Street Workout Armenia շարժման տղաները այցելեցին Վարդաշենի համար 1 հատուկ դպրոց։ Դպրոց-ինտերնատում վորքաութցիները վարպետության դասեր անցկացրեցին՝ իրենց սեփական օրինակի վրա ցույց տալով առողջ ապրելակերպի և ամենօրյա մարզումների առավելությունները։
Փողոցում մարզված ատլետները ներկայացրեցին ցուցադրական շոու, որից հետո սկսեցին փոքրիկ էնտուզիաստներին սովորեցնել բազային վարժություններ։ Երեխաները մեծ խանդավառությամբ ընդունեցին վորքաութցիներին ու արագորեն ընդգրկվեցին մարզանքերին։ Երեխաների համար նման այցելությունն իսկական տոն էր, որը ստիպեց վերանայել վերաբերմունքը ֆիզկուլտուրայի նկատմամբ։
Street Workout Armenia ընկերության հիմնադիր-տնօրեն Արթուր Հարությունյանի խոսքերով նմանատիպ միջոցառումներն աստիճանաբար դառնում են ավանդույթ. «Շուտով մենք կայցելենք նաև քաղաքի այլ նման հաստատություններ։ Ընդ որում, որոշել ենք ամեն տեղ այցելել մի քանի անգամ, որպեսզի երեխաներն անընդհատ զգան մեր ներկայությունն իրենց կողքին։ Կոնկրետ այս դպրոց մինչև տարեվերջ մենք դեռ մի երեք անգամ կվերադառնանք»։
Փողոցային վորքաութը Երևանում բավականն երիտասարդ շարժում է՝ իր մեջ ներառող տարատեսակ վարժություններ փողոցում տեղադրված սպորտային հարթակներում։ Street Workout Armenia շարժումն արդեն իր շուրջն է համախմբել Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում բնակվող ավելի քան 600 երիտասարդների, որոնք քարոզում են առողջ ապրելակերպն ու իրականացնում անհավանական տրյուկներ պտտաձողերի վրա։