06 Հունիս 2014, 17:29
32645 |

Հայ եկեղեցու մոռացված, բայց իմաստալից ավանդույթները

Դժվարածին կանանց, նշանվող զույգերի, նորաթուխ հացի, նոր փորած ջրհորի, ցանքի... Հայ Առաքելական եկեղեցին այս բոլորի ու բազմաթիվ ուրիշ առիթների համար ուներ սահմանած աղոթքի կարգ: Դարեր առաջ հայ երիտասարդները եկեղեցում՝ Աստծո օրհնությամբ էին նշանվում ու պսակվում, հատուկ աղոթք էր արվում դժվարածին կանանց համար, ութօրական երեխաներին տանում էին եկեղեցի՝ մկրտելու, աղոթքով թաղում էին հանգուցյալներին , մահվան յոթօրեքին ու տարելիցին հատուկ կարգ կատարում գերեզմաններում, քահանայի օրհնությամբ ցանքս անում ու աղոթքով հաց թխում: Եկեղեցին ու Աստված ներկա էին հայ մարդու կյանքի բոլոր իրողություններում: Հաստափոր «Մաշտոց» ծիսամատյանի շատ էջեր այսօր չեն բացվում, շատ աղոթքներ ու կարգեր կամ առհասարակ մոռացվել են, կամ կատարվում են հազվադեպ: Մենք պեղեցինք ու ներկայացրեցինք՝ որոնք են այդ մոռացված, բայց իմաստալից արարողակարգերը։

Նշանօրհնեքի կարգ

Հարսին ու փեսային դեմ-դիմաց նստեցնում են աթոռների վրա՝ իբրև թագավորի և թագուհու, նրանց առջև սկուտեղով մատանի, ապարանջան, ականջօղ, կարմիր շալ ու քող դնում: Քահանան աղոթքով օրհնում է զույգին ու նրանց մատանիները: «Աղաչում ենք քեզ, ով Տեր, օրհնիր մատանիները, որոնք իրենց հոժարակամ սիրո խորհրդանիշերն են, նրանց պահի՛ր խաղաղ և սիրով միացած քո սուրբ երկյուղով, և արժանի՛ արա սուրբ ամուսնության ցանկալի պսակին»: Հետո փեսան մատանին դնում է հարսնացուի աջ ձեռքի մատնեմատին՝ իբրև խոստում սուրբ ամուսնության, թևնոցը՝ իբրև հնազանդություն, ականջօղերը՝ իբրև խոնարհություն, և քողը դնում գլխին՝ ի նշան համեստության:

 


Հալավօրհնեքի կարգ

Կոչվում էր նաև հարս ու փեսայի զգեստների օրհնության կարգ։ Սուրբ պսակից առաջ փեսայի հանդերձները բերում են քահանայի մոտ՝ օրհնելու. «Քրիստոս Աստված մեր, հոգևոր օրհնությամբ օրհնի՛ր այս հանդերձները, և թո՛ղ ոչ մի չարություն ու կախարդություն չհամարձակվի մերձենալ այն կրողներին»: Օրհնած զգեստները հագցնում են փեսային և գնում հարսնացուի տուն, օրհնում նաև նրա հանդերձները: Հարսնացուին հագցնում ու բերում են փեսայի առջև: Քահանան, բռնելով հարսնացուի ձեռքը, տալիս է փեսային և օրհնում. «Երբ Աստված առնելով Եվայի աջ ձեռքը տվեց Ադամին, Ադամն ասաց. «Այժմ սա ոսկոր է իմ ոսկորներից և մարմին՝ իմ մարմնից, սա թող կոչվի կին, որովհետև իր ամուսնու համար ստեղծվեց»: Հետո գնում են եկեղեցի՝ սուրբ պսակի խորհրդով ամուսնանալու:

 


Քառասունքի կարգ

Քառասուն օրական երեխային տաճարին ընծայման կարգը վերաբերում է և նորածին մանկանը, և նրա մորը: Ծննդաբերությունից հետո մայրը քառասուն օր եկեղեցի մտնելու իրավունք չունի: Եվ միայն քառասուներորդ օրը այս կարգով նրան թույլատրվում է մտնել եկեղեցի: Իսկ մանկան համար այս կարգը տաճարին ընծայման խորհուրդն ունի, ինչպես Հիսուս Քրիստոսը քառասուն օրականում ընծայվեց տաճարին: Քառասուներորդ օրը մայրը իր նորածնին գրկած գալիս է եկեղեցի և ներս չմտնելով՝ կանգնում եկեղեցու գավթում, ապա քահանայի հրահանգով քառասուն անգամ ծնկի գալիս ու կանգնում: Այդ ընթացքում քահանան աղոթում է և օրհնում. «Տեր, այժմ նայի՛ր քո այս աղախնուն և արժանացրու սրան մտնել քո սուրբ տաճարը և հաղորդվել քո սուրբ մարմնին և արյանը»: Հետո մտնում են եկեղեցի, և քահանան, գրկելով նորածնին, բարձրանում է խորան, ընծայում Աստծուն, օրհնում և արձակում խաղաղությամբ:

 

Դժվարածին հղի կնոջ համար աղոթքի կարգ

Քահանային հրավիրում են ծննդաբերող կնոջ մոտ, և նա Սուրբ Գրքի ընթերցումներով և աղոթքներով խնդրում է Աստծուն զորացնել ծննդկանին և արժանացնել բերկրալի ուրախությանը, նաև խրատում, որ նորածնին մեծացնեն ըստ Աստծո կամքի. «Տեր, շնորհիր այս ծննդկանին հանդարտությամբ և առանց փորձանքի հասնելու ուրախության, և թող բոլոր հավատացյալ տները աճեն ու բազմանան քո փառքի համար»:

 


Առաջին անգամ տղա երեխայի մազերը կտրելու կարգ

Լինում են դեպքեր, երբ զույգը երկար ժամանակ երեխա չի ունենում կամ միայն աղջիկ է ունենում: Տղա ունենալու դեպքում նրանք Աստծուն խոստանում են յոթ տարի երեխայի մազերը չեն կտրել: Յոթ տարի հետո տուն են հրավիրում քահանային, որն աղոթում և օրհնում է. «Տեր, անպիտանիս աղոթքով օրհնիր այս երեխային և սուրբ Հոգիդ դիր նրա մեջ, որպեսզի հասակով ու տարիքով առաջանա և մինչև հասուն ծերության հասնի»: Ապա քահանան չորս կողմից խաչաձև, կտրում է երեխայի մազերը:

 


Խաչահանգիստ կամ Խաչալվայի կարգ

Կոչվում է նաև ջուր օրհնելու կարգ։ Մարդիկ ըստ անհրաժեշտության՝ հիվանդների առողջացման, օրհնության, այգիների պտղաբերության և այլնի համար, ամանով ջուր են բերում եկեղեցի և խնդրում, որ քահանան օրհնել՝ սուրբ խաչը ջրի մեջ ընկղմելով: «Տեր, սուրբ խաչիդ զորությամբ օրհնիր այս ջուրը քահանայիս ձեռքով և ժողովրդի խնդրանքով»,- աղոթում է քահանան և երեք անգամ խաչով խաչակնքում ջուրն ու տալիս մարդկանց ցավերի փարատման և հաջողության համար:

 


Ջրհոր օրհնելու կարգ

Երբ նոր ջրհոր են փորում կամ արդեն գոյություն ունեցող ջրհորն ինչ-որ պատճառով պղծվում է, քահանային հրավիրում են օրհնելու և սրբագործելու այն: Քահանան ավետարանով և խաչով գալիս է ջրհորի մոտ, հրահանգում, որ քառասուն դույլ ջուր հանեն ջրհորից և թափեն, իսկ քառասունմեկերորդ դույլը դնում է իր առջև և աղոթքով օրհնում. «Տեր, խնդրում ենք քեզնից և աղաչում, սրբագործիր այս ջրհորը, մաքրիր սրա ջուրը և հավերժական բխումով առատացրու՝ մեր մարմնական կարիքները գոհացնելու համար»: Ապա խնկարկում է ջրհորի շուրջ և դույլի օրհնված ջուրը խաչանման լցնում ջրհորի մեջ:

 


Նոր գիրք օրհնելու կարգ

Նոր աղոթագիրք, Աստվածաշունչ կամ Սաղմոսարան ունենալու դեպքում մարդիկ այն տանում են եկեղեցի, որպեսզի քահանան օրհնի: Սարկավագը գիրքը պահում է իր ձեռքերի վրա, իսկ քահանան օրհնում է. «Տեր, ընդունիր մեր ձեռքից նորատիպ այս գիրը, օրհնիր և սրբիր այն, որպեսզի թե կարդացողների, և թե լսողների մտքերը բացվեն, և կատարեն քո պատվիրանները»:

 


Արտ, հնձան և սերմ օրհնելու կարգ

Մարդիկ վար ու ցանքից առաջ քահանային խնդրում են գալ և իրենց արտերն ու հնձաններն օրհնել: Քահանան խաչով օրհնում է արտը. «Ով Տեր, օրհնիր մեր երկրի արտի ու այգու, ծառի ու խոտի բերքը», ապա օրհնում է մշակներին. «Տեր, օրհնիր մշակներին ու իրենց եզներին», իսկ վերջում օրհնում է շտեմարանները՝ մաղթելով բերքառատ և բարեբեր տարի.«Տեր, օրհնիր ցորենի շտեմարանները, գինու և յուղի հնձանները, որպեսզի քո առատ բարիքներով լցվեն և հորդեն»:

 


Երաշտի ժամանակ արվող աղոթքի կարգ

Պատահում է, որ երկար ժամանակ անձրև չի տեղում, սակայն մարդիկ հուսահատվելու փոխարեն իրենց հույսը դնում են Աստծո վրա և դիմում քահանայի աղոթքի օգնությանը: Ըստ այս կարգի՝ եկեղեցում ամբողջ գիշեր աղոթում են, առավոտյան պատարագ մատուցում, մատաղ անում և եկեղեցական թափորով գնում դաշտ: Քահանան աղոթքով օրհնում է աշխարհի չորս կողմեր և խնդրում Աստծո ողորմածությունը. «Տեր, աղաչում ենք քեզ, ուղարկիր քո անձրևը, որի պետքը ունենք և որի համար խնդրում ենք քեզ: Դալարեցրու երկիրը քո ժողովրդի սիրո համար»:

Այս թեմայով