15 Սեպտեմբեր 2013, 16:29
3092 |

Գաղափարական ամբիոն

Արդեն 4-րդ տարին է՝ ինչ համաշխարհային հայտնի TED կոնֆերանսներն ունեն նաև հայկական գրանցում: Հասցեն անփոփոխ է՝ Հալաբյան փողոց, «Թումո» Ստեղծարար Տեխնոլոգիաների Կենտրոն, իսկ TED-ի հայկական անձնագրում գրված է TEDxYerevan:

TED-ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն առաջնորդվում է «գաղափարներ, որոնք արժանի են տարածման» սկզբունքով: 25 տարի առաջ Կալիֆորնիայում ի սկզբանե լինելով քառօրյա ծրագիր՝ TED-ն այժմ վերաճել է աշխարհը փոխող գաղափարներին աջակցող կառույցի:

Տարածաշրջանում Հայաստանն առաջինն էր, որ միացավ TED-ի մեծ ընտանիքին: Ամբիոնից խոսելու ու սեփական փորձն ու մտքերը մարդկանց հետ կիսելու խիզախություն սկզբում քչերն ունեին: Սակայն երբ տեսան, որ երեկվա հանդիսատեսն այսօր բեմում ոգևորված պատմում է, թե ինչ գաղափարներով է ոգեշնչվել ու ինչ նոր ձեռքբերումներ է ունեցել նախորդ տարում, ակամայից թևեր առան շատերն ու աշխարհին պատմեցին իրենց մտքերն ու գաղափարները:

Միջոցառումը լոկ ելույթների շարք չէ: Այստեղ ծնվում ու իրագործվում են գաղափարներ: Մեկօրյա կոնֆերանսը յուրահատուկ հարթակ է, որտեղ միմիանց հետ ծանոթանում են մտքի ու նորարարության համախոհները:

Այս տարի սեպտեմբերի 14-ին կայացած TEDxYerevan-ը յուրահատուկ է նախևառաջ  նրանով, որ ելույթ ունեցողներից շատերը լուրջ առաջարկներ արեցին՝ ի նպաստ Հայաստանի, մասնավորապես, արևային էներգիայի, էկոլոգիական անվտանգության, բիզնես խիզախության և այլ բնագավառներում ներդրումների մասին:

Տարվա նորարարություններից մեկն էլ այն էր, որ համացանցում ուղիղ հեռարձակման միջոցով բազում մարդիկ, ովքեր ֆիզիկապես չէին կարող ներկա գտնվել կոնֆերանսին, հնարավորություն ստացան հետևել խոսնակների ելույթներին: Ըստ TEDxYerevan-ի հիմնադիր և լիցենզավորված անձ Քրիստինե Սարգսյանի՝ սա իրոք լուրջ ձեռքբերում է, քանի որ ուղիղ հեռարձակումն էլ ավելի կընդլայնի ունկընդիրների շարքերը:

TEDxYerevan-ին ներկա Նայջլ Շարփը ծագումով անգլիացի, բայց Հայաստանում բնակվող Ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետ է: Նախորդ 4 կոնֆերանսների ժամանակ Նայջլը TEDxYerevan-ի տեխնիկական աջակիցներից է եղել: Անցած տարվա միջոցառումից ոգեշնչված Նայջլին ստեղծեց նորարարական գաղափար voiceboard-ը: Ժեստերի ու ձայնի միջոցով այս նորարար տախտակը ձեր մտքերը ակնթարթորեն վերածում է թվանշային կտավի, որտեղ կարող եք տեսնել ձեր գաղափարների պատկերային արտացոլումը: Նախորդ տարվա կոնֆերանսից հետո արձանագրած հաջողություններն այս տարի Նայջլը բեմից պատմեց՝ շեշտադրելով բիզնեսում խիզախ լինելու կարևորությունը. «TEDxYerevan-ը անկրկնելի հարթակ է, որտեղ իրար են գտնում համախոհներն ու կիսում գաղափարները: Մեկ տարի առաջ, լինելով հանդիսատեսի դերում, ես լսեցի մի շարք գաղափարներ, որոնք ինձ համար եղան ոգեշնչման աղբյուր, որպեսզի ես հիմնեմ իմ ընկերությունը Երևանում: Իհարկե, հեշտ չէր: Մեր հաղթահարած խոչնդոտների ու դժվարությունների մասին միայն մենք գիտենք: TEDxYerevan-ը ինձ ոգևորեց ու ես իմ մեջ խիզախություն գտա սկսելու իմ գործը, իրագործելու սեփական գաղափարներս: Այս տարի, որոշեցի բոլորին պատմել իմ փորձի մասին, ոգևորել հանդիսատեսին դառնալու ավելի խիզախ»:  

TEDxYerevan-ը համագործակցության հաջողակ հարթակ դարձավ նաև OneArmenia ընկերության համար, որի համահիմնադիրները ծանոթացել են հենց այս կոնֆերանսներից մեկի ժամանակ ու ցայսօր համատեղ էկոլոգիական նախագծեր են իրականացնում:

Այս տարի TEdxYerevan-ը յուրահատուկ էր նաև իր աշխարհագրությամբ: Խոսնակները այս անգամ ժամանել էին աշխարհի տարբեր ծայրերից: Հայ ու այլազգի հյուրերը հավաքվել էին մեկ հարկի տակ ու մեկ գաղափարախոսությամբ՝աշխարհն ավելի հարմարավետ ու նորարար դարձնել: Դանիայից ժամանած Ադամ Պերվեզը, օրինակ, պատմեց իր պատմությունն այն մասին, թե ինչպես գտավ երջանկությունը: Ավելին՝ նա հանդիսատեսին խորհուրդներ տվեց, թե ինչպես լինել ավելի երջանիկ, առողջ և կենսուրախ: Նա այս գործում մասնագետ է: Ադամը հանդիսանում է «Երջանկության աուդիտ» ընկերության հիմնադիրը և «Երջանկության գծով» տնօրենը: Հայաստանը թվով 71-րդ երկիրն է, որտեղ երջանկության փորձագետ Ադամը պատմում է  իր գիտելիքների ու գաղափարների մասին:

Գաղափարների փոխանակման ու ոգեշնչման միջոցառումն արդեն անցյալում է, արդեն սկսել են քննարկվել գալիք հանդիպման մտքերը: TEDxYerevan-ի հիմնադիր Քրիստինե Սարգսյանը նշեց, որ մյուս տարի իրենց ուշադրության կենտրոնում հայտնվելու է կրթական ոլորտը, շեշտն ավելի շատ դնելու են հենց կրթության վրա:

Այս թեմայով