06 Հոկտեմբեր 2013, 20:03
2487 |

Գինի լից

Այս տարի գինու փառատոնն Արենիում առանձնացավ մասնակիցների աննախադեպ քանակով, ապրանքատեսակների բազմազանությամբ: Եռօրյա փառատոնին գինովցած կրքերը չշրջանցեցին և ոչ ոքու:

Հայաստանյան փառատոնների շարքը միանգամայն թերի կլիներ, եթե դրանցում իր տեղը չունենար գինու փառատոնը: Գինեգործության հնագույն օջախներից մեկում այդ խմիչքը մեծարելու ավանդական միջոցառումը հինգերորդ անգամ, այն էլ՝ երեք օր շարունակ, տեղի ունեցավ Վայոց Ձորում: Հոկտեմբերի 4-ին Ռինդ համայնքում տնական արտադրության գինիների մրցույթ անցկացվեց, իսկ հոկտեմբերի 5-ին Արենիում բուն փառատոնյան, թեթևակի գինովցած կրքեր էին:

Փառատոնի բացումն ազդարարեց Քաջ Նազարի ու Ուստիանի դերակատարմամբ փոքրիկ խաղ-ներկայացումը, որից պարզվեց, որ Նազարը մին զարկում, սարքում է գինի հազար-հազար: Բեմից հապշտապ իջնելով հրապարակ՝ նրանք մոտեցան խաղող ճզմելու մեծ կիսաբաց տակառին, մի զամբյուղ քաղցր սև խաղող լցրեցին և, մերկացնելով ոտքերը, ազդարարեցին գինու փառատոնի մեկնարկն ու հայկական զուռնա-դհոլի ռիթմով սկսեցին դոփել ու քամել խաղողի հյութը: Մինչ տակառում խաղողի հյութ էր քամվում, հրապարակում արդեն երկու-երեք օղակով շուրջպար էին բռնել ազգային տարազներով պարային համույթները:

Մերթընդմերթ այրող արևով ընդմիջվող սուր քամին կրկնապատկում էր ոգելից խմիչքը փորձելու ցանկությունը: Տաղավարներում կողք կողքի իրենց արտադրանքն էին ներկայացնում թե՛ գինու գործարանները, թե՛ անհատ գինեգործները: Մի քանի ժամվա ընթացքում Արենի համայնքի կենտրոնական հրապարակ այցելած մարդիկ տարերայնորեն շրջում էին տաղավարներով՝ սկզբում զննող հայացքով չափչփելով ու գնահատելով, իսկ հետո արդեն՝ համտեսելու և գնելու նպատակով: Ամենախելամիտները շտապում էին ոչ թե գինու գործարանների տաղավարներ, որոնց արտադրանքն առանց այդ էլ ամեն օր կարելի է գնել յուրաքանչյուր խանութից, այլ անհատ գինեգործների մոտ, նրանք համտեսելու առաջարկներ շատ ունեին: Տարբեր ձևի ու չափսի ապակե տարաների մեջ ապաստանել էին մաճառ, կարմիր կամ սպիտակ քաղցր գինի, կիսաքաղցր ու դառը գինի, սպիտակ մսխալի, ծիրանի գինի, որի բույրն արդեն իսկ չափից ավելի գայթակղիչ էր, և նույնիսկ ազնվամորու գինի: Ինչ խոսք, քարից հաց քամող ժողովրդի համար հատապտղից գինի ստանալը «պարապ վախտի խաղալիք» է: Ընդ որում՝ հետաքրքիր նկատառում արեցինք նախքան վերջնականապես հարբելը. ուշադիր հետևելու դեպքում կարելի էր գլխի ընկնել, թե ում գինին արժե փորձել կամ գնել: Բանն այն է, որ նրանք, ում արտադրած գինին աչքի չէր ընկնում բարձր որակով, համտեսի համար շռայլորեն մի մեծ լի գավաթ էին հյուրասիրում, իսկ ահա ընտիր գինի արտադրողը երկու-երեք ումպ անելու չափ էր լցնում, հավանաբար՝ գիտեր, որ հասկացողը մի ումպից էլ կհասկանա: Անփորձ սկսնակներն ագահորեն կլկլացնում էին, իսկ գինուց գլուխ հանողները սկզբում հոտ քաշում, ապա արևի լույսի ներքո գնահատում թանձրությունը, իսկ հետո մի ումպ անելով՝ հետևում համի փոփոխություններին:

Գինուց բացի ցուցահանդես-վաճառքում կարելի էր գտնել նաև այլ բարիքներ՝ մեղր՝ մոմով և առանց, գաթա, ալոճ, տնական պանիր, թթու, սերկևիլ, նուռ, օղի՝ ծիրանի, դեղձի, սալորի, վայրի տանձի և, իհարկե, թթի: Զբոսաշրջիկներին, ինչպես միշտ, գրավում էին ալոճի ուլունքները: Նրանք անտարբեր չանցան նաև թոնրի մոտով, որտեղ ավանդական լավաշ թխելու արարողություն էր. տաք-տաք, անուշաբույր լավաշն այնքան արագ էր վաճառվում, որ չէին հասցնում անգամ իրար վրա դարսել: Իսկ քիչ վերև գտնվող տաղավարներում հայկական ավանդական խորոված ու քյաբաբ էին պատրաստում, որպեսզի ժողովուրդը գինի չխմեր դատարկ փորով, հակառակ դեպքում փառատոնի ավարտը խաղաղ չէր ստացվի: Թեև անգամ կուշտ փորով հաց ուտելուց հետո շատերը գերազանցում էին գինու բոլոր հնարավոր չափաբաժինները: Բացառություն չէր նաև հաղորդավարը, որը ոմն Հռիփսիմե Աղաբաբյանի ելույթը հայտարարելիս արտաբերեց. «Իսկ հիմա դիմավորեք մեր երիտասարդ երգչուհի Հռիփսիմե Խուրշուդյանի՜ն»:

Ցուցահանդես-վաճառքից բացի փառատոնի շրջանակում կազմակերպվել էր նաև բազմամարտ. հատուկ առանձնացված հարթակում հաղթանդամ երիտասարդները չափում էին իրենց բազկի ուժը, նրանց շուրջ հավաքված փոքրիկները՝ ոգևորված գոռգռում, իսկ տղամարդիկ ու ալեհեր պապիկները՝ փորձառու հայացքով հետևում, ուղղություն տալիս: Հրապարակին կից բեմում ժողովրդական երգ ու պարի ելույթներ էին, մյուս հարթակններում՝ զանազան մրցույթներ ու ցուցադրություններ:

Այրող արևը կամաց-կամաց զիջում էր դիրքերը, իսկ արդեն գինովցած մարդկանց քեֆը՝ լավանում: Վերջում բոլորը շիկնած այտերով ու գոհ ժպիտներով, ձեռքներին՝ մի քանի շիշ գինով, իսկ վզին՝ կերած ալոճի շարանից մնացած պարանները, բռնեցին տան ճամփան՝ ութեր գծելով ու հայկական սրտաճմլիկ երգեր երգելով: Ամենամյա գինարբուքը հաջորդ տարի անպայման կկրկնվի:

Այս թեմայով