30 Հոկտեմբեր 2012, 12:48
2540 |

Սեփական օտար երկիր

Անցյալ ձմռանն իմացա իմ նշանակման մասին բժիշկների խմբում, որոնք ծրագրում էին հումանիտար ուղևորություն կատարել Հարավարևելյան Ասիա. «Դուք մեկնում եք Բանգլադեշ»: Ինձ ոչինչ չասող աշխարհագրական անունը ստիպեց փորփրել այդ առեղծվածային երկրի պատմությունը: Ուսումնասիրելու ընթացքում ինձ համար անսպասելի հայտնաբերեցի, որ Բանգլադեշում մի ժամանակ գոյություն է ունեցել հայկական մեծ համայնք: Իսկ այսօր Դաքայում կարելի է հանդիպել Բանգլադեշի վերջին հային` պարոն Ժոզեֆ Մարտինին:

Ռիկշաների և բրնձի բլիթների քաղաքը

Բանգլադեշի մայրաքաղաք Դաքան պատկերացավ իմ առջև քնի և մեքենայի ապակեպատ լուսամուտների միջից. խոնավ արևադարձային օդ, մութ փողոցներ, ճանապարհին պառկած մարդկանց կերպարանքներ և ծեր բարի Ամիր Բան, որն ինձ քաղաք էր տանում: Որ դա երազ չէր, ես հասկացա միայն հաջորդ օրը, երբ սկսվեց իմ հումանիտար գործունեությունն աշխարհի ամենից խիտ բնակեցված քաղաքում. 16 մլն մարդ 1 464 կմ2 վրա: Դա Վատիկանով զբոսանք չէ: Այստեղ մշտապես աներևակայելի դղրդոց է:

Դաքայից ուտելիքի, մարդկանց, տրանսպորտի, խոնավության հոտ է գալիս: Քեզ հետապնդում է ամենքի և ամեն ինչի աներևակայելի բազմազանության զգացումը. առանց լուսացույցների և ճանապարհային կարգավորման լայն փողոցներ` հետիոտներով, գույնզգույն ռիկշաներով, լեփ-լեցուն ավտոբուսներով և տեղական «երթուղայիններով»` ավտոռիկշաներով: Սկզբնական շրջանում ես ինձ զգում էի հանդիսատես, որը դիտում է անընդհատ մեկը մյուսին փոխարինող հնդկական ֆիլմեր` ավտոբուսների տանիքներին նստած ուղևորներով և հետնախորշերում ապրող տնանկներով: Սա մի քաղաք է, որտեղ մահմեդական և հնդկական մշակույթների միախառնումը ակնհայտ է ամեն ինչում: Բանգլադեշում գտնվելուս հենց առաջին օրը ինձ մահմեդական «շալվար քամիզ» տարազ հագցրին. հակառակ դեպքում, տեղաբնակների ասելով, խնդիրներ կառաջանային: Պարզվեց, որ տեղացի կանայք այդ հագուստն ավելի հաճախ են կրում, քան հնդկական սարին:

Հաղթահարելով զգուշության զգացումը և մայրիկիս տված խոստումս՝ չուտել, ինչ պատահի՝ ես մասնակցեցի իմ առաջին բանգլադեշյան հացկերույթին: Մի ափսե բրինձը՝ յուղալի սոուսների և համեմունքների հսկայական բազմազանությամբ, հյուրերը կլանում էին՝ օգտագործելով միայն ձեռքերը և վրայից սուր համով թեյ էին խմում. սեղանի մոտ վարվեցողության տարրական կանոնները անգամ հեռավոր կերպով հիշեցնող ոչ մի բան:

Արմանիթոլա

Դժվար է հաղորդել իմ հրճվանքը, երբ տեղաբնակները հաստատեցին, որ հին Դաքայում, իրոք, հայկական եկեղեցի կա, և այնտեղ էլ ապրում է նրա միակ պահապանը՝ պարոն Մարտինը: Երեք ժամվա ճանապարհ աղմկոտ նեղ փողոցներով, և մենք վերջապես հասանք հայկական Արմանիթոլա շրջանը: Երկարատև, համառ զանգերից հետո եկեղեցու դարպասը բացեց միջին տարիքի մի ինքնատիպ տղամարդ, և ես տեսա հանգստավետ բակը, որը ոչ մի ընդհանուր բան չուներ աղմկոտ, վատ հոտով քաղաքի հետ. բազմաթիվ տապանաքարեր, գեղեցիկ մատուռ և մի քանի ցածրիկ աղյուսե շենքեր, որտեղ մինչև հիմա մարդիկ են ապրում: Երևակայությունս անմիջապես հարյուրամյա հնություն ունեցող պատկեր նկարեց. մեծ հայկական ընտանիքները ժամերգության են գալիս եկեղեցի, որտեղ հնչում է հայերեն խոսքը՝ բենգալերենին խառնված: Ժամերգությունից հետո երեխաները խաղում են բակում, կանայք ծխականներին արևելյան անուշեղեն են հյուրասիրում, իսկ տղամարդիկ ոգևորությամբ քննարկում են ողջ կյանքի գործը՝ ջուտի առևտուրը:

