13 Հուլիս 2013, 14:29
2287 |

Կինոակումբային կուլտուրա

Դիանան հասկացավ՝ ժամանակն է նոր ջահելությանը ցույց տալ, որ աշխարհում կինոն մեծ քայլերով առաջ է շարժվել, իսկ մենք ստիպված ենք վազել հետևից:

«Պատրաստվում ենք կինոդիտման». մերթընմերթ սոցցանցում հայտնվող այս հայտարարությունը իրար է խառնում հայ կինոմաններին: Ամիսներ առաջ Դիանա Մարտիրոսյանը ստեղծեց «Փոփ Արտ մուվի» քլաբը: Նոր սերնդի կինոգետը մինչև այսօր էլ համեստություն է անում ու իրեն կինոգետ անվանելու պատասխանատվությունից հաճախ խուսափում: Դիանան հասկացավ՝ ժամանակն է նոր ջահելությանը ցույց տալ, որ աշխարհում կինոն մեծ քայլերով առաջ է շարժվել, իսկ մենք ստիպված ենք վազել հետևից: Կես տարուց ավելի գործող կինոակումբի փորձով համոզվեց՝ հայ կինոմանների մի մեծ խումբ ֆիլմերի միջև ազգային տարբերություն է դնում. «Երբ արտասահմանյան լավ ֆիլմ ենք ցուցադրում, հավաքվում է մոտ 40-50 մարդ, իսկ հայկական ֆիլմի ժամանակ դահլիճը լեփ լեցուն է՝ մինչև 400 դիտող: Կամ եթե նույն ժամանակահատվածում ցուցադրում ենք արտասահմանյան հայտնի կոմիկի ու հայ կոմիկի մասնակցությամբ ֆիլմեր, մեր երիտասարդները նախընտրում են հայ մենթալիտետին բնորոշ հումորը: Ըստ էության, այսօր պետք է ուրախանանք, երբ Տարանտինո դիտող գոնե 50 մարդ ենք գտնում քաղաքում»:

Բայց խնդիրը միայն դա չէ, նոր ժամանակների կինոմանների զգալի մասը ընտրում է հայկականը, որովհետև այն ավելի հեշտ ընկալելի է ու ծանոթ դեմքերի մասնակցությամբ: Դեռ ամիսներ առաջ օրինաչափություն էր՝ ցանկացած համաշխարհային պրեմիերա միայն ամիսներ հետո է հասնում Հայաստան: «Մեծն Գեթսբիի» օրինակով, սակայն, ամեն ինչ փոխվեց: Տեղացի հանդիսատեսն արդեն հնարավորություն ունի աշխարհում հայտնի ֆիլմերը մեծ էկրանին դիտել պրեմիերայից օրեր հետո: Դիանան համոզված է՝ սա իհարկե լավ է, բայց գաղտնիքն այն է, որ արտասահմանից Հայաստան այդքան շուտ գալիս են այսպես ասած վաճառվող ֆիլմերը՝ շքեղ նկարահանումներով ու հայտնի դերասաններով, մինչդեռ մի շարք բարձր վարպետությամբ արված ֆիլմեր մեզ չեն հասնում: «Եթե այսօր մեր երիտասարդներին սերն է հետաքրքրում, ուրեմն զարմանալի չէ, որ նրանց շրջանում ֆավորիտ կդառնա «Մթնշաղ» ֆիլմը: Եթե նրանք չգիտեն հիփփիների կամ սևականների ճակատագրի ու կարգավիճակի մասին, նման ֆիլմ չեն դիտի»:

Հայկական ֆիլմերի մասին Դիանան դեռ դրական չի կարող արտահայտվել: Համոզված է՝ պետք է մի կողմ դնել լավատեսությունն ու խոստովանել, որ հետաքրքիր մտքերի սով ենք ապրում: Տեղական կինոինդուստրիայի ամենամեծ թերացումն այն է, որ մերոնք նկարահանում են զուտ հայկական խնդիրների մասին, ինչը արտասահմանցիներին չի հուզում. «Ֆիլմը պետք է շնչելու հնարավորություն տա, իսկ հայ ռեժիսորները ծիծաղելի մեթոդներով ողբերգություն են դնում ֆիլմի մեջ: Պետք չէ արդարանալ նրանով, որ լավ տեխնիկա չունենք կրեատիվ մտքերը կյանքի կոչելու համար: Նույն Սփիլբերգը տարիներ առաջ նույնպես վատ տեխնիկայով էր նկարահանել ֆիլմեր, բայց աշխարհի ուշադրությունը կարողացավ գրավել»:

Երևանում գործող սակավաթիվ կինոակումբները ծանր պարտականություն են ստանձնել. հայ կինոմաններին այլընտրանքի հնարավորություն են տալիս՝ կինոթատրոնից դուրս մեծ էկրանին դիտել լավ կինո:

Այս թեմայով