05 Մայիս 2014, 13:40
1226 |

Հանուն ավելի լավ Երևանի

Երևանի բացասական կողմերի մասին բարձրաձայնում են երկրագնդի տարբեր մասերում ապրող հայերը՝ սփյուռքահայերը: Բեռլին, Բարսելոնա, Զաբրեհ, Մասաչուսես և այլն՝ աշխարհագրությունը լայն է, քննադատությունը՝ օբյեկտիվ: Գուցե հեռվից խնդիրներն ավելի տեսանելի են:

1. Հետաքրքիր ու թեմատիկ սրճարաններ Երևանում չկան, մինչդեռ դրանք որոշակի հմայք են հաղորդում քաղաքին: Բացի այդ, երևանյան սրճարաններում այնքան բարձր է երաժշտությունը, որ խոսելիս մարդիկ իրար հազիվ են կարողանում լսել: Բացի այդ, ամենուր ծխում են, օդը չի հերիքում Երևանում: Ծխում են տրանսպորտում, ռեստորանում, սրճարանում: Մինչդեռ դա չծխողի իրավունքի կոպիտ ոտնահարում է:


2. Մեգապոլիսի շունչ Երևանը չունի, փոխարենն ամենուր օդում կա ջղայնություն, մարդիկ փողոցում քայլում են կամ մունաթով լի հայացքով, կամ, լավագույն դեպքում՝ լուրջ: Մարդիկ սովոր չեն լավ տրամադրություն ունենալ: Ավելին՝ բոլորը կարծում են թե իրավունք ունեն ձայնը բարձրացնել, գոռալ, մունաթ գալ:


3. Կանաչ գոտիներ Երևանում գրեթե չկան, մինչդեռ դրանք նպաստում են մաքուր օդի շատացմանն ու առողջ ապրելակերպ վարող մարդկանց քանակի ավելացմանը: հենց կանաչի առկայությամբ է որոշվում քաղաքային իշխանությունների վերաբերմունքը իրենց աշխատանքին: Երևանը դարձրել են քարե ջունգլիներ՝ ամենուր շենքեր, շինություններ են, ոչ այգի կա, ոչ նորմալ գազոն:


4. Մաքրության հարցը Երևանում լուրջ խնդիր է դարձել: Քաղաքային իշխանությունների ու քաղաքացիների անփույթ, անտարբեր վերաբերմունքը Երևանի նկատմամբ զգացվում է ամեն քայլափոխի, ամենուր կեղտոտ է, աղբ ու փոշի: Քամու ժամանակ օդում ճախրում են ցելոֆանե տոպրակներ, որոնք ժամանակին չեն հայտնվել աղբանոցում, իսկ աղբանոցն էլ իր հերթին ժամանակին չի դատարկվել:


5. Հին շենքերը վերանում են: Ամբողջ Եվրոպայում՝ նույնիսկ ամենահեռավոր գյուղերում, հինն ու նորը հարատևում են իրար կողք կողքի, նորը կառուցելու համար, հինը չեն քանդում: Ցավոք, հին Երևանն այլևս չկա. ոմանց թեթև ձեռքով այն ուղղակի գետնին հավասարվեց:


6. Խաղահրապարակների լուրջ պակասություն կա քաղաքում, իսկ եղած մանկական խաղահրապարակներն էլ տխուր են ու նույնիսկ վտանգավոր: Հին է ու անմխիթար ատրակցիոնը, կարուսելը, բայց նույնիսկ դրանք ամեն բակում չկան:


7. Հանրային տրանսպորտից օգտվելը Երևանում մեղմ ասած, ստորացուցիչ է: Մինչդեռ այն պետք է այնքան լավը լիներ, որ նույնիսկ մեծահարուստները նախընտրեին օգտվել դրանից: Իսկ խղճուկ, կեղտոտ, ճամփի կեսին կանգ առնող երթուղայինները վանում են մեկ անգամ և ընդմիշտ: Իսկ վարորդների անկիրթ վարքուբարքի մասին արդեն լեգենդներ են պտտվում:


8. «Լավ տղաներ» կատեգորիայի մարդկանց միայն Երևանում կհանդիպես: Նրանք կարող են իրենց մեքենաներով, բարձր երաժշտությամբ անթույլատրելի արագությամբ սլանալ Երևանի փողոցներով: Նաև այդ պատճառով քաղաքում չի զարգանում հեծանվային երթևեկության կուլտուրան:

9. Թքելու սովորությունը մեկնաբանությունների սահմանից անդին է: Երևանում տղամարդիկ կարող են ամեն քայլափոխին թքել գետնին: Ու նույնիսկ դիմացինի զարմացած, ապշահար հայացքը նրանց չի սթափեցնում, ստիպում ամաչել:


10. Արվարձաններն անտեսված են: Չգիտես ինչու, մայրաքաղաք ասվածը Երևանում ընկալվում է միայն կենտրոնով: Աղբահանություն, լուսավորություն և նման այլ քաղաքային պրոցեսները ի կատար են ածվում միայն այստեղ: Լավ կլիներ, որ նման վերաբերմունքը լիներ նաև քաղաքի արվարձանների նկատմամբ:

Այս թեմայով