12 Հուլիս 2013, 17:42
2592 |

Կալյումեն 3 տարեկան է

Չգիտեմ՝ այս խրախճանքից հետո ինչպես է ուշքի գալու Կալյումեն, բայց որ երեք տարեկան փաբի համար անմոռանալի ծնունդ ունեցավ, դա փաստ է:

Չգիտեմ՝ ինչպես և ովքեր են ծնում փաբերին, բայց, ի տարբերություն մարդկանց, փաբի ապրած ամեն օրը մի ֆիլմի սցենար է: Այստեղ են բորբոքվում իրական ու կեղծ կրքերը, այստեղ ենք ականատես լինում ամենազուսպ մարդկանց անսպասելի բռնկումներին, իմանում ալկոհոլի ամենակարող ազդեցության մասին, կարճ ասած, եթե փաբերը խոսել իմանային, բազմաթիվ մարդիկ կգաղտնազերծվեին, ջրի երես դուրս կգային առավոտյան ժամը իննին համեստորեն աշխտանքի գնացողների իրական դեմքերը կամ իրենց Կազանովա համարողների ամենօրյա անհաջողությունները: Բարեբախտաբար, փաբերը միայն լուռ հետևում են այցելուների արկածներին, երբեմն կարեկցում կամ ծաղրում:

Երևանի ամենասիրված ու գողտրիկ փաբերից մեկը՝ Կալյումեն, իր կյանքի երեք տարիների ընթացքում ինչեր ասես, որ չի տեսել՝ ուշագնաց աղջիկներից մինչև տարբեր պատրվակներ հորինողներ՝ իր ջերմ ու մտերմիկ գրկում մեկ րոպե ավելի մնալու համար: Փաբաստանի լիդերներից մեկի ծնունդը շնորհավորելու էին եկել բոլորը: Մուտքի անվտանգության աշխատակցի մռայլ դեմքին նայելով՝ բնավ չէի ասի, որ ծննդյան փաստը նրան առանձնակի ուրախություն է պարգևում: Իսկ այ ներսում իսկական տոն էր, կիսախավարում հնչում էր Բիթլզի հայտնի Imagine երգը, բեմում Rainbow family-ն էր: Տարբեր ազգերի երաժիշտներ միահամուռ աղաղակում էին՝ «Կալյումե, Կալյումե, Կալյումե»: Ես էլ իմ հերթին վանկարկեցի՝ «գինի, գինի»: Բարմենն ականջալուր եղավ ու իմ առջև հայտնվեց պատվերս: Հետաքրքրվեցի՝  այցելուներն այսօր որ խմիչքն են ամենից շատ պատվիրել. «Գարեջուր ու չգիտես ինչու՝ Long island ice tea»: Իսկ ես՝ որպես ստաժավոր փաբիստ, գիտեմ՝ ինչու. այդ խմիչքը վայրկյաններ անց բարձրացնում է տրամադրությունը: Բարմենից պարզեցի նաև, որ հասցրել են նվերներ ստանալ՝ տարբեր մշակույթներ ներկայացնող հուշանվերներ:

Բեմում ուս ուսի և ձեռք ձեռքի տված Rainbow family-ն շեղեց մեզ զրույցից: Բազմազգ երաժշտական բենդի ծիածանագույն ընտանիքում Ռոբինզոն Կրուզոյի արտաքինով մի քանի երիտասարդի հետ խոսելու ցանկությունս այնքան մեծ էր, որ ստիպեց հաղթահարել բեմ տանող խոչընդոտները: Բեմ բարձրանալով՝ ակամայից դարձա նրանցից մեկը: Երիտասարդները համախմբվեցին շուրջս, բռնեցին ձեռքերս ու կլոր շրջան կազմեցին: Չգիտեմ, թե այդ պահին ծիածանի որ գույնն էի, բայց որ բեմը նրանց ցատկերից ու երաժշտությունից դղրդում էր, փաստ է: Շոգն ու ծուխը միախառնվել էին իրար, կպչել մարմնիս, ինձ զգում էի աֆրիկյան գյուղում, և վախվորած սպասում, որ ուր էր է ինձ կզոհաբերեն:

Բարեբախտաբար, նման բան չեղավ:  Դռեդներով ու ոտաբոբիկ տղամարդն ինձ փրկեց: Իրանից ժամանած Ֆարհադը կցկտուր անգլերենով պատմեց, որ այս վայրի մասին իմացել է ընկերներից ու ահա նա այստեղ է, իսկ թե ուր կլինի վաղը՝ չգիտի: Մեզ միացավ ևս մեկ դրեդերով երիտասարդ, այս անգամ՝ Ֆրանսիայից: Առանց վերնաշապիկի կապուտաչյա ու շիկահեր Սիլվիեն ողջագորվեց ինձ հետ, կարծես միլիոն տարվա ծանոթներ լինեինք: «Վրաստանում էի, հաջորդ կանգառս Երևանն էր, իմացա մշակութային խաչմերուկ Կալյումեի մասին, որոշեցի բաց չթողնել այս վայրը տեսնելու առիթը, շատ եմ հավանում, շնորհավոր ծնունդը», - ասաց Սիլվիենը:

Դուռն անընդհատ բացվում էր, բոլորը ցանկանում էին ներկա գտնվել սիրելի փաբի տարեդարձին: Չգիտեմ՝ այս խրախճանքից հետո ինչպես է ուշքի գալու Կալյումեն, բայց որ երեք տարեկան փաբի համար անմոռանալի ծնունդ ունեցավ, դա փաստ է:

Այս թեմայով