31 Հոկտեմբեր 2013, 12:22
350 |

Հառաչող հուշարձաններ

Ափաչափ հայրենիքի միայն ճանապարհամերձ վայերին ենք քիչ թե շատ ծանոթ, սարերում ու անտառներում ժամանակը կանգ է առել: Հողի, փարթամ բուսականության շերտերի տակից ծիկրակող ավերակներն ասես հառաչում են` ուշ է:

 

Եթե մի անգամ աղբ հավաքեք, երկրորդ անգամ չեք թափի: Եթե մի անգամ հուշարձանի վրայի մուրը մաքրեք, երկրորդ անգամ այն չեք մրոտի: Եթե մի անգամ ընտանիքով, դասարանով կամ ընկերներով  Հայաստանի լեռներում ու հեռավոր ծերպերում արշավի գանք, ընդ որում` գիշերակացով, վրանով, քնապարկով, կողմնացույցով ու քարտեզով, էլ չեք մտածի արտագաղթի մասին: Հայրենիքը սիրելու համար այն ճանաչել է պետք: Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը համոզված է` դեռ դպրցական տարիներից է պետք հային ծանոթացնել իր հայրենիքի ամենահեռավոր անկյունների, քար ու քերծի, գետ ու առվի, սար ու ձորի հետ: Դպրոցական ծրագրերում վաղուց էր պետք ընդգրկել արշավների գնալու մշակույթը: Սա մեծագույն բացթողում է, որի պատճառով երեխան չի ճանաչում իր հայրենիքը, հետևաբար, չի գնահատում ու արժևորում նրա մշակույթն ու պատմությունը:

«Արտագաղթի հիմքերը միայն տնտեսական չեն: Հայրենիքը լքում են նաև մշակութային սովի, անտեղյակության, սեփական արժեքները չճանաչելու ու չգիտակցելու պատճառով»,- համոզված է հուշարձանագետը, որ դեռ 7-րդ դասարանից կռիվ է տալիս հայրենյաց ուսուցիչների ու դպրոցների հետ, թե ինչու են մեր պատմությունը, աշխարհագրությունը, մշակույթը մատուցվում միայն դասագրքերով: Մինչդեռ երեխային իր հայրենիքի հետ կապելու, հայրենաճանաչ ու գիտակ դարձնելու պարզ միջոց կա` նրան մոտեցնել հայրենիքին , հայրենիքը դնել նրա ափի մեջ: Եթե տեսարժան վայրեր, ապա միայն ասֆալտապատ ճանապարհով ու ավտոմեքենայով: Թող հուշարձանը մոտենա մեզ, որ մենք տեսնենք, զմայլվենք մեր մշակույթով, իսկ եթե հարկ է քայլել` հուշարձանին հասնելու համար, այն էլ դժվարանցանելի ճամփաներով, կներեք, բայց` երբեք:

«Մենք չենք տրորում մեր կածանները, ալարում ենք սար բարձրանալ, լեռ մագլցել, անտառի խորքերը գնալ: Մարդու ոտք չդիպած այնպիսի վայրեր կան` կոթողներով, պատմության ու ժամանակի շերտերով ծածկված, չուսումնասիրված ու չհայտնաբերված»,- սեփական փորձից ասում է Սամվել Կարապետյանը: Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հետ նա իրականացրել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «SOS. մշակույթ» ծրագիրը: Այն ընդգրկել է նաև Տավուշի և Լոռու մարզերի դպրոցականներին: Կրթական-մշակութային ծրագիրը պատճառ է դարձել, որպեսզի աշակերտները մասնակցեն արշավներին, տասնյակ կիլոմետրեր ոտքով կտրեն, հայրենի երկրի կածաններով անցեն, զգան դժվարանցաների ճանապարհները հաղթահարելու քաղցրությունն ու վերջապես հասնեն լեռների ծերպերին ծվարած կիսաքանդ մատուռին կամ խաչքարին:

Հուշարձանագետը եղել է Լոռվա Ջիլիզա գյուղում, որը սահմանամերձ է Վրաստանին ու այնտեղ հայտնաբերել 10 հնավայր: Մինչև այժմ դրանցից միայն մեկն է եղել գրանցված, մյուս 9-ը մարդկությանն ու պատմությանն անհայտ են: Հուշարձաններն ունեն հայերեն արձանագրություններ, ինչը մեզ ապահովագրում է  հայկական հուշարձանների էթնիկ պատկանելությունը կասկածի տակ առնելու վրացական մարմաջից: Սամվել Կարապետյանը նորահայտ հուշարձանների է հանդիպել նաև Տավուշի Ոսկեպար գյուղում. 20 հնավայրերից 19-ը` բոլորովին անհայտ:

Վիմագություններն ու վիմապատկերները, ծառածածկ մատուռներն ու մամռապատ խաչքարերն իրենց օրում մարդու երես չեն տեսել: Դրանց տեղը գիտեն միայն որսորդներն ու հովիվները: Եթե նրանք էլ չլինեին, չի բացառվում, որ կոթողներն այդպես անհայտ ու անհաղորդ էլ կմնային: Հնագիտական ուսումնսիրությունների արդյունքում միայն կհստակեցվի, թե որ դարերին են պատկանում դրանք. հուշարձանագետի կարծիքով` առնվազն վաղ միջնադարից ուշ միջնադար ընկած ժամանակահատվածին: Եթե այդ հուշարձանները վաղ հայտնաբերվեին, միգուցե որոշ չափով կանխվեր քայքայման գործընթացը, բայց այս պահին դրանք ավերակներ են, լավագույն դեպքում` կիսականգուն կամ խոնարհված: Մեր 29 հազար քմ. ափաչափ հայրենիքի միայն ճանապարհամերձ վայերին ենք քիչ թե շատ ծանոթ, սարերում ու անտառներում ժամանակը կանգ է առել: Հողի, փարթամ բուսականության շերտերի տակից ծիկրակող ավերակներն ասես հառաչում են` ուշ է:

Այս թեմայով