05 Հունիս 2014, 14:02
1929 |

Պինգ-պոնգի կտկտոցը

Հեռավոր 1970-ական թվականներին հենց այս խաղի շնորհիվ հնարավոր դարձավ ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև հարաբերությունների ջերմացումը: Այդ իրադարձությունը պատմության մեջ մտավ որպես «պինգ-պոնգյան դիվանագիտություն»: Իսկ մեր օրերում` Երևանում զբոսնելիս, հաճախ կարելի է տեսնել տարբեր տարիքի ու սեռի մարդկանց, ովքեր որոշ ժամանակ մոռանալով առօրյա խնդիրների մասին, լիովին տրվում են խաղին: Թեթև սպիտակ գնդակի՝ սեղանին հպվելու յուրահատուկ ձայնը մայրաքաղաքում ամառային սեզոնի բացման նշաններից մեկն է: Մենք փորձեցինք պարզել, թե ինչո՞ւ են երևանցիները սիրում սեղանի թենիսը կամ պարզապես պինգ-պոնգը:

Դեռ մի քանի տարի առաջ Երևանի կենտրոնում կար ընդամենը մեկ տեղ սեղանի թենիս խաղալու համար՝ Կամերային երաժշտության տան հարևանությամբ: Այնտեղ միշտ մարդաշատ էր՝ անգամ խաղալ ցանկացողների հերթեր էին կուտակվում: Այսօր քաղաքում սեղանի թենիսի տեղերը շատ ավելի շատ են՝ «Պոպլավոկի» այգում, Օպերայի շենքի հարևանությամբ, Կամերայինի մոտ, Օղակաձև այգում: Այստեղ միշտ կուտակումներ են՝ ուսանողներ, զույգեր, մեծ ու փոքր հասակի մարդիկ, աշխարհից կտրված պինգ-պոնգ են խաղում:

Սեղաններից մեկի մոտ մի շատ հետաքրքիր զույգ է խաղում՝ 50-անց մի մարդ և 16-17 տարեկան մի տղա: Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, որ նրանք հայր ու որդի են, բայց ուշադիր հետևելով նրանց, հասկանում ես, որ տպավորությունը խաբուսիկ է՝ տղան մեծին անընդհատ «ձյաձ» է կոչում: Խաղը շատ արագ է ընթանում և երբ գնդակը սեղանից դուրս է թռչում, «ձյաձը» երիտասարդից ոչ պակաս ճարպկորեն վազում է գնդակի հետևից: Սակայն զգացվում է, որ «ջահելը» մի փոքր ավելի վարժված է: Ի վերջո, հենց նա էլ բրեյք-պոյնթով հաղթանակ է տանում…

— Լավ, ոչինչ, արի մի հատ էլ գցենք, էս անգամ հաստատ դու կկրես:
— Արդեն 3-րդ պարտիան ենք խաղում, էլ ինչքա՞ն պետք ա խաղանք, — ժպտալով պատասխանում է «ձյաձը», բայց ի վերջո խաղալու ցանկությունը հաղթահարում է հոգնածության զգացողությունը:

Այդպես խաղալով 5 պարտիա, մրցակիցները, ի վերջո, սեղմում են միմյանց ձեռք, և երիտասարդն անհետանում է, իսկ «ձյաձը» նստում է նստարանին շունչ քաշելու:

Հովհաննեսը՝ այդպես է «ձյաձի» անունը, 54 տարեկան է: Հարցին, թե ինչո՞վ է նա զբաղվում առօրյա կյանքում, ժպտալով ցույց է տալիս իր կողքին դրած պատյանը: Ջութակահար է: «Քանի որ արդեն երիտասարդ չեմ, ստիպված եմ լավ մարզավիճակում ինձ պահել, — պատմում է նա: — Գնում եմ լողավազան, բայց դա շատ ժամանակ է խլում, իսկ էստեղ ռակետը վերցրեցիր, եկար, խաղացիր: Ինձ արդեն բոլորը ճանաչում են՝ «ձյաձ» են կոչում: Այս տղան՝ ում հետ նոր խաղում էինք, համարս ունի. միշտ զանգում ու հարցնում է, թե որտե՞ղ եմ և ե՞րբ եմ գալու, որ խաղանք: Չգիտեմ ինչու, բայց ինձ հետ սիրում է խաղալ», — ասում է Հովհաննեսը:

Նա չի հանձնում ռակետը, պարզվում է՝ իր անձնականն է. «Երբ սեփական ռակետով ես խաղում, արդեն սովորում ես ու հստակ գիտես, թե ինչպես ու ինչ ուժով խփես, և ինչպես կգնա գնդակը հարվածիցդ հետո»:

Հովհաննեսը շարունակում է. «Ամեն օր մոտ մի ժամ խաղում եմ: Եթե եղանակային պայմանները լավ են, նույնիսկ օրը մի քանի անգամ եմ գալիս: Հանգիստ հասցնում եմ, որովհետև բոլոր խաղալու տեղերը գտնվում են իմ տան մոտ: Ռակետը վերցնում ու անցնում եմ գործի: Փորձում եմ այնպես անել, որ շարժումներս հարևանությամբ

ճշգրիտ լինեն՝ YouTube-ով սովորում եմ վարպետներից: Քանի որ պրոֆեսիոնալ չեմ և սիրողական մակարդակով եմ խաղում, սխալների տոկոսը բավականին մեծ է: Բայց, կարծում եմ, դա չէ կարևորը: Զուտ խաղից մեծ հաճույք և բավականություն եմ ստանում», — պատմում է ջութակահար-թենիսիստը:

***

Մարինեին մենք կարող ենք դիտել գրեթե ամեն օր հեռուստաեթերում: Նա լուրեր է վարում հեռուստաալիքներից մեկում: Պինգ-պոնգով լրջորեն չի զբաղվել՝ նրա համար այդ խաղը եղել և մնում է հաճելի ժամանցի տեսակ: Խաղալ մանկուց է սկսել: «Հիշում եմ, երբ դասամիջոցին միմյանց էինք միացնում դասասեղաններն ու գրքերով սկսում խաղալ: Եվ հետո. ինչ ամառային հանգիստ առանց սեղանի թենիսի», — ժպտալով հիշում է նա:

Մարինեն այնքան է վարժվել, որ լրատվամիջոցների մրցաշարերում բազմակի հաղթող է դարձել: Ասում է, որ շատ է սիրում այդ մրցումները, քանի որ աշխատանքային առօրյան միշտ հաճելի է ընդմիջել: Այդ մրցաշարում, ինչպես ասում են, իր դեմ «խաղ չկա»: «Անթաքույց հպարտությամբ կարող եմ ասել, որ լրատվամիջոցների մրցաշարերում բազմակի հաղթող եմ դարձել: Ինչպես նշում է Հայաստանի վաստակավոր մարզիչ Ֆելիքս Խաչատրյանը, եթե լրջորեն զբաղվեի, կարող էի լուրջ հաջողությունների հասնել», — պատմում է հաղորդավարուհին:

«Ինչո՞ւ եք հատկապես սիրում այս խաղը» հարցին նա պատասխանում է. «Ինձ դուր է գալիս ամեն ինչ, անգամ սեղանին դիպչող գնդակի ձայնը»:

***

Օպերայի սեղանների մոտով անցնելիս միշտ կարելի է նկատել մի հասակով մարդու, որը, բացի նրանից, որ շատ ուժեղ խաղացող է, նաև շատ զգացմունքային է խաղի ընթացքում: Նրա բարձր ձայնը չի ընդհատվում նաև այն ժամանակ, երբ նա ուղղակի հետևում է ուրիշների խաղին: Նա անդադար խորհուրդներ է տալիս և կարծես խաղացողների հետ կիսում է բոլոր հաջողությունները և ձախողումները: Այդ մարդկանց մասին ասում են, որ նրանք «լրիվ խաղի մեջ են»: Հալեպահայ Ժիրայրը 52 տարեկան է. «Պինգ-պոնգ խաղում եմ 10 տարեկանից: Հենց այդ ժամանակից ես ու հայրս թենիսի սեղաններ շինեցինք մեր ակումբի համար Հալեպում: Բանակից վերադառնալուց հետո, սկսեցի արդեն ավելի պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվել սեղանի թենիսով՝ 10 տարի պարապեցի…», — վերհիշում է Ժիրայրը:

Երբ Սիրիայում բռնկվեց պատերազմը, նա ընտանիքի հետ տեղափոխվեց Հայաստան ու արդեն մեկ ու կես տարի է, ինչ Երևանում է բնակվում. «Մի տարուց ավելի ամեն օր խաղում եմ: Գալիս եմ, սկսում եմ տղերքի հետ խաղալ, հետո կարող է մարդիկ գան, խնդրեն՝ «ձյաձ ջան, մեզ հետ էլ խաղա էլի»: Որևէ մեկին չեմ մերժում՝ նախ մենք՝ սիրիահայերս, սովոր չենք ինչ-որ մեկին մերժել, և բացի այդ՝ զբաղմունք է էլի…»

