01 Սեպտեմբեր 2014, 15:06
3361 |

Խաղաղություն՝ ծաղիկների փոխարեն

Երևանի № 128 դպրոցը միացել է AYO հիմնադրամի սահմանամերձ Այգեպար գյուղի դպրոցի դիմաց պատ կառուցելու նախագծին: Imyerevan.com պորտալն ու դպրոցի անձակազմը առաջարկեցին դպրոցականների ծնողներին հրաժարվել սեպտեմբերի 1-ին ուսուցիչներին ծաղիկներ նվիրելու ավանդույթից ու դրա փոխարեն ցանկացած գումար նվիրաբերել պատի կառուցմանը, որը կպաշտպանի Այգեպարի դպրոցը ադրբեջանական կրակոցներից:

Ինչպես նշեց AYO հիմնադրամի տնօրեն Արմեն Անմեղիկյանը՝ «Գյուղի դպրոցն ու մանկապարտեզը գտնվում են Ադրբեջանի հետ սահմանից 300 մետր հեռավորության վրա: Վերջին 20 տարիների ընթացքում դպրոցն անդադար կրակահերթերի տակ է գտնվել: Պատերն ամբողջությամբ պատված են փամփուշտներից ստացված վնասվածքներով»: 128 դպրոցի տնօրեն Վիկտորյա Սուքիասյանն էլ իր հերթին հավելեց, որ շատ կարևոր է երբեմն հրաժարվել որոշակի հաճույքներից, տվյալ դեպքում՝ ծաղիկներից, որպեսզի օգնենք այն դպրոցականներին, ովքեր սովորում են նման դժվար պայմաններում:

 Երեք մետր բարձրություն ունեցող պատը նախատեսված է պաշտպանելու դպրոցն ու մանկապարտեզը հրաձգությունից: Այն նաև հնարավորություն կտա երեխաներին ապահով օգտվել խաղահրապարակից: Նախագծի իրականացման համար անհրաժեշտ է 16 000 ԱՄՆ դոլար, սակայն այս պահին հավաքվել է ընդամենը 3 000-ը: Ի դեպ, imyervan.com-ի և 128 դպրոցի համատեղ ջանքերով հիմնադրամին է փոխանցվել շուրջ 360 000 դրամ: «Այս գումարը իրականում և՛ տպավորիչ է, և՛ պարտավորեցնող: Մենք ավելի համեստ գումար էինք ակնկալում, սակայն գաղափարն անտարբեր չթողեց ոչ ոքի: Նախագծին մասնակցեցին նույնիսկ այն ընտանիքները, որոնք նյութապես այնքան էլ ապահովված չեն: Այն երկու հարյուր կամ հինգ հարյուր դրամը, որոնք հավաքվել են այսօրվա ակցիայի ընթացքում, հսկայական ներդրում ու բարեգոծական քայլ են»,- նշեց դպրոցի տնօրենը:

Այս թեմայով