Հիմա այստեղ հայեր գործնականում չկան, և եկեղեցու բակում լուռ է: Ցավոք, նույնիսկ պարոն Մարտինն այստեղ չէ. նա մեկնել է Կանադա՝ այցելելու իր դուստրերին, որոնք վերջերս են հեռացել Դաքայից: Տեղանքով էքսկուրսիան անցկացրեց նրա հավատարիմ օգնական Շամքար Գոշը, որն արդեն 30 տարի է, ինչ ապրում է եկեղեցու տարածքում:

– Այնպես ստացվեց, որ 30 տարի առաջ մենք բնակություն հաստատեցինք հայկական եկեղեցու բակում և ծանոթացանք պարոն Մարտինի հետ: Մեր երեխաներն այս բակում միասին են մեծացել: Այստեղ էլ մենք թաղեցինք պարոն Մարտինի կնոջը: Հիմա իմ դուստրն աշխատում է Հունաստանում, նրա երեք դուստրերը հաստատվել են Կանադայում: Ես ապրում եմ այստեղ կնոջս և որդուս հետ, որը սովորում է Դաքայի համալսարանում: Մենք շատ ենք սիրում հայերին, իսկ զոքանչս ընդհանրապես ազատ խոսում է հայերեն,– պատմում է Շամքարը:

Եկեղեցու բակում զբոսնելով՝ մենք հասանք նրա կացարանին՝ մի փոքր սենյակի, որտեղ կահույքից միայն մեկ մահճակալ կար և մի հին հեռուստացույց: Այն հարցը, թե ինչն է նրան ստիպում 30 տարի ապրել այս սենյակում, պարոն Մարտինի և Դաքայի հայկական համայնքի մասին Շամքարի աշխույժ պատմություններից հետո ինքնին վերացավ:

Պարզվում է, որ մեր հայրենակիցները Դաքայում մի ժամանակ շատ հարգված և հարուստ մարդիկ են եղել, զբաղվել են ջուտի առևտրով և եղել են հանրահայտ որմնադիրներ: Հայ վաճառականներն այս կողմերն են տեղափոխվել XVIII դարի սկզբին: Շուտով Դաքայում բացվել է ջուտի վերամշակման 13 ֆաբրիկա, սկսել է գործել կապեր հաստատելու ստանդարտ հայկական սխեման, և շատ շուտով հայ վաճառականները մտերմական հարաբերություններ են հաստատել բրիտանական մեծահարուստ Արևելահնդկական ընկերության հետ: Գործն այնպիսի թափ է առել, որ շատ շուտով հայերը երկրի կառավարչից իրենց կրոնն ազատ դավանելու իրավունք են ստացել և համընդհանուր ջանքերով 1781-ին կառուցել են Սուրբ Հարություն եկեղեցին: Այստեղից ես նայում էի շրջակայքի խարխուլ կացարաններին, որտեղ մի ժամանակ եռում էր հայկական կյանքը: Այժմ այդ տներում մահմեդականներ են ապրում:

Շամքարը անկեղծ թախիծով պատմեց հայկական համայնքի քայքայման պատմությունը: Հայերի առաջին ալիքը հեռացել է Բրիտանական Հնդկաստանի մասնատումից հետո, իսկ վերջնականապես շրջանը դատարկվել է 70-ականներին, երբ Բանգլադեշն անջատվել է Պակիստանից: Անկախության ձեռքբերումից հետո վրա է հասել քաղաքական անկայունության և զինվորական հեղաշրջումների շրջանը, երկրում սկսվել է սով և աղքատություն, և ամեն մեկը մի տեղ գնացել է: Շամքարի ասելով՝ շատ հայեր տեղափոխվել են Հնդկաստան՝ մասնավորապես Արևմտյան Բենգալիայի մայրաքաղաք Կալկաթա:

Ի դեպ, ինչպես պարզվեց, պարոն Մարտինը, այնուամենայնիվ, քաղաքում միակ հայը չէ. Դաքայում 9 հայկական ընտանիք կա, ավելի ճիշտ՝ մեծ մասամբ դրանք խառը ամուսնություններ են: Նրանք գալիս են եկեղեցի տարեկան երկու անգամ՝ Ծնունդին և Զատիկին, և պարոն Մարտինն արդեն շատ տարիներ հավատարիմ կերպով ժամերգություններ է կատարում: Նա ազատ խոսում է հայերեն, անգլերեն, բենգալերեն, հինդիով և ուրդուով:

Բոլորովին չէի ուզում բաժանվել հուզիչ բանգլադեշցուց, որը բախտի բերումով դարձել էր հայկական մշակույթի պահապանը, ուրեմն նաև հայ ժողովրդի պատմության մասը: Դե՛, նա չէր էլ շտապում.

– Վերջերս պարոն Մարտինը և ես ներկեցինք եկեղեցին, նորոգեցինք ճակատամասը: Հո չի՞ կարելի թույլ տալ, որ անհետանա այն, ինչ ստեղծվել է տարիներով: Քանի դեռ ես ու կինս ապրում ենք այստեղ, կհետևենք եկեղեցուն: Ուրիշ ոչ ոքի դա չի հետաքրքրում…

Պատկեր՝ Րաֆֆու վեպից

Կալկաթայում զորեղ հայկական համայնքի մասին Շամքարի բառերն ինձ հանգիստ չէին տալիս, ու նաև անձնագրիս հնդկական վիզան պարբերաբար աչքով էր անում՝ համոզելով տուն վերադառնալ Կալկաթայով և անպայման հանդիպել Հնդկաստանի հայերին: Որպես արդյունք՝ բնածին հետաքրքրասիրությունս և էկզոտիկայի ձգտումը հաղթեցին, և 45 րոպե անց բանգլադեշյան երկաթե թռչունն ինձ հասցրեց Արևմտյան Բենգալիայի մշակութային մայրաքաղաքը:

Թափառելով Կալկաթայի Փարք սթրիթ կենտրոնական փողոցով, անցնելով թափառաշրջիկների, փողոցային վարսավիրների, ականջ մաքրողների, բրնձե բլիթ վաճառողների, վերնաշապիկ արդուկողների բազմությունների, կովերի նախրի, ռիկշաների և դեղին անգլիական տաքսիների վարորդների միջով՝ ես վերջապես հասա Միրզա Գալիբի փողոցը: Դարպասի վրայի «Armenian college» ցուցանակն ընդհատեց թափառաշրջիկներով լեցուն կեղտոտ քաղաքային փողոցները և վիկտորյան ոճի գեղեցիկ տները գլխումս ինչ-որ կերպ տրամաբանորեն կապելու փորձս: Պահապաններին համոզելով բարի մտադրություններ ունենալուս մեջ՝ ես հայտնվեցի փոքրիկ Հայաստանում, որը տեղավորված էր Կալկաթայի հենց սրտում. կոկիկ մեծ բակ՝ արմավենիներով շրջապատված, մեծ եռահարկ շենք և, ամենակարևորը, մի տեսակ տնային խաղաղության մթնոլորտ:

Նախ ինձ առաջնորդեցին Կալկաթայի համայնքի հոգևոր հայր և Հայոց մարդասիրական ճեմարանի ղեկավար Խորեն Հովհաննիսյանի ընդունարանը: Նրանից ես իմացա, որ Կալկաթայում ամբողջ երեք հայկական եկեղեցի կա՝ Սուրբ Նազարեթ (1724 թ.), Սուրբ Երրորդության (1821-1823 թթ.), Սուրբ Գևորգ (1909 թ.): Վերջինը, ի դեպ, ինձ հաջողվեց տեսնել սեփական աչքերով: Ինչպիսի՜ն էր իմ զարմանքը, երբ ես հայտնաբերեցի նրան կից մի ծերանոց, որում հիմա ապրում են 13 տարեց հայեր, և նրանցից յուրաքանչյուրին բժիշկ և խնամակալ են կցված:

Եվ իհարկե, հայր Խորենի հետ զրույցի վերջում ես արդեն շատ հետաքրքիր բաներ գիտեի նրա ճեմարանի մասին: Նրա գոյության 191 տարիները ուսուցիչների և աշակերտների ճակատագրերի ուշագրավ պատմություններ են:

