25 Փետրվար 2013, 14:25
5576 |

Արևի վերջին համբույրը

Ի տարբերություն գինու` մաճառի մեջ ճշմարտություն չեն փնտրում: Չհասունացած գինին իսկական գաղափարների համար չէ: Մաճառն ընտրում են երիտասարդության համար. չէ՞ որ նորահաս խմիչքը վերադարձնում է մոռացված անցյալ և վերակենդանացնում հիշողությունը: Գինու նորահասությունը և ամռան էությունը ամենաքաղցր հուշն են, արևի վերջին համբույրը:

Չթաղված վազ

Մաճառը խաղողի նոր-նոր խմորված հյութն է` 14 %-ից ոչ ավելի թնդությամբ: Ի տարբերություն հասուն գինու` այն սեզոնային, աշնանային խմիչք է: Այնպես որ Հայաստանի լավագույն մաճառը որոնելու նպատակով ուղևորության համար տարվա եղանակը մենք չէինք ընտրել: Եվ ուղղությունն էլ կանխորոշված էր` երկրի գինու մայրաքաղաքը` Արենի: Ես գնում էի` բարոյապես նախապատրաստված` դիկայելու մինչև վերջ` բաց չթողնելու ոչ մի կաթիլ և փորձելու այն ամենը, ինչ կառաջարկեն: Հետո կարելի է և ընկնել: Հետոն կարևոր չէ: Մաճառի գլխավոր մակդիրը «անկանխատեսելի»-ն է: Չես հասցնի աչքդ թարթել, մեկ էլ քաղցր խմիչքը կմշուշի ուղեղդ և ոտքերդ բամբակյա կդարձնի: Քաղցրությունը խաբուսիկ է. այն ավելի շուտ խայծ է անփորձների համար: Չնայած հանուն արդարության պետք է նշել, որ փորձառուները նույնպես նախանձելի կայունությամբ կուլ են տալիս այդ խայծը: «Ինչպես ես առաջին անգամ մաճառ փորձեցի» թեմայով վարիացիաներ չկան. դրանք բոլորն իրար նման են. կարծում էի` թեթև հյութ է, սրտիս ուզածի չափ խմեցի, ոտքի ելա, ու սկսվեց: Բայց արժե. մաճառի համը մեկ անգամ փորձելուց հետո էլ երբեք չմոռանա:

Արենիի ճանապարհն անցնում է Արարատյան դաշտով, որտեղ լիիրավ թագավորում է աշունը: Մենք անցնում ենք արագիլների դատարկված բների մոտով` էլեկտրահաղորդման սև սյուների վրա, արևի թանձր լույսի հետևում գործնականում անտարորոշելի Արարատի կողքով` պարուրված իմ հիշած ամենատաք ուշ աշունով: Մենք գնում ու գնում ենք, իսկ գինու հոտ անգամ չի գալիս: Մայրուղու վրա տարբեր տեսակների խնձոր և դդում են վաճառում: Եվ արդեն սկսում ես կասկածել երկրամասի գինու համբավին, երբ ճանապարհի երկայնքով հայտնվում են վաճառասեղաններ` բաղձալի մուգ հեղուկով լի պլաստիկե շշերով: Դրանք ճանապարհային ցուցանակից լավ են ողջունում. բարի գալուստ Արենի:

Իսկ երկու կողմերից խաղողի այգիների դեղնակարմիր շարքեր են: Նրանք այդպես էլ կմնան ամբողջ ձմեռը. Արենիում վազը հողով չեն ծածկում: Ի դեպ, ժողովուրդն այդ գործողությունը անվանում է «վազը թաղել» ցրտից փրկելու համար: Արենիում կլիման բավականին չափավոր է. խաղող աճեցնելու և գինի պատրաստելու համար ավելի լավ տեղ չես էլ հնարի: Ամենայն հավանականությամբ, այդ մասին գիտեին նաև մեր նախնիները. կարասների մնացորդներով հնամյա գինեգործարանը, որտեղ դեռևս մեր թվարկությունից առաջ գինի են պատրաստել, գտել են այն նույն հայտնի քարանձավում, որտեղ հայտնաբերվել է նաև աշխարհի ամենահին կավե կոշիկը: Կարճ ասած` միանգամայն ակնհայտ է, որ այս կողմերում գինին անանց արժեքների դասից է:

Անհատական արտադրության խմիչք

Մենք կանգ ենք առնում փոքր վաճառասեղանով մի պատահական կրպակի մոտ: Վաճառողուհին խոսքի կեսից ընդհատում է հարևան նույնպիսի վաճառակետի տիրուհու հետ զրույցը և վազում մեզ մոտ. հայացքի մեջ ասես վազող տող լինի. «Լավ գինի է: Լավն է»: Չեմ հասցնում սկսել խոսակցությունը, նա ինքն է առաջարկում փորձել հինը, նորը… Իսկ մաճառ կա՞: Այո՛, այո՛, իհարկե: Մտնում է կրպակի խորքում ինչ-որ տեղ և հանում երկու թափանցիկ տարա` խաղողային հրճվանքով լի:

