14 Հունվար 2014, 12:57
12413 |

Երկրորդ հանրապետությունը կառուցողը

Բոլշևիկյան բարձրագույն ղեկավար շրջանակներում ունեցած ազդեցությամբ և հեղինակությամբ նա չէր զիջում ոչ ոքի: Իշխանության գալով Հայաստանում` երկրի համար նման բախտորոշ և օրհասական պահին կարողացավ համառ ու հսկայական ջանքերի շնորհիվ առաջին հանրապետության փլատակներից վերածնել Հայաստանի երկրորդ հանրապետությունը: Հայ բանասիրության պատմության մեջ նա մտավ որպես փայլուն գրականագետ Ալ. Մարտունի, իսկ Խորհրդային պատմության համար նա հին հեղափոխական Ալյոշան էր, որը հռչակել էր Բելոռուսական ԽՍՀ-ն, եղել Մոսկվայի նահանգի կուսակցական կոմիտեի նախագահը և խորհրդային իշխանության բոլոր զինված ուժերի գերագույն հրամանատարը: Այդ փառահեղ մարդու անունն է Ալեքսանդր Մյասնիկյան:

Նախքան Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետն ավարտելը Մյասնիկյանն ուսանել էր ծննդավայրի՝ Նոր Նախիջևանի հայկական ծխական դպրոցում, ապա՝ իր ժամանակի թերևս ամենահայտնի հայկական կրթօջախ Լազարյան ճեմարանում: Վաղ մանկությունից զրկվելով հորից՝ տաղանդավոր երեխան ուսումը շարունակելու համար աջակցություն ստացավ Նոր Նախիջևանի հայկական համայնքից, որը մեծ հույսեր էր կապում նրա հետ: Ալեքսանդրն ակնհայտորեն արդարացնում էր այդ հույսերը, Լազարյան ճեմարանում շնորհալի երիտասարդին միանգամից ընդգրկեցին 7-րդ դասարանում, ժամանակին դա բացառիկ երևույթ էր: Ճեմարանից էլ սկսվեց նրա հեղափոխական գործունեությունը. Վահան Տերյանի հետ ղեկավարում էր ուսանողական շարժումները և հենց Տերյանի հետ էլ հիմնադրեց գրական ալմանախը, որը դարձավ նրա տասնհինգ խմբագրած թերթերից և հանդեսներից առաջինը:

Մյասնիկյանի ֆենոմենը հասկանալու համար պետք է իմանալ, թե նա գաղափարական ինչ էվոլյուցիա է անցել: 1903-ի հուլիսի 12-ին եղավ ցարական հայտնի հրամանագիրը հայ եկեղեցու ունեցվածքը բռնագրավելու մասին: Այն բողոքի փոթորիկ առաջացրեց Նոր Նախիջևանում, և նոր-նոր հասարակական կյանք մտնող պատանի Ալեքսանդրի համար այդ երևույթը չէր կարող գաղափարական խորը նստվածք չտալ: Նրա կենսագրության մեջ կա մի կետ, որի մասին խորհրդային տարիներին արգելված էր խոսել: Կարմիր բանակի առաջին ընտրված հրամանատարն իր ինքնակենսագրության մեջ նշել է, որ 1903-1905 թթ. նա համակրել է Դաշնակցություն կուսակցությանը, թեև այդպես էլ կուսակցական չդարձավ: Սակայն փաստ է, որ 1904-ին Ալեքսանդրը եղել է այսպես կոչված «երիտասարդ դաշնակցական»: Իմիջիայլոց, ժամանակին նման ճանապարհ է անցել հայազգի մյուս մեծ բոլշևիկը՝ Ստեփան Շահումյանը: Կա ևս մեկ թաքնված հանգամանք, որը 1920-ականներին լուրջ վեճերի առիթ դարձավ և գրեթե առ այսօր գաղտնի է պահվում. Մյասնիկյանի սպեցիֆիկյան անցյալը: Սպեցիֆիկները փոքր, բայց էլիտար կուսակցություն էին՝ «Սոցիալ-դեմոկրատական բանվորական հայ կազմակերպություն»: Կուսակցության հիմնական մասը մտավորականությունն էր: Այն թեև մարքսիստական կազմակերպություն էր, բայց թերևս շատ նման հրեական բունդին, քանի որ հայ իրականության մեջ գրեթե նույնն էր, ինչ բունդը՝ հրեական իրականության մեջ: Ազգային մարքսիզմի հիմքի վրա ստեղծված կազմակերպությունը չնայած շատ հետևորդներ չունեցավ, սակայն թողեց իր խորը հետքը հայկական պատմության մեջ: 1920-1928-ին ՀԽՍՀ-ի բոլոր ղեկավարներն ունեին սպեցիֆիկյան անցյալ՝ Սերգեյ Լուկաշին, Սաքո Համբարձումյան, Հայկ Հովակիմյան և այլք: Բնական է, որ 30-ականներին մոլի բոլշևիկները սպեցիֆիկ կամ դաշնակցական լինելը գրեթե նույնացնում էին՝ նման անցյալը համարելով արատ: Չնայած կային ռեալ փաստեր, ապացուցող, որ գոնե մինչև 1914-ը նա սպեցիֆիկների հետ համագործակցել էր, բայց քանի դեռ կենդանի էր Մյասնիկյանը, այդ մասին ոչ ոք չէր համարձակվում բարձրաձայնել: Եվ դա հասկանալի էր: Լենինի մերձավոր զինակիցը, որը կազմակերպել էր մեծն առաջնորդի 50-ամյակի տոնակատարությունները և անգամ անուն առ անուն գիտեր Լենինի սիրած երգիչներին ու դերասաններին, չէր կարող անգամ կասկածի տակ առնվել:

էէ-րդ Կարմիր բանակի մուտքը Երևան, 29 նոյեմբերի 1920 թ.էէ-րդ Կարմիր բանակի մուտքը Երևան, 29 նոյեմբերի 1920 թ.

Մյասնիկյանի Հայաստան գալուն ամենաշատն առարկում էին Մոսկվայում, նա ոչ միայն նահանգային կուսկոմի ղեկավարն էր, այլև համակարգում էր մայրաքաղաքի ամբողջ տրանսպորտը: Չնայած հին հեղափոխականներ Կիրովի և Օրջոնիկիձեի խնդրանքներին նրան Հայաստան ուղարկելու վերաբերյալ, Հայաստանից անդադար հնչող ահազանգներին, Մյասնիկյանին Հայաստան բաց թողեցին բավականին ուշ: Եվ 1921-ի մայիսից նա արդեն Հայաստանում էր: Երկրի վիճակը պարզապես օրհասական էր և Մյասնիկյանին տիտանական աշխատանք էր սպասվում:

Առաջինը, ինչը արեց Մյասնիկյանը Հայաստան գալով, հանրապետության կուսակցական և գործադիր մարմիների վերակազմակերպումն էր, ինչը կարևոր էր հատկապես սովի մատնված ժողովրդին պարենավորելու համար։ Ամբողջ երկրից հավաքելով այն ամենը, ինչը կարող էր ծառայել որպես փոխադրամիջոց՝ նա Սևանից ձուկ էր տեղափոխում Երևան ժողովրդին սովամահությունից փրկելու համար: Թե ինչ ահռելի աշխատանք կատարեց նա ՀԽՍՀ ղեկավարելու կարճ ժամանակամիջոցում, պարզ կդառնա միայն փաստերի պարզ թվարկումից. հրաժարվելով ՆԵՊ-ից՝ նա մտցրեց ազատ առևտուր, Մոսկվայից Հայաստան բերեց շուրջ 100 000 տոնա սերմացու, ազատեց գյուղացիությանը ՆԵՊ-ի անմարդկային հարկերից, տնտեսական ու առողջապահական մի շարք միջոցառումների արդյունքում Հայաստանից արմատախիլ արեց սովը և համաճարակները, նրա համառ ջանքերի արդյունքում Հայաստանում վերանում էր անգրագիտությունը, արևմտահայ որբերին փրկելու նպատակով ընդունվեց հատուկ որոշում մանկատների և մանկամսուրների բացման մասին: Մյասնիկյանը հիմնեց հրամանատարական բարձրագույն դպրոց, որի սաներից էին հետագայում զրահատանկային զորքերի խորհրդային մարշալ Համազասպ Բաբաջանյանը և Թամանյան 89-րդ փառապանծ դիվիզիայի գեներալ Նվեր Սաֆարյանը։

Ոռոգման համակարգի և պարտադիր ընդհանուր կրթության դրույթի հետ կապված մի շատ հետաքրքիր երևույթ կա: Նա փաստորնեն որոշ իմաստով առաջին Հանրապետության ժառանգորդն էր՝ այն բոլոր ծրագրերը, որոնք կային առաջին Հանրապետության արխիվում, Մյասնիկյանը կյանքի էր կոչում: Ի տարբերություն ռազմահեղափոխական կոմիտեի ղեկավարների, որոնք սովահար Հայաստանից օգնություն էին ուղարկում Ռուսաստան, իշխանության հենց առաջին ամիսներին Մյասնիկյանը Լենինից կարողացավ 3.5 միլիոն ռուբլի պոկել, որը օգտագործվեց Պարսկաստանից սերմացու գնելու և մշակութային զանազան հաստատություններ ստեղծելու համար։

