03 Դեկտեմբեր 2013, 13:09
2411 |

Հրաշք արարողները

Նախատոնական այս օրերին տոնի կարիքը հատկապես սուր են զգում այն երեխաները, որոնք իրենց կարճ կյանքի ընթացքում արդեն համտեսել են կյանքի դառնությունը:

Երբ ժամանակակից հասարակության մեջ կան երեխաներ, որոնք զրկված են տարրական կենսական պայմաններից, ծնողի սիրուց, ուրեմն հաստատ ինչ-որ տեղ մի հեքիաթ անավարտ է: Հասարակության արատներից թերևս ամենախայտառակը անապահով ու անօթևան երեխաների առկայությունն է:

Մանկական լեգենդն ասում է, որ երբ ինչ-որ տեղ մանուկ է ծիծաղում, հեքիաթի  աշխարհում փերի է ծնվում: Կա ինչ-որ տարիք, երբ մարդիկ դադարում են հավատալ հրաշքներին: Քաղաքակիրթ աշխարհը վերջանում է այն ժամանակ, երբ այդ աշխարհում դադարում են հրաշքներ տեղի ունենալ:

Բարեբախտաբար, դեռ կան մարդիկ, ովքեր պատրաստ են հրաշքներ գործել: Նախատոնական այս օրերին տոնի կարիքը հատկապես սուր են զգում այն երեխաները, որոնք իրենց կարճ կյանքի ընթացքում արդեն համտեսել են կյանքի դառնությունը:

Արդեն 4 տարի է, ինչ Marriott Armenia հյուրանոցը «Օրրան», «Հայաստանի մանուկների հիմնադրամ» և «Սոս մանկական գյուղեր» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպում է ամանորի տոնածառի զարդարումը կարիքավոր և հաշմանդամություն ունեցող երեխաների համար:

Վերոհիշյալ ՀԿ-ներից մոտ 50 երեխաներ դեկտեմբերի 2-ին հավաքվել էին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Մանուկները սկզբում ամաչելով, հետո արդեն խանդավառված վազվզում էին քաղցրեղենով լի սեղաննների շուրջ: Քաղցրահամ թխվածքաբլիթները գույնզգույն կոնֆետների ու անուշ կրեմի միջոցով նրանք վերածեցին տոնածառի խաղալիքների: Կրեմի մեջ թաթախված, փայլուն աչուկներով հրեշտակները հյուրանոցի հյուրերին անակնկալի էին բերում: Մեկ վայկյան դադար առնելով, գործարար կանայք ու տղամարդիկ մի պահ մոռանում էին կարևոր ու անհետաձգելի գործերի մասին ու լցվում մանուկների սրտից հորդող ջերմությամբ:

«Սոս մանկական գյուղից» 16-ամյա Սարգիսն արդեն հասցրել էր լրջորեն զբաղվել նկարչությամբ, հիմա էլ զբաղվում է սպորտով: Իր քաղցրաբլիթ-եղևնին խոհարարի  պես ձևավորելուց հետո Սարգիսն օգնության հասավ փոքրիկ Արկադիին, ով մոռանալով շուրջն ամեն ինչ, մինչև արմունկների քաղցր կրեմի մեջ թաթախված, արագ-արագ մեկը մյուսի հետևից ձևավորում էր տոնածառի խաղալիք աստղիկները, սրտիկներն ու եղևնիները:

Ամաչկոտ Նորայրն էլ, թեև սկզբում կարմրած-նստած էր անկյունում, սակայն նույնպես չդիմացավ ու միացավ իր ընկերներին: Հյուսիկներով էլենը, սևաչյա Մարին ու թխահեր Մարիամը իրենց խաղալիքները զարդարելու հետ մեկտեղ էսթետիկայի մասին խորհուրդներ էին տալիս ուրիշ երեխաներին:

Սեղանների անձեռոցիկներն այդպես էլ մնացին սեղաններին: Կրեմավորված մատներից կրեմն անհետանում էր վայրկենապես, ու միայն պատանի ստեղծագործողների աչքերի փայլից կարելի էր գուշակել, թե ու՞ր կորավ կրեմը:

Կուշտ ուտելուց տռզած փորիկներով ու վառվռուն աչուկներով մանուկները, բեռնվելով արդեն պատրաստի բլիթ-խաղալիքներով, իջան հյուրասրահ, որտեղ նրանց էին սպասում եղևնիները:

Երբ տոնածառերը զարդարվեցին մանկական ստեղծագործություններով, դահլիճն ավելի լուսավոր թվաց: Լուսարձակում էին ամանորի հրաշքը տեսած տոնի արարիչների՝ մանուկների աչքերը:

Այս թեմայով