– Վաճառասեղանին ես գինի ընդհանրապես չեմ դնում. դա կանոններին հակառակ է: Սրանք իսկական չեն. ներկած ջրով շշեր են, որ իմանան` այստեղ գինի կա: Արևի ուղիղ ճառագայթներից այն արագ փչանում է,– մեզ հետ փորձն է կիսում վաճառողուհի Հայկուշը, որի հետ մենք արդեն հասցրել ենք ծանոթանալ և պատմել նրան մեր մտադրության մասին` ինչ էլ լինի, գտնել լավագույն մաճառը:

- Լցրե՛ք:

Հայկուշը բաժակների մեջ առատաձեռնորեն լցնում է խմիչքը: Քաղցր մաճառը

խմում ենք հեշտությամբ՝ խաղողի հյութի պես: Դժվար է պատկերացնել, որ այս խմիչքից կարելի է այդքան ուժգին գինովնալ: Հենց այդ մտքի վրա էլ ես ինքս ինձ զգաստացնում եմ. ա՛յ, հենց դա է, դրանով էլ կողմնորոշվում են բոլորը:

Հայկուշն իր գինով հպարտանում է: Ասում է` առաջ խաղողի ամբողջ բերքը ինքն ու ամուսինը շատ արենեցիների նման հանձնում էին գինու կոմբինատին: Բայց այնտեղ վճարում էին քիչ, և այն էլ՝ մաս-մաս: Եվ մի օր նրա ամուսին Անդրանիկը բռունցքը խփեց սեղանին և որոշեց` բավական է: Այդպես ընտանիքը սկսեց գինի և մաճառ պատրաստել տանը` հայրերից և պապերից ժառանգած տեխնոլոգիաներով: Անդոն իմաստուն կերպով մտածում էր` առաջին անգամը թող թեկուզ փչացնենք գինին, բայց կսովորենք և կսկսենք աշխատել ինքներս մեզ համար: Զինվելով գինեգործության վերաբերյալ գրքով, որն ուղարկել էր մի ազգական Ռոստովից, և ժառանգություն ստացած փորձով` ընտանիքը գործի անցավ:

– Ես առաջինը սկսեցի այս մայրուղու վրա գինի վաճառել: 2003-ից այստեղ եմ: Որոշ ժամանակ անց սկսեցի վաճառասեղանի վրա նաև թթու, բանջարեղեն և միրգ դնել: Մենք երկու հողամաս ունենք. մեկը հենց սա է` մեջքիս հետևինը: Պատահում է` գնորդը դեղձ է ուզում, և ես նրան ուղարկում եմ մեր հողամասը: Այնտեղ նա ամուսնուս հետ ծառից քաղում է այն պտուղները, որոնց աչքը կպչում է: Մարդիկ արկղերով են տանում: Բայց գինին, իհարկե, ամենամեծ պահանջարկն ունի: Տղամարդիկ դառն են սիրում, կանայք` քաղցրը:

– Իսկ մաճա՞ռ:

– Մաճա՞ռ: Այն սիրում են բոլորը: Նույնիսկ երեխաները:

Հայկուշի հատուկ հպարտության առարկան գինու նկուղն է կամ մառանը, ինչպես սովորաբար այն անվանում են Հայաստանում: Գինի Արենիում շատերն են պատրաստում, փաստացիորեն` բոլորը: Բայց, ա՛յ, մառան քչերն ունեն: Հայկուշի ու Անդոյի տուն են գալիս զբոսաշրջիկները՝ ֆիլմեր նկարահանելու: Այդպես էլ պիտի լիներ. նրանց խաղողի այգին և մառանը ամենագեղեցիկն են Արենիում: Այդպիսի պատմությունից և հրավերներից հետո ուրիշ ցանկություն չէր մնում, բացի նրանից, որ իմանանք, թե որտեղ է այդ տունը: Կոորդինատները գյուղավարի պարզ են. «Հարցրո՛ւ Անդոյի ու Հայկուշի տունը. ցույց կտան»: Եվ մենք ուղևորվեցինք:

Գինեգործների երկրամասում

Արենին մեծ և հարուստ գյուղ է: Բավական է նայել տներին` ընդարձակ, վերանորոգված, իրենց հողահարթակներով: Մի խոսքով` աչք են շոյում: Հոյակապ պատկերը լրացնում է Սուրբ Աստվածածին եկեղեցին` ճարտարապետ Մոմիկի կերտվածքը, որը երևում է գյուղի ցանկացած կետից: Գյուղի միջով անցնող գլխավոր ճանապարհի ամեն մի մետրին գինի և մաճառ են վաճառում: Ընդ որում վաճառողները բավականին հնարամիտ են գնորդին հրապուրելու մեջ: Այստեղ կան և՛ գույնզգույն հովանոցներ, և՛ գունագեղ ցուցանակներ` գերազանցապես ռուսերեն. «Вино и мачар»: Առանձնահատուկ ստեղծագործական ջիղ ունեցողները նկարազարդում են վաճառասեղանները:

Արենիի փողոցները ամայի տեսնելն ինձ համար անսովոր է: Վերջին անգամ ես այստեղ եղել եմ հոկտեմբերին գինու ամենամյա փառատոնին: Այդ օրը քաղաքի բոլոր փողոցները երթևեկության համար փակվում են, փողոցներում սեղաններ են տեղադրում, և յուրաքանչյուր արենեցի առաջարկում է իր արտադրանքը: Իսկ ցանկացողներ ինչքան ասես հավաքվում են ամբողջ երկրից և արտասահմահից: Հետո նրանք պիտի քվեարկեն իրենց դուր եկած արտադրանքի օգտին: Տերերը առատաձեռն և հաճույքով լցնում են գինին պլաստիկե բաժակների մեջ: Թեև հնարավոր է` դրա մեջ նենգամիտ դիտավորություն կա. գինովնալով դուք արդեն չեք փորձի հարևանի գինին և ձեր ձայնը կտաք հենց նրանց արտադրանքին: Այդպես է, թե ոչ, բայց տոնի օրերին սթափ վիճակում հրապարակ հասնել հնարավոր չէ: Հենց այդ ժամանակ, ի դեպ, ես իմացա, որ մաճառ կարելի է պատրաստել ցանկացած տեսակի ցանկացած խաղողից. կա անգամ սպիտակ մաճառ` նույնքան քաղցր և համեղ, որքան կարմիրը:

Ճանապարհին կանգ ենք առնում և մաճառ ենք փորձում. վաճառողները հաճույքով բացում են փրփրուն շշերը` ամենևին հաշվի չառնելով հյուրերի ֆիզիկական հնարավորությունները:

– Մաճառի շիշը, քանի դեռ տուն չեք հասել, պետք է ժամանակ առ ժամանակ բացել: Այդպես բաց են թողնում գազը,– խորհուրդ է տալիս վաճառող Արթուրը:

– Եվ վաղո՞ւց եք Դուք մաճառ պատրաստում:

– Այնքան, որքան որ գինի: Միայն թե ձմռանը մաճառը խմեել չի լինում. գինի եմ դարձնում: Այնպես որ լավ հասցրեցիք:

Խմիչքն ամեն տեղ մյուսներից տարբեր է. ոմանց մոտ այն դեռ քաղցր է և գազով, ուրիշների մոտ արդեն գինու նման դառնություն ունի:

Մաքուր սրտով

Մենք անցնում ենք Արենիի կամուրջը, թեքվում աջ` դեպի վեր: Այստեղ լիակատար ամայություն է, մի մարդ անգամ չկա: Իրենց դրության տեր զգալով` վայելչորեն ճեմում են բախտի քմահաճույքին թողնված հավերն ու աքաղաղները:

– Չե՞ք ասի` որտեղ է Անդոյի ու Հայկուշի տունը,– հարցնում եմ առաջին հանդիպած մարդուն:

– Ա՛յ, նա է` հենց այս փողոցում` տրակտորի մոտ:    

Իմանալով, որ մենք եկել ենք մաճառի` տղամարդն անմիջապես առաջարկում է հյուրասիրել: Եվ ճշտում է. «Հենց այնպես չէ, այլ մաքուր սրտով»: Եվս կես բաժակ մաքուր սրտով մաճառ, և ես զգում եմ, որ իմ գինովցած երակներով հոսում է բացառապես խաղողի քաղցր հյութ: Ոմանք կարծում են` արենեցիներին միայն խմելու առիթ է պետք, այդտեղից էլ` նրանց հյուրընկալությունը և առատաձեռնությունը: Իսկ իմ կարծիքով` մաճառն առաջին հերթին զրուցելու հրաշալի հնարավորություն է:

Անդոյի և Հայկուշի տունը եռահարկ էր՝ եռագույն բազալտից կառուցված: Մեր առջև դուռը բացեց մի բարձրահասակ արևառ տղամարդ, որի հետևում ամոթխած թաքնվել էր մի փոքրիկ աղջնակ:

– Մտե՛ք, մտե՛ք,– նա բարեկամաբար ներս հրավիրեց մեզ` նույնիսկ մինչև վերջ չլսելով, թե մենք իրենից ինչ ենք ուզում:– Սա իմ թոռնիկն է` Ժաննան:

Ժաննան փախավ, իսկ Անդոն մեզ ուղիղ նկուղ տարավ, այտեղ, որտեղ նա պատրաստում է գինին: Մառանը մեծ չէ, բայց կոկիկ է, մի քանի հսկայական կարասներով:

– Հիմա քչերն են գինի պատրաստում կարասի մեջ,– պատմում է Անդոն,– բայց այդպես ամենահամեղն է ստացվում: Կարասը շնչում է, դեռ մեր պապերն էին այդպես պատրաստում: Ա՛յ, տե՛ս, այստեղ 1883 թվի կարաս կա: Այն ինձ է հասել պապիցս: Նրա վրա արտադրողի ստորագրությունն էլ կա:

– Իսկ հիմա կարասներ պատրաստո՞ւմ են,– հետաքրքրվում եմ:

– Այո՛, բայց գյուղում դրանք մեծ պահանջարկ չունեն: Դրանց համար հատուկ մառան է պետք, և դրանք շատ դժվար է մաքրել, մարդիկ էլ ուրիշ ամաններ են նախընտրում:

Կարասներից մեկի բերանը փակ է: Դրա մեջ պահվում է հինգ տարվա գինի: Մյուս կարասները պարզապես ծածկված են պոլիէթիլենային թաղանթով: Որպեսզի գինին չփչանա, կարասն անպայման պիտի լիքը լինի: Այնպես որ գինին մշտապես ավելացնում են:

Մաճառը պատրաստվում է ճիշտ այնպես, ինչպես գինին, բայց կարասում կարճ ժամանակ է մնում: Սկզբում խաղողը մամլում են. «ջարդում են», ինչպես ասում են այստեղ: Հետո խաղողահյութը հումքի` փլուշի հետ խմորվում է հսկայական չանում: Մաճառի համար ամենակարևորը ժամանակին կարասի մեջ տեղափոխելն է: Եթե այն պետք եղածից թեկուզ մեկ օր ավելի թողնվի գինու հիմնական զանգվածի հետ, ամեն ինչ կորած է. այլևս չես տեսնի դեռևս խմորվող խմիչքը: Չէ՞ որ լավ մաճառի գլխավոր հատկությունը գազավոր լինելն է: Առանց դրա` այն պարզապես քաղցր գինի է: Մաճառն անպայման պետք է պահել սառը տեղում. այդ դեպքում այն կմնա քաղցր և գազավոր: Լավ մաճառի ևս մեկ կարևոր բաղադրիչը խաղողն է: Անդոն երկար գովում է արենի տեսակը, բացատրում, որ բավական է վազը տեղափոխես ուրիշ հողի մեջ, և տեսակը կփոխվի, կկորցնի իր համային հատկությունները:

– Չէ՞ որ մեր գինին էլ է համեղ:

– Համեղ է,– համաձայնում եմ ես` մտածելով, որ առանց հարազատ հողով հպարտանալու` լավ գինի, իրոք, չես պատրաստի:– Երբ փորձում եք խմիչքը, գինովնո՞ւմ եք:

– Իսկ ես ընդհանրապես չեմ փորձում,– հայտարարում է Անդոն,– աչքաչափով տեսնում եմ` մաճառս ճիշտ է, թե ոչ: Նույնն էլ գինին: Հետո` փլուշից մենք խաղողի օղի ենք պատրաստում: Պատկերացնո՞ւմ եք` ինչ կլինի, եթե ես այդ բոլորը փորձեմ:

Պատկերացնում եմ: Իհարկե, պատկերացնում եմ: Մաճառն իմ մեջ արդեն ակտիվորեն ծռմռում է աչքիս առջև եղած տեսարանը անպես, որ կարասների ճշգրիտ քանակը մինչև հիմա էլ ինձ համար հանելուկ է:

 Ճշմարտությունը մոտերքում ինչ-որ տեղ է

Մենք գնում էինք Արենի ամենահամեղ մաճառի հետևից, իսկ արդյունքն այն եղավ, որ ոչ մի «ոչ համեղը» չփորձեցինք: Իզուր չեն ասում` ճշմարտությունը գինու մեջ է. ամեն մի ըմպանակում և ամեն մի կաթիլում այն առանձնահատուկ է: Ըստ որում, յուրաքանչյուրի համար: Իմ ճշմարտությունը պարզ դուրս եկավ. պետք է վերադառնալ այստեղ: Կրկին ու կրկին, ամեն հարմար առիթով: Վերադառնալ քաղցր խմիչքի համար, որից ոտքերդ ծալվում են, որի նմանը չկա: Ժպտալով աշնան վերջին տաքուկ օրերին` ես հետ էի գալիս` շուրթերիս պահած մաճառի համը, արևի վերջին համբույրը:

 

Այս թեմայով