16 Դեկտեմբեր 2014, 11:10
1138 |

Բարեգործական աճուրդ «Սպորտը հանուն կյանքի»

Դեկտեմբերի 12-ին «Ամերիա» ընկերությունների խումբը «Մարիոթ» հյուրանոցում կազմակերպեց ամենամյա 5-րդ բարեգործական աճուրդը: «Սպորտը հանուն կյանքի» աճուրդի ժամանակ ներկայացված էր 22 լոտ, որոնց թվում էին Հենրիխ Մխիթարյանի, Ռոման Բերեզովսկու, Վիկ Դարչինյանի, Արթուր Աբրահամի ստորագրությամբ սպորտային պարագաներ, հայտնի ֆուտբոլիստների մարզաշապիկներ, հազվագյուտ լուսանկարներ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամների մակագրությամբ գնդակներ եւ այլն:

«Ամերիաբանկի» գլխավոր տնօրեն Արտակ Անեսյանի խոսքով՝ նախորդ չորս աճուրդների ընթացքում մոտ 300 մլն դրամ է հավաքվել, որի շնորհիվ հնարավոր է դարձել փրկել ավելի քան 100 երեխայի կյանք:

Գործարարներից ու բանկիրներից բացի աճուրդին մասնակցում էին նաեւ ճանաչված մարզիկներ, որոնց թվում էին ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ Ռոբերտ Արզումանյանը, լեգենդար Ալբերտ Ազարյանը, միջազգային գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը: «Սպորտը հանուն կյանքի» բարեգործական աճուրդի ժամանակ հավաքվեց 30 մլն 600 հազար դրամ: «Ամերիա» ընկերությունների խումբն իր կողմից կրկնապատկեց գումարը, որը կուղղվի ծանր հիվանդություններով տառապող երեխաների բուժմանը:

Դեկտեմբերի 15-ից կկազմակերպվի նաեւ առցանց աճուրդ, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Իսկ նրանք, ովքեր առանց աճուրդին մասնակցելու են ցանկանում իրենց ներդրումն ունենալ այս գործում, կարող են գումար հանգանակել «Ամերիաբանկում» բացված հատուկ հաշվեհամարին, որը գործում է ամբողջ տարին:

 

Այս թեմայով