02 Հուլիս 2013, 17:26
1429 |

Փոփ. ամեն ինչ, բացի երաժշտությունից

Արդի հայկական փոփը, մեղմ ասած, նյարդայնացնում է ոչ միայն մասնագիտական, այլև գոնե սիրողական մակարդակի վրա փոփ երաժշտությունից գլուխ հանող ցանկացած մարդու:

Փոփ երգերը կամ միանման են, կամ' ոչ մեղեդային, կամ' ֆանտաստիկ անգրագետ բառապաշարով, կամ' արևելյան անհասկանալի հնչողությամբ, կամ էլ' բոլորը մեկտեղ: Ստացվում է' կամ հանդիսատեսն է միայն քեֆ-ուրախության երգերին կանաչ լույս ցույց տալիս, կամ նոր ժամանակների փոփ-դեմքերն են նույն հանդիսատեսին թերագնահատում:

Ռիչարդ Մադլենյանը, որն այսօր Հայաստանում փոփ-հիթեր գրող առաջին դեմքերից է, չի էլ ժխտում' իր ձեռքի տակով անորակ երգերի մեծ պլեադա է անցել. «Շատերի մոտ հարց է ծագում' իսկ ուր մնաց արվեստագետի հոգին: Կարող եմ միայն ասել, որ եթե մենք չաշխատենք շոու-բիզնեսում ու չգրենք նման երգեր, ստիպված կլինենք հեռանալ Հայաստանից: Ոլորտը վերահսկողները պարում են անորակ երգերի տակ, էլ ինչի՞ մասին է խոսքը: Դուք առաջարկում եք' ես հրաժարվեմ եկամտից, երբ մեկ երգ գրելով աշխատում եմ այնքան գումար, որքան Ֆիլհարմոնիկի հետ 10 անգամ համագործակցելով»:

Մեծ աշխարհի օրինակով, գուցե մեզ մոտ ավելի շատ, երգիչները մասնակցում են կորպորատիվ երեկոների ու գումար վաստակում, ինչը ենթադրում է, որ երկացանկի գոնե 30, վատագույն դեպքում' 50 տոկոսը պետք է համապատասխանի քեֆային տրամադրությանը: Ռիչարդ Մադլենյանը հավատացնում է' երբ պարզունակ երգերի կողքին մի քանի նոտա ավել պարունակող երաժշտություն ես նվագում, երգիչները հետաքրքրությունն ու, առավել ևս, գնելու ցանկությունը կորցնում են. «Ես գրել եմ Ռազմիկ Ամյանի «Բելլա Սինյորինա» երգը, որը մեծ հաջողություն ունեցավ, բայց թող ների ինձ Ռազմիկը, եթե նման երգ հիմա գրեմ, դժվար թե կատարի: Հարցը Ռազմիկը չէ, սա պարզապես օրինակ էր, հիմնականում մեր երգիչներին պետք են հեշտ մարսվող երգեր»:

Ռիչարդ Մադլենյանը դասական երաժշտության մեջ է' որպես բաս, և շոու-բիզնեսում' որպես երգահան: Որքանո՞վ է արդար' լսել ու դաստիարակվել դասական երաժշտությամբ, իսկ ուրիշներին անորակն առաջարկել. ըստ երգահանի' եթե խելացի են, հայկական փոփից հեռու կմնան: Համոզիչ չի հնչում...

Մենք ունենք նոր երիտասարդություն, որին քեֆային երգերը չէ, որ հետաքրքրում են: Երգահաններն ազատ հնարավորություն ունեն' աշխատել հենց այդ հանդիսատեսի համար: Մադլենյանը, սակայն, այս տարբերակն էլ է բացառում. «Եթե մենք լինեինք գերտերություն, որտեղ մի քանի միլիոն մարդ է ապրում, ապա ես կգրեի երգեր, որոնք դուր կգային, օրինակ, մեկ միլիոնին, ու այդպես գումար կվաստակեի, բայց Հայաստանում, նման երգեր գրելով, ես կարող եմ ունենալ մոտ 10 000 ունկնդիր, իսկ այդ թիվն ապրելու համար փոքր է»:

Երգահանները երգիչների պահանջարկն են կատարում, երգիչներն էլ, իրենց համոզմամբ, հանդիսատեսինը: Հանդիսատեսը, սակայն, ոչ անգրագետ է ու ոչ էլ համատարած անճաշակ: Դեռ կան որակովն անորակից տարբերողներ, հետևաբար, եթե լինի որակով առաջարկ, պահանջարկը չի ուշանա: Բայց մենք ունենք այն, ինչ ունենք. քեֆերի երաժշտական ֆոնն ենք ապահովում ու արդարանում, թե փոփն արվեստ չէ: Իսկ աշխարհը փոփ արքաների օրինակով հակառակն է ապացուցում:

Այս թեմայով