07 Օգոստոս 2013, 13:14
2459 |

Ովքե՞ր են հայ Alien-ները, Directioner-ներն ու Glambert-ները

Այս պատանի աղջիկներն ու տղաներն ինտերնետային ցեցեր են, բայց ոչ թե փչացնում են համաշխարհային սարդոստայնը, այլ հակառակը՝ ամեն օր մեծ պատասխանատվությամբ այն հագեցնում իրենց սիրելի խմբերին ու կատարողներին վերաբերող ինֆորմացիայով:

Ֆեյսբուքում առավելագույնս աչքի ընկնող երեք ֆան խմբերի' Tokio Hotel, One Direction և Adam Lambert ներկայացուցիչների հետ օնլայն զրուցելիս տպավորություն էր, որ մեր հարցերին պատասխանում է հենց ինքը՝ ամերիկացի երգիչ, դերասան Ադամ Լամբերտը կամ անգլո-իռլանդական One Direction բոյզ բենդի տղաները: Պատանիներն իրենց քավր-նկարների փոխարեն դրել են այդ երաժիշտների լուսանկարները, իսկ իրենց անունների փոխարեն հանդես են գալիս կեղծանուններով: Փաստորեն պետք չէ զարմանալ, եթե ձեզ հետ զրույցի բռնվեն Tokio Hotel գերմանական ռոք խմբից Բիլ կամ Թոմ Կաուլիցները:
Իսկ ովքե՞ր են այդ պատանիները և ինչու՞ են իրենց թանկագին ժամանակը ծախսում՝ սատարելով վերոնշյալ երաժիշտներին, ովքեր հավանաբար չեն էլ ենթադրում հայ ֆաների գոյության մասին:

Պարզելու համար պատանիներին օնլայն տիրույթից օֆլայն բերել էր պետք: Հանդիպման վայրը Թումանյանի այգին էր, առաջինը ներկայացան Tokio Hotel ռոք խմբի երկրպագուները՝ վեց-յոթ հոգի՝ պաստառներով: 14-20 տարեկան պատանիների արտաքինից ֆանատիզմի հոտ չէր գալիս, միայն նրանցից մեկը կրում էր կարմիր վերնաշապիկ Թոմի պատկերով:

Իրեն Alien համարող Գրիգորը 14 տարեկան է, https://www.facebook.com/TokioHotelArmenianFamily էջի ադմիններից է. «Երբեք նրանց նման մազերս չեմ հարդարի: Սիրում եմ նրանց երգերը, որպես կերպար նախընտրում եմ Թոմին: Համոզված եմ, որ այս ամենը երբեք չի ավարտվի, միշտ էլ կլսեմ նրանց երգերը»:

«Ի՞նչ է Alien-ը»,- հետաքրքրվեցինք: Պարզվեց՝ այդպես են իրենց անվանում Tokio Hotel-ի երկրպագուները: Alien-ը անգլերեն բառ է, նշանակում է լքված, օտար, այլմոլորակային, հենց այդպիսին էին խմբի ներկայացուցիչները դեռ դպրոցական տարիներից: «Մենք ուզում ենք, որ մեզ հարգեն, ոչ մեկին վատություն չենք անում, սա մեր երաժշտական ընտրությունն է ու վերջ», - ասում է 17 - ամյա Աբրահամը, ով ապագա ատամնատեխնիկ է:
Զրույցին միացավ Իննան: 16-ամյա աղջիկն արդեն վեց տարի՝ հետևում է խմբին, բայց ասում է, որ միայն վերջին տարիներին նրանք մտան իր սիրտ ու տակնուվրա արեցին ամեն ինչ.

«Տղաներից ամենաշատը Բիլին եմ սիրում: Կարևորն այն է, որ մենք տեսնում ենք, թե ինչպես են Tokio Hotel-ի տղաները հարգում իրենց երկրպագուներին»:

18-ամյա Աննան, ով ի դեպ գերմանական ռոք խմբի ֆեյսբուքյան էջի ադմինն է և հսկում է http://tokiohotelalien.do.am/ կայքը, ոգևորությամբ փաստեց, որ Tokio Hotel-ի տղաներն իրեն հետևում են Twitter-ում: Սա ուշագնաց լինելու առիթ է: «Մինչև հիմա հավատս չի գալիս, ամեն առավոտ մտնում եմ Twitter, համոզվում, որ հետևում են ինձ ու ուրախությունից նորից աշխարհն իմն է»:

Թեև Alien-ները խաղաղասեր տպավորություն թողեցին, բայցև խոստովանում են, որ համացանցում լինում են վեճեր, ծավալվում է իսկական պայքար՝ լավագույնի կոչման համար: Alien Գագիկն ասում է, որ նման դեպքերում իրենք փորձում են քաղաքավարի բացատրել, որ յուրաքանչյուրի համար իր նախընտրած երաժիշտն է լավագույնը:

Կարելի էր խենթանալ այս ամենից, եթե ճիշտ ժամանակին ալիքը չփոխեի One Direction-ի երկրպագուների վրա: Այս խումբը ներկայացնելու էին եկել չորս հոգի, որոնցից երկուսը այլ էջ էր ներկայացնում և նրանք միմյանց չէին ճանաչում: Ինձ թվաց, որ ականատես կլինեմ աղջկական ծեծկռտուքի, բայց Directioner-ներն ինձ նման հաճույք չպատճառեցին: «Մենք մի ընտանիք են», - ասաց 12 –ամյա Մարիան, որին միացավ https://www.facebook.com/pages/One-Direction-Armenia/284219835017789 հայկական էջի մյուս ադմինը՝ Ռոզան: Աղջիկները վարում են համանուն բլոգ՝ http://directioners-armenia.blogspot.com/, ունեն օնլայն ռադիոկայան, որը հնչեցնում է միմիայն այս խմբի երգերը: Նրանք նույնպես իրենց օրը չեն պատկերացնում առանց այս խմբի: Մարիամը օրական 50 անգամ պարտադիր պիտի լսի նրանց երգերը, իսկ Ռոզան՝ մոտ 100:

Աղջիկներն իրենց գործունեության մասին բավականին լուրջ էին պատմում, նրանք ունեն մեկ նպատակ. որպեսզի խումբը իմանա, որ Հայաստանում էլ կան երկրպագուներ ու սպասում են իրենց համերգին: «Ես մի անգամ փորձեցի գրել նրանց Twitter-ում, բայց պատասխան չեղավ, իհարկե, վիրավորվում ենք, բայց չենք նեղանում»,-ասում է Մարիան: Ռոզան էլ իր հերթին հավելեց. «Ես չգիտեմ, թե ինչ պիտի անեն նրանք, որ ես հիասթափվեմ կամ էլ չսիրեմ նրանց, չեմ պատկերացնում, որ կգա մի օր, երբ այլևս չլսեմ նրանց երգերը»:

Մինչև այդ մեզ ուշադիր լսող Էլենն ու Մերին էլ միացան զրույցին: Նրանք ներկայացնում էին https://www.facebook.com/pages/One-Direction-Armenian-army/335918996504246?ref=tn_tnmn -ն:

«Բացի լուրեր տարածելուց մենք կազմակերպում ենք նաև ակցիաներ ու ֆլեշ մոբեր, օրինակ վերջերս որոշել էինք համացանցում գրել Armenia Loves One Direction, որպեսզի դա հեշթեգով երևա ու խումբը իմանար այդ մասին: Բայց այդքան էլ կազմակերպված չէինք, մյուս անգամ ավելի լավ կանենք»,-ասաց Էլենը: Աղջիկները ցանկանում են, որ Հայաստանում իրենց հասակակիցները լսեն լավ երաժշտություն, դրա համար անում են ամեն հնարավորը:
Ամեն հնարավորն անում են նաև Glambert-ները, այսպես են իրենց անվանում ամերիկացի երգիչ, դերասան Ադամ Լամբերտի երկրպագուները:

14-ամյա Էլենը https://www.facebook.com/AdamLambertArmenia տեղեկատվական էջի ադմիններից է: Ով-ով, բայց նա ամեն ինչ գիտի իր սիրելի Ադամի մասին, ավելին՝ պարբերաբար ինֆորմացիան կիսում է խմբի մյուս ներկայացուցիչների հետ: Նա պարզաբանեց, թե ինչու են իրենք կոչվում Glambert. «Ադամը Glam rock ոճում է, այդպիսով այդ բառը միաձուլվել է Ադամի ազգանվան հետ ու ստացվել Glambert»:

17 տարեկան Սեդուլը նույնպես պարզապես խենթանում է այս կատարողի համար, նրա սերը չմարեց նույնիսկ այն ժամանակ, երբ նա իմացավ մի վատ նորություն Ադամի մասին.«Անկեղծ ասած, երբ իմացա նրա ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին, շատ տխրեցի, բայց հետո հասկացա, որ դա չի կարող ազդել իմ սիրո վրա»: «Մարդիկ, առանց լսելու նրա երաժշտությունը, քննադատում են՝ ելնելով Ադամի արտաքինից ու կերպարից, մենք հաճախ ենք ստիպված լինում նրան պաշտպանել», - հավելեց Glambert Դիանան: Ի դեպ, հետաքրքիր նկատառում. հայ Glambert-ները լավ հարաբերությունների մեջ են ադրբեջանցի և թուրք Glambert-ների հետ, միմյանց շատ են հարգում և փոխանակվում ինֆորմացիայով:

Glambertn-ների մեջ հանդիպեցի մի աղջկա, որը կարծես Ադամի երկվորյակը լիներ՝ նույն սանրվածքը, շատ նման դիմագծեր: Տաթևը ծանոթացավ այս երգչի գործունեությանը մոտ երեք տարի առաջ ու նկատեց, որ նման են. «Ես չեմ կրկնօրինակում Ադամին, միշտ էլ այս ոճը եղել է, ուղղակի, մի քիչ կատարելագործել եմ»:

Հայ Alien-ների, Direction-ների ու Glambert-ների հետ հարցազրույցների ավարտից հետո նրանք սկսեցին միմյանց հետ համերաշխ շփվել: Սա լավ առիթ էր օֆլայն ծանոթության, ով գիտե, միգուցե որոշեին Glambert կամ Alien-ափոխ լինել:

Այս թեմայով