08 Հունվար 2014, 10:45
2864 |

Բարեգործական ակցենտով նախագիծը

«Երևան» ամսագրի պատմության, մրցունակ Հայաստանի, համաշխարհային երաժշտության, հերոսների ու բրենդերի, ջուրը գցած լավության, նոր մարտահրավերների ու նպատակների մասին պատմում է Մոսկվայի Սկոլկովո կառավարման դպրոցի փոխտնօրեն, Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ, «Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի անդամ Գոռ Նահապետյանը՝ «Երևան» նախագիծը ստեղծողներից ու դրա բաժնետերերից մեկը:

Շատերի համար «Երևան» ամսագիրը դարձավ առիթ, որ ծանոթանան Հայաստանի, նրա պատմության ու մշակույթիհետ և ճանապարհորդեն այնտեղ: Ինչի՞ց սկսվեց «Երևան» ամսագրի պատմությունը:
- Սկզբում «Հայաստան-2020» նախաձեռնությունն էր, որով փորձելու էինք տեսնել Հայաստանի ապագան, պատկերացնել դրա զարգացման հնարավոր տարբերակները: Այդ նախաձեռնության շրջանակներում խորհրդաժողովների ու հանդիպումների ժամանակ քանիցս ծագեց նախագծի առաջխաղացման համար մեդիա դաշտի, աշխարհասփյուռ հայերի շփման անհրաժեշտության հարցը: Այն ժամանակ սոցցանցերը դեռ քիչ էին զարգացած, համացանցն էլ ամենուր ամենքին հասանելի չէր: Հայաստանում, որը միավորում է սփյուռքը հիմնական ազգային արժեքների շուրջ, կար տեղեկատվության սով: Սփյուռքահայերը չգիտեին Հայաստանի վիճակը. գրականությունն ու հրապարակումները սակավաթիվ էին: Միևնույն ժամանակ Երևանի դպրոցներում արեցին ուսումնասիրություն, որի ընթացքում երեխաներին իմիջիայլոց հարցնում էին՝ ո՞վ է քո հերոսը: Պարզվեց, որ հերոսներ պարզապես չկան, չկան օրինակելի կերպարներ ու աշակերտների համար բաղձալի մասնագիտություններ: Ժամանակակից հերոսների պակասի պատճառներից մեկն այն էր, որ  ժամանակակից արժանի մարդկանց մասին տեղեկությունները քիչ էին: «Հայաստան-2020» նախագծի շրջանակներում քննարկվում էին զանազան այլ հարցեր, օրինակ՝ որոշակի բրենդերի, Հայաստանի խորհրդանիշների ստեղծում, համաշխարհային մշակույթի հետ ծանոթանալուն ուղղված քայլեր, գրքերի հրատարակում, համերգների ու ցուցահանդեսների կազմակերպում: Այս ամենի հիման վրա ձևավորվեց ու բարձրաձայնվեց նաև միացյալ հայկական մեդիա ռեսուրսի ստեղծման գաղափարը: Միևնույն ժամանակ Ռուբեն Ջաղինյանն առաջարկեց ստեղծել նոր, ժամանակակից հայկական ամսագիր:
Երևանում աշխատում էր նախաձեռնող խումբ, հավաքվում էր աշխատակազմ: Մենք էլ ստեղծեցինք բիզնես ծրագիր և որոշեցինք ներդրում անել՝ միայն մեր խումբն ու «Մեդիակրատ» ընկերությունը: Նախապատրաստվում էինք երկար ու հիմնովին, ներգրավեցինք խորհրդականներ ու 2005-ի մայիսին վերջապես թողարկեցինք «Երևան» ամսագրի անդրանիկ համարը, որի նպատակը հաջողակ հայերի, նոր հերոսների, երկրի պատմության, մշակույթի ու ճանապարհորդությունների մասին պատմելն էր: Հենց այդ ժամանակ էլ հնարեցինք ընթերցողների սիրած «ակցենտով ամսագիր» նշանաբանը: «Երևանը» սկզբում ռուսերեն էր, քանի որ Ռուսաստանի 2 միլիոնի հասնող հայկական համայնքն ավելի գործուն էր ու մշակութային, պատմական առումով Հայաստանին ավելի կապված: 

