքով անցնել: Հենց էստեղ էլ կատարվեց մի բան, որը քարտուղարուհուն միստիկ թվաց: Պայուսակի կանթը պոկվեց և լոլիկները, գնդակ-գնդակ խաղալով, աստիճաններով ցած գլորվեցին: Դրանցից մեկը չրըմփաց ձվածեղ սարքող պահակի ուղիղ թավայի մեջ...

Իսկ ի՞նչ եղավ հետո... Դեռ տնօրեն չդարձած փոխտնօրենը, միջադեպին ծանոթանալով՝ մի պատմական ֆրազ արտաբերեց.
- Կամ գիժ են լինում՝ գալիս են թատրոն... Կամ թատրոն գալիս՝ գժվում են...

Միջանցքը և գրիմանոցը զգացողության, սնահավատության իմաստով շատ ընդհանուր բաներ ունեն, բայց գրիմանոցn ունի երկու առանձնահատկություն, որոնցով միջանցքը օժտված չէ: Դրանք են. շերտավորումը և... Հա, դերասանական հիերարխիան առավել արտահայտվում է, այսպես կոչված՝ հարդարասենյակների տեղաբաշխմամբ, որը հիանալիորեն նույնանում է դերաբաշխման հետ: Ջահելներին՝ ընդհանուր գրիմանոց, վաստակ ունեցողներին «դվուխսպալնի», իսկ այ հանճարները միշտ մենակ են...

Բայց գրիմանոցը մեկ այլ կարևոր հատկություն ունի. պատերի ականջները: Երկու հոգի թաքուն զրուցում, կարևոր գաղտնիքներ են իրար հայտնում, երդվում են գաղտնիքը գերեզման տանել, մեկ էլ՝ հոպ, այն հանրային սեփականություն է դառնում: Էլ երդում-պատառ, էլ՝ գերդաստանի արևների խավարում ու ծագում, էլ՝ սուտ ասելու դեպքում սեփական անձը սեռա-օրինտացիոն փոխման անեծքի տակ դնելու արհավիրք...
Բա որտեղի՞ց իմացան... Գրիմանոցի պատերը ականջներ ունեն... Մի խոսքով, հետագա խաչակրաց արշավանքների պատկերացումը թողնում եմ ձեր երևակայությանը: Գուցե մոտավորապես կարողանաք էդ անօրինակ մարդաղացը վերարտադրել...

Քանի որ վերջին ենք հասել՝ պարզաբանեմ միջանցքում և գրիմանոցներում անվերջ խաղացվող ներկայացումների հիմնական շարժառիթներից մեկը, որը հաճախ այնպիսի խորհրդավոր կրքեր է բորբոքում, որ նույնիսկ Ներոնը կերազեր գրի առնել: Այս տարածքների թագավորը բեմական վիրավորանքն է: Տո քո տիրոջ մերը՝ թատրոն... Դերասանի համար թատրոնի հասցրած վիրավորանքներն անկշռելի են: Եթե դերասան ես, ուրեմն՝ հիվանդ ես , ինչ ուզում ես խաղա, ինչպիսի մեծ, անզուգական ռեժիսորի ձեռքի տակ ուզում ես՝ եղի, միևնույնն է՝ վիրավորված ես: Վիրավորված թատրոնից, ռեժիսորից, գործընկերներից, վատ ծափ տվող հանդիսատեսից, հաշվապահից, տնօրենից, պատուհան լվացողից ու հանդերձապահից... Մոռացա հարևանությամբ գտնվող կրպակի աշխատակցուհուն նշել... Մի խոսքով՝ անկապ-կապակցված, անլուրջ ու վերին աստիճանի լուրջ, անիմաստ ու կյանքի իմաստ պարունակող վիրավորանք, որը մշտապես կեղեքում է դերասանին ու նրա ներվային համակարգը խառնշտելով՝ դրդում ինքնահաստատման, կամ էլ, սեփական հանճարեղության գիտակցման պոռթկումներով, գրիմանոցների և միջանցքի Բեմահարթակում անսկիզբ, անվերջ ու անդրամատուրգիա ներկայացումներ խաղալ: Ինչ արած...

Որոշ ժամանակ անց, սակայն, թատրոնի ներքին ռադիոկապը միանում և մուտքի, ներկայացման կամ փորձի մեկնարկի մասին ազդարարող ռեժիսորի օգնականի մշտապես լարված ձայնը, առանց որևէ պաթոսի՝ ռեալիստորեն քեզ հրավիրում է մի տեղ, որտեղ կյանքը թեև հորինված, սակայն իր տրամաբանության մեջ չափազանց իրական է...

Այս թեմայով