22 Հունիս 2013, 23:01
2436 |

Վերջին Մաղիքյանը կհեռարձակվի СТС-ի եթերով

Ռուսական СТС ալիքով ընթանում են «Վերջին Մաղիկյան» սերիալի նկարահանումները: Այն հավակնում է դառնալ սեզոնի գլխավոր հիթը: Հայ հանդիսատեսի համար սերիալն ունի երկու առանձնահատկություն. նախ՝ այստեղ ներկայացվում է մոսկվացի հայ Կարեն Մաղիքյանի ընտանիքի բարի և զվարճալի առօրյան, բացի այդ՝ գլխավոր՝ Մաղիքյանի դերում բոլորիս սիրած դերասան Հրանտ Թոխատյանն է:

Կարեն Մաղիքյանը ռուս կնոջն ու դստրերին նվիրված հայ տղամարդ է, ում օրինակով СТС հեռուստաալիքը մտադիր է հանդիսատեստին ցույց տալ, թե ինչքան ճիշտ են կովկասյան ընտանիքների ամրության, հավատարմության, ավանդապաշտության և հյուրընկալության մասին պատկերացումները:
«СТС հեռուստաալիքը սիրում է հանդիսատեսին նոր թեմաներ առաջարկել, - ասում է СТС-ի գլխավոր տնօրեն, ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Վյաչեսլավ Մուրուգովը,- այս անգամ որոշեցինք անդրադառնալ հասարակության համար կարևոր հարցի՝ միջէթնիկ հարաբերություններին: Նման ընտանիքներ ինքս եմ տեսել ընկերներիս միջավայրում, նույնիսկ սեփական ընտանիքում, երբ կնոջս հարազատ քույրն ամուսնացավ հայի հետ: Երկու մշակույթների միախառնումը միշտ հետաքրքիր է, հուզիչ և որոշ առումով նաև զվարճալի»:

Ընտանիքն ամբողջական է, երբ բոլորը տանն են՝ իրենց տեղերում՝ հոր աչալուրջ հսկողության ներքո: Բայց ի՞նչ անել, երբ ժամանակն ընթանում է խելահեղ արագությամբ, փոքր դուստրը ամբողջ օրը խաղում է այփադով, միջնեկը համացանցից դուրս չի գալիս, իսկ ավագը է՛լ հանդգնորեն պատրաստվում է ամուսնանալ: Կարենը չի ուզում հասկանալ ո՛չ առաջինին, ո՛չ երկրորդին, ո՛չ էլ, առավել ևս, երրորդին: Չկարողանալով հարմարվել նոր ժամանակներին, տեխնոլոգիաների դարաշրջանին՝ նա համառորեն պնդում է իր դիրքորոշումը: Թոխատյանի հերոսը միայն կիսով չափ է հայ (մայրը ուկրաինուհի է), դստրերի մայրն էլ ռուս է:

Ռուսական ալիքը ի՞նչ կարիք ուներ ստեղծելու «կովկասյան ազգության դեմք» ունեցող հերոս: «Վերջին Մաղիքյանը» բոլորի մասին է, ընկերություն անելու և նույն քաղաքում ապրելու ունակության մասին է: Նախագծի շուրջ հավաքվել է յուրօրինակ բազմազգ աշխատախումբ. սցենարի հեղինակների շարքում կան բելառուսներ, պրոդյուսերը հայ է, ռեժիսորը՝ վրացի: Միայն այսպիսի միջավայրում է հնարավոր նկարահանել լավ պատմություն», - ասաց սերիալի գլխավոր պրոդյուսեր Վիտալի Շլյապոն:
Նախագծի գեղարվեստական ղեկավարը Ռեզո Գիգինեիշվիլին է («Տապը», «Ակցենտով սեր»), ընտանիքի հոր դերում, ինչպես նշվեց, Հրանտ Թոխատյանն է, կնոջ դերը կատարում է Աննա Արդովան («Զնդան. Ֆյոդոր Սեչենովի գործը», «Մեկը բոլորից»), ավագ դստեր փեսան Անդրեյ Բուրկովսկին է («Ա՜յ երիտասարդություն», «Խոհանոց»): Երեք քույրերի դերերը կատարում են Լուիզա Գաբրիելա Բրովինան («Այստեղ ինչ-որ մեկը կա», «Առևտրի կենտրոն»), Էլեն Կասյանիկը («Ժանյակը», «Փոքրիկը») և Ալինա Գրինբերգը («Կդադարի կռունկների կանչը»):

«Բոլոր կասկածներս ի չիք եղան, երբ փորձերի ժամանակ տեսա Հրանտ Թոխատյանին: Նա արտասովոր տաղանդավոր և ուժեղ դերասան է: Կարծում եմ՝ նրա և աննման Աննա Արդովայի միացյալ խաղը նախագծին մեծ հաջողություն կբերի», - ասում է Վյաչեսլավ Մուրուգովը:
«Կարեն Մաղիքյանը տիպիկ հայ է, - կարծում է Հրանտ Թոխատյանը, -մի քիչ հետամնաց է, ընտանիքի հանդեպ ունի խիստ մոտեցում և խելքը գնում է կնոջ և դստրերի համար: Երբ աղջիկներից մեկը ընկերանում է մի երիտասարդի հետ, Կարենը քիչ է մնում՝ խելագարվի: Ինքս զտարյուն հայ եմ ու հայր, ու սեփական փորձից կարող եմ ասել, որ հայ հայրերին դժվար է հաշտվել դստեր ամուսնության մտքին: Այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ իմ կերպարը այդպես բուռն է արձագանքում իրավիճակին՝ դստեր ընտրյալին դնելով դժվար իրադրությունների մեջ»:

Չնայած վառ հայկական կոլորիտին՝ «Վերջին Մաղիքյանը» առանձին կովկասյան ընտանիքի պատմությունը չէ: Նախագիծն առաջին հերթին անդրադառնում է СТС հեռուստաալիքի սիրելի թեմաներին՝ ավագ և կրտսեր սերունդների փոխհարաբերություններին, փոխըմբռնմանը, ընկերությանը, սիրուն և ընտանիքի պահպանմանը: Իհարկե, Կարեն Մաղիքյանը սոցցանցերով շփման փոխարեն միշտ կնախընտրի հին հայկական կոնյակով իրական շփումը: Կրտսեր դուստրն էլ հազիվ թե երբևէ ձեռքով նամակ գրի ու փոստով ուղարկի: Շատ տարբեր, սակայն միևնույն ժամանակ շատ մտերիմ մարդիկ են, ավելի մտերիմ, երևի, չի էլ լինում:
Նույնիսկ երբ երեք դստրերն էլ ամուսնանան և լքեն հայրական տունը, ընտանիքը չի քանդվի, այլ ընդհակառակը՝ է՛լ ավելի կամրանա: Մայրիկն ինչպես միշտ կպատրաստի ծնողներից սովորած «միկադոն», դստրերն էլ արդեն իրենց աղջիկներին ու տղաներին կխնամեն, հայրն էլ բազկաթոռի մեջ ճոճվելով՝ այնքան կասի ընտանիքի անդամներին «ես քեզ սիրում եմ», որ շուտով այդ խոսքերը ռուսներն էլ անգիր կանեն:

Այս թեմայով