06 Հունիս 2014, 14:53
6429 |

Միջերկրածովյան տենդի երևանյան հետքերը

Երբ առաջին անգամ լսեցի «երևանյան հիվանդություն» անվանումը, այն ինձ առեղծվածային, անտրամաբանական ու նվազագույնը ոչ գիտական թվաց: Իրավացի էի, սա այն հազվագյուտ հիվանդություններից է, որտեղ զուգակցվում է մի քանի գործոն՝ աշխարհագրական տարածք և 2000-ամյա պատմություն, գենետիկ հիմք՝ մուտացիայի տեսքով, դեղորայքային միջամտություն և, վերջապես, որոշակի հոգեբանական հակվածություն: Ընդ որում,սրանցից ոչ մեկը հնարավոր չէ անտեսել:

Հայ բնակչության նեղ շրջանակներում օգտագործվող «երևանյան» անվանումը հնացած է, ոչ ադեկվատ ու հեռու հիվանդության էությունից: Ինչպես բավականին վրդովված նշեց Պարբերական հիվանդության հանրապետական մանկական կենտրոնի ղեկավար Գայանե Ամարյանը, ժամանակն է մոռանալու անվանման այս տարբերակի մասին, գոյություն ունի միջազգային ընդունված տարբերակ՝ «ընտանեկան միջերկրածովյան տենդ»: Իսկ «պարբերական հիվանդություն» անվանումը դեռ շրջանառվում է նախկին սովետական և ռուսալեզու երկրների բժշկական շրջանակներում: Սակայն Երևանի փողոցներում փոքրիկ հարցումը ցույց տվեց, որ մարդիկ ճանաչում են պարբերականը դեռ «երևանյան» անվանմամբ:

Գայանե Ամարյան
Գայանե Ամարյան

Իսկ ընդհանրապես ի՞նչ է հայտնի այս հիվանդության մասին երևանցիներին. «Ծնկներն ա ցավում, գլխացավեր են լինում: Ծանոթ ընկերուհի ունեի, հիվանդ էր ու մահացավ 21 տարեկանում, չկարողացան փրկել: Շատ վաղուց գոյություն ունի, երևի գենետիկ ինչ-որ բան կա դրա մեջ: Հիմնականում Կովկասում ա տարածված, մեջքի, որովայնի ցավերից են տառապում: Որոշ չափով տեղյակ եմ, բայց ոչ լրիվ, գիտեմ, որ փորացավեր ունեն, աղիքների-բանի: Ասում են, եթե քաղաքից դուրս գա հիվանդը, կարող ա անցնի էդ ամեն ինչը: Դաժան հիվանդություն ա, հայերն ու հրեաներն են տառապում, նոպաներ են ունենում: Մաշկը դեղնավուն ա լինում, բուժում չկա: Եթե Հայաստանից կամ գոնե Երևանից գնում են, բուժվում ա»:

Հիվանդության բժշկական նկարագիրը հետևյալն է. արագ զարգացող և մարդու օրգանիզմը քայքայող հիվանդություն, որի արտահայտման նշաններն են ինքնաբերաբար, պարբերաբար կրկնվող տենդի ու որովայնացավի նոպաները, կրծքավանդակի ցավերը' հոդային բորբոքումներով: Ընդ որում, ցավային պատկերին մասնակցում են այն օրգանները, որտեղ կա շճաթաղանթ: Տենդը բարձր է լինում' մինչև 40 աստիճան, իսկ նոպան տանջում է մարդուն 3-4 օր շարունակ:

Այս ամենի պատճառը համարվում է գենետիկ մուտացիան: «Ընդ որում, բնավ պարտադիր չէ, որ այն արտահայտվի յուրաքանչյուր սերնդում: Այս մուտացիայով մարդկանց 40-50%-ը հիվանդանում է կյանքի առաջին, 20-30%-ը՝ երկրորդ տասնամյակում»,-նշում է Գայանե Ամարյանը: Ներկա դրությամբ բժիշկներին անհանգստացնում է պարբերականի վաղ հայտնաբերման խնդիրը: «Մանկական տարիքում ցավային ու տենդային նոպաները կարող են ատիպիկ լինել, հնարավոր են պարզապես ջերմության բարձրացումներ: Նման դեպքերում երեխաները ստանում են տարբեր երկարատև անտեղի «բուժումներ»: Իսկ հետո պարզվում է՝ պատճառը գենետիկ մուտացիան է»:

Մասնագետները համոզված են՝ պարբերականը բուժել ու վերացնել, ըստ էության, հնարավոր չէ. այն գենետիկ մակարդակ ունի: Հնարավոր է միայն զսպել-դադարեցնել նոպաները՝ «կոլխիցին» կոչվող դեղամիջոցով: Ըստ բժշկի՝ արդյունքում բարելավվում է պացիենտի կյանքի որակը, նվազում երիկամային անբավարարության վտանգը: Ի դեպ, վերջինս հիմնականում հանգեցնում է հաշմանդամության ու մահվան: Բժիշկները հորդորում են ինքնագործունեություն չծավալել ու երբեք չդադարեցնել կոլխիցինի ընդունումը, նույնիսկ եթե նոպաները վերանում են: Միևնույն ժամանակ ոչ բոլորն են համաձայնում մշտապես, մինչև կյանքի վերջ կախված լինել քիմիական դեղանյութից:

Հիվանդությունն ունի նաև միստիկ հատվածը. ինչպե՞ս անտեսել այն փաստը, որ բնակության վայր ու մթնոլորտ փոխելով՝ պարբերականի ախտորոշում ունեցողները լավանում են, նոպաները դադարում են: Հենց այստեղ է ի հայտ գալիս մյուս գործոնը՝ հիվանդության աշխարհագրությունն ու պատմությունը: Պարբերականն առաջացել է մոտ 2000 տարի առաջ միջերկրածովյան ավազանում բնակվող ազգերի մոտ՝ հայեր, հրեաներ, հույներ, արաբներ և այլն: Դա հենց հայկական հարթակն էր՝ ընդգրկելով Արմ. Հայաստանի պատմական ամբողջ տարածքը: Գաղթը դեպի Արլ. Հայաստան տեղի է ունեցել հիմնականում հենց այդ տարածքներից՝ Ալաշկերտ, Մուշ, Բայազեթ, որտեղի բնակչությունն այդ հիվանդության գենետիկ կրողն էր: Ներկայի ՀՀ տարածքում նրանք հաստատվել են ավելի փոքր գոտիներում՝ բնականաբար ավելի խիտ դասավորությամբ: Ստացվում է, որ ամուսնությունները նույն տարածքի բնակիչների միջև շատացել են, և գենի մուտացիան կարծես սկսել է «եփվել» իր կաթսայում՝ գնալով մեծացնելով մուտացիայի կոնցենտրացիան կոնկրետ տարածքներում: Հայաստանում պարբերականն անհավասարաչափ է տարածված. կուտակումները գրանցված են Երևանում, Գեղարքունիքում, Շիրակում և Արագածոտնում: Ստացվում է, որ կոնկրետ Երևանն այս հիվանդության ծագման հետ կապ չունի, և «երևանյան» անվանումը սխալ է:

Մի քանի չոր ու ցամաք տվյալ՝
- այժմ պարբերականը պետականորեն վերահսկվում է միայն երեխաների մոտ՝ Պարբերական հիվանդության հանրապետական մանկական կենտրոնի կողմից,
- մինչ այժմ կենտրոնում մշտական հսկողության տակ է մինչև 18 տ. 2 600 երեխա, որոնք նաև անվճար կոլխիցին են ստանում,
- ՀՀ-ում պարբերականով հիվանդ է յուրաքանչյուր 2-ը 100-ից, և յուրաքանչյուր 14-ը՝ 10.000-ից:

Մուտացիան կա, տարածվում է, ենթադրաբար գենետիկ նույն խտությամբ էլ աշխարհի հայերի մեջ է:
- Միջազգային ասպարեզում այս հիվանդության մասին քիչ բան գիտեն: Բացը լրացնելու համար նպատակ կա ստեղծելու ՊՀ ռեգիոնալ կենտրոն Ռուսաստանում, քանի որ ՀՀ-ում հաշվառված են ու կոլխիցին են ստանում զգալի թվով երեխաներ նաև ԱՊՀ երկրներից:

Նարինե Իսրայելյան
Նարինե Իսրայելյան

Հիվանդությունը միստիկ է, ուստի պակաս կարևոր չէ նաև հոգեբանական գործոնը: Բժիշկները գտնում են, որ հոգեբանական ու սթրեսային խնդիրներ են առաջանում նոպայի հետևանքով. այսինքն նման մի շղթայի հետ գործ ունենք՝ նոպա-ինքնազգացողության վատացում-սթրես: Հոգեբաններն այլ ուղղություն են տալիս շղթային. նոպայի ժամանակ մարմինը տկարանում է, բայց չկա որևէ օրգանական հիվանդություն. լյարդը, երիկամը կամ ստամոքսը հիվանդ չեն, ենթարկված չեն ֆիզիկական փոփոխության: Այսինքն, գրանցվում են օրգանների ֆունկցիոնալ, այլ ոչ թե ֆիզիկական խնդիրներ: «Իսկ ֆունկցիոնալ հիվանդությունների հիմքում գրեթե միշտ հոգեբանական սթրեսն է, որից ամենատարածվածը վախից սպաստիկ կծկումներն են»,-նշում է հոգեբան Նարինե Իսրայելյանը: Փաստորեն, կստացվի հետևյալ շղթան՝ սթրես-նոպա-ինքնազգացողության վատացում: «Քանի որ պարբերականը հայտնաբերվում է այն ազգերի մոտ, որոնք շատ էմոցիոնալ են ու զգայուն, հավանական է, որ իրենց մոտ վախի նևրոզը կարող է բերել որովայնի նյարդային հանգույցի կծկումների, որից հետո ամբողջ որովայնը ցավում է, սկսում սխալ աշխատել, դրան գումարվում է մարմնի լարվածությունը, բարձրանում ջերմությունը: Իսկ սա շատ նման է վախի «պանիկ ատակա»-ներին: Առհասարակ, այս խնդիրները շտկելի ու կանխարգելելի են, բայց եթե նոպաներն այնքան են կրկնվել, որ վնասվել է օրգանը, ապա անհրաժեշտ է դեղորայքային միջամտություն»,-նշում է հոգեբանը:

Փաստորեն, պարբերականով հիվանդ անձանց կարելի է օգնել ոչ միայն դեղորայքով, այլև հոգեբանական գրագետ աշխատանքով: Իսկ սա բացառիկ ելք է տանջալից դրությունից, հատկապես այն մարդկանց համար, ովքեր պատրաստ չեն լուռ հանձնվել քիմիական դեղորայքին:

Եվս մեկ կարևոր փաստ. եթե դիտարկենք նոպաները հոգեբանական տեսակետից, կստացվի, որ ծանրամարս իրավիճակներն այդ մարդկանց կյանքում անընդհատ կրկնվում են: Մթնոլորտի փոփոխությամբ կարելի է բացատրել այն փաստը, որ այլ աշխարհագրական վայր տեղափոխված բազմաթիվ մարդիկ ազատագրվում են նոպաներից: Եթե հոգեկանը կապ չունենար, ապա բնակության վայր փոխելն էլ ոչ մի բարելավում չէր տա:

Այս թեմայով