14 Հոկտեմբեր 2013, 13:58
1541 |

Պատառըմ տոն

2013-ի տոնակատարությունների համար բյուջեն առանձնակի փոփոխություն չէր ապրել՝ ի տարբերություն մայրաքաղաքի միլիոնների, բայց միջոցառումների ցանկը առավել քան հագեցած էր՝ համերգներ, ներկայացումներ, ցուցահանդեսներ: Սակայն գլխավոր իրադարձությունը Հացի տոնն էր:

2008-ից ի վեր հոկտեմբերի երկրորդ կամ երրորդ շաբաթվա մեկ օրը նշվում է որպես Հայոց հայրաքաղաքի՝ Գյումրու օր: Տասնմեկ տարվա պատմություն ունեցող այս տոնակատարության ժամանակ Գյումրին մեկ օրով բացում է պատմության էջերն ու այնտեղից դուրս հանում քաղաքային ավանդույթները ու մշակույթը:

Դեռ չէր իջել մայրաքաղաքային տոնակատարությունների փոշին, երբ հայրաքաղաքն ի լուր աշխարհի զլեց իր զուռնա-դհոլը: Փողոցները լցվեցին պոլոզ-մուկուչներով ու ջղեր-խաչիկներով, արծաթե քամհարները դուրս բերվեցին պապական սնդուկներից, կառապանները լաքեցին սև «սապոգներն» ու սանձեցին ձիերին: Գյումրիում տոն է՝ թող բոլորն իմանան: Մինչև Երևանն իր 2795-ամյակն էր նշում Gangnam Style-ի ներքո, Գյումրու ամեն մի անկյունից հորդում էր ժողովրդական երգը: Հրապարակները, սրճարանները ողողված էին հայկական ավանդական երգ ու պարով: Ալեքսանդրապոլը բացել էր «բոխչաներն» ու «խորոտիկ յարերին» պարի էր կանչում: Երկար սպասեցնել չտվեցին, կանայք գործի անցան, սկզբում՝ տոնական ու տնական սեղանի պատրաստություն տեսան: Ու սեղանն այդ պիտի ճկվեր առաջին հերթին հացի ծանրությունից:

2013-ի տոնակատարությունների համար բյուջեն առանձնակի փոփոխություն չէր ապրել՝ ի տարբերություն մայրաքաղաքի միլիոնների, բայց միջոցառումների ցանկը առավել քան հագեցած էր՝ համերգներ, ներկայացումներ, ցուցահանդեսներ: Սակայն գլխավոր իրադարձությունը Հացի տոնն էր: Կազմակերպել են մանրակրկիտ, սիրով ու խնամքով:

Գյումրու ժողովրդական ճարտարապետության և ավանդական կենցաղի թանգարանի՝ Ձիթողցյանների տան բակը բազմամարդ էր: Առաջին անգամ էր Գյումրիում անցկացվում Հացի փառատոն: Հենց հյուրերի աչքի առաջ ցորենը դարձավ ալյուր, ալյուրը՝ խմոր, խմորն էլ՝ բակում նախօրեին սարքած թոնրում կարմրեց-կարմրատակեց ու դարձավ լավաշ, բոքոն, գաթա, բաղարջ: Ձիթողցյանների տան թոնիրն արգասաբեր էր, կասկած չկար:

Թոնրից մի կերպ կերպ կտրվելով, հացի համը՝ բերանում, բույրն էլ՝ սրտում պահած՝ հյուրերը ցրվում էին բակով մեկ՝ տեսնելու ու ճանաչելու Շիրակի մարզի ավանդական կենցաղն ու մշակույթը, որը ներկայացնում էին մարզի տարբեր դպրոցների սաները: 9-ից 16 տարեկան ազգային տարազներ հագած պատանիներն ու աղջիկները վարպետորեն թել էին մանում, ցորեն աղում, կահ-կարասի պատրաստում: Ու միայն նրանցից ոմանց գրպանում ժամանակ առ ժամանակ ծլնգացող բջջայիններն էին մատնում՝ հիմա որ դարաշրջանն է իրականում:

Հացի փառատոնը Գյումրու օրվա տոնակատարությունների սկիզբն էր միայն, բայց հացի բույրը բաց վերքերով հպարտ քաղաքում դեռ երկար մնաց: Տոնին մասնակից թե՛ գյումրեցիները, թե՛ հյուրերը իրենց հետ մեկընդմիշտ տարան Ձիթողցյանների բակի թոնրից դուրս եկող հացատեսակների համն ու բույրը:

Այս թեմայով