Երբ լույս տեսավ առաջին համարը, բոլորը միաձայն պնդում էին, թե մեկ-երկու ամիս հետո թեմաները կսպառվեն ու ամսագիրն էլ չի ունենա գրելու նյութ:
- Այո, կային այդպիսի մտավախություններ: Տպավորիչ էին «Երևանը» ստեղծողներից մեկի՝ Մարինա Լևաշովայի խոսքերը: Նա կտրակապանապես մերժեց որպես ռեզերվ որոշ նյութեր պահելու ցանկությունը. «Ամե՛ն ինչ պիտի ներառել համարում՝ հե՛նց հիմա: Հետո գրելու բան միշտ էլ կլինի»: Ու իսկապես, հետագայում զարմանում էինք՝ տեսնելով ամսագրի ստեղծման ժամանակ առաջացած նյութերի բազմությունը: Ճանաչում էինք նոր մարդկանց, իմանում աշխարհում տեղի ունեցած նոր իրադարձությունների, հայկական պատմությունների մասին, կատարում լրագրողական հետաքննություներ ու աղմկահարույց բացահայտումներ: Մյուս կողմից՝ մարդիկ իրենք էին հաճախ գալիս մեզ մոտ օգտակար տեղեկություններով:

Ի՞նչ խնդիրներ ունեցաք նախագծի իրագործման սկզբում:
- Որոշ ժամանակ անց տեսանք, որ մեր բիզնես մոդելի տարբեր մասերում սխալներ ունենք: Ի սկզբանե որոշել էինք, որ ամսագիրն ունենար բարձր որակ՝ լավ տպագրություն, բարձրորակ բովանդակություն: Պետք է տարածվեր լայնորեն ու մեծաքանակ: Մենք հասանք այս ամենին միայն մեծ ներդրումների գնով: Բնականաբար, նախագծին պետք էր եկամտի ինչ-որ աղբյուր: Սկզբում հիմնական ուղղվածությունը տպագիր մամուլում գովազդի շուկան էր: Սակայն պարզվեց, որ մամուլում գովազդող խոշոր ընկերությունների մեծ մասի մարքեթինգի ղեկավարներն ունեին խստագույն կանոն՝ չգովազդվել ազգային ու կրոնական ամսագրերում: Ստիպված էինք երկար պայքարել սրա դեմ. հաջողության գործոններից մեկը, թերևս, այն էր, որ կարողացանք կոտրել այս կանոնը, ու ազգային մամուլում ստեղծեցինք, ըստ էության, նոր ուղղություն, որը գովազդատուն ընդունեց ու կիրառեց:
Ամսագրից սկիզբ առան նոր նախագծեր. փորձեցինք ստեղծել մեծ, լայնածավալ բիզնես, մեդիա հոլդինգ: Բացեցինք ձայնագրման, վեբ ու դիզայն ստուդիաներ, ԱՄՆ-ում ստեղծեցինք ամսագրի անգլերեն տարբերակը, հետո Հայաստանում՝ հայերենը: Բայց որոշ ժամանակ անց պարզվեց, որ այս ամենը պահանջում է չափազանց մեծ ծախսեր: Շատ գործընկերներ պատրաստ չէին անդադար ֆինանսավորել նախագիծը, ուստի ես գնեցի նրանց մասնաբաժինը ու վերջում տեսա, որ դարձել եմ զարգացող ու տարածվող հրատարակության միակ ղեկավարը: Մի պահ հանկարծ հասկացա, որ սա ոչ թե բիզնես է, այլ բարեգործական նախագիծ:

Ե՞րբ գիտակցեցիք, որ նախագիծը հաջողվել է:
-
Կան անուղղակի նշաններ: Օրինակ՝ երբ ընկերներդ Բրազիլիայից կամ Ճապոնիայից ուղարկում են ամսագրի լուսանկարները, գնում Բոսթոնի օդնավակայանում, հասկանում ես,  որ այն ամենուր հայտնի է: Կատակ բան չէ. նշանները լինեին անուղղակի, թե ուղղակի՝ միևնույնն է, փաստ էր, որ ամսագիրը տարածվում էր 50 երկրում: Երկրորդ ազդակը մարդկանց արձագանքն ու շնորհակալությունը, ամսագրում հրապարակված պատմությունների շարունակությունն է, երբ գիտակցում ես, որ «Երևանի» միջոցով կայանում են կարևոր շփումներ: Օրինակ՝ գրել էինք մրցույթում հաղթած լանդշաֆտային դիզայներ մի աղջկա մասին: Ամսագրի շնորհիվ մի գործարար գտել էր նրան: Հիմա աշխատում են իրար հետ, լավ նախագծեր իրականացնում: Այդպես ամսագրի միջոցով հանդիսատեսի լայն շրջանների հետ կապվեցին շատ երիտասարդ նկարիչներ, քանդակագործներ, երաժիշտներ, դիզայներներ: Հաջողության ցուցանիշ էր նաև, որ «Երևանից» հետո Մոսկվայում հայտնվեց «Բաքու» ամսագիրը. մեզ սկսեցին կրկնօրինակել: Ազգային ամսագրերի տեսակը հաջողվեց:
Մեկ այլ նշան էլ կար. շատ մարդիկ, ովքեր նախկինում չէին ցանկանում շփվել մամուլի հետ, հանկարծ թեքվեցին դեպի «Երևան» ամսագիր, ուզեցին հայտնվել նրա կազմին: Միևնույն ժամանակ մեզ հետ սկսեցին հաճույքով համագործակցել բազմաթիվ հայտնի լրագրողներ ու լուսանկարիչներ:
Ու վերջապես, ինչ-որ մեկի սրամտությամբ տարածվեց արտահայտություն, թե Հայաստանում կա միայն երկու որակյալ ապրանք՝ կոնյակ ու «Երևան» ամսագիր: Սա մեծ ձեռքբերում էր:

Կարո՞ղ ենք ասել, որ «Երևանը» դարձավ Հայաստանի բրենդերից մեկը:
- Երևի այո: Նա ձևավորեց կարծիք հայերի ու Հայաստանի մասին, նպաստեց Հայաստանի կերպարի ձևավորմանը: «Հայաստան-2020»-ն ուներ շատ կարևոր նշանաբան. դարձնել Հայաստանը մրցունակ երկիր, անել այնպես, որ հայ լինելը դառնա ձեռնտու, որ հայերն ուզենան զբաղվել բիզնեսով, որ ըստ իրավիճակի չփոխեն ազգանունները, այլ հասնեն ամեն ինչի՝ առանց իրենց ծագումից ամաչելու: Այո՛, ամսագիրն աշխատում էր հանուն երկրի ու ազգի բրենդի: Կարող է տարօրինակ թվալ, բայց մենք որոշ առումով վատություն արեցինք հայկական մեդիաշուկային. նայում էին «Երևան» ամսագրին ու կարծում, որ շքեղ, հաջողակ ու եկամտաբեր բիզնես է: Շուտով մեզ հետևեցին այլոք: Հայաստանում առաջացան բազմաթիվ ամսագրեր, բնագավառը սկսեց զարգանալ, սակայն հրատարակիչները ուշ էին հասկանում ֆինանսական խնդիրները, որոնք քիչ չէին. միայն 2008-2009-ի ֆինանսական ճգնաժամն բավական էր: Այդ ժամանակ դիմեցի գործընկերներիս՝ Ռուբեն Վարդանյանին և Անուշավան Արզումանյանին, որոնց հետ միասին ստեղծել էի ARGA հիմնադրամը: Նրանք օժանդակեցին նախագծին, և մենք շարունակեցինք այն որպես հավասար գործընկերներ: Ընդհանուր առմամբ նախագծում ներդրվել է 15 միլիոն դոլար: Ուզում էինք հրատարակել նաև այլ լեզուներով՝ ֆրանսերենով, իսպաներենով: Սակայն, երբ ամսագիրը հասել էր հայտնիության գագաթնակետին, սկսվեց ԶԼՄ-ների հեղափոխությունը: Շուկան արագ փոխվում էր, տպագիր մամուլը՝ կորցնում դիրքերը:

Նշեցիք ARGA հիմնադրամի մասին: Հայտնի է, որ «Երևան» ամսագրին օժանդակելուց բացի, այն իրականացրել է նաև մշակութակրթական ուղղվածություն ունեցող մի շարք բարեգործական նախագծեր:
- Նպատակը հենց դա էր: Օրինակ՝ հիմնադրամը ֆինանսավորում էր Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության հարյուրամյակին նվիրված գրքերի մի ամբողջ շարքի հրատարակությունը: Դրանք տարբեր ժամանակներում Եղեռնի մասին գրած այլազգի հեղինակների գործեր էին:
Հիմնադրամը ֆինանսավորեց նաև Ռուբեն Թառումյանի Arian AMU հայկական տառատեսակների ընտանիքի ստեղծումը: Դրանցով կարելի է գրել բոլոր եվրոպական լեզուներով, կիրիլյան այբուբենով, լատիներեն, հուներեն, վրացերեն ու եբրայերեն տառերով:
Հիմանդրամի գործունեության մեկ այլ կարևոր կետը տաղանդավոր հայ ուսանողներին արտասահմանում ուսման հարցում օգնելն էր: Կրթությունը միշտ եղել է կարևորագույն դրամագլուխ, իսկ այսօր նրա կարևորությունն աճել է կրկնակի: 

Վերադառնանք «Երևանին». արե՞լ եք բացահայտումներ նախագծի վրա աշխատելու շնորհիվ:
- Չէի գիտակցում հայկական աշխարհի ծավալն ու չափերը: Գիտեի, որ ունենք հարուստ պատմություն, սակայն միևնույնն է՝ չէի էլ պատկերացնում, թե որքան գրավիչ է ու լի հետաքրքիր իրադարձություններով, փաստերով: Նման էի մոսկվացիներին, որոնք ամբողջ կյանքում չեն գնացել Ռուսաստանի Ոսկե օղակի քաղաքներ կամ, օրինակ՝ Բայկալ լիճ: Ես էլ հասկացա, որ գրեթե չգիտեի երկիրս, ուստի Հայաստանում ու Հայաստանի սահմաններից դուրս ճանապարհորդությունների նյութերը ամեն անգամ մի մեծ բացահայտում էին իմ և այլոց համար: Տարօրինակ է, բայց փաստ. շատ հայաստանաբնակներ ոչ մի անգամ չեն եղել, օրինակ՝  Արցախում: Ամսագրի շնորհիվ իմացա Ասիայի ու Աֆրիկայի հայկական համայնքների, քաղաքների ու պետությունների կազմավորման մեջ հայերի ունեցած դերի մասին: Ու հասկացա, թե որքան շատ են աշխարհում ապրող ու ստեղծագործող երիտասարդ ու տաղանդավոր հայերը, ընդ որում՝ ոչ միայն հայտնի անձինք: Մեծ հաջողություն էր այդ մարդկանց գտնելը, նրանց հետ շփվելը, նրանց հայկական արմատները «ջրի երես հանելը»: Մի բան է՝ լսես ոմն մեկի հայ լինելու մասին, այլ բան՝ ամսագրում կարդաս հոլիվուդյան ռեժիսորներ Հյուզ եղբայրների հայուհի մոր կամ էլ Անդրե Աղասիի տոլմայի ընտանեկան բաղադրատոմսի մասին: Միանշանակ հաջողություն է, եթե գաղտնապահ ու մամուլի հետ դժկամությամբ շփվող Քըրք Քրքորյանը հայտնվում է «Երևանի» կազմի վրա ու տալիս հարցազրույց: 

Ամսագիրը ժամանակի ընթացքում սկսեց նախաձեռնել մշակութային ու բարեգործական նախագծեր: Դա «Հայաստան-2020»-ի գաղափարի շարունակությո՞ւնն էր:
- Որոշառումով՝այո: Մտահղացումներիցմեկըհամաշխարհայինմշակույթումմերավանդնամրագրելնէր: Ուորոշեցինք կանգնեցել դուդուկին նվիրված հուշարձան:  


