12 Նոյեմբեր 2014, 09:16
4928 |

10 հայկական ռեստորաններ աշխարհում

Մենք շարունակում ենք «աշխարհում հայկական ինչե՞ր կան» շարքը։ Այս անգամ ներկայացնում ենք Հայաստանից դուրս գտնվող հայկական սրճարաններն ու ռեստորանները։ Հայկական կերակուրներ կարելի է փորձել աշխարհում ավելի քան հազար հաստատություններում. միայն ԱՄՆ-ում կան ավելի քան հարյուրավոր հայկական սրճարաններ, ռեստորաններ և արագ սննդի կետեր։ Imyerevan.com ձեզ է ներկայացնում 10 հետաքրքիր հայկական վայրեր, որոնք գտել ենք ArmenianNavigator հավելվածում։

«Հայկական պանդոկ» ռեստորան Երուսաղեմում
Երուսաղեմի ամենագեղեցիկ և էկլեկտիկ ռեստորաններից մեկը՝ «Հայկական պանդոկը», բացվել է 1994-ին։ Անվանումն արդեն հուշում է, որ այն ունի հայկական ավանդական խոհանոց։ Օրինակ՝ այստեղ կարելի է ճաշակել հայկական ամառային աղցան՝ նուրբ մածունով համեմված, լահմաջո, տարբեր խորովածներ, քյաբաբ և քյուֆթա։ Ռեստորանն աշխատում է երկուշաբթիից կիրակի, ժամը 12:00-ից 22:00-ը։ Շաբաթ օրերին «Հայկական պանդոկը» փակ է։

 


«Արմենիա» ռեստորան Փաթթայում
Հայ խոհարարի պատրաստած խորովածը, քյաբաբը, դոլման և հայկական խոհանոցի այլ կերակուրներ կարելի է ճաշակել Թայլանդի ամենապատկերավոր հանգստավայրերից մեկում՝ Պատայայում։ Այստեղ կարելի է նաև վայելել հայկական կոնյակ և գինի, ինչպես նաև փորձել եվրոպական, ռուսական և թայլանդական խոհանոցների ճաշատեսակներ։ Կա նաև պարահարթակ, կարաոկե և ծխողների համար առանձին սենյակ։

 


«Դոլմամա» ռեստորան Մոսկվայում
«Դոլմամա» անվանումը ծագել է հայկական ամենասիրելի երկու բառերից՝ «դոլմա» և «մամա»։ Երևանում ռեստորանը բացվել է 1998-ին։ Դեռ այդ ժամանակ ռեստորանի տնօրեն Ժիրայր Ավանյանը որոշել էր հայկական ժողովրդական խոհանոցն ավելի հանրահայտ դարձնել՝ հաղորդելով նորանոր երանգներ։ Երևանյան «Դոլմամայի» պատերում հասցրել են լինել տասնյակ պետությունների ղեկավարներ և աշխարհահռչակ աստղեր։ Ժիրայրը հնարել է՝ ինչպես նորովի մատուցել խաշլաման, նոր իմաստ տալ սիրելի հայկական դոլմային։ Հիմա էլ ռեստորանն իր դռներն է բացել Մոսկվայում։ Մենյուն կարելի է տեսնել www.dolmama.ru կայքում։ Լավ կլինի սեղանը պատվիրել նախօրոք։

 


«Daniel Moser» սրճարան Վիեննայում
Ավստրիական մայրաքաղաքի այս սրճարանը յուրահատուկ է նրանով, որ դարձել է Եվրոպայի առաջին սրճատունը։ 1685-ին այն հիմնել է Թուրքիայից հայ վաճառական Հովհաննես Դիոդատոն (Հովհաննես Աստվածատուր)։ Սրճարանում, որն այսօր կրում է վիեննական քաղաքագլուխ Դանիել Մոզերի անունը, ում օրոք այն բացվել էր, Դիոդատոյին մինչ օրս պաշտում են. բարի կողքին, պատի վրա կախված է սրճարանի պատմությունը հակիրճ նկարագրող բրոնզե ցուցանակ՝ Դիոդատոյի՝ Ավստրիա ժամանելուց մինչև սրճարանային բիզնեսի բացառիկ իրավունք ստանալը և հենց այստեղ սրճարան հիմնելը։ Մենյուն ընդգրկում է հիմնականում իտալական սուրճի տեսականի՝ էսսպրեսո, կապուչինո և այլն։ Այստեղ կարելի է նաև սենդվիչներ փորձել։

 