Ժիրայրը փորձում է ինձ համոզել, որ այդ խաղը շատ առումներով ավելի բարձր է դասվում, քան ֆուտբոլը: Չեմ վիճում: «Պինգ-պոնգը շատ լավ մարզանք է, քանի որ օգտագործում ես և՛ ձեռքերդ, և՛ ոտքերդ, և՛ աչքերդ, և՛ ուղեղդ: Ամեն ինչ աշխատացնում ես: Իսկ ֆուտբոլն ի՞նչ: Մարզիկները միայն ոտքերով են աշխատում: Այնպես, որ ես պինգ-պոնգը ֆուտբոլից ավելի բարձր եմ դասում», — համոզում է Ժիրայրը:

***

Գուցե զարմանալի թվա, բայց երբ ուշադիր նայում ես խաղացողներին, նկատում ես, որ նրանց մեջ բավականին մեծ թվով պարսիկներ կան: Անգամ կարելի է նկատել խիջաբներով պարսիկ աղջիկների, որոնք նույնպես տարված են խաղով: Հոսեյնը 22 տարեկան է, արդեն մի քանի տարի ապրում է Երևանում և սովորում պոլիտեխնիկում: Ասում է, որ Երևանում իրեն շատ բան է դուր գալիս, իսկ պինգ-պոնգն իր համար ուղղակի զբաղմունքներից մեկն է: «Նոշադ Ալամյանի մասին լսե՞լ եք: Նոշադը շատ տաղանդավոր երիտասարդ հայ թենիսիստ է, որը հանդես է գալիս Իրանում: Կարծեմ՝ 18 թե 19 տարեկան է, բայց արդեն մեծ բարձունքների է հասել: Անցյալ տարի նա մի քանի մրցանակ նվաճեց, իսկ World Tour Grand Finals-ում 2-րդ տեղը զբաղեցրեց, զիջելով միայն չինացուն: Իսկ չինացիների դեմ սեղանի թենիսում, ինչպես վաղուցվանից հայտնի է, խաղ չկա», — վերլուծում է Նոշադի ելույթը պարսկաստանցի ուսանողը:

***

...Երկու երիտասարդներ՝ դասական հագուստով հանգիստ խաղում են «Պոպլավոկի» այգում տեղադրված սեղաններից մեկի մոտ: Զգացվում է, որ տղերքը բոլորովին պրոֆեսիոնալ չեն, ուղղակի իրենց հաճույքի համար են խաղում: Սխալները շատ են, խաղի տեմպը՝ միջին, բայց դա նրանց այդքան էլ չի հուզում, նրանք ուղղակի հանգստանում են այդպես…

Տղերքից մեկը՝ Արամը, մենեջեր է: Նկատում է, որ պինգ-պոնգը ծանր աշխատանքային օրվանից հետո հանգստանալու ու ցրվելու լավագույն միջոցներից է:
«Ուսանողական տարիներին շատ հաճախ էի խաղում: Իմ ու ընկերուհուս միասին անցկացվող ժամանակի ամենակարևոր մասերից էր՝ ոնց էլ լիներ, որտեղ էլ ման չգայինք քաղաքով, չէինք բաժանվում, մինչև գոնե մի կես ժամ չխաղայինք: Ընդ որում, նա ինձնից ուժեղ էր՝ ժամանակին մեծ թենիս էր պարապել, երևի դա էր պատճառը: Բայց էնքան խաղացինք, որ վերջում արդեն հավասարը հավասարի դեմ էինք մրցում», — պատմում է Արամը: Ասում է, որ հիմա հազվադեպ է խաղում և, հիմնականում համոզում է գործընկերներին մի 2-3 պարտիա գցել տուն գնալուց առաջ: Ու հենց այդ պատճառով է, որ այսօր այդքան էլ լավ մարզավիճակում չէ. «Դա ինձ համար ավելի շատ հանգստանալու միջոց է՝ էական չի կհաղթեմ թե կպարտվեմ, կարևորը ծանր աշխատանքային օրվանից հետո մի փոքր ցրվելն է»…

Ժամանակին պինգ-պոնգը փոխեց համաշխարհային դիվանագիտության պատմությունը: Բայց երևանցիներին, որոնք մոռանալով ամեն ինչի մասին, քաղաքի տարբեր վայրերում մրցում են մի փոքր սեղանի շուրջ, դա հաստատ քիչ է հետաքրքրում: Նրանք պարզապես պինգ-պոնգ են խաղում, իսկ քաղաքով մեկ լսվում է գնդակի կտկտոցը…

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, 2013, N6

Այս թեմայով