19 Հուլիս 2014, 14:49
1778 |

Ծիրանապատում. մաս հինգերորդ

Փառատոնային եռուզեռը մոտենում է իր ավարտին, նայելու արժանի ֆիլմերի ցուցադրությունները՝ սպառվում, իսկ դահլիճները, թարսի պես, էլ ավելի լիքն են դառնում: Կարծես թե շատերը նո՜ր-նոր են տեղը բերում, թե քաղաքում ինչ է կատարվում:

Որոշեցինք փորձարկել հանդիսատեսի համբերությունը փառատոնի, թերևս, ամենաերկար ֆիլմի հաշվով: Ամերիկյան «Պատանեկություն» կինոնկարը աղմուկ է հանել զուտ այն պատճառով, որ ռեժիսորն այն նկարահանել է ոչ ավելի, ոչ պակաս 12 տարի, որպեսզի ֆիլմի գլխավոր հերոսի հասունանալու գործընթացը ճշմարտանման լինի: Արդյունքում ստացված 2 ժամ 40 րոպե տևողությամբ ֆիլմի ցուցադրությանը Կապույտ դահլիճը լիքն էր, և մինչև ավարտը «հանձնվող» գրեթե չեղավ:

Լեհ կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսիի «Հաստատուն գործոն» ֆիլմի երևանյան պրեմիերան ընկալվեց ոչ միանշանակ: Ախր 1980 թվի ֆիլմ է, ի՞նչ պրեմիերա: Ի դեպ՝ Զանուսիի, որը գրեթե ամեն տարի «Ոսկե ծիրանի» մշտական հյուրերի թվում է, այս անգամվա այցի ծրագիրը միանգամայն կարճ էր՝ գնալ Էջմիածին, Ամենայն Հայոց Կաթողիկոսից ստանալ «Եղիցի լույս» մրցանակ, և վերադառնալ հայրենիք:

Երեկ ևս մեկ սպասված երևանյան պրեմիերա կար՝ Դարդեն եղբայրների «Երկու օր, մի գիշեր» կինոնկարը՝ ճշմարիտ ֆրանսուհի Մարիոն Կոտիյարի մասնակցությամբ: Այս ցուցադրությանը դահլիճը ոչ թե լիքն էր, այլ լեփ-լեցուն՝ ընդհուպ մինչև էկրանի մոտ՝ հատակին նստած կինոսերներով: Նույն այդ ժամին կինոդիտման էին հավաքվել նաև Սիրահարների այգում, որտեղ ևս փառատոնային ֆիլմեր են ցուցադրվում «Երևանյան գիշերներ» խորագրի ներքո: Մի խոսքով՝ քաղաքը կինո է նայում:

Հուլիսի 19-ը որոշիչ օրն է: Ճիշտ է, էլի պակաս չեն դիտելու արժանի ֆիլմերը, ինչպես, օրինակ, ռեժիսոր Հարութ Շատյանի «Ճանապարհի փիլիսոփաները» (14:30, Կապույտ դահլիճ)՝ վավերագրական կինո, որտեղ անկեղծանում են մեր տաքսու վարորդները: 17:00-ին որպես փակման ֆիլմ կցուցադրվի անվանի ռեժիսոր Ժան-Լյուկ Գոդարի «Հրաժեշտ լեզվին» կինոնկարը: Մուտքը հրավիրատոմսերով է, բայց եթե չունեք հրավիրատոմս և ունեք ֆիլմը դիտելու մեծ ցանկություն, կարող եք համբերել մուտքի մոտ, վերջում՝ ֆիլմի սկսվելու առաջին 5 րոպեներին, ոնց էլ լինի, կհայտնվեք դահլիճում: Կամ էլ կիրակի 19:00-ին կարող եք այն դիտել «Սինեմա սթարում»: 19:00-ին կինոփառատոնի փակման արարողությունն է, որից հետո կիմանանք ժյուրիի բարձր գնահատականին արժանացած ֆիլմերի անունները:

Այս թեմայով