20 Հունվար 2014, 13:34
4716 |

Երևանի առաջին անտիսրճարանը

Անաղմուկ մթնոլորտը, հարմարավետ բարձ-բազմոցները, անվճար ինտենետն ու անհրաժեշտության դեպքում տրամադրվող համակարգիչը, տպիչն ու սկաները հնարավորություն են տալիս չկտրվել աշխատանքից անգամ հանգստի ժամին:

Մեր խելահեղ ժամանակներում, երբ ամեն մի վայրկյանը թանկ է, երբեմն նույնիսկ ճաշի ժամն ու երեկոն ստիպված ենք աշխատանքային դարձնել: Ցերեկային ժամերին, երևանյան սրճարանային խճանկարում անաղմուկ վայր գտնելը գրեթե անհնար է: Որտե՞ղ վայելել արտագրասենյակային թանկարժեք րոպեները` միաժամանակ չկտրվելով գործից. օգնության հասավ հակա-սրճարանը՝ anti-cafe-ն:

«Անտիկաֆե» տերմինն ի հայտ եկավ վերջերս՝ 2011-ին, երբ սրճարանատերերը նկատեցին, որ հաճախորդներն առավել շատ գնահատում են իրենց հաստատություններում անցկացրած ժամանակը, քան համադամ ուտեստները: Նկատեցին ու սկսեցին վաճառել ժամանակը: Երիտասարդությունը նմանատիպ հաստատության կարիքը վաղուց էր զգում: Երևանյան սրճարանների կանոնավոր շարքեր մտավ առաջին «ընդդիմադիրը»՝ «ԷՕՆ» ակումբը:

Ընդդիմանալով այսօրվա սրճարանների առաջարկվող ծառայություններին՝ «ԷՕՆ»-ն առաջարկում է վճարել միայն այստեղ անցկացրած ժամանակի համար,  իսկ սուրճը, թեյն ու քաղցրավենիքը կարող ես վայելել անվճար: Եթե ազատ ժամանակդ համընկել է ճաշին, ակումբ կարող ես բերել քո ուտելիքը, տաքացնել տեղի խոհանոցում ու վայելել այն, քանզի այստեղ ուտելիք չի մատուցվում:

Քաղաքի հենց կենտրոնում պատսպարված ակումբը կարծես ապաստան լինի քարե ջունգլիներում: Խելահեղ արագությամբ հոսող ժամանակն այստեղ կանգ է առնում:

Ակումբը մեկտեղել է ոչ միայն երևանյան զանազան սրճարանների մատուցած ծառայությունները, այլև ընդարձակել դրանց սահմանները: Օրինակ՝ այստեղ կարելի է աշխատել միայնակ կամ գործընկերների հետ, կազմակերպել սեփական կինոդիտումներ, երաժշտական միջոցառումներ, ցուցահանդեսներ և այլն: Աշխատելու համար այս վայրը թերևս ամենահարմարն է: Անաղմուկ մթնոլորտը, հարմարավետ բարձ-բազմոցները, անվճար ինտենետն ու անհրաժեշտության դեպքում տրամադրվող համակարգիչը, տպիչն ու սկաները հնարավորություն են տալիս չկտրվել աշխատանքից անգամ հանգստի ժամին: Իսկ թե այնուամենայնիվ ուզում ես պոկվել աշխատանքից, ապա կարող ես խաղալ սեղանի կամ վիդեոխաղերով, նվագել երաժշտական գործիքների վրա, նկարել և այլն:

Իհարկե, ինչպես ամեն իրեն հարգող ընդդիմություն, սրճարանային ընդդիմադիրն էլ ունի իր կանոնները: «ԷՕՆ»-ում ժամանակն անցկացնելու համար առաջին հերթին պետք է չխանգարել մյուսներին, աղմկողները պատժվում են օրենքի ամբողջ խստությամբ, ծխախոտասերերի համար նույնպես վատ լուր կա. ծխել կարելի է միայն նեղլիկ ծխարանում: Ի դեպ, «ԷՕՆ»-ում ժամանակի գինը նույնպես ընդդիմանում  է գնային բոլոր քաղաքականություններին. մեկ րոպե անցկացնելու համար պետք է վճարել 10 կամ 17 դրամ՝ կախված նրանից, թե օրվա ո՞ր կեսին ես այցելել:

Այս թեմայով