22 Սեպտեմբեր 2014, 11:53
2804 |

Արկղերով լի նվերներ հայ զինվորներին

Սեպտեմբերի 21-ին տոնական եռուզեռի մեջ Ազատության հրապարակի երկու անկյուններում մեծ պաստառներ էին փակցված, վրան գրված «Շնորհակալ եմ քեզ, հայ զինվոր»: Պաստառների կողքին մեծ արկղեր էին դրված, որոնց մոտ կանգնած ջահել աղջիկ-տղաները ժպտադեմ պատասխանում էին հետաքրքրասեր անցորդների հարցերին. «Քաղաքացիական հանգանակությունների համար է արկղը. մեր սահմանները պաշտպանող զինվորների համար նվերներ ենք հավաքում»:

Ակցիան նախաձեռնել է Civil Voice ՀԿ-ն Պաշտպանության նախարարության աջակցությամբ: Civil Voice-ը սեպտեմբերի 18-ից Facebook-ի միջոցով տեղեկացրել է ակցիայի մասին, ու հաջորդ օրն իսկ արձագանքողներ են եղել:

Արդեն կեսօրին «Շնորհակալ եմ քեզ, հայ զինվոր» ակցիայի արկղերում քաղցրավենիքով լցված տոպրակներ կային: Դերասան Միքայել Պողոսյանն ու երգիչ Արթուր Իսպիրյանը բերել էին մեկն իր ֆիլմերի, մյուսը՝ ձայնասկավառակների հավաքածուն՝ շոկոլադե սալիկով փաթեթավորված:

Օրվա վերջում հանգանակության արկղերի պարունակությունից կարելի էր հստակ պատկերացում կազմել մեր հասարակության բարեգործական նկրտումների և սահմանը պաշտպանող զինվորի նկատմամբ մեր երախտագիտության չափի մասին: Ակցիան նախաձեռնողները գոհ էին արդյունքից: Բոլորը սրտանց էին մասնակցել, իրենց սրտի ու հոգու մի պատառիկն էին ծրարել նվերի հետ: Փոքրիկ Արիելը կոնֆետների հետ խաղալիք-արջուկ էր բերել: Մի աղջիկ էլ, ցանկանալով ինչ-որ բան անպայման նվիրել՝ հենց իր թևնոցը դրեց արկղի մեջ. «Թևնոցը զինվորին պետք չի գա, գիտեմ, բայց միգուցե նա ընկերուհի ունի, թող նրան նվիրի»: Երիտասարդ տղաները ծխախոտ ու հիգիենայի պարագաներ՝ ածելի, ատամի մածուկ, խոզանակ էին բերում. «Մենք էլ ենք բանակում ծառայել: Լավ գիտենք, թե զինվորն ամենից շատ ինչի կարիք ունի»: Ծխախոտի տուփերից մեկի վրա գրված էր՝ «Բարի ծառայություն, ախպերներ»:

Կանայք մեծ մասամբ քաղցրավենիք, գուլպաներ էին բերում: Դիմացը ձմեռ է. հայ մայրերի համար ամենակարևորը՝ զինվորի ոտքը չոր ու տաք լինի:

«Մեր տունը» ՀԿ-ի սաները ջերմեռանդորեն էին պատրաստվել. աղջիկներն իրենց ձեռքով մուրաբաներ, գաթաներ են պատրաստել, հետն էլ սիրուն-սիրուն նամակներ գերել մեր զինվորներին: «Միգուցե ձեր մեջ կան մանկատան սաներ, որ հիմա զինվոր են դարձել ու հայրենիքն են պաշտպանում: Աստված թող բոլորիդ պահապան լինի, անվտանգ ծառայություն ու բարի վերադարձ, հայ զինվորներ: Մենք հպարտանում ենք ձեզնով: Ձեր շնորհիվ ենք խաղաղ ու հանգիստ ապրում: Շնորհակալ ենք ձեզ, մեր հայ քաջարի զինվորներ», - գրել են սաներն իրենց նամակներում: Գաթաները պատրաստելիս աղջիկները խորիզի մեջ նորմայից ավելի շաքարավազ են լցրել. գիտեն, որ զինվորը ծառայության ժամանակ քաղցրի կարիք շատ է զգում:

Ակցիային մասնակցել են նաև սփյուռքահայերը: Civil Voice-ի կամավորները պատմեցին, որ մի ֆրանսահայ տղամարդ հիգիենայի պարագաներով լի տոպրակ է բերել ու ասել, որ իր Նարեկ որդին կամավոր զինվորագրվել է Հայոց բանակին ու արդեն 3 ամիս ծառայում է Մեղրիի զորամասում: Կազմակերպության կամավորները հոր ներկայությամբ զանգեցին ու Նարեկին շնորհակալություն հայտնեցինց, որ նա, Ֆրանսիայի քաղաքացի լինելով, եկել է Հայաստան ու մեր սահմանների պաշտպանը դարձել:

«Շնորհակալ եմ քեզ, հայ զինվոր» քաղաքացիական հանգանակության ավարտին 3 արկղ լցվեց նվերներով: Ակցիան կշարունակվի նաև սեպտեմբերի 22-ին, բայց արդեն Civil Voice-ի գրասենյակում: Կազմակերպության հասցեն է Չարենցի 1: Ամենափոքր ուշադրությունն անգամ՝ մի տուփ շոկոլադը կամ ծխախոտը, քաղցր խոսքով համեմված բարևագիրն ու մի զույգ գուլպան մի ամբողջ աշխարհ են սահմանին կանգնած հայ զինվորի համար:

Civil Voice-ի կամավորները սեպտեմբերի 23-ին նվերներով լի ծանրոցները Պաշտպանության նախարարության պատասխանատուների հետ կտանեն Տավուշի մարզ՝ սահմանում ծառայող հայ զինվորներին:

Այս թեմայով