21 Հունիս 2013, 17:20
1997 |

Բարեգործության վանիլային բուրմունքը

Շատերի մանկական հիշողություններում է առաջին այցը պոլիկլինիկա սարսափելի ու տհաճ: Հիվանդանոցային սառը, սպիտակ պատերի ներսում բոլորի մոտ էլ առաջանում է անհարմարության զգացում: Եվ նույնիսկ անհնար է պատկերացնել այն երեխաների հոգեվիճակը, ովքեր տարբեր բարդության առողջական խնդիրների պատճառով ստիպված են այդ գաղջ մթնոլորտում անցկացնել շաբաթներ, անգամ ամիսներ:

Առողջապահական doctors.am կայքը հունիսի սկզբին նախաձեռնեց «Շնչող պատեր» ծրագիրը: Այն միտված էր բուժվող երեխաների համար առողջ և գունեղ միջավայր ստեղծելուն: Կազմակերպված դրամահավաքի փոքրիկ բյուջեն հնարավորություն տվեց «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում նկարազարդել 6 պատ: Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի ուսանողներն ու շրջանավարտները գոհ էին իրենց աշխատանքից: Գոհ էին նաև սպիտակ պատերից ճնշված երեխաները: Տեսնելով բուժվող երեխաների հիացմունքը՝ կազմակերպիչները որոշեցին շարունակական դարձնել այս ծրագիրն այնքան ժամանակ, մինչև չգունավորվեն մանկական հիվանդանոցների ու բաժանմունքների բոլոր պատերը:

Տեղեկատվությունը տարածելու ամենահարմար տարբերակներից մեկն ընտրվեց facebook.com սոցիալական ցանցը, որտեղ էլ այս ակցիայի մասին առաջին անգամ կարդաց երկու բալիկների մայր, 29-ամյա Հեղինար Մելքումյանը: Նա երկար խորհեց օգնության տարբերակների մասին, բայց ի վերջո, կանգ առավ, իր կարծիքով, ամենայուրօրինակի վրա:

Հունիսի 20–ին, իր ծննդյան օրը, Հեղինարը պատրաստեց 200 հատ շաքարահյութով ծածկված, վանիլային փոքրիկ թխվածքներ ու դրանք սիմվոլիկ գումարով վաճառեց «Սիրահարների այգում»: Անդադար մաղող անձրևին ի տրիտուր՝ դրամահավաքի մեկուկես ժամվա ընթացքում վաճառվեցին բոլոր 200 թխվածքները՝ ծրագրին բերելով 100 000 դրամի օգնություն: Արդյունքն իրեն սպասել չի տա: Գալիք կիրակի նկարազարդվելու են «Արաբկիր» բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի պատերը: Ինչպես ասաց օրվա հերոսուհին՝ Հեղինարը, նա անպայման մասնակցելու է պատերի գունազարդմանը և կոչ արեց միանալ իրեն:

Այս թեմայով