08 Մայիս 2014, 12:13
1718 |

Փողոցային արվեստ

Պատերին նկարելն ու դրա միջոցով ասելիք փոխանցելը դեռևս նախնադարյան մարդն էր կռահել: Դարերի ընթացքում պատանկարչությունը սիրողականից վերածվեց մի ամբողջ մշակույթի, որը տարբեր նպատակներն է հետապնդում՝ սկսած գեղագիտական ճաշակ թելադրելուց մինչև քաղաքական ու սոցիալական խնդիրների բարձրացում, անձնական մոտեցումների մեկնաբանում և այլն: Այսօր աշխարհի տարբեր ծայրերում գտնվում են հեղինակներ, որոնց աշխատանքը դժվար է դասել շարքային գրաֆիտիներին:

Փողոցային պատկերասրահ
Ֆրանսիացի գրաֆիտիստ Քրիստիան Գուեմիին, որն ավելի շատ հայտնի է C215 մականունով, հաճախ անվանում են «Ֆրանսիայի պատասխանը Բենքսիին»:
Նրա գրաֆիտիները հիմնականում դիմանկարներ են՝ մուրացկանների, թշվառների, փախստականների, փողոցային երեխաների ու ծերերի: Գուեմիի գրաֆիտիների առանձնահատկությունը միայն նրա յուրօրինակ կատարման ոճը չէ. նա հանգամանորեն ընտրում է գրաֆիտիի ստեղծման միջավայրը, գույները՝ նպատակ ունենալով որքան հնարավոր է ներդաշնակ պատկեր ստանալ տեսարանի համար: Քրիստիանն այն քիչ գրաֆիտիստներից է, որոնք մինչ օրս տրաֆարետով են աշխատում: Նա համոզված է, որ աշխարհում չկա ավելի լավ պատկերասրահ, քան հենց փողոցներն են: Այնպես որ նա շատ է ճանապարհորդում և յուրօրինակ ցուցասրահներ ստեղծում աշխարհի տարբեր քաղաքներում՝ Բարսելոնա, Ամստերդամ, Լոնդոն, Փարիզ, Օսլո ու Հռոմ: Շուտով անգամ մտադրություն կա այդ գրաֆիտիների վայրերով հատուկ տուրիստական երթուղի կազմել Քրիստիանի ստեղծագործության երկրպագուների համար:

 


Քաղաքացիական դիրքորոշում՝ գրաֆիտիով

Բրազիլիայում գրաֆիտիների հանդեպ հետաքրքրությունն արդեն տասնամյակների պատմություն ունի: Այստեղ նույնիսկ յուրօրինակ ոճ է ձևավորվել, որը հայտնի է «պիշասաու» (pixação) անվանումով: Ոճը ձևավորվեց դեռևս 1940-50-ականներին, երբ փողոցային նկարիչները սկսեցին քաղաքական ու սոցիալական բնույթի կարգախոսներ գրել շենքերի պատերին, ճակատային հատվածներում, պատուհանների միջև, ինչպես նաև անհասանելի վայրերում կամ լքված շենքերի վրա: Անգամ հատուկ բարբարոսական այբուբեն հնարվեց այդ տեքստերը գրելու համար: Պիշասաուն այսօր էլ սոցիալական ու քաղաքական խնդիրներ բարձրաձայնելու արվեստային լեզու է բրազիլացիների, հատկապես Ռիո դե Ժանեյրոյի և Սան Պաուլոյի բնակիչների համար:

 


Ոչ թե ներկել, այլ քերել

Պորտուգալացի Ալեքսանդր Ֆարտոյի աշխատանքները դժվար է միանշանակ գրաֆիտի անվանել, բայց որ սթրիթ-արտ է, դրանում կասկած չկա: Որպես կտավ նա օգտագործում է հին, հաճախ՝ լքված տների, այլ ոչ թե բնակելի շենքերի շքամուտքերը: Vhils մականվան տակ թաքնվող արվեստագետը որոշել է հին շենքերի պատերին դիմանկարներ նկարել, ընդ որում՝ նկարել ոչ բառիս բուն իմաստով: Նա ոչ թե շերտը շերտի հետևից ներկ է քսում, այլ հակառակը՝ հանում է ներկերի, սվաղի շերտերը սովորական մուրճերի ու այլ գործիքների օգնությամբ, արդյունքում մերկացնում պատը կամ աղյուսե շարվածը: Այդպես էլ ստեղծվում են դիմանկարները, որոնք կարելի է տեսնել ամբողջ Պորտուգալիայում, ինչպես նաև Լոնդոնում, Մոսկվայում, Նյու Յորքում:

 


Ուրվական քաղաքի բնակիչները

Պրիպյատ քաղաքն ամբողջովին դատարկվեց 1986-ի ապրիլի 27-ին՝ Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո: Վերջինիցս ընդամենը 3 կմ հեռավորության վրա գտնվելու պատճառով պայթյունից հետո քաղաքը դադարեց գործել, մինչդեռ դրանից առաջ համարվում էր ԽՍՀՄ քաղաք-հպարտությունն ու ապագայի քաղաքը: Վթարից ավելի քան 25 տարի անց քաղաք-ուրվականը, ինչպես բազմաթիվ այլ լքված քաղաքներ, առեղծվածների ու հնարված լեգենդների վայր է դարձել, իսկ անհայտ հեղինակների գրաֆիտիները միայն ամրապնդում են քաղաքի միստիկ կերպարն ու հիշեցնում վթարի ժամանակ խուճապի մատնված բնակիչների մասին:

 


Գետնի տակ

Տորոնտոյում գրաֆիտին ամենուրեք է՝ փողոցներում, մայթերին և անգամ մետրոյում: Վերջինում առանձնահատուկ է ոչ միայն այն, որ այդտեղ առհասարակ գրաֆիտիներ կան, այլև այն, որ դրանք տեսողական խաբկանք են առաջացնում: Կանադացիների համար դա արդեն սովորական երևույթ է, մինչդեռ զբոսաշրջիկները հաճախ են անակնկալի գալիս հսկայական միջատներից, ծաղիկներից և հարցական հայացքով նայում պատի մոտ կարծես աննպատակ դրված աստիճաններին:

Այս թեմայով