07 Դեկտեմբեր 2013, 13:04
2493 |

Ժամկետանց հուշեր

Տարերքից տասնամյակներ անց Գյումրին դեռ ուղղում է իր կորացած մեջքը՝ հենվելով սովորական մարդկանց ամենoրյա հերոսությունների վրա: Իսկ հերոսներ այս հողը շատ ունի:

Պատմությունն ունի բեկումնային կետեր, որոնք մարդկային հասարակության հիշողությունից երբեք չեն ջնջվում: 1988-ին Հայաստանի համար սկսվեց պատմական նոր դարաշրջան՝ մինչև երկրաշարժն ու դրանից հետո: Արհավիրքի պատճառած ցավը նկարագրելն անհնար է: Տարերքից տասնամյակներ անց Գյումրին դեռ ուղղում է իր կորացած մեջքը՝ հենվելով սովորական մարդկանց ամենoրյա հերոսությունների վրա: Իսկ հերոսներ այս հողը շատ ունի: Պատմությունը լուռ հետևում, արձանագրում է առoրեական հերոսությունները:

Գյումրին, որ դարավոր հարուստ պատմություն ունի, լի է պատմաճարտարապետական հուշարձաններով: Զբոսաշրջիկների խմբերն անդադար շրջում են Ալեքսանդրապոլի փողոցներով, մտնում լենինականցու բակը, քայլում Կումայրու հրապարակներով: ժամանակակից այս քաղաքում դեկտեմբերյան մի առավոտ ժամանակը կանգ առավ: Արգելակած ժամանակը փշրվեց ու լցվեց համայն մարդկության սիրտը: Բեկորներից մեկն էլ մխրճվեց Գյումրու հայտնի Դալլաքնոցում կամ Տղամարդկանց վարսավիրանոցում:

1940-ականներին արվեստների և արհեստների քաղաքում պճնանքի սրահների պակաս կար: Ու սոցիալիստական իշխանությունների կամոք այժմյան Գայի փողոցում բացվեց Կանացի և տղամարդկան վարսահարդարման սրահ: Տեղացիները միանգամից այն կոչեցին Դալլաքնոց:

40-ականներից մինչ oրս սրահի առoրեայում տեղի են ունեցել ընդամենը երկու կարևոր  իրադարձություն: Առաջինը 1996-ի սեփականաշնոհումն էր, երկրորդը՝ կանացի սրահի oտարումն ու վաճառքը: Արդեն 73 տարի է, ինչ կյանքն այս վարսավիրանոցում հոսում է ժամանակից դուրս: Բացման oրից այստեղ գրեթե ոչինչ չի փոխվել: Սրահի ներքին հարդարանքը, հարդարման աթոռներն ու հայելիները նախորդ դարի առաջին կեսից են:

Դալլաքնոցի ամենատարեց վարպետը՝ 80-ամյա վարպետ Խանիկը 58 տարի է, ինչ աշխատում է այստեղ: Որպես ժամանակի պահապան, հավերժ երիտասարդ վարպետի աչքերն ասես պատմության հայելային անդրադարձը լինեն: Գրեթե մեկ դարյա հայելու առջև դրված վարսավիրական աթոռն էլ՝ իսկը ժամանակի մեքենա:

Ու ալեհեր ժամապահ-վարպետը կանչում է դեպի իր 58 տարի անփոփոխ մնացած աշխատանքային սեղանը, որտեղ հայելու անկյուններից անթերի սանրվածքներով քեզ են նայում վաղուց անցած-գնացած տարիների պճնամոլ հերոսներ: Ձեռքի մկրատը հմտորեն խաղացնելով՝ վարպետ Խանիկը կարծես կտրատում է պատմության պահոցներն ագուցող թելերը՝ լայնորեն բացելով անցյալի ծանր դուռը: Իսկ անցյալում վարպետի հուշերն են: Հուշեր, որոնք պատմում են հայտնի ու անհայտ հաճախորդների, հարյուրավոր աշակերտների ու Դալլաքնոցի երբեմնի փառքի մասին: Մկրատի ամեն խրթոցով մի նոր կայծ է վառվում վարպետի աչքերում, ու վարպետ Խանիկի ժամանակի մեքենան նոր հուշի կանգառ է հասնում:

Միայն վերջին կանգառում վարպետի աչքերը խամրեցին: Վերջին կանգառը 1988-ն էր: Ու վարպետի սրտում բոլոր հուշերը ժամկետանց դարձան. «Պահակություն էինք անում: Գիշեր-ցերեկ մնում էինք Դալլաքնոցում, որ չթալանեն, չփչացնեն»: 80-ամյա վարսահարդարի ձեռքերում մկրատը դողում է ու հասկանում ես, որ պետքէ իջնել ժամանակի մեքենայից, քանզի հենց այդ պահից մինչ հիմա, վարպետի համար Գյումրու կենտրոնը դարձած այս վարսավիրանոցն այլևս փոփոխության չի ենթարկվի: Էլ նոր հուշեր չի կուտակել վարպետ Խանիկը: Հուշերին փոխարինելու եկավ հույսը: Ու հավատը, որ վաղվա օրն ավելի լավը պիտի լինի: Այլ իրավունք չունի...

Այս թեմայով