Ֆրիդ Սողոյանը պատրաստեց հուշարձանի էսքիզը: Հավանեցինք, ընկերներով հավաքեցինք փողն ու իրականացրեցինք նախագիծը: Սկզբում ուզում էինք բերել այն Երևան, սակայն դա բավական դժվար էր, ուստի որոշեցինք թողնել Մոսկվայում: Տեղադրեցինք Առաջին Շչեմիլովյան նրբանցքում՝ Հայ առաքելական եկեղեցու հոգևոր-լուսավորչական կենտրոնի մոտ: Այս գործում մեծ էր եպիսկոպոս Եզրասի օգնությունը: Հաճելի անակնկալ էր, երբ հետո իմացա, որ Գյումրիում տեղադրել էին հուշարձանի կրկնօրինակը: Դուդուկի հուշարձանով սկսվեց «Երևան» ամսագրի իրականացրած նախագծերի մի ամբողջ շարք: Սկզբում մեր լրագրողները իմացան, թե որտեղ էր ապրել Սարդարապատի անարդարացիորեն մոռացված հերոս Մովսես Սիլիկյանը. մեր միջոցներով այդ տանը տեղադրվեց հուշատախտակ: Հետո Հանրապետության հրապարակում Նուռի օգնությամբ վերականգնվեց Երևանի հայտնի «7 աղբյուրը»:


Երևանում առանց հումորի չի լինի: Շատ չանցած՝ մեր միջոցներով տեղադրվեց նարդի խաղացողի հուշարձանը, որն այսօր ամենասիրված ու ամենահաճախ լուսանկարված արձաններից է: Ռաֆայել Հովհաննիսյանի հետ միասին մասնակցեցինք Երևանում Վիլյամ Սարոյանի հուշարձանի ստեղծմանը:


Մեկ այլ նախագիծ էր հայկական դրամի հուշարձանը: Հետո «կպանք սրբությանը». փող հավաքեցինք «Երևանի» ընկերներից ու վերականգնեցինք, վերանորոգեցինք Սասունցի Դավթի արձանը:


Իհարկե, չէինք սահմանափակվում հուշարձաններով: Հասկանում էինք, որ կարող ենք առաջարկել հետաքրքիր, արժանավայել լուծումներ ու գործուն կերպով մասնակցում էինք Հայաստանի մշակութային կյանքին: Ստեղծեցինք Վիլյամ Սարոյանի 100-ամյակին ու հայ ազգի այլ մեծ ներկայացուցիչների հոբելյանին նվիրված պաստառների շարք: Առանձնապես հպարտ էինք, երբ Հայաստանը հենց մե՛ր ստեղծած պատկերանիշի ներքո տոնեց անկախության քսանամյակը:

Գաղափարներն առաջանում էին հանպատրաստի՞, թե երկար քննարկումներից հետո:
- Քաղաքն ու միջավայրը երբեմն թելադրում էին մեզ մեր անելիքը: Հիշում եմ՝ ինչպես էի քայլում փողոցում ու տհաճությամբ նկատում, թե որքան արաբական ու թուրքական երաժշտություն էր լսվում երաժշտական խանութներից: Հենց այդ ժամանակ էլ Լևոն Հայրապետյանի շնորհիվ ծանոթացանք «21-րդ դարի հեռանկարներին»: Նրանց հետ ու Հայաստանի նախագահի հովանու ներքո «Երևանը» կազմակերպեց նշանակալի համերգների շարք Երևանում: Ջորջ Բենսոնի երաժշտությամբ մեծացած սերունդը Երևանում լսեց նրա կենդանի կատարումը:

Վալերի Գերգիևը հանդես եկավ երկու հոյակապ համերգով: Պլասիդո Դոմինգոյի, Գորան Բրեգովիչի համերգները… ո՞ր մեկն ասես: Երևանի կոնսերվատորիայի շատ ուսանողներ ստացան այդ համերգներին անվճար գնալու հնարավորություն ու, անշուշտ, հիշում են Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի վարպետության դասերը: Նրանք ունեցան նոր հերոսներ, որոնց կարող էին ձգտել նմանվել: Ընդհանուր առմամբ կազմակերպվեց 50 այդպիսի համերգ: Ուրախ եմ, որ շարունակվում է հիմա արդեն «Երևանյան հեռանկարներ» անվամբ այդ փառատոնի պատմությունը: Դա ուժեղ խթան է երկրի մշակույթի համար:


«Երևան» ամսագրի կազմակերպած մեծ միջոցառումներից էին նաև Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում Երևանում Լարա Ֆաբիանի համերգը և «Վարդագույն զինվոր» մանկական մյուզիքլը: Մեզ համար հետաքրքիր մեկ այլ երաժշտական նախագիծ էր «Դորիանս» հայկական տաղանդավոր ռոք խմբի դեբյուտային Fly ալբոմի թողարկումը, նրանք  հետո «Եվրատեսիլում» ներկայացրեցին Հայաստանը:   

«Երևանը» հաճախ է եղել Ռուսաստանում, Հայաստանում, ԱՄՆ-ում բազմաթիվ նշանակալից մշակութային իրադարձությունների տեղեկատվական հովանավորը: Կայի՞ն այլ ուղղություններ, որտեղ ամսագրի գործունեությունն առավել ակտիվ  էր:
- Կուզեմ առանձին նշել զբոսաշրջությունը, որը Հայաստանում հայտարարվել էր տնտեսության առաջնային ուղղություն, գերակա ճյուղ: Ստեղծվեց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը (NCFA)՝ պետության ու անհատ ներդրողների գործընկերության հիանալի օրինակ: Հայաստանում սկսեցին իրականացնել զանազան զբոսաշրջային նախագծեր, որոնցից խոշորագույնը Ռուբեն Վարդանյանի նախաձեռնած և NCFA-ի հովանու տակ իրագործված Տաթևի միջնադարյան վանքի վերականգնումն ու աշխարհում նմանը չունեցող ճոպանուղու կառուցումն էր: Նախագծով վերականգնվեց նաև Տաթևի միջնադարյան յուրօրինակ ձիթհանը, ստեղծվեց Տաթևի վանքի վիրտուալ եռաչափ մոդելը:


Այս հսկայական աշխատանքը ուժեղ խթան էր զբոսաշրջության զարգացման համար: Միևնույն ժամանակ լույս տեսավ «Երևանի» հատուկ թողարկումը՝ ամբողջովին նվիրված Երևան-Տաթև հարավային զբոսաշրջային ուղուն: Դրանից հետո առաջացան «Երևանի» այլ զբոսաշրջային հավելվածներ Հայաստանում ձմեռային զբոսաշրջության ու Արցախի մասին: Երևանի քաղաքապետարանի հետ միասին ստեղծվեցին Երևանի ինքնատիպ ու վառ ուղեցույցներ: Պատահական չէր, որ «Երևանն» ունեցավ երկրորդ նշանաբանը՝ «Ամսագիր ոչ թե հայերի համար, այլ հայերի մասին»: Հասկանում էինք, որ ամսագիրը կարող է և պետք է նպաստի զբոսաշրջության առումով երկրի համբավի աճին, քանի որ այն կարդում էին արդեն ոչ միայն հայերը, այլ նրանցայլազգի ընկերները: Բացի դրանից՝ ամեն տարի մեր գործընկերներից շատերին հրավիրում էինք Հայաստան ու Արցախ, նրանց համար կազմակերպում հետաքրքիր ծրագրեր ու նորովի բացահայտում Հայաստանը: Սա դարձավ նոր կամուրջ Հայաստանի ու արտաքին աշխարհի միջև: Այդ մարդիկ, իրենց ընկերներներն ու գործընկերները ժողովրդականացրին Հայաստանը: Ուստի որոշակի առումով ամսագիրը ներդրել է իր լուման Հայաստան զբոսաշրջության հոսքի ավելացման գործում: Ավելին՝ մենք գործուն կերպով մասնակցում էինք ու շարունակում ենք մասնակցել Երևանի զբոսաշրջային ենթակառուցվածքի զարգացմանը:

Այդպես ստեղծեցինք թանգարան Հայաստանի Կենտրոնական բանկի այցելուների համար, մշակեցինք Երևանի «Էրեբունի» արգելոց-թանգարանի վերականգնման ու արդիականացման գաղափարը: Կարող ենք ու պիտի առաջարկենք հետաքրքրիր մտքեր ու ստեղծարար նախագծեր մեր քաղաքի համար:

Անկեղծ ասած՝ շատ ընթերցողներ չգիտեն այս լուրջ նախագծերը, շատերը չեն կապում դրանք «Երևան» ամսագրի, մեծ ջանքեր ու միջոցներ ներդրած մարդկանց հետ:
- Շատ բան ենք արել, բայց քիչ խոսել, ղեկավարվել հին ասացվածքով՝ լավություն արա, ջուրը գցի, որը, ի դեպ, ունի շարունակություն՝ չի կորչի, մի տեղից դուրս կգա: Մեր արածն էլ չկորչեց. Երևանում հայտնվեցին տարբեր նոր ու հետաքրքիր հուշարձաններ, երաժշտական փառատոններ: Ամսագիրը նախաձեռնել էր Երևանի դալանների գեղարվեստական ձևավորումը, որն այսօր էլ է շարունակվում. քաղաքապետարանը ակտիվորեն իրականացնում է այդ նախագիծը, որի արդյունքը կարող են տեսնել քաղաքի բոլոր հյուրերը:

Ամսագրի այս համարը վերջին 8 տարվա ամփոփումն է: «Երևանի» հետ եղել եք ամենասկզբից. ի՞նչ կարող եք եզրակացնել:
- Հրատարակչության տեսանկյունից՝ բարձրորակ, տարածված ամսագրի 88 թողարկում է, մինչդեռ մեզ համար դրանք եղել են սովորելու 8 տարիներ: Ծանոթացանք հետաքրքիր մարդկանց մի ամբողջ բազմության հետ: Հասկացանք, որ կարողանում ենք ստեղծել Հայաստանում մրցունակ արտադրանք ու հպարտ ենք դրանով: Սակայն տեղեկությունների տարածման եղանակներն այսօր հիմնովին փոխվել են: Տպագիր մամուլը արագ զիջում է համացանցին: Այս միտումն ազդել է նաև «Երևան» ամսագրի վրա: Մենք նույնպես մտանք համացանց՝ պահելով, սակայն, մեր հսկայական ռեսուրսը՝ լուսանկարների ու հեղինակային նյութերի ահռելի արխիվը: Ամսագրի գոյության 8 տարիների ընթացքում ստեղծված ամբողջ պարունակությունը փաստացիորեն դարձավ անվճար գրադարան՝ ներկայացվելով imyerevan.com մեր նոր կայքում: Բայց մենք պահեցինք հայերեն տպագիր «Երևանը». այն ունի ինքնատիպ ձևաչափ, բացառապես քաղաքային թեմաների ուղղվածություն, ինչի շնորհիվ անհրաժեշտ է Երևանի սրճարաններում ու ռեստորաններում: Ուզում ենք բարելավել Երևանը, քանի որ, ի վերջո, բոլոր երևանցիներս էլ՝ որտեղ էլ ապրենք, միավորված ենք հարազատ քաղաքում տեղի ունեցածի հանդեպ մտահոգությամբ:

Այս տարիների ընթացքում ձևավորվել է ամսագրի սիրահարների ստվար զանգված, որն այսօր ուզում է իմանալ՝ ի՞նչ է լինելու հետո:
- Հետո պետք է փնտրենք նոր նպատակներ: Գլխավորը նույնն է՝ մրցունակ Հայաստան՝ միացյալ հայկական աշխարհի տեղեկատվական խաչվող հոսքերով, ինչը հնարավոր է միայն վիրտուալ միջավայրում: Իսկ հիմքում մշակույթն ու կրթությունն են, առանց որոնց չկա ապագա: Այո՛, այսօր ավելի քիչ են կարդում, ա՛յլ կերպ են կարդում: Փոխվել է բովանդակության ձևաչափը, տեղափոխվել համացանց: Սակայն այդքանով հանդերձ պահպանվել են հիմնական միտումները, ու նախագծի փիլիսոփայությունը շարունակում է ապրել: Այսօր բոլորիս պետք է մշակութային հեղափոխություն՝ հասարակության մեջ մշակույթի ու կրթության նշանակության մեծացում, վերադարձ դեպի մշակութային արժեքներ: Ապագայում պետք է ներգրավել մեծ թվով մարդկանց, ովքեր արտասահմանում կկարողանան ֆինանսավորել նորանոր նախագծեր, իսկ Հայաստանում կբարձրացնեն երկրի մրցունակությունը: Ոչ ոք չի խլի մեզնից այս առաքելությունը, քանի կենդանի ենք: Պարզապես ռեսուրսներն են անհրաժեշտ, ինչը, ինչպես գիտեք, միշտ սահմանափակ են: Պետք է կարողանալ հասնել նպատակին սահմանափակ ռեսուրսների պայմաններում: Այսօր մեր առջև նոր մարտահրավերներ են, ու մենք ընդունում ենք դրանք:

«Երևան» ամսագիր, «2005-2013: Լավագույնը» հատուկ թողարկում

For the shortened English version of this article, please click here.  

Այս թեմայով