24 Փետրվար 2015, 08:49
2109 |

Ուրախ քելեխ

Հունվարին, Ամանորի արձակուրդներից մի քանի օր անց, հայտարարվեց Ափթաուն փաբ-ակումբի փակման մասին: Քաղաքի ամենասիրված գիշերային նստավայրերից մեկի վերջին երեկույթը՝ ԱփՔելեխը, ներկաների հուշերում:

Երևանյան փաբային քարտեզի ամենավառ կետերից մեկի՝ Ափթաունի փակվելու մասին լուրերը սկսել էին պտտվել դեռ մի քանի ամիս առաջ: Պարզվեց՝ ճիշտ է: Թեպետ շատերը մինչև վերջին օրը, որն ափթաունյան պատմության մեջ պաշտոնապես գրանցվեց որպես Upqelekh, չէին ուզում հավատալ, թե ակումբը վերջնականապես կարող է փակել իր դռները:

Քանի դեռ չէր փակվել, փաբը բաց էր բոլոր նրանց առաջ, ովքեր ունեին էնտուզիազմ ու ստեղծագործելու և «թույն» մտքերով կիսվելու ցանկություն: Հենց այսպիսի մարդկանց շնորհիվ էլ ստեղծվեցին տարբեր ֆորմատի նախագծեր, կինոդիտումներ (օրինակ՝ Ոսկե Ծիրանի ժամանակ), ներկայացումներ (օրինակ՝ Սերգեյ Դանիելյանի), կենդանի համերգների հեռարձակումներ (օրինակ՝ Զեմֆիրայի) և անվանակոչվեցին հատուկ ափթաունական ոճով: UprakadUPra-ն միավորում էր տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց, ովքեր զբաղեցնում էին տվյալ օրվա բարմենի կամ դիջեյի «պաշտոնը»: Իսկ էլ ո՞րտեղ, բացի Ափից, կարող էիր լսել ճարտարապետների դիջեյական սեթեր (UPchitecture): Մյուս հետաքրքիր ձևաչափն էր UPSSA-ն, որը հիմնականում իրականացվում էր ուրբաթ օրերին: Այդ օրը շաբաթը լավ ամփոփելու, խմելու և հնարավոր ամենալավ փոփի տակ լիցքաթափվելու համար էին: Ամենակարևոր գործոններից էր նաև այն, որ ի տարբերություն Փարպեցու բնակելի շենքերում տեղակայված փաբերի, այս մեկն աշխատում էր կեսգիշերից շատ ավելի հետո:

Ամենահետաքրքիր պատմություններն էլ այս մեկ ու կես տարվա ընթացքում հյուսվեցին Ափթաունի շուրջ, շատերը հասցրեցին գաղափարակից ընկերներ ձեռք բերել, նոր հետաքրքիր ծանոթություններ հաստատել, սիրահարվել ու նույնիսկ ամուսնանալ: Ափթաունի վերջին գուդբայ փարթին UPqelekh-ն էր: Երեկույթին ներկա էին մարդիկ, որոնց համար Կորյունի 19ա-ն դարձել էր սեփական բնակարանի պես: Սակայն, եթե տեղյակ չլինեիր փաբի վերջին իվենթի մասին ու սովորականի պես ոտքդ Ափթաունի դռներից ներս դնեիր, հաստատ չէիր կռահի, որ ներսում հավաքվածները քելեխի էին եկել:

Զուգարանի մոտ ինչպես միշտ հերթ էր: Երկու ընկերուհիներ ափսոսանքով քննարկում են օրվա թեման. «Էս զուգարանի հերթերը արդեն ասում են, որ քաղաքի լավագույն տեղերից ա, որտեղ ջահելությունը գնում ա ու լավ ժամանակ անցկացնում: Ասա, որ զուգարանից դուրս գալու ծափերը պիտի կարոտվեն: Ափսոս, որ էլ հերթեր չեն լինի էստեղ»:

Ինչպես միշտ, Ափթաունը լիուլի էր, բարի մոտ փաբի հին ու նոր բարմեններն էին, ովքեր հավաքվել էին վերջին անգամ օղորմաթաս խմելու, իսկ պարահրապարակում ջերմաստիճանը հասնում էր հնարավոր ամենաթեժին, տժժացող մասսան նույնիսկ մոռացել էր, թե ինչ առիթով է հավաքվել: Ամեն դեպքում, Ափթաունի կիսախավարում մեկ ու մեջ երևում էին նաև մռայլ դեմքեր, ովքեր ոչ պարում, ոչ էլ ուրախանում էին, այլ ցավակցական խոսքեր հղում փաբը ստեղծողներին ու հարցուփորձ անում փակման պատճառների մասին: Պատասխանը մոտավորապես այսպիսին է. «Նոր գաղափարների պակաս կար, փաբը արդեն լճանում էր և ուղղակի դադար էր պետք վերցնել»:

Ստոյկայի մոտ լսում եմ, թե ինչպես քելեխին եկածներից մեկը արդեն կարոտում է. «Ստեղ ներսում ինչ-որ հետաքրքիր քաղցր հոտ կա, որը չկա մնացած փաբերում, շատ կկարոտեմ էդ հոտը»: Հնչում է ափթաունյան ամենասիրելի հիթերից մեկը՝ Get Lucky-ին: Հավաքվածները երջանկության ճիչ են արձակում ու ավելի եռանդուն սկսում տժժալ: Դիզայներ Արա Ասլանյանը ցույց է տալիս բեմի մոտ տժժացողներին, ու ասում՝ «Նայի, Բոգդանն ու Լուսոն են, ստեղ են ծանոթացել, շուտով ամուսնանալու են»: Եթե չփակվեր, երևի այստեղ էլ ամուսնանային:

Քաղաքի փաբիստները Կորյունի 19ա-ն հաստատ դեռ շատ կկարոտեն: Ոմանք Ափթաունին կհիշեն իրեն հատուկ քաղցր հոտով, ոմանք կկարոտեն խոհանոցի ներսում պարող Աիդա տատիկին, որը Ափքելեխին այդպես էլ չերևաց, իսկ շատերն էլ ակումբը կհիշեն ամեն անգամ Get Lucky-ն ու Happy-ն լսելիս:

«Մերսի, որ էսքան վախտ մեր հետ էիք», — հայտարարեցին Ափի կազմակերպիչները: Քեզ էլ մերսի, Ափ ջան:

Այս թեմայով