24 Սեպտեմբեր 2014, 12:21
6199 |

Դիվանագետ մարտիկը (ֆոտոշարք)

Այսօր ամբողջ սոցիալական ցանցերը ողողված են նրա նկարներով: Մարդիկ արխիվներից պեղում-հանում են նրա հետ լուսանկարները և հպարտությամբ տեղադրում համացանցում՝ «Չեմպիոնի հետ» մակագրությամբ: Imyerevan.com-ը նույնպես որոշեց «լուսանկարվել» Արսեն Ջուլֆալակյանի հետ՝ հընթացս զրուցելով նրա կյանքի օրենքների մասին:

Ծանոթություններն ամեն տեղ կարևոր են: Անգամ՝ մեծ սպորտում: Անձնական կապերի շնորհիվ կարելի է սարեր շարժել: Չեմ թաքցնում՝ շատ դեպքերում իմ ազգանունն օգնել է ինձ՝ հաշվի առնելով, որ Հայաստանի սպորտային պատմության մեջ լուրջ ավանդույթների հետ ասոցացվող ազգանուն է: Հայրս՝ Լևոն Ջուլֆալակյանը, Աշխարհի և Օլիմպիական չեմպիոն է:

Չեմպիոնությունը ժառանգական գեն ունի, մնում է միայն զարգացնել այն: Եթե ճիշտ օգտագործես քեզ փոխանցված գենը, չեմպիոն կդառնաս ցանկացած բնագավառում՝ լինի դա բժշկություն, արվեստ, թե սպորտ:

Ես չեմ երազել դառնալ ըմբիշ: Սկզբում ուժերս փորձում էի բոլորովին այլ ասպարեզում: Ընդունվեցի ռոք-ջազ խմբակ, նույնիսկ մի երկու համերգի եմ մասնակցել, նաև մենահամերգ եմ ունեցել. Մայլք Ջեքսոնի երգերն էի երգում: Դրանից հետո մոտ 2 տարի դաշնամուրի խմբակ եմ հաճախել, անգամ անհատական համերգ եմ ունեցել: Այսօր կիթառ սովորելու ցանկություն ունեմ ու առաջին իսկ հնարավորության դեպքում անպայման կիրականացնեմ երազանքս: Նաև պետք է սովորեմ իսպաներեն, որ կիթառով իսպաներեն երգեր նվագեմ: Շատ եմ սիրում իսպանական մշակույթը:

Սիրում եմ նաև լատինաամերիկյան պարերը: Ուսանողական տարիներին համակուրսեցուս հետ լատինաամերիկյան պարերի խմբակ եմ հաճախել: Հիմա շատ լավ պարում եմ սալսա, ռումբա և բաչատա: Շատերը չեն պատկերացնում, որ ըմբիշը կարող է նաև լավ պարել: Իմ կարծիքով՝ ուժեղ մարզիկները կյանքում խոցելի ու նուրբ են: Ես ևս բացառություն չեմ: Ու իմ ամենախոցելի կետն ընտանիքս է:

Հաղթանակը բոլորովին այլ համ ունի: Հիասքանչ զգացողություն է: Հատկապես, երբ ամեն օր շփվում ես մարդկանց հետ, լսում նրանց շնորհակալություններն ու բարեմաղթանքները: Բայց պետք է խոստովանեմ, որ այս աժիոտաժն իմ հաղթանակի շուրջ անսպասելի էր: Մի պահ նույնիսկ ինձ վատ էի զգում. այսքան տարի տարբեր մեդալներ եմ բերել, որոնք պակաս արժեքավոր չէին: Աշխարհի չեմպիոնի տիտղոսի բերած այս մի ոսկին փակեց մնացած բոլոր մեդալները: Բայց հավանաբար, դա էլ բնական է, ի վերջո Աշխարհի չեմպիոն ես: Բացի այդ, կարծում եմ, նաև մեծ նշանակություն ունեցավ 9-0 հաղթանակը, որը մի տեսակ ազգային հպարտության առիթ դարձավ հայերի համար:

Կանայք են եղել, որոնք խոստովանել են, որ իրենց ապագա երեխաներին իմ անունով են կոչելու: Ինձնից երեխա ունենալու առաջարկներ երկրպագուհիներից դեռ չեմ ստացել, բայց ավելի թեթև «ժամանցային» առաջարկների տարբերակներ շատ են եղել:

Գիտելիքը ուժ է, հատկապես եթե «գիտցածդ» ըմբշամարտ է: Քաշով մեկ քայլող սառը զենք ես, և կյանքում լինում են պահեր, երբ պետք է վերահսկես այդ 75 կիլոգրամանոց զենքը:

Բնազդներս աշխատում եմ զսպել: Եվ մեծամասամբ դա ինձ հաջողվում է: Մասնագիտությամբ դիվանագետ եմ՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետն եմ ավարտել: Դիվանագետն իրավունք չունի գործը հասցնել կռվի: Մեծամասամբ դա ինձ հաջողվում է: Իհարկե, լինում են բացառություններ. մինչև վերջին վայրկյանն աշխատում եմ խուսափել կռվից: Սակայն երբ տեսնում եմ, որ խնդիրը հնարավոր չէ հարթել խաղաղ ճանապարհով, հանում եմ «դիվանագետի կոստյումս» ու ընդունում եմ մարտը: Այդ ժամանակ իմ մեջ արթնանում է մարտիկը: Ու վայ հակառակորդիս…

Ցանկացած ըմբիշ գոնե մեկ անգամ թիակների վրա է հայտնվում կնոջ պատճառով, դառնում փիսիկ: Հիմա ավելի իմաստուն եմ դարձել: Այսօր արդեն մրցումներից առաջ աշխարհի ամենացանկալի կինն անգամ եթե փորձի հրապուրել, ես չեմ գայթակվի: Որովհետև ճանապարհն անչափ բարդ է, նպատակներն էլ՝ մեծ: Մրցումներից առաջ փիսիկին փակում եմ վանդակում ու բաց եմ թողնում ներսումս նստած առյուծին:

Կանայք պարտվում են, երբ սկսում են կուրորեն սիրել: Կարելի է սիրել կուրորեն, եթե սիրո առարկան արժանի է դրան: Սակայն, որպես կանոն, լավագույն կանայք ընտրում են վատագույն տղամարդկանց:

Ես երջանիկ եմ: Այսօր ես գտել եմ այն կնոջը, որի մասին երազել եմ:

Այս թեմայով