– Հիմա ճեմարանում 60 աշակերտ կա: Նրանք բոլորը Սիրիայի, Իրանի, Հայաստանի հիմնականում աղքատ հայ ընտանիքների երեխաներ են: Նրանց բերում են շատ փոքր տարիքում, այստեղ ապրում են, սովորում, մեծանում: Շատերը հետագայում էլ երբեք չեն մոռանում դպրոցը: Մեզ մոտ են գալիս շրջանավարտներ, որոնք ավարտել են ճեմարանը 50-60 տարի առաջ: Մեկն Ավստրալիայում է ապրում, մեկը՝ Կանադայում, մեկը՝ ԱՄՆ-ում, բոլորն իրենց ընտանիքներն ունեն, իրենց արդեն հասուն կյանքը,– պատմում է հայր Խորենը:

Նա ինձ հպարտությամբ ցույց է տալիս ճեմարանի այն շրջանավարտների լուսանկարները, որոնք մեկ տարի առաջ ավարտել են Կալկաթայի, Մումբայի, Էդինբուրգի և այլ քաղաքների լավագույն բուհերը: «Armenian college»-ում ուսուցումը կատարվում է անգլերենով: Ուսուցիչների մեծ մասը տեղի բնակիչներ են, սակայն Հայաստանից հատուկ հրավիրվել են հայոց լեզվի, գրականության, պատմության, երաժշտության և եկեղեցու պատմության ուսուցիչներ:

Հենց ես մտածեցի, որ լավ կլիներ շփվել հայ ուսուցիչների հետ, ընդունարան մտավ օրիորդ Նախշունը՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին, որը չէր էլ ենթադրում, որ իր աշխատանքային օրվա մնացած մասն անցկացնելու է ինձ հետ: Նա ինձ ցույց տվեց դասարանները, ճաշարանը, լողավազանը, աշակերտների և ուսուցիչների բնակվելու սենյակները, գրադարանը, որտեղ պահվում է հայ և հնդկական գրականություն: Եվ ես ասես ընկա այն Հայաստանը, որի մասին մանկությանս տարիներին կարդացել էի Րաֆֆու ու Շիրվանզադեի գործերում: Ճեմարանում զբոսանքից հետո ես, ինքս էլ չեմ հասկանում՝ ինչպես, հայտնվեցի օրիորդ Նախշունի բնակարանում: Հեռու գնալ պետք չեղավ. նույն շենքի երրորդ հարկը: Մինչ մի-մի գավաթ իսկական հայկական սուրճ խմեցինք, նա ինձ պատմեց, որ հայոց լեզու և գրականություն դասավանդելու համար իրեն Կալկաթա են ուղարկել Էջմիածնում մրցույթով ընտրությունից հետո:

– Սկզբում Հնդկաստանն ինձ գրավում էր իր էկզոտիկությամբ: Հետո ես շատ կապվեցի երեխաներին և հիմա նրանց բոլորին իմն եմ համարում: Դժվար է, իհարկե, վարժվել տեղական մշակույթին, այստեղ ուրիշ կլիմա է, ուրիշ մարդիկ, լեզու: Բայց ճեմարանում բնակվելու պայմանները շատ հարմարավետ են, այստեղ տեղացիներ են աշխատում. ուտելիք են պատրաստում, մաքրում, հետևում երեխաներին: Ուսուցիչներն ու երեխաները կարիք չունեն մտահոգվելու ոչ մի բանով՝ բացի ուսումից,– հափշտակված պատմում է օրիորդ Նախշունը՝ պարբերաբար իմ ափսեի մեջ դնելով արևելյան քաղցրավենիքներ:

Այնպես որ ես փաստորեն կուշտ էի, երբ օրիորդ Նախշունը և նրան հյուր եկած տիկին Լիլիթը՝ եկեղեցու պատմության ուսուցչի կինը, հրավիրեցին ինձ ընդհանուր ճաշի: Աղոթելուց հետո մենք սկսեցինք ուտել: Իմ զրուցասեր սեղանակիցները պատմեցին, որ Կալկաթայում բնակվում է երկու բնիկ, զտարյուն հայ ընտանիք. համայնքի մնացած մասը խառն ամուսնություններից ծնված երեխաներ և եկվորներ են: Մի քանի րոպե անց ես արդեն շփվում էի փոքրիկ Զավենի հետ, որի ծնողները (ծագումով՝ հայեր) ծնվել և մեծացել էին Հնդկաստանում:

– Ինձ համար ամեն ինչ հրաշալի է: Չէ՞ որ, ի տարբերություն իմ ընկերների, ես չեմ կարոտում ծնողներիս. նրանք մոտիկ են ապրում, հաճախ այցելում են ինձ,– ասում է փոքրիկ Զավենը՝ հայերեն խոսքն առատորեն համեմելով բենգալերեն բառերով:

Իսկ Մետաքսյա Օդիյանը հանձն առավ ծանոթացնել ինձ, ինչպես ինքն արտահայտվեց, իր հայրենի քաղաքին: Երեկոյան նա ցույց էր տալիս Կալկաթան՝ եռանդով պատմելով գաղութային Հնդկաստանի պատմությունը: Անհավանական էր տեսնելը, թե ինչպես է այդ փխրուն աղջիկը մաքուր բենգալերեն վիճաբանում տեղացի վարորդների հետ, որոնք ուզում էին ավելին վաստակել «խեղճ զբոսաշրջիկների» հաշվին: Դեռատի հայուհին՝ մարդասիրական ճեմարանի լավագույն շրջանավարտը, հնդկական մշակույթին լրիվ միաձուլված է թվում: Եվ այնուամենայնիվ…

 – Ես ու եղբայրս արդեն 13 տարի է՝ ապրում ենք այս ճեմարանի պատերի ներսում: Հիմա ես սովորում եմ Կալկաթայի լավագույն մանկավարժական քոլեջներից մեկում: Ազատ խոսում եմ հայերեն, անգլերեն և բենգալերեն, ընկերություն եմ անում տեղացիների հետ: Բայց իմ երազանքը մեկն է. ա՛յ, կավարտեմ քոլեջը և կվերադառնամ Հայաստան՝ մայրիկի մոտ:

Հ. Գ. Ես հաճախ եմ հիշում նրանց՝ Մետաքսյային, որը երազում է վերադառնալ Հայաստան՝ մայրիկի մոտ, օրիորդ Նախշունին, որը սիրել է գուցե Կալկաթան, գուցե այնտեղ ապրող հայ երեխաներին, «ամենահայ» բենգալացի Շամքար Գոշին և խորհրդավոր պարոն Մարտինին՝ Դաքայի վերջին զտարյուն հային… Երևի պետք էր տուն վերադառնալ հասկանալու համար՝ ինչքան ամուր եմ ես կապվել այդ մարդկանց, որոնք, ինչպես ինձ թվում է, ոչ թե պարզապես ապրում են, այլ կատարում են շատ կարևոր առաքելություն: Յուրաքանչյուրը՝ իրենը, բայց ինչ-որ ընդհանուրը, բոլորի համար միասնականը՝ պահպանել այն, ինչ նախնիները ստեղծել են այդ օտար սեփական երկրում:

Թերթոններ

Բանգլադեշ

Պետություն Հարավային Ասիայում: Գտնվում է Գանգեսի և Բրահմապուտրայի դելտայում՝ Բենգալյան ծոցի ափին: Սահմանակից է Հնդկաստանին և Մյանմային:

Բենգալիայի և Հնդկաստանի բաժանումը տեղի է ունեցել 1947 թվականին: Արևելյան Պակիստանը (այժմյան Բանգլադեշը) մտել է նոր ձևավորված Պակիստան պետության կազմի մեջ, սակայն 1971 թվականին Արևելյան Պակիստանն անջատվել է Արևմտյանից, և կազմավորվել է Բանգլադեշ պետությունը: Բնակչության թվով աշխարհի ութերորդ պետությունն է: Մտնում է ամենախիտ բնակեցված և աղքատության բարձր մակարդակով երկրների ցուցակի մեջ: Երկրի հիմնական կրոններն են մահմեդականությունը (89,7 %), հինդուիզմը (9,2 %):

Շալվար քամիզ (սալվար քամիզ)

Շալվար քամիզը կամ սալվար քամիզը (առօրյա խոսքում՝ փենջաբի) հնդկուհիների ավանդական հագուստն է: Այն կրելու սովորույթը ծագել է մի քանի հարյուրամյակ առաջ Աֆղանստանում, ապա տարածվել է ամբողջ Հարավային Ասիայում: Պակիստանում և Աֆղանստանում շալվար քամիզ հագնում են ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք: Հյուսիսային Հնդկաստանում այն հագնում են հիմնականում չամուսնացած աղջիկները. ամուսնանալուց հետո հնդկուհիներն անցնում են սարիի: Շալվարը վերին մասում լայն և ներքևում նեղացող ազատ տաբատ է: Քամիզը մինչև ծնկները հասնող երկար պարեգոտ է՝ կողքերին մինչև գոտկատեղը հասնող կտրվածքներով, որոնք անվանում են չաակ: Պարեգոտի կտրվածքները զարդարում են փայլքերով և ասեղնագործ նախշերով: 

Այս թեմայով