«Արարատ» ռեստորան Կնիվստում
Ի՞նչը կարող է ցուրտ շվեդական քամիների ֆոնին ավելի գերադասելի լինել մեկ ափսե տաք սպասից կամ խաշլամայից։ Ռեստորանն առաջարկում է հայկական խոհանոցի ինքնատիպ և ավանդական կերակուրները, որոնց շարքում են ածխի վրա պատրաստված անմահական խորովածը և լուլու քյաբաբը։ Բացի այդ, ռեստորանում ներկայացված են ռուսական, վրացական, իտալական, շվեդական և լատինաամերիկյան խոհանոցների ճաշատեսակները, ինչպես նաև պիցցայի մեծ տեսականի։

 


«Յուրիի մոտ» ռեստորան Բորդոյում
Հայ-ֆրանսիական խոհանոցով ռեստորանի բաց բատշգամբից բացվում է հիանալի տեսարան դեպի Բորդո քաղաքը, Գարոն գետը և դրա վրայով անցնող հայտնի քարե կամուրջը։ Ռեստորանում առաջարկում են ավանդական խորտիկներ, որոնք պատրաստվում են միայն թարմ մթերքներից (նախուտեստներ, աղցաններ, տապակած միս, ձուկ, ծովամթերքներ, աղանդեր)։ Այստեղ ներկայացված է ալկոհոլային խմիչքների մեծ տեսականի՝ հայտնի Բորդո գինուց մինչև «Արարատ» հայկական կոնյակը։

 


«Անի» ռեստորան Սիդնեյում
Սեփականատերերը համոզված են, որ «Անին» Սիդնեյում միակ ռեստորանն է, որտեղ կարելի է փորձել հայկական խոհանոց։ Ռեստորանի ինտերյերը նույնպես հայկական ավանդական ոճով է՝ գորգեր և կավե պարագաներ։ Մենյուն ընդգրկում է քյաբաբ, դոլմայի մի քանի տեսականի՝ ներառյալ պասուց դոլմա, սմբուկով խավիար, ինչն արտասովոր է ավստրալիական տարածքի համար։ «Անիում» հավանության է արժանանում հատկապես թաբուլե աղցանը։ Ռեստորանը բաց է երեկոյան 18:00-ից մինչև 22:00-ը։

 


«Պետրոսյան» ռեստորան Լոս Անջելեսում
Ռեստորանը բացվել է Վեսթ Հոլիվուդում 2001-ին և պատկանում է համանուն ընկերությանը, որը ստեղծել են Ֆրանսիայում հայ եղբայրներ-ներգաղթյալներ Միքայել և Մելքում Պետրոսյանները։ «ԼԱ Թայմս» թերթն անվանել է «Պետրոսյանը» Լոս Անջելեսի բարձրակարգ խոհանոցի ամենալավ ռեստորաններից մեկը։ Մենյուն բավարարում է նույնիսկ ամենաքմահաճ գուրմանների պահանջները՝ սև խավիար, թառափ և ֆուա գրա։

 


«Էրեբունի» ռեստորան Լոնդոնում
«Էրեբունի» ռեստորանը Լոնդոնում բացվել է 1994-ին։ Խոհանոցը հիմնականում հայկական է՝ ռուսական և վրացական խոհանոցների ոչ մեծ մասնակցությամբ։ Մենյուն պարունակում է սխտորով և սամիթով կարմիր բիբար, Էջմիածնի դոլմա և նույնիսկ Սևանի իշխան։ Ռեստորանում առաջարկվում է հայկական կոնյակի մեծ տեսականի։ Հետաքրքիր և նույնիսկ զարմանալի փաստ է այն, որ «Էրեբունին» շաբաթվա ընթացքում երկու օր է բաց՝ ուրբաթ և շաբաթ օրերին, 16:00-ից 02:00-ը։ Այնպես որ լավ է սեղանը նախօրոք պատվիրել։

 


«Դվին» ռեստորան Բեռլինում
Բեռլինում կոկիկ, ոչ մեծ հայկական խոհանոցի ռեստորանի ինտերյերն արված է բաց գույների մեջ, էթնիկ դեկորի ոչ մեծ տարրերով, պատերին՝ Հայաստանի բնության նկարներով։ Սեփականատերերն առաջարկում են առաջին հերթին փորձել հայկական խորովածի մեծ տեսականին մեկ բաժակ ճիշտ ընտրված հայկական գինու կամ կոնյակի հետ։ Ռեստորանը բաց է ամեն օր 16:00-ից, բացի կիրակի օրերից։

Armenian Navigator վերջերս թողարկվել է նաև հեռախոսների համար IOS և Android բազաների հիման վրա։ Նպատակն է Հայաստանից դուրս գտնվող հայկական վայրերն ամբողջացնել մեկ հարթակում։ Յուրաքանչյուր օգտատեր կարող է ինքնուրույն ավելացնել հայկական վայրեր՝ դրանով իսկ իր ներդրումն ունենալով հայկական համաշխարհային հանրագիտարանի ստեղծման գործում։

Այս թեմայով