08 Սեպտեմբեր 2013, 16:25
2063 |

Խորովածի համաշխարհային մայրաքաղաքում

Թեև առաջին անգամ չէր, որ փառատոնի խորովածը «հյուրասիրում էին» գումարի դիմաց, շատերը, այնուամենայնիվ, հույս ունեին, թե անվճար պանիրը միայն թակարդում չէ:

Երևանից Ախթալա տանող ճանապարհը երկար ու հոգնեցնող էր, բայց դրա դիմաց ստացած հոգեկան ու համային զգացողությունները՝ անփոխարինելի: Դեպի եկեղեցին տանող բլուրն ի վեր բարձրանալուն պես հայտնվեցինք մի ընդարձակ դաշտում: Աջ կողմում շարվել էին մանղալները, որոնց շուրջ բրոունյան շարժումով շրջում էին փառատոնի այցելուները՝ անհամբեր սպասելով, թե երբ է միսը եփվելու կրակի բոցերի մեջ, իսկ հեռվում հանդարտ ու անսասան վեր էր խոյանում Ախթալայի վանքը: 10-րդ դարում կառուցված վանքի հետ բազմաթիվ լեգենդներ են կապված, իսկ հավատալիքներից մեկի համաձայն՝ եթե երազանք պահես ու վանքի շուրջ 7 պտույտ կատարես, ապա երազանքդ անպայման կկատարվի: Սնահավատ լինելս չխանգարեց, որպեսզի 7 անգամ պտտվեմ վանքի շուրջ ու վերադառնամ մանղալների մոտ, որտեղ ամեն ինչ ողողված էր ծխի քուլաներով ու տաք-տաք մսի վրա ցանվող ջրի թշթշոցով: Տաղավարներից մի քանիսը ներկայացնում էին զանազան բարձրորակ ռեստորանային համալիրներ, մյուսները մերձակա գյուղերինն էին, իսկ, օրինակ, Խոխմելը սահմանից այն կողմ գտնվող վրացական գյուղ է, որը նույնպես իր տաղավարն ուներ փառատոնում:

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ կողմից արդեն 5-րդ անգամ կազմակերպված խորովածի փառատոնի մասնակիցները արագ-արագ մի-մի բաժին խորոված պատրաստեցին՝ ժյուրիի դատին հանձնելու համար: Թվում է, թե խորովածը խորոված է, ի՞նչ տարբերություն՝ ով է պատրաստել, բայց արի ու տես, որ տարբերություն կա ոչ միայն նրանում, թե ով է պատրաստել, այլև ինչպես է պատրաստել և ինչպես է մատուցել: Տավարի, խոզի ու հավի մսի կտորների հետ միասին կրակի մեջ եփվել էին նաև սալի կտորներ, գույների բազմազանությամբ աչք շոյող բանջարեղեն և անգամ մրգեր, էլ չենք խոսում համեմունքների մասին: Իսկ ձևավորումներում նույնիսկ ցորենի հասկ ու ու նուռ կգտնեիր: Մեկը խորովածը տեսքով էր զարմացնում, մյուսը՝ համով:

Մարդկանց հոսքը Ախթալա չէր դադարում. անգամ կիզիչ արևը չէր կարող հետ պահել նրանց ամենամյա տոնակատարությանը մասնակցելուց և վարպետի ձեռքով պատրաստված խորովածը համտեսելուց: Ու թեև առաջին անգամ չէր, որ փառատոնի խորովածը «հյուրասիրում էին» գումարի դիմաց, շատերը, այնուամենայնիվ, հույս ունեին, թե անվճար պանիրը միայն թակարդում չէ:

Մինչ ժրաջան խոհարարները հմտորեն հաշվեհարդար էին տեսնում չալաղաջների ու խոզի մատերի հետ, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը անհանգիստ շրջում էր բոլոր տաղավարներով, հետևում, որպեսզի ամեն ինչ կարգին լինի և սիրով համաձայնվում լուսանկարվել այցելուների հետ: Կարճ ժամանակ անց նա հանդես եկավ մի կարևոր հայտարարությամբ, ըստ որի՝ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն Ախթալան հռչակեց խորովածի համաշխարհային մայրաքաղաք, իսկ սեպտեմբերի առաջին շաբաթը՝ խորովածի օր: «Մենք դա հայտարարում ենք՝ որպես ՀԿ: Թե արդյոք դա կընդունվի պաշտոնապես կամ կամրագրվի որևէ փաստաթղթով, մեզ չի հետաքրքրում», - նշեց Մամուլյանը: 

Մինչ ժյուրին ծանրութեթև էր անում մասնակիցների մատուցած խորովածի համն ու տեսքը, փոքրիկ բեմում ելույթ էին ունենում հարակից գյուղերի պարային համույթներն ու երգիչները: Կատարումներով հանդես եկան նաև երևանյան The Beautified Project-ը, Lelo & Friends-ը և Սրբուհի Հովհաննիսյանը «Դեղ» խմբից: Երաժշտությունն ու խորովածը վայելելու համար մարդիկ հաշվի էին առել ամեն ինչ: Վանքի ստվերում հարմար տեղավորվելու համար պայուսակիս մեջ բարեբախտաբար հայտնված դատարկ տոպրակը ոչինչ էր կողքիններիս ծածկոց-սփռոցների համեմատ: Բոլոր կանոններով «տնավորված» ժողովուրդն անգամ չէր ալարել գազով աշխատող ջեռոց բերել. էլ ի՞նչ հայկական պիկնիկ առանց տնական սուրճի:

«Լավագույն տեսք», «Լավագույն համ» և «Լավագույն մտահղացում» անվանակարգերում հաղթողներին հայտարարելուց հետո փառատոնը շարունակվեց խաղերով ու մրցույթներով: Կետչուպով լավագույն նկար ստանալու փորձերը մի լավ ուրախացրեցին ներկաներին, իսկ առավոտից ծխի մեջ կանգնած, ջանք թափած ու հաղթող ճանաչված խոհարարները օրվա հերոսի դերում էին՝ լայն ժպիտը դեմքին լուսանկարվելով կուշտ ու գոհ հյուրերի հետ:

Այս թեմայով