28 Նոյեմբեր 2013, 16:51
2035 |

Ոչ թե որքան, այլ ովքեր

Նոյեմբերի 28-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը 16-րդ անգամ կանցկացնի հեռուստամարաթոն, որն այս անգամ կրում է «Դեպի Արցախ» խորագիրը: Հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակված միջոցները կուղղվեն Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցմանը: Հիմնադրամի աշխատանքի, դրա հանդեպ անվստահության դրսևորումների, իրականացվող ծրագրերի և կառույցի գերակա խնդիրների ու նպատակների մասին պատմում է հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետ Վարդան Փարթամյանը:

Այս տարի ճանապարհաշինարարությունը հիմնադրամի համար շարունակում է առաջնահե՞րթ մնալ:

- Սա ճանապարհաշինարարական երրորդ խոշոր ծրագիրն է, որը մտադիր ենք իրականացնել: Տարեցտարի ծրագրերի ոլորտները շատանում են, բայց ենթակառուցվածքների զարգացման հետ կապված ծրագրերը, միևնույն է, շարունակում են առաջնահերթ մնալ: Բայց դա չի նշանակում, որ այլ ուղղություններով հիմնադրամը ծրագրեր չի իրականացնում այս պահին, պարզապես ամեն տարի հոգաբարձուների խորհուրդը սահմանում է հիմնական այն ուղղությունը, որի համար ծախսվելու են գլխավոր հանգանակությունից՝ հեռուստամարաթոնից ստացված գումարները: Զուգահեռ մենք իրականացնում ենք նաև շատ այլ ծրագրեր՝ և՛ կրթական, և՛ առողջապահական, և՛ գյուղատնտեսական:

Ինչպե՞ս եք մոտենում յուրաքանչյուր առաջադրվող խնդրի լուծմանը:

- Մեկընդմիշտ պետք է հիշել մի բան՝ միևնույն ծրագրի համար երկու անգամ ոչ ոք և երբեք գումար չի տրամադրելու: Այնպես որ հիմնադրամը նպատակ է դնում տվյալ խնդիրը լուծել ոչ թե մասամբ և կիսատ թողնելով անցնել հաջորդին, այլ այդ խնդրի համար ուղղել համապատասխան քանակությամբ միջոցներ, սահմանել դրա իրականացման ժամկետը, ամբողջովին լուծել խնդիրը և նոր արդեն մշակել հաջորդ ծրագիրը:

Ինչպե՞ս է կատարվում միջոցների բաշխումն ու ծրագրերի իրականացումը:

- Մեխանիզմը հետևյալն է. կա երկու գլխավոր ուղղություն՝ հիմնականը, որը սահմանվում է հոգաբարձուների խորհրդի կողմից, լինի դա Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարությունը կամ Հադրութում խմելու ջրի համակարգի ներքին ցանցի կառուցումը, որի համար էլ նախաձեռնվում է հեռուստամարաթոնը: Եվ կան հատուկ ծրագրեր, որոնք իրականացվում են այստեղ և Սփյուռքի ամենախոշոր օջախներում գործող շուրջ 25 տեղական հանձնախմբերի կամ բարերարների նախաձեռնությամբ: Ենթադրենք՝ եթե ինչ-որ մի բարերար արտասահմանից դիմում է մեզ՝ ցանկություն հայտնելով միջոցներ ներդնել դպրոցաշինության մեջ, ապա մենք, ելնելով նրա տրամադրած գումարի չափից, մշակում ենք ծրագիր, թե որտեղ կարելի է այն ներդնել ըստ անհրաժեշտության, քանի դպրոցի համար, ինչքան ժամանակում կիրականացվի այդ ծրագիրը և այլն: Մեր ծրագրերի մոտ 50%-ը հենց այդպիսի հատուկ նախագծերն են:

Փաստորեն, հեռուստամարաթոնը միայն մի մասն է կազմում միջոցների հանգանակման և դրանց նպատակաուղղման գործում:

- Այն յուրօրինակ ամփոփումն է տարվա կտրվածքով հիմնադրամի կատարած աշխատանքի, իրականացրած ծրագրերի և հանգանակված գումարների: Հաշվետվություն, որի ընթացքում նշվում են նաև տարվա ընթացքում կազմակերպված դրամահավաք-ճաշկերույթներից, համերգներից ստացված միջոցները և դրանց օգտագործման արդյունքում իրականացված ծրագրերը: Բուն հեռուստամարաթոնը տեղի է ունենում հիմնադրամի՝ Միացյալ Նահանգների Արևմտյան շրջանի հանձնախմբի նախաձեռնությամբ՝ այդ տարածաշրջանի հայության նվիրատվություններն ընդունելու նպատակով:

Արդյո՞ք դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ հեռուստամարաթոնն անցկացվում է Գոհունակության օրը, որը կաթոլիկ եկեղեցու տոն է և ոչ թե հայկական:

- Երբ հիմնադրամը նոր էր ստեղծվել, առաջին հեռուստամարաթոնն անցկացվեց մայիսին, բայց քանի որ ԱՄՆ-ում Գոհունակության օրը ոչ աշխատանքային է, ապա 12 ժամ տևողությամբ հանգանակության միջոցառմանը մասնակցելու համար շատ ավելի նպատակահարմար եղավ ընտրել այդ օրը: Արդեն քանի տարի է, ինչ հեռուստամարաթոնն անցկացվում է նոյեմբերի վերջին հինգշաբթի օրը՝ համապատասխանեցվելով Գոհունակության օրվան, ամերիկահայերն ավանդաբար այդ օրը ընտանիքով հավաքվում, դիտում ու մասնակցում են մարաթոնին:

Վերջերս Սփյուռքի և տեղական տարբեր ՀԿ-ներ, անհատներ կոչ են անում սփյուռքահայությանը նվիրատվություն չկատարել հիմնադրամին՝ պատճառաբանելով, որ այն կոռումպացված կառույց է, և տրամադրված միջոցները իրենց նպատակին չեն ծառայում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ պնդումները:

- Նման բողոքներ, հիմնադրամի դեմ նամակներ միշտ էլ եղել են: Հիմնադրման օրից ի վեր կառույցը մշտապես ոչ միայն բարերարների ուշադրության կենտրոնում է, այլև հիմնադրամի աշխատանքում առկա բացասական երևույթները նկատողների: Մեր աշխատանքն անթերի չէ. ունենք արտաքին և ներքին խնդիրները: Նման բացասական հայտարարություններով հանդես եկող բոլոր անձանց առաջարկում ենք գալ և տեղում ծանոթանալ, թե ինչպես են ծրագրերն իրականացվում: Այդպիսի փորձառություն հիմնադրամն ունեցել է, բազմիցս ընդունել ենք տարբեր մարդկանց, մեզ հետ եկել են իրականացվող ծրագրի գյուղ, համայնք, տարածաշրջան և իրենց աչքով տեսել հիմնադրամի կատարած աշխատանքը: Կառույցը լիովին բաց է, պատրաստ պատասխանելու բոլոր հարցերին և ցույց տալ իր կատարած աշխատանքի արդյունքը:

Չե՞ք կարծում, որ նման հայտարարությունների պատճառներից մեկը նաև հոգաբարձուների խորհրդում ներկայացված քաղաքական գործիչներն են:

- «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992-ին ՀՀ նախագահի հրամանագրով: Այդ տարիներին երկիրը դժվար ժամանակներ էր ապրում. մի կողմից դեռևս թարմ էին 1988-ի Սպիտակի երկրաշարժի հետևանքները, մենք ունեինք աղետի գոտի, մյուս կողմից երկիրը ներքաշվել էր պատերազմի մեջ, և Հայաստանից դուրս ապրող բազմաթիվ անհատներ, կազմակերպություններ ու հանձնախմբեր պատրաստ էին գումար հանգանակել՝ ցուցաբերելով իրենց աջակցությունը: Բայց խնդիրն այն էր, որ չկար այդ միջոցները համակարգող մարմին, և հենց հիմնադրամն էր, որ ստանձնեց այդ գործառույթը: «Հայաստան» համահայկական հիմնադրամը մի առանձին մարդու կամ կառույցի չի պատկանում, իսկ հոգաբարձուների խորհրդում ներգրավված են, կարելի է ասել, համայն հայության ազդեցիկ անձինք՝ քաղաքական գործիչներից, եկեղեցու թեմերի առաջնորդներից մինչև սփյուռքահայ նվիրյալներ ու բարերարներ: Նրանք ի սկզբանե խորհրդի անդամ են եղել և մինչ օրս շարունակում են կատարել իրենց պարտականություններն այդ կառույցի շրջանակում:

Որքա՞ն ծրագիր է հնարավոր իրականացնել մեկ տարում:

- Հիմնադրամը տարեկան շուրջ 60 ծրագիր է իրականացնում, որից 30-ը՝ Հայաստանում և 30-ը՝ Արցախում: Մինչև օրս իրականացված ծրագրերի թիվը 21 տարվա ընթացքում հասել է 800-ի, և գրեթե չկա այնպիսի գյուղ կամ համայնք, որին հիմնադրամը որևէ կերպ չի ցուցաբերել իր աջակցությունը: Սկսած նորանկախ Հայաստանի քաղաքացիների համար անձնագրերի տպագրությունից, վերջացրած ճանապարհների, դպրոցների, հիվանդանոցների, աղետի գոտում բնակելի շենքերի շինարարությամբ: Շատ հաճախ մենք առանձնապես չենք էլ բարձրաձայնում մեր արած աշխատանքի մասին, մինչդեռ այն իր ծավալներով հեշտ չէ պատկերացնել: Օրինակ, մոտ 11 ամիս առաջ ավարտեցինք հսկայական մի ծրագիր՝ ուղղված Տավուշի մարզի բոլոր դպրոցներում համակարգչային սենյակների ստեղծմանը:

Շատերն իրենց բարեգործությունը «հրապարակում են»՝ ինքնագովազդի նկատառումներով, ձեր դեպքում արդյո՞ք դրա մասին մշտապես բարձրաձայնելը կարևոր չէ հենց միջոցների ուղղման գործընթացի թափանցիկությունը փաստելու համար:

- Իրականացված աշխատանքների լուսաբանումն ու հանրայնացումն իսկապես կարևոր կետ է այդ առումով, և այդ ուղղությամբ աշխատանք ևս տարվում է, թեև ճիշտ չի լինի ասել, որ այդ հարցում գերազանց արդյունքի ենք հասել: Մենք փորձում ենք ակտիվ լինել սոցիալական ցանցերում, մեր հասարակայնության հետ կապերի բաժնի նախաձեռնությամբ ամեն ամիս հեռուստատեսությամբ ցուցադրվում է «Ձեռք ձեռքի» կոչվող հաղորդաշարը, որը ներկայացնում է հիմնադրամի՝ այս պահին իրականացվող ծրագրերի շուրջ տարվող աշխատանքները, տարվա ընթացքում լույս են տեսնում տարբեր հրատարակություններ, տարեվերջին՝ տարեկան հանդեսը: Մեր ծրագրերի բաժինը հատուկ զբաղվում է ընթացիկ ծրագրերի մասին տեղեկատվության տարածմամբ թե՛ անհատ բարերարների ու կազմակերպությունների համար, որոնց հետ մշտապես համագործակցում ենք, թե՛ հասարակության լայն զանգվածների համար: Մեր կայքը լիարժեք տրամադրում է իրականացված և իրականացվող յուրաքանչյուր ծրագրի վերաբերյալ ցանկացած անհրաժեշտ տեղեկություններ, տվյալ և լուսանկարներ:

Հեռուստամարաթոնին և ընթացիկ դրամահավաքներին մասնակցողների քանա՞կն է էական, թե՞ նվիրաբերվող գումարի չափը:

- Մեզ համար այնքան կարևոր չէ, թե մի հոգի ինչքան գումար կնվիրաբերի, որքան կարևոր է, թե քանի հոգի նվիրատվություն կկատարի, որովհետև դա համահայկական նշանակության նախաձեռնությունն է, և յուրաքանչյուր հայի մասնակցությունն արժեքավոր է: Պատահական չէ, որ ամեն տարի մեր կողմից հրատարակվող «Ոսկե մատյանում» նշվում են այդ տարվա բոլոր բարերարների անունները, բայց ոչ՝ նվիրաբերված գումարի չափը: Ամեն տարի հիմնադրամը նվիրատվություններ է ստանում մոտ 50 000 անհատներից և կազմակերպություններից: Ընդ որում, հիմնադրամը միակն է Հայաստանում, որը տարեկան երկու անգամ անցնում է միջազգային և ֆիզիկական աուդիտ, ինչը նշանակում է, որ միջազգային փորձագետներն այցելում են մեր ընթացիկ բոլոր ծրագրերի իրականացման վայրեր, որից հետո տալիս են եզրակացություն, որի արդյունքներով հնարավոր է դառնում համագործակցել զանազան կազմակերպությունների, տարբեր երկրների կառավարությունների ու այլ շահագրգիռ կառույցների հետ, հաստատել նոր կապեր և շահել նորանոր բարերարների վստահությունը:

Այս թեմայով