16 Հուլիս 2013, 17:05
2376 |

Հրեական «Անընդունելի անտարբերություն»

14 տարի Իսրայելում գոյություն է ունեցել Հայոց ցեղասպանության մասին հսկայածավալ մի աշխատություն, մենք՝ անտեղյակ։ 2012-ին պատահաբար հայտնաբերվել է, թարգմանվել հայերեն ու վերջերս հրատարակվել։

«Հայոց ցեղասպանությունն ու սիոնիզմը. անընդունելի անտարբերություն» վերնագրով մենագրությունը հրեա պրոֆեսոր, ցեղասպանագետ Յաիր Աուրոնի՝ հայոց ցեղասպանության մասին 5-րդ գիրքն է, որը հայերեն հրատարակվել է մոսկվաբնակ Կարեն Բաղդասարովի աջակցությամբ։ Աուրոն 1987 –ից ուսումնասիրում է այդ թեման ու, ամենակարևորը, աղերսներ տանում Հոլոքոստի հետ՝ ապացուցելով, որ սիոնիստները մեղքի մեծ բաժին են ունեցել Հայոց ցեղասպանության կազմակերպման ու իրականացման գործում։ Յաիր Աուրոնն ուսումնասիրել է արխիվային հսկայական նյութեր, խորամուխ եղել ցեղասպանության հանգամանքների մեջ, վերլուծել Առաջին համաշխարհային պատերազմի նախադրյալները, Թուրքիայի, Իսրայելի ու գերհզոր պետոթյունների նախորդ և այս դարասկզբերի քաղաքականությունը։ Հայոց եղեռնը նա համարում է Հոլոքոստի «նախերգանքը», մեղադրում Իսրայելի այսօրվա իշխանություններին կրավորական կեցվածքի համար։

Յաիր Աուրոնը 25 տարի առաջ անակնկալի է եկել, երբ իմացել է Հայոց ցեղասպանության կազմակերպման մանրամասները. դժվար է եղել հավատալ, որ սիոնիստական շարժումը քաջալերել է սուլթան Համիդին ՝ 1890-ականներին Արևմտյան Հայաստանում կազմակերպել հայկական ջարդեր՝ վախենալով հայերի սոցիալական, քաղաքական դիրքից ու ստեղծագործ ուժից։ Հրեաները մասնակցել են նաև 1995-96 –ին Կոստանդնուպոլսի հայկական կոտորածներին։ «Անընդունելի անտարբերություն» գրքի 9 գլուխներում հեղինակը պատմագիտական վերլուծության է ենթարկում հրեաների ու թուրքերի դասագրքերից հանված Հայոց ցեղասպանության մասին փաստերը, հաստատում, որ հայերն ունեցել են 380 000 քկմ հայրենիք, որի 90 տոկոսը թուրքերը բռնազավթել են։ Հրեա պատմաբանի համարձակությունը գրքում գագաթնակետին է հասել։ Մեղադրանքներն ուղղված են սեփական երկրի նախկին ու ներկա իշխանություններին։ Նախկիններին՝ թե ինչո՞ւ ոչ միայն չեն կանխել, այլ նաև ողջունել են Օսմանյան կայսրության ղեկավարների արյունարբու ծրագրերը, իսկ այսօրվա Իսրայելի իշխանություններին՝ թե ինչո՞ւ չեն ճանաչում Հայոց ցեղասպանության փաստը։ Յաիր Աուրոնը խոստովանում է, որ երկու փաստերի համար էլ ամաչում է։ Ամոթը կրկնապատկվում է, որովհետև Իսրայելն աջակցում է Թուրքիային՝ մերժել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ «Չճանաչելով, չքննարկելով այլ ազգերի ցեղասպանությունը՝ մենք նվաստացնում ենք նաև Հոլոքոստը։ Մենք պարտավոր ենք խորհրդարանական մակարդակով առաջ տանել այդ հարցը։ Մենք՝ իսրայելցիներս, պետք է ճանաչենք Հայոց ցեղասպանությունը»,- կոչ է անում հրեա պատմաբանը։

Նրա հետ Հայաստան է եկել Իսրայելի խորհրդարանի՝ Կնեսսեթի պատգամավոր Յաիր Ցաբանը, որը 20 տարի իր երկրի օրենսդրին է ներկայացրել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման հարցը, բայց՝ ապարդյուն. այն միշտ հանվել է օրակարգից։ Յաիր Աուրոնի գիրքը թարգմանվել է անգլերեն ու ռուսերեն։ Անգլերեն վերնագիրը՝ The Banality of Indifference, թարգմանվում է «Անտարբերության առօրեականություն»։ Մեր մտավորականները կարծում են, որ այդ վերնագիրը հեղինակի ասելիքը բացող ճիշտ բանալին է և հիշեցնում է նացիստական Գերմանիայի կողմից հալածվող հրեա փիլիսոփա և քաղաքագետ Հաննա Արենդտի գիրքը՝ «Չարիքի առօրեականության»՝ հրեաների դահիճ Օտտո Ադոլֆ Այխմանի դատավարությունը։ Հայ պատմաբանները գրեթե մեկ դար են սպասել պատմավավերագրական փաստերով առլեցուն, օտար հեղինակի կողմից գրված նման աշխատության լույսընծայմանը։

Դեռ Ջոն Կիրակոսյանն է ասել՝ սիոնիզմը մեծապես կապված է Հայոց ցեղասպանության իրականացման հետ։ Փաստերը մերկացված են, ու մերկացնողը հրեա է։ Վերջապես օտարազգի, այն էլ հրեա մի պատմաբան խորապես ուսումնասիրել է իր երկրում արգելված մի թեմա, սահմռկեցնող, խայտառակ բացահայտումներ արել։ Նաև համարձակվել բացահայտ դատապարտել հայրենի իշխանություններին 20-րդ դարասկզբի ամենամեծ ցեղասպանության մեջ ձեռքերը թաթախելու, իսկ ներկայի ղեկավարներին՝ իրենց նախորդների գործը շարունակելու մեղադրանքով։

Գիրքը հայերեն հրատարակվել է մոսկվաբնակ Կարեն Բաղդասարովի աջակցությամբ, եթե պետք է դա ասել, կարող եք ավելացնել։

Այս թեմայով