01 Օգոստոս 2014, 16:51
3954 |

Օրհնեցե՛ք, տեր հայր

Նույնիսկ փակ աչքերով հնարավոր չէ նրանց շփոթել. միշտ սևազգեստ, զուսպ ու թավ մորուքով: Նրանք մեր հոգևոր հայրերն են` միշտ ծառայության մեջ, բայց ոչ միշտ գիրք կարդալիս կամ աղոթելիս, ինչպես ընդունված է պատկերացնել. այլ նաև մեքենայի ղեկին, ջազ կամ հաուս լսելիս ու հեռուստացույց դիտելիս,սակայն ոչ երբեք ընտանիքի հոր, այլ միշտ տեր հոր կարգավիճակում:

Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան
Առավոտյան արթնանում եմ զարթուցիչի զնգոցից: Բնականաբար, արթնանալ, հարդարվել, եթե դպրոցի օր է, ապա երեխաներիս հետս դպրոց եմ իջեցնում կամ հարևան, ընկեր, բարեկամ, ով այդ ճանապարհով է իջնում' վերցնելով' դեպի եկեղեցի: Եկեղեցում' հերթականությամբ' ըստ օրվա ընթացքի: Լինում են լուռ, դատարկ օրեր, երբ ոչ մի արարողություն չկա: Օրն ավարտվում է երեկոյան ժամերգությամբ: Եթե այդ օրվա պատասխանատուն եմ, մնում եմ մինչև եկեղեցու փակվելը, եթե ոչ, ապա դուրս եմ գալիս և շարունակում ծառայությունս' տնօրհներք, այցելություններ… Երեկոյան, եթե ստացվում է, ընտանիքով սրճարան ենք գնում կամ զբոսանքի: Հետո գնում ենք տուն ու նստում տան հեռուստացույցի դիմաց: Ես հեռախոսս գիշերը չեմ անջատում. բա որ պե՞տք եկա: Պատահում է, որ կեսգիշերին էլ են զանգում' տեր հայր, քո խոսքի կարիքն ունենք: Սա աշխատանք չէ, ծառայություն է, որը չի ավարտվում:

***

Կարծրատիպ կա, որ հոգևորականը միշտ հոնքերը կիտած, խիստ ու անհասանելի է: Ո՜չ: Ես ինչպես որ կյանքում եմ, այնպես էլ եկեղեցում եմ: Անհնար է առանց հումորի, օրս օր չի առանց կատակի: Թերևս իմ պարագայում ինձ հենց այդպես էլ ճանաչում են: Իսկ ինչո՞ւ պետք է տխուր լինեմ, եթե այն կրոնը, որին ծառայում եմ, մարդկանց ուրախություն, հույս, հավիտենական կյանք է պարգևում: Եթե ինչ-որ պատճառով մի օր անտրամադիր եմ լինում, բոլորը զարմանում են' տեր հայր, ի՞նչ է պատահել, ինչո՞ւ եք տխուր: Միակ պատճառը, որի համար քրիստոնյան պետք է տխրի՝ իր մեղքն է, այն էլ ոչ անհուսալի կերպով, այլ' ապաշխարելով:

Ծառայության ժամանակ կիքսեր միշտ էլ լինում են: Օրինակ, պսակադրության ժամանակ, հարցնում եմ փեսային' տե՞ր ես, փեսա: Ասում է' տե՜ր եմ: Շրջվում եմ հարսին' հնազա՞նդ ես, հարս: Հարսը շատ վճռական պատասխանում է' տե՜ր եմ: Ծիծաղում եմ, փորձում եմ հասկանալ' նա իրո՞ք տեր է ուզում լինել, թե՞ պարզապես շփոթվեց: Պատարագից առաջ խնդրում եմ' բոլորը հեռախոսներն անջատեն, մեկ էլ հենց այդ պահին իմ հեռախոսն է զանգում: Ծիծաղում են, ասում' տեր հա՞յր, քո հեռախոսը չի՞ անջատվում: Կամ, ըստ կարգի' քանի անգամ մտնես եկեղեցի, պետք է խաչակնքվես, իսկ դուրս գալուց, պետք է մեջքով դուրս ելնես: Այնքան է պատահել, որ երեկոյան սուպերմարկետ մտնելիս խաչակնքվել եմ կամ ուզեցել եմ մեջքով դուրս գալ…

