21 Օգոստոս 2013, 15:41
3013 |

Ուշադրության ակցիա

Նորքի տուն ինտերնատում 230 ճակատագրեր, մարդկային պատմություններ են ծվարած։ Եթե ինչ-որ մեկին քայլերը ծերանոց են բերել, ուրեմն նրա կյանքում մի շատ կարևոր բան բեկանվել է։ Խոցելի խումբ. ծերերին ու երեխաներին այսպես ենք որակում, հարազատների կողմից ուշադրության պակասը կամ իսպառ բացակայությունը նրանց մանկատուն ու ծերանոց են հասցնում։ Մանուկներին պետք է մեկը, որին նրանք կլսեն, ծերերը պետք ունեն մեկի, որն իրենց կլսի։
Համբերատար ունկնդիր. կյանքի վերջում, երբ այլևս ոչինչ հնարավոր չէ հետ բերել, երբ սեփական կամ ուրիշի սխալների, սայթաքումների պատճառով կյանքն ընթացել է չնախատեսված ուղղությամբ, գալիս է տասնամյակների կուտակվածը պատմելու ժամանակը։ Ու կարևոր չէ' քեզ ով կլսի' որդի՞դ, դո՞ւստրդ, հարևա՞նդ, թե՞ անծանոթ մեկը։ Միայն թե լսի, հարցեր չտա, անգամ չկարեկցի, միայն թե լսի։ Նրանց պետք չեն նյութական բարիքներ, անգամ չեն էլ հիշում' վերջին անգամ երբ են նոր զգեստ հագել կամ մի համով բան կերել, միևնույն է' ոչ մեկի, ոչ էլ մյուսի կարիքը չունեն։
Նորքի տուն ինտերնատի բնակիչներին հնարավորություն է տրվում կինո ու թատրոն հաճախել, այցելել հարազատներին, եթե կան այդպիսիք, երբեմն հյուրեր էլ են գալիս այստեղ։ Բայց մի սրտակից ընկերը, մի անտրտունջ ունկնդիրը նրանց համար աշխարհ արժե։ Ներսում ամբարված կարևոր ու անկարևոր դիպվածները, սիրո և ուշադրության պակասի ցավը ուզում են դուրս հորդել։ Իրենք ծերանում են, պատմություններն ու հուշերը' երբեք։ Ամեն անգամ պատմելուց դրանք նորեն կենդանանում, միս ու արյուն են ստանում, ու խորշոմած դեմքի ակոսներում ծվարած թաց աչքերում երիտասարդ կայծեր են բոցկլտում։
Imyerevan.com-ի լրագրողները որոշեցին այցելել Նորքի տուն ինտերնատ, ոչ թե պարզապես հյուրընկալվել, այլ նրանց մեկ օրը մի քիչ տարբեր դարձնել մյուս օրերից՝ պարզ ու մարդկային ուշադրություն, ջերմ ընկերակցություն ու հոգատարություն: Մեր գործընկերները հաճույքով աջակցեցին գաղափարին՝ Make-Up Atelier գեղեցկության սրահ-խանութում տատիկների մազերն ու մատները հարդարվեցին, օրը շարունակվեց սուրճի կամ թեյի սեղանի շուրջը Segafredo և Square One սրճարաններում։ Սկզբում փոքր-ինչ կաշկանդված, այնուհետև նոր միջավայրին ու պայմաններին վարժված' տատիկ-պապիկներն ընկերակցում են ոչ թե միմյանց, ինչպես ծերանոցում, այլ երիտասարդ լրագրողներին ու լուսանկարիչներին։ Աշխուժությունն աստիճանաբար ներթափանցեց սրճարան, ու ծերունիները վարակվեցին երիտասարդ ավյունով։ Նրանց աչքերում բոցկլտացին վաղուց անթեղված կայծերը։ Մենք ուզում ենք ու պատրաստ ենք լսել նրանց։ Ու հետ է պտտվում կյանքի պատմության կծիկը։ Իսկ պատմությունները բյուրավոր են…

 

 

Այս թեմայով