12 Հոկտեմբեր 2014, 22:36
729 |

Քաղաքի տոնական շնչառությունը

Երևանի 2796-ամյակը մի քիչ նման ու ահագին տարբեր էր նախորդներից: Նախ, այս տարի տոնակատարությունները ոչ թե մեկ, այլ երկու օր տևեցին, հետո հյուրեր էլ ունեինք աշխարհի տարբեր քաղաքներից: Քաղաքի բոլոր մեծ հրապարակներում ու զբոսայգիներում համերգային ծրագրեր էին, մարզական ու մշակութային միջոցառումներ, մի խոսքով՝ ասել գցելու տեղ չկար:

Բարի լույս
Առավոտյան 8:00-ից կենտրոնական փողոցներից մեկնարկեց ջրցան մեքենաների տոնական շքերթը, փողոցները մաքրվեցին ու պատրաստվեցին մեկ օր առանց մեքենաների ծառայել տասնյակ հազարավոր երևանցիների: Երթն այնուհետև տեղափոխվեց Երևանի այլ վարչական շրջաններ: Փողոցների լվացման աշխատանքներում ներգրավվել էր 70 միավոր հատուկ տեխնիկա։

Բաղնիքդդ անուշ
Արձաններն անշարժ կանգնած հետևում են մարդկանց կյանքին, մեզ պես շնչում մեքենաների ծուխն ու բնականաբար կեղտոտվում: Ամեն օր չես տեսնի ջրաշիթերի տակ սովորականի պես կանգնած Սարոյանի, քաղաքին նայող Թամանյանի ու Արամ Խաչատրյանի: Երևանի զարդակիրառական արվեստի պետական ուսումնարանի սաները փրփուրով մաքրեցին արձանները: Մայրաքաղաքի՝ ամիսներ շարունակ ջրի երես չտեսած հուշարձանները մաքրվեցին ու գոհ-գոհ ժպտում էին տոնի մասնակիցներին:

Վազք հանուն Երևանի
Մայրաքաղաքի սպորտդպրոցների մոտ 100 կրտսեր խմբերի մարզիկներ ողողեցին Մատենադարանի բակն ու պատրաստվեցին մարաթոնյան ավանդական վազքին: Վազքուղու երկարությունը պատահական չէր ընտրված: Մաշտոցի, Սայաթ-Նովա պողոտաներով, Աբովյան փողոցով անցան մարզիկներն ու ոտքի տակ տվեցին ուղիղ 2976 մետր:


Քայլերթ հանուն Երևանի
Երևանի քաղաքապետարանին հարակից հրապարակում տեղի ունեցած հանդիսությունից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի պատվավոր քաղաքացիների, պաշտոնյաների և շքերթի 25 000 մասնակիցների ուղեկցությամբ հանդիսավոր քայլերթով շարժվեց Հանրապետության հրապարակ: Տոնական քայլերթի երթուղում՝ Գրիգոր Լուսավորիչ-Մաշտոց խաչմերուկում, շքերթի մասնակիցներին իրենց կատարումներով ողջունեցին պարային խմբերը: Հանդիսավոր երթն առաջնորդում էին Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի 100 հեծանվորդները, ԱԻՆ նվագախումբը, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի և Փոքր Մհեր ռազմական կրթահամալիրի սաները: Մասնակիցների թվում էին մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների աշակերտներ, տարբեր բուհերի և ուսումնական հաստատությունների ուսանողներ:

Գրոսմայստերն ընդդեմ պատանի շախմատիստների
Շառլ Ազնավուրի անվան հրապարակում միջազգային գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը մրցեց Երևանի շախմատի դպրոցների սաների հետ: Արագ շախմատում ուժեղ-թույլ, սկսնակ-պրոֆեսիոնալ տարբերությունը մի քանի անգամ նվազում է: Շախմատային կյանք նոր մտած աշակերտները վստահ սպասում են հաջորդ քայլին ու գրոսմայստերին հաղթելու հնարամիտ կոմբինացիաներ մտածում:

Street workout. նրանք ամենուր են
Որտեղ տոնական միջոցառում, այնտեղ էլ Street workout Armenia: Տղաները բաց չթողեցին հերթական հնարավորությունն ու իրենց հմտությունները ցուցադրեցին Ազատության հրապարակում տեղադրված վարժասարքերի վրա: Խելահեղ թռիչքներ, վարժություններ պտտաձողերի վրա ու էլի նման անհնար թվացող հնարքները նրանք այնքան հեշտությամբ էին կատարում, որ ակամայից այդ շարժմանը միանալու ցանկություն է առաջանում ներկաների մոտ:

Քաղաքը երգում է
Տոնական օրերին դժվար լիներ մեկը, ով իր ճաշակով երաժշտություն չգտներ: Տարբեր ժանրերի, ռիթմի, ժամանակների ու ոճերի համերգներ էին քաղաքի տարբեր հատվածներում կառուցված բեմահարթակներում: Նույնիսկ նրանք, ովքեր եկել էին ոչ թե երաժշտություն լսելու, այլ հենց երգելու, գտան իրենց հավաքատեղին:


Այս թեմայով