***

Պահ է լինում, որ ուզում եմ մենակ մնալ, ցրվել… Նստում եմ մոտակա սրճարանում ու մի գավաթ սուրճ եմ խմում կամ բջջային հեռախոսով խաղեր եմ խաղում: Այնպես չէ, որ երեկոյան տուն եմ գնում ու դադարում եմ քահանա լինելուց: Ո՜չ: Նստած եմ, մեկ էլ ննջարանից երեխաներս' պապա, դե արի աղոթի, որ քնենք: Գնում եմ: Հիշում եմ, որ տարիներ առաջ աղջկաս համար բացահայտում էր, որ իր հայրը քահանա է: Իր մանկական թլոշ լեզվով հարցրեց' պապա, դու հիմա համ տեր հա՞յր ես, համ պապա՞, բա ուրիշներինը մենակ պապա են:

***

Քարոզի կերպը, մարդկանց հետ շփումը, օրվա խորհուրդը ինչ-որ կերպ հասու դարձնելը յուրաքանչյուր հոգևոր սպասավորի մոտ տարբեր է, և մարդն ինքնէ ընտրում, թե իր հարցով ում դիմի' ավելի ավա՞գ, թե երիտասարդ քահանայի: Ինչպես որ կարող ես գնել հայկական լավաշ կամ ֆրանսիական բագետ: Նախընտրում եմ 30-ականների ջազը: Հիմիկվա ջազը մի քիչ ուրիշ է' «պղնձաժխորային» է: Ընդհանրապես, ամերիկյան երաժշտություն եմ սիրում' Լուի Արմսթրոնգ, Սինատրա… Եթե ճանապարհին եմ, մեքենայիս մեջ հաուս կարող եմ լսել, որովհետև սթափեցնող է: Դասական էլ եմ շատ սիրում: 20 տարեկան էի, երբ Սևանի ճեմարանում տեսուչն ինձ պատժեց: Պատիժն այն էր, որ իմ անկարգության համար ինձ չթողեցին տուն գնամ: Երբ տղաները գնացին, բոլոր կասետներն իրենց հետ տարել էին, մնացել էր մեկը' դասականի ձայնագրություններով: Եվ ես այլընտրանք չունեի: Պատկերացնո՞ւմ եք, 20 տարեկան երիտասարդին Սևանի ափին' Մոցարտ, Վիվալդի լսելիս: Վատ պատիժ չէր:

***

Մա՛րդ եղիր. երբ դու վազքի մեջ ես, մոռանում ես ամեն տեսակի սրբություն ու դադարում ես մարդ լինելուց: Դու մոռանում ես, որ դիմացինիդ մեջ թաքնված է Աստված: Առակաց գրքում մի շատ հրաշալի տող կա' աղքատը հարուստին հանդիպեց, երկուսին էլ Տերն այցելեց: Այսինքն' և՛ աղքատի անձի մեջ, և՛ հարուստի անձի մեջ Տերն է: Ռուս սրբերից մեկն էլ շատ լավ խոսք է ասել' ով իր եղբորը տեսավ, նա Աստծուն տեսավ: Այսինքն, մենք երբեմն Աստծուն փնտրում ենք ինչ-որ քարե տաճարներում, խորհրդավորության մեջ, հին վանքերում' մոռանալով, որ այդ Աստվածը մեր դիմացինի մեջ է: Եվ ինքը' Քրիստոսն ասեց' արքայությունը ձեր մեջ է, ձեր ներսում, այնտեղ փնտրեք արքայությունը:

 

Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյան
Պատահում է, որ ամբողջ օրը ծառայության մեջ եմ լինում' առավոտյան հինգ անց կեսից տնից դուրս եմ գալիս և արդեն երեկոյան յոթն անց երեսուն է' եկեղեցու փակվելու ժամն է, պետք է տուն գնամ, հոգնած եմ, աչքերս փակվում են և հանկարծ մեկը գալիս, ասում է' տեր հայր, այս խաչը կօրհնե՞ք կամ բժշկության աղոթք կկարդա՞ք: Սկզբում ուզում եմ ասել' թող մնա վաղը, բայց հետո ինքս ինձ խոստովանում եմ, որ ախր ես հենց ա՛յդ պահին եմ պետք այդ մարդուն:

***

Տրամադրությունը իր կնիքը թողնում է հոգևոր ծառայության վրա, բայց տեղն եկած ժամանակ փոխում ենք տրամադրությունը և շարունակում ծառայությունը' անկախ օրվա ժամից: Ճիշտ է, դրանից ֆիզիկական հոգնածությունդ շատանում է, բայց հետո հասկանում ես, որ ծառայությունից ստացած բավարարվածությունը քեզ ոգևորում է:Ես այսօրվա երիտասարդներին 2 խմբի եմ բաժանում (թեև բոլորն էլ մեր հայ առաքելական եկեղեցու զա-վակներն են)' ավելի եկեղեցականացված երիտասարդներ, ովքեր ապրում են հոգևոր կյանքով' մշտապես Սուրբ գիրք են ընթերցում, աղոթում են, ամեն կիրակի պատարագի են մասնակցում, ուխտագնացությունների են գնում և ավելի պակաս եկեղեցականացված երիտասարդներ, ովքեր միայն մեծ տոներին ենգալիս եկեղեցի: Առաջինները հոգևոր կյանքին, իրենց հոգևոր վիճակին, մեղքերի վերաբերյալ հարցերով են դիմում քահանային, իսկ երկրորդները դիմում են, որպեսզի օրհնություն ստանան: Երբ հարցնում եմ' ինչի՞ համար, ասում են' մեր գործերի հաջողության, երա-զանքների կատարման համար: Դե հասկանալի է, երիտասարդներն ինչպիսի երազանքներ պետք է ունենան: Հոգևոր սպասավորն էլ ինքնին մի մարդ է, ով իր կյանքն ունի, իր կյանքում բազմաթիվ խնդիրներ ունի, բայց նա կարողանում է բոլոր հարցերին պատասխաններ տալ, որովհետև այդ բոլոր հարցերի պատասխանները ունեն Սուրբ գիրքն ու եկեղեցին, այսինքն' իրականում հոգևոր սպասավորը չէ, որ պատասխանում է:

***

Մարդիկ դիմում են ապաշխարության ամենատարբեր մեղքերի համար: Ապաշխարությունը հայ առաքելական եկեղեցու 7 խորհուրդներից մեկն է, որի նպատակը քրիստոնյա մարդուն իր մկրտությունից հետո գործած մեղքերից ազատելն է: Մարդը գալիս է եկեղեցի և ասում է' ուզում եմ խոստովանել: Այստեղ մեղքի մեծ կամ փոքր լինելը չէ կարևորը, այլ մարդու' իր գործած մեղքի նկատմամբ վերաբերմունքը: Ապաշխարության 2-րդ քայլը զղջումն է: Մարդը կարող է շատ մեծ մեղք գործել, բայց իր սրտում զղջում չունենալ: Կատարվում է զղջման աղոթքը, որից հետո մարդը խոստովանումէ իր գործած մեղքը Աստծո առաջ' քահանայի ներկայությամբ: Քահանան խոստովանանքը լսելուց հետո և տեսնելով, որ մարդը զղջում է, ապաշխարանք է նշանակում. այն է'որոշակի գործեր կատարել, որով մարդը պետք է ցույց տա իր զղջումը: Գործած մեղքը և դրա հատուցումը պետք է համարժեք լինեն:

Եթե մարդը մեկի հասցեին հեռուստատեսությամբ վիրավորանք է հասցրել, ապա նա չի կարող հեռա-խոսով ներողություն խնդրել: Նույն ճանապարհով էլ, այսինքն' հեռուստատեսությամբ էլ պետք է ներողություն խնդրի նրանից: Բայց ենթադրենք թե կինը մանկասպանության մեղքն է գործել' աբորտ է արել, ապա ինչպե՞ս պետք է փոխհատուցի: Այդ դեպքում քահանան որոշակի ժամանակաշրջան է նշանակում ապաշխարության համար: Այդ ժամանակ կինը պետք է որոշակի աղոթքներ ասի, պահք պահի, ողորմածության գործեր անի և մասնակցի պատարագին, բայց սուրբ հաղորդությունից զուրկ մնա, որպես ապաշխարող մեկը: Միայն այդ շրջանն անցնելուց հետո, քահանան արձակում է մեղքը: Այսպես է կատարվում ապաշխարությունը: Հարստությունը կամ չքավորությունը բոլորովին կապ չունեն Աստծո համար, բայց միևնույն ժամանակ Քրիստոսն ասում է' դժվար է մեծահարուստին երկնքի արքայություն մտնելը: Նյութականը երբեմն մարդկանց խանգարում է:

 

Տեր Շահե քահանա Հայրապետյան
Հոգևոր ծառայության անցնելը պապիս երազանքն է եղել: 8-րդ դասարանում էի, երբ նա խնդրեց ծնողներիս թույլ տալ, որ ես հոգևորական դառնամ: Ծնողներս, բնականաբար, մերժեցին, քանի որ խորհրդային շրջանն էր: Պապս մեր գյուղի առաջին ուսուցիչն էր' շատ գրագետ և խելացի մարդ: Ժամագիրքն ու աղոթարանը հենց նրա օգնությամբ եմ ճանաչել: Հետո այնպես ստացվեց, որ ընդունվեցի Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերական բաժինը: Երիտասարդ տարիներին աշխատել եմ իմ մասնագիտությամբ: Վերջերս նույնիսկ ծանոթներիցս մեկը մի հին ամսագրում ֆոտո էր գտել, որտեղ ես «Մեծապատիվ մուրացկաններում» քահանայի դեր էի կատարում: Ավելի ուշ' 1985 թվականին, Մատենադարանում աշխատանքի ընդունվեցի սկզբում որպես լաբորանտ, հետո' գիտական աշխատող: Հենց այդ տարիներին իմ մեջ հասունացավ պապիս երազանքը: Բավականին մեծ էի, երբ ձեռնադրվեցի. 36 տարեկան էի և արդեն 5 երեխա ունեի: Բայց հոգևոր ծառայությունը պատահական և ակնթարթային որոշում չէր: Դա տարիների ընթացքում հասունացած և արմատացած իրականություն էր: Իմ նախկին մաս-նագիտության և հոգևոր ծառայության մեջ մի ընդհանուր նմանություն կա' բեմը: Սակայն եթե թատերական բեմը ծառայում է միայն սեփական փառքի, ապա եկեղեցու բեմը ծառայում է Աստծո փառքի համար: Առաջինն անցողիկ է, երկրորդը' հավիտենական:

***

Հոգևորականը իրավունք չունի անելանելի իրավիճակի մեջ հայտնվել: Պատահել է, որ պատարագի ժամանակ քահանան սուրբ սեղանի վրա ննջել է' մահացել է: Բայց պատարագը չի ընդհատվել. վարագույրն իջեցրել են, երկրորդ քահանան է բարձրացել ու շարունակել պատարագը: Այսինքն' այս ծառայությունն ընդհատել չի կարելի: Պողոս Առաքյալն ասում է' մենք խաչվեցինք աշխարհի համար, և աշխարհը' մեզ համար. հոգևորականի արտաքինը և ծիսական զգեստը դրա համար են: Բացի դրանից եկեղեցին պահեց նաև գրաբարյան լեզվի և եկեղեցու ճարտարապետության ավանդույթը: Եկեղեցի այցելել, այո՛, պարտադիր է, քանի որ' ձայն բազմաց, ձայն Աստծո, ինչպես ասվում է: Վարդան Այգեկցին մի առակ ունի այն մասին, որ եկեղեցի այցելում են բոլորը' ռամիկ, հարուստ, աղքատ… Փառք Տիրոջը, այսօր էլ տաճարը լցված է երիտասարդներով: Ինչպես ասվում է' Տերը կարող է քարերից էլ Աբրա-համի զավակներ պատրաստել: Եթե նույնիսկ մեկը գալիս է եկեղեցի մոմ վառելու համար, ոչինչ, պետք չէ նրան դատել: Կարևորը հոգու թելադրանքն է, կարևորը Աստված գործի մարդու սրտում:

***

Հոգևոր սպասավորին այսօր դիմում են ամենատարբեր հարցերով' առողջական, ֆինանսական, հոգևոր… Փրկությունն է գերխնդիրը: Այսօր 15 տարի շարունակաղանդից տուժած հիվանդի հետ ենք աշխատում, բայց դեռ շատ հեռու ենք երանելի արդյունքից: Եկեղեցին ու Աստված են փրկությունը, ոչ թե այդ լայն ժպիտն ու գրկաբաց ընդունելությունը: Հայ առաքելական եկեղեցին ամենադեմոկրատ եկեղեցին է, դա միայն ես չեմ ասում, այլ' բոլորը:

***

Մենք այսօր ապրում ենք մի ժամանակաշրջանում, որը կարելի է անվանել նյութադավան: Բայց նախկինում ավելի ճգնաժամային ժամանակներ ենք ապրել' թաթար-մոնղոլական արշավանքներ, արաբական խալիֆայություն, ավելի մոտ անցյալում' խորհրդային համակարգ, երբ հաստափոր հատորներով աթեիզմ էր քարոզվում, բայց եկեղեցին իր ուսերին կարողացավ պահել պետության, կրոնի և մշակույթի «քաղցր բեռը»: Այսօր արդեն հանրակրթական դպրոցներում Հայ եկեղեցու պատմություն առարկան են դասավանդում, բացի այդ' գործում են բազմաթիվ երիտասարդական միություններ: Ճիշտ է, այսօր քչերն են ուզում դառնալ գիտնական կամ տիեզերագնաց: Փոխարենն ավելի պահանջված մասնագիտություններ են ընտրում, որ ավելի լավ մեքենաներ վարելու հնարավորություն ունենան, բայց սրա կողքին կա նաև հակառակը, չէ՞: Եկեղեցին և՛ հավատացյալի, և՛ անհավատի համար է: Աստված թող միայն խաղաղություն պարգևի աշխարհին:

 

Տեր Կյուրեղ քահանա Տալյան
Իմ ավազանի անունը Գրիգոր է, բայց 1990 թվականին, երբ քահանա ձեռնադրվեցի, անվանակոչվեցի տեր Կյուրեղ: Իմ ձեռնադրվելուց հետո, ես Գրիգորը չեմ, ես տեր Կյուրեղն եմ այլևս: Ընտանիքում էլ նախ և առաջ տեր Կյուրեղ եմ: Առաջինը, ում համար ամենադժվարն էր և ով հենց առաջին օրվանից ինձ տեր հայր կամ տեր Կյուրեղ սկսեց անվանել, կինս էր: Այդպես ճիշտ է, որովհետև Գրիգորն էլ չկա: Ընդհանրական եկեղեցու 12 վարդապետներից 2-ը կրել են Կյուրեղ անունը, դա ռուսերեն Կիրիլն է, և ինձ համար մեծագույն պատիվ է այդ անունը կրելը և դրան արժանի լինելը:

***

Լսելը բարդ բան է, բայց հոգևորականը պարտավոր է լսել իմանալ: Այսօր մոտ 50 րոպե մի անծանոթ երիտասարդ կնոջ էի լսում: Իմ անձնական փորձից գիտեմ, որ միայն մարդուն ուշադիր լսելով կարող ես շատ օգտակար լինել նրան, եթե նույնիսկ խորհուրդ էլ չտաս: Քահանաների շրջապատում մենք նախ և առաջ խոսում ենք հոգևոր հարցերի մասին, բայց ամեն ինչի հիմքում' քաղաքական, մշակութային, հոգևորն է: Մարդիկ ասում են' ես քաղաքականությամբ չեմ զբաղվում: Բայց ես քաղաքացի եմ իմ պետության համար: Այսինքն, հոգևորականը ուզած-չուզած և քաղաքական գործիչ է, և մշակութային գործիչ է: Մանավանդ, որ ես նախկին ռեժիսոր եմ, բայց ճշմարտության որոնումները ինձ բերեցին Աստծուն: Իսկ Քրիստոսն ասում է' ով փնտրում է, նա պիտի գտնի…Շատ քիչ բեմադրություններ եմ արել որպես ռեժիսոր, 4.5 տարի «Երևան» ստուդիայում եմ աշխատել, հետո հեռուստաթատրոնում, հետո ռադիոյում, Իգիթյանի գեղագիտական կենտրոնում… Ես անհավատ եմ մեծա-ցել, սովետական մարդ եմ եղել: Իմ ընտանիքում Աստծո անունը չի էլ շոշափվել: 42 տարեկանում թողեցի ամեն ինչ և գնացի այս ճանապարհով և չեմ փոշմանել, որովհետև ես պետք եմ մարդկանց, նրանք էլ ինձ են պետք:

***

Իմ թուլությունն են երեխաները: Նրանք նման են այլմոլորակայինների, այնքան են տարբերվում մեզանից, իսկ մենք ջանք ու եռանդ չենք խնայում, որ նրանց փչացնենք, մեզ պես դարձնենք: Երեխաներն այնքան հեշտ են, այնքան ուրախությամբ են Աստծուն ընդունում, հավատքի հետ կապված որևէ խնդիր չունեն: Մեծերն այդպես չեն:

***

Ամեն ինչը բացատրել սեռական մղումներով' սա նսեմացնում է մարդուն: Մարդը անասուն չէ. թե չէ ո՞րն է մարդու իրավունքը' այն ֆեմինիստուհիների նման կիսամերկ ման գա՞լը: Դա՞ է ազատությունը: Պսակադրության ժամանակ ես ինչպե՞ս չզգուշացնեմ երիտասարդներին շնության մեղքի մասին, որը կարող է ընտանիքներ քանդել, ինչպե՞ս չզգուշացնեմ մանկասպանության' աբորտի մեղքի մասին, որը կտրականապես մերժելի է Աստծո համար: Դա մարդասպանություն է առանց վերապահման: Ավելին. մարդասպանի զոհը կարող է դիմադրել, փախչել, բայց նա… Դրա համար էլ իմ կատարած պսակադրությունը 40 րոպեից երկար է տևում: Հետո էլ երիտասարդներին ասում եմ' ես ձեզ ծուղակը գցեցի, էլ չեք կարող ասել' ես չգիտեի այդ մասին: Հիմա գիտեք արդեն:

***

Գիրք կարդալը երազանք է ժամանակի իմաստով, բայց եթե ժամանակ եմ ունենում, հոգևոր թեմաներով գրքեր եմ կարդում: Հաճույքով եմ դիտում գեղարվեստական ֆիլմերը, որոնց մեջ հոգևոր լիցք կա: Վերջերս շատ էի տպավորվել Տոնինո Գուերոյի մասին պատմող վավերագրական ֆիլմից. այդ մարդը եղել է աշխարհի ամենասքանչելի վայրերում, բայց նրան փոխել է Հայաստանը: Այդ ֆիլմում Հայաստանին նվիրված բանաստեղծությունը շատ հուզիչ էր:

***

Ժամանակակից մարդը ամենից շատ սիրո կարիք ունի' իրական սիրո, ոչ թե այն, ինչը, որ սիրո տեղ է տրվում' խայտառակ, խեղաթյուրված, ցանկություն-ները սիրո տեղ անցկացնելը… Պողոս առաքյալն իր հիասքանչ ձևակերպման մեջ ասում է' սերը իրենը չի փնտրում: Սիրող սիրտն իր շահը չի փնտրում: Աստված սեր է. սա բնութագիր է, բանաձև է: Եթե մենք էլ Աստծո նմանությունն ունենք, նրա պատկերն ենք կրում, մենք էլ պիտի սիրով լցված լինենք:

 

Տեր Սմբատ քահանա Սարգսյան
Թերևս սկսենք ողջույնից. հավատացյալն ասում է' օրհնեցե'ք, տեր հայր, հոգևորականն ասում է' Աստված օրհնի: Սա մի քայլ առաջ է այն պարզ ողջույնից, որովհետև սա արդեն օրհնության խնդրանք է: Բայց ընդհանուր առմամբ նույնն է, որովհետև բարև ասել, նշանակում է օրհնել, այսինքն' թող բարի լինի այս օրը քեզ համար:

***

Սկզբում հոգեբույժ էի, հետո' հոգևորական, բայց ես այդ անցումը չեմ նկատում: Թեև կա այն օրը, երբ կյանքս փոխվեց ' 2004 թվականի հոկտեմբերի 10-ը, երբ Երևանի ' սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում ձեռնադրվեցի հոգևորական: Սակայն ներքին ապրումների և անձնական ընտրության առումով այդ սահմանը չկա:Մարդն ընտրում է իր մասնագիտությունը և իր մասնագիտությամբ աշխատելու ընթացքում որոշակի ապրումներ է ունենում: Հոգևորականի ծառայությունը ևս նույն շարժառիթներն ունի: Հոգևոր ծառայու-թյունը հոգևորականի համար գործունեություն է իր անձնական երջանկության համար: Օրինակ, եթե բժշիկը հիվանդին բուժեց, հիվանդն ապաքինվեց, դա երջանկություն է բժշկի համար: Նույնն է նաև հոգևորականի համար: Աստված շնորհներ է տալիս հոգևորականին ձեռնադրության ընթացքում, որպեսզի նա իր ծառայության ընթացքում կարողանա մարդկանց հոգեպես առ Աստված առաջնորդել: Եվ սրանով է հոգևորականը երջանիկ:

***

Սովորել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում և ավարտել եմ որպես հոգեբույժ: Բայց չեմ մերժել այն կոչը, որ Մայր եկեղեցուց եղավ' նրանք, ովքեր ցանկանում են հոգևորական դառնալ և բարձրագույն կրթություն ունեն, թող դիմեն: Երկար չմտորեցի, պարզապես ես էլ դիմեցի: Մարդիկ ինձ հարցնում են թե' ի՞նչ տեղի ունեցավ, երբ մասնագիտությունդ փոխեցիր: Ես չեմ կարծում, որ փոխել եմ մասնագիտությունս: Ես չեմ հրաժարվել հոգեբուժությունից, այլ… Հիպոկրատի երդում եմ տվել, այո՛: Եվ քանի որ հոգեբույժ եմ, մեր հավատացյալներից ոմանք կատակով ասում են' տեր հայր, դու Դեմոկրատի երդում ես տվել:

***

Հիպոկրատի երդումը պարտականությունների, բժշկական էթիկայի և մասնագիտական համագործակցության մասին է, իսկ հոգևոր ծառայության մեջ կա Աստծո օրենք' մենք երդում չենք տալիս, որովհետև տեր Հիսուս Քրիստոսն ասեց. «Ամենեւին երդում մի՛ ընէք… հապա ձեր խօսքը ըլլայ այոն' այո, եւ ոչը' ոչ»: Այս սքեմը հագնելով մենք արդեն ներքուստ երդվում ենք ծառայել ժողովրդին անձանձրույթ կերպով և կրել Քրիստոսի խաչը: Մենք հայր ենք և ո՞ր հայրը իր երեխայի համար ձեռքը կրակի մեջ չի մտցնի: Մենք չենք հավակնում այն հայրը լինել, որ երկնքում է, այլ մենք հայր ենք եկեղեցու համար, մեր ձեռքով են եկեղեցու ավազանից քրիստոնյաներ ծնվում:

***

Տարբերություն չկա բժշկի աշխատանքի և հոգևորականի ծառայության միջև: Ես հիշում եմ դեռ բժշկական համալսարանի իմ դասերից' առողջությունը մարդու մտավոր, ֆիզիկական և հոգևոր բարեկեցիկ վիճակն է: Լատիներեն մի ասացվածք կա' բժիշկ, բուժիր խոս-քով, ապա' դեղով: Բայց եթե մարդը հավատք չունի, ստացվում է, որ մենք շաման ենք, որովհետև մեր գործողությամբ ինչ-որ բան է տեղի ունենում, մինչդեռ մարդը դրանից անհաղորդ է: Այդպես չէ քրիստոնեության մեջ: Քրիստոնեության մեջ ավտոմատիզմ չկա:

***

Հոգևոր կյանքն այնպես չէ, որ ամբողջ օրը գիրք կարդաս կամ աղոթես: Ամեն դեպքում, որոշակի լարումների թուլացման անհրաժեշտություն կա: Երբեմն այնպես է լինում, որ հեռուստացույց եմ նայում, բայց ոչ թե նրա համար, որ հետաքրքիր է, այլ պարզապես նա-յում եմ, որովհետև ստիպված չեմ հեռուստացույցին պատասխան տալ:

***

Այլ բան չեմ կարող ասել, եթե ոչ լինել քրիստոնյա: Երբ Աստված կիրակի օրը այցելում է եկեղեցի, թող մենք այլ տեղերում Աստված չփնտրենք: Դա նույնն է' գնալ կինոթատրոն' հաց ուտելու: Փոխարենը կգնաս ճաշարան, որտեղ ավելի լավ կերակուր կա: Թերևս կինոթատրոն կարելի է հաց տանել ուտել, մինչդեռ Աստծուն ամեն տեղ չես կարող ճաշակել:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N 7-8,2013

Այս թեմայով