Չնայած մենք ամեն կերպ փորձում ենք աշխարհին հիշեցնել հայ ժողովրդի նկատմամբ 1915-ին (ինչպես նաև դրանից առաջ ու հետո) Թուրքիայի իրականացրած ցեղասպանության մասին,սակայն անցած գրեթե 100 տարվա ընթացքում այդ թեմայով նկարահանված ֆիլմերի քանակը և որակը, մեղմասած, համեստեն: Մյուս կողմից՝այդ թեմայով մեծ, բարձրորակ, մասշտաբային կինոնախագծի մասին խոսակցությունները գնալով շատանում են:
Ամերիկահայ հեղինակ Միշելին Ահարոնյան Մարքոմի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպը լույս էր տեսել դեռ 2001-ին: Երբ ամերիկյան մեդիայում բավական լավ արձագանք ստացած վեպը կարդաց հալեպահայ ամերիկաբնակ երիտասարդ դերասանուհի, ռեժիսոր, պրոդյուսեր Սոնա Թաթոյանը, նա իր առջև նպատակ դրեց. ինչ էլ որ պատահի՝ էկրանավորել այն: 12 տարի անց նպատակը առավել քան մոտ է իրականացմանը: Հավանաբար պատահական չէր, որ գրքի մասին Սոնան իմացավ այն օրերին, երբ առաջին անգամ Երևան էր այցելել…
Ճանապարհը երկար տևեց, քանի որ Սոնայի ամուսինը՝ սցենարիստ Խոսե Ռիվերան (Օսկարի հավակնորդ Վալտեր Սալեսի «Չե Գևարա. մոտոցիկլավարի օրագիրը» դրամայի համար, ինչպես նաև Ջեք Կերուակի «Ճանապարհին» վեպի էկրանավորման սցենարիստ) այդ ժամանկ մի շարք պայմանավորվածություններ ուներ, և միայն մի քանի տարի անց կարողացավ անցնել «Երեք խնձորին»: Ոչ ոք չէր շտապում, պարզապես ցանկանում էին ֆիլմը պատրաստել մինչ 2015-ը: Կարևորը այն էր, որ վեպն ունի հիանալի կինոպոտենցիալ, վստահ է Սոնան. «Նախ՝ այնտեղ մի քանի զուգահեռ պատմություններ են զարգանում, որոնցում բացահայտվում է նախ և առաջ ոչ թե հայ ազգի, այլ մարդկության ողբերգությունը, — պատմում է Սոնան, — իսկ դա նշանակում է, որ ֆիլմը, ինչպես և գիրքը, հասկանալի ու հարազատ կլինի ցանկացած ազգի ներկայացուցչի համար»: Բացի այդ, սյուժետային գծերից մեկում խոսքը ամերիացի միսիոների մասին է, որի կերպարը հիշեցնում է Օսկար Շինդլերին: Ասել է թե՝ պարարտ հող կա ամերիկացի աստղային դերասանի մասնակցության համար: Սոնան վստահեցնում է, որ արդեն ձեռքէ բերվել նախնական պայմանավորվածություն մի երևելի դերասանի հետ, սակայն նրա անունը դեռ չի նշում: Գրքի գրեթե բոլոր հերոսները արևմտահայեր են, այդ իսկ պատճառով դերասանների ընտրությունը կլինի նույն տրամաբանությամբ, այնպես որ «սերիալային» ծանոթ դեմքեր չեն լինի:
Կինոարտադրության մեջ կարևորագույն դեմքը, անկասկած, ռեժիսորն է: Երկար մտորումներից հետը Սոնան ու Խոսեն դիմեցին հնդկաստանցի ռեժիսոր Շեքհար Կապուրին, որը Հոլիվուդում հասցրել է աչքի ընկնել երեք մասշտաբային պատմական կինոկտավներով՝ «Եղիսաբեթ», «Ոսկե դար» և «Չորս փետուր»: «Սցենարն ուղարկելուց մի քանի օր անց, նա զանգահարեց և ասաց, որ սա իր կարդացած ամենահիանալի սցենարն է և մեծ հաճույքով կանցնի գործի», — պատմում է Սոնան, նշելով, որ այսօր գրեթե անհնար է ուղիղ կապ հաստատել խոշոր ռեժիսորների հետ. «Դժվարությամբ գտնում ես գործակալին, փոխանցում ես սցենարը ու ստիպված սպասում ես ամիսներ: Ռեժիսորին տեքստը կհասնի, եթե այն ստանա գործակալի հավանությունը, իսկ վերջինս կարող է ընդհանրապես մոռանալ: Բայց Շեքհարն այլ խառնվածքի մարդ է՝ բարի, խելացի, կարևորը՝ փիլիսոփա»:
Պատմական կինոնկարի նկարահանումները միշտ լուրջ ներդրումներ են պահանջում: ԱՄՆ-ում նմանատիպ ֆիլմի վրա կարող է ծախսվել 100 և ավելի մլն դոլար: Այս ֆիլմի դեպքում բյուջեն այդքան խոշոր չէ, սակայն բավարար է հոլիվուդյան մասշտաբի արդյունք ստանալու համար: Ֆինանսական հարցի լուծմանը նպաստեց գործարար Վահե Յակուբյանը, ում հետ Սոնան ծանոթացել էր երևանյան այցերից մեկի ընթացքում:
Նախատեսվում է, որ արդեն այս տարվա աշնանը Երևանում կսկսվեն ժապավենի նկարահանումները: Ընդհանրապես, ֆիլմի նկարահանումների զգալի մասը տեղի կունենան Հայաստանում: Մասնավորապես, հատուկ «Երեք խնձորի» համար այստեղ կկառուցվեն Խարբերդի մի քանի փողոց: Սոնան լիահույս է, որ այսպիսով ֆիլմը կդառնա ոչ միայն խոշոր կինոնկար հայ ազգի անցյալի մասին, այլև լուրջ խթան երկրում վերջապես ոտքի կանգնեցնելու կինոարտադրությունը՝ սկիզբ դնելով համաշխարհային չափանիշներին համարժեք ինֆրահամակարգի: Որքանով կհաջողվի այս հավակնոտ նախագիծը գլուխ բերել՝ ամբողջ աշխարհը կտեսնի ու կդատի արդեն երկու տարի անց: