24 Հունվար 2014, 14:19
3290 |

Կես դար հետո

«Արարատ» տրեստի գինու մառանների, «Չարենցի կամարի», «Հաղթանակ» զբոսայգու մուտքի կամարի և բազմաթիվ այլ կարևոր շինությունների հեղինակ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը ժամանակին մի շարք գրառումներ է կատարել Հայաստանի և, մասնավորապես, Երևանի վերաբերյալ: Նա անդրադարձել է ոչ միայն քաղաքի ճարտարապետական ու պլանավորման խնդիրներին, ինչը բնական էր, այլև մայրաքաղաքի բնությանը, ազգային ու մշակութային հարցերին: «ԵՐԵՎԱՆԸ» խնդրեց տարբեր ոլորտի մասնագետների մեկնաբանել այդ դիտարկումներից մի քանիսը, մոտ կես դար հեռավորությունից: Նյութի ձևավորման համար օգտագործվել են Իսրայելյանի էսքիզները «Քաղաքաշինական տեսլականներ» շարքից:

«Երևանի ճարտարապետական կերպարի մասին», 1957թ.
«Մեր շենքերը կառուցվում են քարից: Բայց, դժբախտաբար, մեր շատ ճարտարապետներ, մտածելով, թե մենք Եվրոպայից հետ ենք մնում, որովհետև այնտեղ քար չեն գործածում, սկսում են մեր քարի կոնստրուկցիաներին տալ իրեն ոչ հարազատ ձևեր: Շատերը կարծում են, թե իրենք նորարարություն են անում քարը թաքցնելով, մինչդեռ այդ բանը, որ հիմա համարվում է ժամանակակից ճարտարապետություն, հայտնի էր դեռ 30-ական թվականներին և այն ժամանակ «մոդեռնի» փոխարեն կոչում էին «կոնստրուկտիվիզմ»…

…Մենք տուրք ենք տալիս երկաթբետոնին, ընդ որում՝ անում ենք վատորակ, լցնում ապակիով և ասում՝ «ժամանակակից է», երբ ապակու այդքան մեծ քանակը անհարմար է լինում, նույնիսկ՝ վնասակար: Մենք շատ հաճախ ժամանակակից ասելով մեծ մասամբ պատկերացնում ենք երկաթբետոնե կմախք՝ ապակիով ծածկված»:

Ճարտարապետ Արսեն Կարապետյանը միանշանակ համաձայն չէ Ռաֆայել Իսրայելյանի դիտարկման հետ, բայց նշում է, թե պարադոքսն այն է, որ նրա ասածը, կարծես, Երևանի ճարտարապետության դեմ շուռ եկած լինի: «Իհարկե, այն միտքը, որ յուրաքանչյուր օգտագործված նյութ պետք է պահպանի իրեն հատուկ տեսքը, միանշանակ է. քարից շենքը պետք է քարից շենքի տեսք ունենա, երկաթբետոնից շենքը՝ երկաթբետոնի և այլն: Բայց դրա հետ մեկտեղ չի կարելի տարբերակել՝ սա ազգային ճարտարապետություն է, սա՝ ոչ:

Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք Երևանում, կեղծ ճարտարապետություն է. նորակառույց շենքերը փորձում են նմանվել քարե ճարտարապետությանը, թեև այդպիսին չեն: Երբ երկաթբետոնե կառույցը, կոպիտ ասած, փաթաթում են քարի շերտով և ինչ-որ դեկորացիաներ ավելացնում, դրանք ներդաշնակ չեն նայվում ու տեկտոնիկ չեն», — գտնում է Արսեն Կարապետյանը՝ հավելելով, որ ցանկացած փորձառու ճարտարապետ կնկատի, որ դրանց մեջ կեղծավորություն կա:

Ինչ վերաբերում է ժամանակակից ճարտարապետության վերաբերյալ Իսրայելյանի նշած թյուր պատկերացումներին, ապա դրանք, ըստ Կարապետյանի, կան նաև այսօր: «Նույն հաջողությամբ կա տարածված կարծիք, թե կամարը՝ որպես ճարտարապետական տարր, հայկական է: Եվ եթե շենքն ունի կամար, ուրեմն հայկական է, իսկ ապակեպատ շենքը հայկական չէ: Ընդհանրապես, հայկական է այն շենքը, որը կառուցվել է Հայաստանում, հայ ճարտարապետի նախագծով և բավարարում է տեղային պահանջներին: Այն կարող է լինել և' քարից, և' ապակուց, և' երկաթբետոնից, և' փայտից: Հարցադրումն ինքնին արդեն սխալ է. ժամանակակից է այն շենքը, որի փիլիսոփայությունն է ժամանակակից, ոչ թե նյութը: Խնդիրը մտածելակերպի մեջ է»:

Ըստ Արսեն Կարապետյանի, առհասարակ, հայերն ազգային ճարտարապետության մեջ ինչ-որ ֆոլկլյորային իմաստ են դնում, որը հենց Իսրայելյանից է եկել: «Իհարկե, Ռաֆայել Իսրայելյանն իսկապես տաղանդավոր ճարտարապետ էր, և իր մտքին դրածը կարողանում էր հմտորեն կյանքի կոչել, բայց նրա ճանապարհը շարունակելը շատ վտանգավոր է: Նույն Ճապոնիայում կառուցվում են ապակե բազմահարկեր, որոնք բոլորովին կապ չունեն նրանց ազգային խորհրդանշանների ու մշակույթի հետ, բայց հմուտ աչքը միանշանակ կասի, որ դրանք Ճապոնիայում են կառուցվել: Նույնը մեզ մոտ պետք է լինի, բայց դա մեծ հմտություն ու ջանքեր է պահանջում: Հայկական ազգային ճարտարապետությունը իրար կողքի երեք հատ խաղող քանդակելը չէ, ազգայինը քիչ արտահայտչամիջոցներով շատ բան ասելն է», — նշում է ճարտարապետը՝ համարելով, որ հայկական ազգային ճարտարապետությունը, իր կարծիքով, լակոնիկ է, մինիմալիստական, բայց բովանդակալից:

«Մտքեր Երևանի կառուցապատման մասին», 1960թ.
«Դժվար է Երևանը պատկերացնել առանց Արարատի վեհաշուք տեսարանի: Նրանք հայտնի են որպես մի ամբողջություն: Հայտնի է և այն, որ Արարատի ամենագեղեցիկ դիրքը երևում է հատկապես Երևանից և նրա շրջապատից: Սակայն մեր քաղաքում չկա մի հատուկ ճարտարապետական միջավայր, որն ուղղակի նվիրված կլիներ Արարատ լեռանը: Ճիշտ է, քաղաքի Հոկտեմբերյան (այժմ՝ Տիգրան Մեծի) և Օրջոնիկիձեի (այժմ՝ Արշակունյաց) պողոտաներից կարելի է դիտել Արարատը, բայց այդ փողոցների առանձին հատվածներից է, որ երևում է լեռը և այն էլ չի ընկալվում իր ողջ վեհ պատկերով»:

Ճարտարապետ Կարեն Բալյանը նշում է, որ Երևանի քաղաքաշինական կոմպոզիցիայում Արարատի առկայությունը Ալեքսանդր Թամանյանի համար մայրաքաղաքի հատակագծի հիմնահարցերից մեկն էր: «Ողջ քաղաքն իր հիմնական ճարտարապետական անսամբլներով ուղղված էր դեպի այդ լեռն ու դրա հետ միասին մեկ ամբողջություն էր կազմում: Թամանյանի մահից հետո՝ սկսած 1937-ից Հայաստանում վերջնականապես սկսեց գերակշռել ստալինյան ճարտարապետությունը, քաղաքը տոտալիտար ձևով սկսեց վերակառուցվել: Այդ վերակառուցման հիմնախնդիրը ազգային գաղափարների վերացումն էր, այդ թվում Երևանի գլխավոր պլանը այնպես վերաիմաստավորվեց, որ դեպի Մասիս բացվող բոլոր հեռանկարները փակվեցին կամ վերացվեցին», — պատմում է նա:

Բալյանի խոսքով՝ այդ ժամանակից ի վեր Արարատի պատկերն այլևս չէր մասնակցում քաղաքի տարածական հորինվածքին, և Ռաֆայել Իսրայելյանը լավատեղյակ էր այդ ամենին: «Նա առաջինն էր, ով կառուցեց հատուկ դիտակետեր՝ ուղղված դեպի բիբլիական սարը: Առաջինը «Չարենցի կամար» հուշակոթողն էր 1957-ին, ապա՝ «Արագիլ» ռեստորանը Մոնումենտում, որտեղից տեսարան էր բացվում Արարատի և նրա առջև փռված Երևանի վրա:

1967-ին Ջիմ Թորոսյանն ու Սարգիս Գյուրզադյանը կառուցեցին Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման 50-ամյակի հուշարձանը՝ հատուկ հարթակով, որտեղից հնարավոր եղավ դիտել Արարատն իր ողջ վեհությամբ: Բալյանը գտնում է, որ դա լավագույն դիտակետն է, մասնավորապես՝ այն առումով, որ համընկնում է Թամանյանի նախագծած Հյուսիսային առանցքի հետ: Ավելի ուշ այդ գաղափարն իր զարգացումը ստացավ Կասկադի համալիրի լուծման մեջ, որի վերաբերյալ ծրագրեր ուներ նաև Թամանյանը»:

Կարեն Բալյանը ցավով է նշում, որ վերջին 15 տարիների ընթացքում Երևանի կառուցապատումը կրկին անտեսում է ազգային գաղափարների կարևորումը: «Խնդիրը մեկ-երկու դիտակետերի ստեղծումը չէ, — վստահ է նա, — դա Երևանի և Արարատի զանգվածների միասնության խնդիրն է: Արարատը Երևանի գլխավոր դոմինանտն է, և մայրաքաղաքը պետք է զարգանա՝ հաշվի առնելով նրա առկայությունը: Երևանն իր ամբողջությամբ նայում է Արարատի վրա և ճարտարապետության գլխավոր խնդիրն է ապահովել, եթե կարելի է ասել, այդ գլոբալ դիտակետը»:

«Երևանը բազմահարկ», 1962թ.
«Առաջարկություն կա քաղաքում կառուցել բազմահարկ բնակելի շենքեր՝ 10-15 հարկանի: Այդ շենքերի բնակիչների համար միևնույն է՝ վերելակով տասներորդ, թե քսաներորդ հարկ բարձրանալ, ուստի ինձ թվում է, որ մեկ-մեկ էլ արժե կառուցել 20-25 հարկանի տներ: Կան կարծիքներ, որ նման շենքեր կկանգնեցվեն քաղաքի բարձր մասերում՝ Նորքում, Կոնդում: Դա լավ պետք է ստուգվի: Ինձ թվում է, որ պետք է կառուցել ավելի շուտ քաղաքի ցածր մասերում, որպեսզի նրա հարթ, միապաղաղ տեսարանը խախտվի այդ սլացիկ, աշտարակաձև կառույցներով: Բացի այդ, նրանք ավելի շեշտակի կլինեն՝ դուրս պրծնելով իրենց շրջապատող ցածր միջավայրից: Իսկ ինչ վերաբերում է Կոնդին, ապա ծրագրված է նրա մի բնորոշ թաղը պահպանել՝ որպես հին քաղաքի նմուշ, ինչպես որ պահպանել են շատ ուրիշ մեծ ու հին քաղաքներում»:

«Երևանում 1960-ականներին արդեն տեղի է ունեցել սխալ, երբ կենտրոնական հատվածում կառուցվել են բազմահարկեր, — գտնում է ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը։ — Այս պահին Երևանի կենտրոնական հատվածում առհասարակ պետք է դադարեցնել ոչ միայն նոր բազմահարկերի կառուցումը, այլև ցանկացած կառուցապատում։ Մայրաքաղաքի փոքր կենտրոնից դուրս բազմաթիվ տարածքներում կարելի է կառուցել բազմահարկեր, որոնցից յուրաքանչյուրի համար պետք է կատարվի առանձին վերլուծություն, որպեսզի այն չլինի ի հաշիվ ինչ-որ մեկի տեսադաշտի, արևահարման և, առհասարակ, որակյալ միջավայրի»: Ըստ ճարտարապետի՝ Իսրայելյանի խոսքերին հաջորդած ժամանակաշրջանում Երևանի զարգացումներն ընթացել են այնպես, որ այսօր բազմահարկեր կարելի է կառուցել տարբեր վայրերում, այդ թվում և բարձրադիր հատվածներում։ «Բայց թե՛ Կոնդում, թե՛ Նորքում բազմահարկ շենքերի կառուցումը անթույլատրելի է, քանի որ երկուսն էլ Երևանի եզակի պահպանված պատմականորեն ձևավորված հնագույն քաղաքային միջավայրերից են», — նշում է նա: «Ընդհանրապես՝ բազմահարկերի կառուցման առավելությունները նրանում են, որ քաղաքի խելամիտ խտացումը բերում է բնապահպանական մի շարք խնդիրների լուծման, մասնավորապես՝ ավտոմեքենաների շարժի նվազման, հողի թանկացման, որն էլ իր հերթին թանկ ենթակառուցվածքների իրացվելիության է բերում և այլն։ Իսկ թերությունները պատմական քաղաքային միջավայրի աղճատման և քաղաքի տարածական ընկալման փոփոխման մեջ են, որը ցանկալի չէ Երևանի նման հստակ ճարտարապետական տարածական լուծում ունեցող քաղաքի դեպքում», — շեշտում է Սարհատ Պետրոսյանը:

«Երևանը բնության մեջ և բնությունը Երևանում», 1962թ.
«Մեծ, ժամանակակից քաղաք՝ իր հոյակապ, քարակոփ շենքերով, լայն փողոցներով, ու հանկարծ նրա մեջ իր վայրի բնությունը պահպանած Հրազդանի ձորը: Ավանի ձորը: Իհարկե, բնությունը մտել է քաղաքի մեջ: Հրազդանի ձորն այժմ արդեն քաղաքի մասն է դարձել՝ նրա ամենագեղեցիկ զբոսավայրը: Եվ եթե կարողանանք լավ հսկել, ապա շրջապատի անտառները կմեծանան ու կգրկեն քաղաքը, անգամ կարելի է կենդանիներ պահել՝ եղնիկներ ու այծյամներ, թռչուններ, բայց, իհարկե, առանց որսորդների: Ու կբազմանան կենդանիներն այդ անտառներում՝ կենդանություն մտցնելով նրանց մեջ: Ի՜նչ հիանալի պատկեր կլինի»:

«Այդպիսի Երևան մենք ունեցել ենք: Հրազդանի ձորն էլ, Ավանի ձորն էլ իրենց վայրի բնությամբ գրկել են քաղաքը, — նշում է բնապահպան Եղիա Ներսեսյանը: — Ես ճարտարապետ չեմ, որպեսզի գնահատական տամ Իսրայելյանի խոսքերին, բայց ունեմ մի շատ լավ ճարտարապետ ընկեր, ով ինձ շատ է պատմել այն մասին, որ Երևանը՝ իր կանաչ գոտիներով ու ջրային համակարգով, իսկապես բնության գրկում ապրող քաղաք է եղել: Երևանում ապահովված էր թե' խոնավության, թե' մաքուր օդի քանակությունը: Որտեղ էլ ապրեիր, մինչև մոտակա այգին ամենաշատը 10 րոպե քայլելու ճանապարհ էր: Բայց այսօր այդ ամենը չկա», — ափսոսանքով նշում է նա՝ համարելով, որ այդ վիճակին վերադառնալը ճարտարապետական շատ լուրջ մոտեցում-ներ է պահանջում: «Ես՝ որպես բնապահպան, կարող եմ ասել, որ Երևանում բետոնն ու քարն են իշխում, և ստեղծել կամ վերականգնել մի միջավայր, որում կզգաս, որ մայրաքաղաքդ կանաչ է ու կտրված չէ բնությունից, շատ բարդ կլինի», — ասում է նա՝ գտնելով, որ անգամ ավելի տրամաբանական կլինի մայրաքաղաքն ուրիշ վայր տեղափոխել, քան փորձել լուծում տալ այդ հարցին:

«Երևանի երգը, որ դեռ պիտի երգենք», 1962թ.
«Եվ ինչպե՞ս մեր երաժիշտները, կոմպոզիտորները ի վերջո (թող չզայրանան հանդգնությանս վրա) չկարողացան իսկապես մի սրտաբուխ, իսկապես սրտից եկած և լավ հայերեն մի երգ հորինել մեր հարազատ Երևանի համար: Եղածները, նորից եմ հանդգնում, արժանի չեն մեր Երևանին: Կարծում եմ, որ ուղղակի չի ստացվել մինչև այժմ, իսկ սա կնշանակի, որ պետք է համբերել և կստացվի, կերգվի այդ երգն ու կերգեն և՛ փոքրերը, և՛ մեծերը, և՛ միասին՝ խմբով, և՛ բեմից, և՛ Հրազդանի ալիքներին մասնակից դարձնելով, և՛ գնացքում, և՛ լեռներում, որտեղից կերևան գիշերային լույսերը Երևանի»:

«Մինչև 1962 թվականը Երևանի մասին երգեր, իհարկե, կային, — նշում է մշակութաբան Ռուբեն Արևշատյանը: — Ուրիշ հարց էր, թե դրանք որքանով էին հայկական, հայաշունչ, մանավանդ, որ մեծ մասը ռուսերեն տեքստերի հիման վրա էր ստեղծվել: Դա կարևոր հանգամանք էր, և Ռաֆայել Իսրայելյանի պահանջը նախ և առաջ ուղղված էր ոչ թե պարզապես Երևանին նվիրված երգին, այլ հայերեն տեքստով ու հայ մարդուն հարազատ խոսքերով երգին, որը չպետք է լիներ, կոպիտ ասած, սովետական»: Ըստ Արևշատյանի՝ սովետականը սահմանելու պարագայում նույնպես կարիք կա որոշակի տարանջատում կատարելու. խորհրդային կարգերը 1953-ին Ստալինի մահից հետո չդադարեցին, բայց լուրջ փոփոխությունների ենթարկվեցին, և 1962-ին, երբ Իսրայելյանը գրում է Երևանի երգի մասին, խորհրդային երկրները նոր կոնտեքստի մեջ էին ներքաշվում, որը տարբեր էր ստալինիզմից: «Պատահական չէ, որ 1968-ին Էրեբունու հիմնադրման 2750-ամյակի առթիվ գրվեց Երևանին նվիրված ամենանշանավոր ու սիրված երգե-րից մեկը՝ «Էրեբունի-Երևանը», — ասում է մշակութաբանը՝ շեշտելով, որ Իսրայելյանի բողոքը և քննադատությունը ուղղված էր ոչ միայն ստալինյան խորհրդային երգի, այլև ողջ խորհրդային միջավայրի, մշակույթի մեջ հայկականության բացակայությանը:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N5, 2013

Այս թեմայով