Երևան, 1920-ականներԵրևան, 1920-ականներ

Բանակը հզորեցնելու և տեխնիկական մասնագիտություններ ունեցող մտավորականությանը Հայաստան վերադարձնելու նպատակով նա ռազմահեղափոխական կոմիտեի աքսորած թվով 1400 սպայական կադրերին Սիբիրյան աքսորավայրերից հետ բերեց, ինչը վայնասունի առիթ դարձավ Մոսկվայում: Դրա հետ մեկտեղ Հայաստանից հեռացրեց բոլոր այն մարդկանց, որոնք վարկաբեկել էին Խորհրդային իշխանությունը Հայաստանում՝ Սարգիս Կասյան, Գևորգ Աթարբեկյան, Ավիս Նուրիջանյան: Քանի դեռ կենդանի էր Մյասնիկյանը, նրանք այլևս Հայաստան չվերադարձան:

Սա շատ կարևոր էր հայ մտավորականության վստահությունը շահելու և նրանց Հայաստան վերադարձնելու համար: Բացի այդ, կար ևս մեկ հանգամանք. հայ մտավորականությունը Ալեքսանդր Մյասնիկյանին չէր ընկալում որպես բոլշևիկյան ռեժիմի ղեկավարի: Նրանց համար Մյասնիկյանը իրենցից մեկն էր՝ գրաքննադատ, խմբագիր Ալ Մարտունին: Դեռ Մոսկվայից Մյասնիկյանը Հայաստան Էր եկել իր մանկության ընկերոջ՝ Մարտիրոս Սարյանի հետ: Հաջորդ կարևոր քայլը փետրվարյան ապստամբությունից հետո պրոդաշնակցական հորջորջված և Պարսկաստան քշված Ա. Թամանյանին Հայաստան վերադարձնելն էր։ Ռազմահեղափոխական կոմիտեի այդ անմիտ քայլը ուղղելու և հետո Երևանը ստեղծած ճարտարապետին հայրենիք վերադարձնելու համար Մյասնիկյանից պահանջվեց երկար տարիների նամակագրական կապ: Նա արտասահմանից Հայաստան վերադարձրեց Հովհաննես Թումանյանին, Ալեքսանդր Սպենդիարյանին, Լեոյին, Ռոմանոս Մելիքյանին՝ ստեղծելով շատ ավելի լավ պայմաններ, քան նրանք ունեին այլ երկրներում: Ֆինանսական մեծ օգնություն ցույց տվեց գրողներ Հ. Թումանյանին և Դ. Դեմիրճյանին, նկարիչ Բաշինջաղյանին, դերասաններ՝ Հ. Աբելյանին և Սիրանույշին, պատմաբան Լեոյին, իր հովանավորության տակ վերցրեց «փոքրիկ աստղագետին»՝ Վիկտոր Համբարձումյանին: Չարենցն ուղարկվեց արտասահման…

Հայ որբերը Ալեքսանդրապոլում, 1920-ականների սկիզբՀայ որբերը Ալեքսանդրապոլում, 1920-ականների սկիզբ

1921-ին ստեղծվեց Երևանի պետական թանգարանը, բացվեց կոնսերվատորիան, 1922- ին՝ պետական, այժմ՝ Ազգային գրադարանը, մայիսին Հայաստան վերադարձվեց Մոսկվա տեղափոխված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ձեռագրատունը, Լազարյան ճեմարանի գրադարանը և պատմամշակութային այլ բացառիկ արժեքներ, ընդ որում՝ ոչ միայն Մոսկվայից, այլև Թբլիսիից ու Բաքվից: Այդ ձեռագրերը կազմեցին այսօրվա Մատենադարանի հավաքածուի հիմքը։ 1923-ին հիմնադրվեց պետկինոն՝ «Հայֆիլմը», 1922-ի մարտին Ալեքսանդր Մյասնիկյանն ընտրվեց անդրկովկասյան հանրապետությունների դաշնակցային խորհրդի նախագահ, ապա՝ կուսակցության Անդրկովկասի երկրամասային կոմիտեի քարտուղար և Անդրկովկասյան Դաշնության կառավարության նախագահի տեղակալ:

Հայաստանից հեռանալիս նա կառավարության ղեկը վստահեց բացառիկ տաղանդի տեր գործչի՝ Սարգիս Լուկաշինին, իսկ Հայաստանի ռազմական գործերի ժողկոմի և հատուկ նշանակության զորամասերի հրամանատարի պաշտոնը զբաղեցնելու համար Մոսկվայից Երևան բերեց Հայկ Բժշկյանցին՝ հայկական կամավորական 6-րդ գնդի հրամանատար հայտնի Գային: Ի տարբերություն բոլշևիկյան այլ ղեկավարների, որոնք սկզբում բոլշևիկ էին հետո՝ հայ, Մյասնիկյանը հստակ ազգային նկարագրի տեր մարդ էր: Դրա փայլուն օրինակն էր նրա առնչությունները Գայի հետ: Երբ 1920-ին սկսվեց խորհրդալեհական պատերազմը, Մյասնիկյանը լեհական ռազմաճակատի քաղբաժնի պետն էր: Գայի կորպուսն այդ ժամանակ կռվում էր լեհերի դեմ: Մյասնիկյանը գրեց մի շարք հոդվածներ Գայի և նրա կորպուսի մասին՝ Մոսկվայի աչքում «շտկելով» Գայի կենսագրությունը: Նրան ներկայացնելով որպես հեղափոխության առաջին օրերից բոլշևիկյան իշխանության կողքին կանգնած մեկը՝ թաքրեց նրա հնչակյան անցյալը և գերմանացիների կողմից գերված լինելու փաստը: Սակայն Հայկ Բժշկյանցին նա լավ էր ճանաչում: Գայն ինքը հստակ ազգային նկարագիր ուներ՝ հայկական հարցով ապրող և ազատագրական պայքարի մասնակից: Եվ դա էր այն հիմնական պատճառը, որից ելնելով Մյասնիկյանը ուզում էր անպայման Գային տեսնել Հայաստանի կարմիր բանակի հրամանատարի պաշտոնում:

Հայկ Բժշկյանցը (կենտրոնում) ռազմական ընկերների հետՀայկ Բժշկյանցը (կենտրոնում) ռազմական ընկերների հետ

Մյասնիկյանին երախտագիտությամբ հիշում է ոչ միայն հայ ժողովուրդը: Նա փաստորեն կառուցել է նաև բելոռուսական Հանրապետությունը։ Տարօրինակ փաստ, այդ հին բոլշևիկը, հայորդին ժամանակին մեղադրվում էր բելոռուսական շովինիզմի մեջ…

1925-ի մարտի 22-ին տեղի ունեցավ ինքնաթիռային աղետ, որի զոհը դարձան Մյասնիկյանը, Աթարբեկյանը և Մոգիլևսկին, որոնք մեկնում էին Աբխազիա՝ կուսակցական համագումարի: Մյասնիկյանի զոհվելու հանգամանքներն առ այսօր առեղծվածային են: Փորձեր են արվում դրա համար մեղադրել Ստալինին և Բերիային, սակայն այդ կարծիքները դժվար թե համապատասխանեն իրականությանը, քանի որ Աբխազիայի համագումարին մասնակցելու համար սկզբնապես ինքնաթիռ չէր էլ ենթադրվում: Այն ընտրվեց վերջին պահին, հեղեղումների պատճառով, հետևաբար՝ ինքնաթիռային աղետը ծրագրելու ժամանակ պարզապես չկար: Ինչևէ, ճշմարտությունը հավանաբար, այլևս երբեք չենք իմանա, սակայն փաստ է, որ խարիզմատիկ, լուսավոր ու հայրենասեր գործչի մահը հայ ժողովրդի համար մեծ և անդառնալի կորուստ էր:

Մյասնիկյանի դերը մեր պատմության տարբեր ժամանակահատվածներում տարբեր կերպ է գնահատվել. եթե խորհրդային շրջանում կար այն գերագնահատելու միտում, ապա այժմ այդ դերը գրեթե անտեսվում է, ինչի պատճառով երիտասարդ սերունդը գրեթե անտեղյակ է «Մյասնիկյան» ֆենոմենից: Այնուամենայնիվ, կատարած հսկայածավալ աշխատանք նրա անունը ոսկե տառերով է գրել հայոց պատմության մեջ: Ամենևին պատահական չեն նրա ժամանակակիցներ Ավետիք Իսահակյանի և Եղիշե Չարենցի նրան տված գնահատակաները. մեկի համար նա հայ ժողովրդի լավագույն զավակն էր, մյուսի համար մարդ, ով դարձավ հայ ժողովրդի փրկության առագաստը:

Այս թեմայով