17 Հունիս 2013, 15:08
2593 |

Շրջիկ կրկեսը Երևանում

Վստահ եմ, որ գոնե մեկ անգամ դիտել եք «Մադագասկար» մուլտֆիլմը: Իսկ հիմա պատկերացրեք, որ հնարավորություն ունեք իրականում հանդիպել այս մուլտֆիլմի կերպարներին, այն էլ` հենց Երևանում:

Դելֆինարիումի նախկին տարածքում հիմա շրջիկ կրկեսի վրան է տեղակայված: Ինձ դիմավորեց աշխատակիցներից մեկը, որն այնքան նման էր «Մադագասկարի» չարաճճի կապիկների տիրակալին, որ փոխանակ լսեի' ինչ է խոսում, ուշադիր զննում էի արտաքինն ու հրճվում: Հարցազրույցի համար նախնական համաձայնություն ստանալով' լքեցի կիսաքանդ տարածքը՝ սպասելով հաջորդ օրվա կրկեսային ներկայացմանը:

Ծառերի ու խոտերի մեջ մխրճված, գագաթին «ЦИРК» ցուցանակով մեծ վրանի hետնամասում անիվավոր տնակներով տարածքը գնչուների ավան էր հիշեցնում: Թվում էր' շուտով մի գնչուհի կհայտնվի ու կառաջարկի բախտս կարդալ: Սակայն ոչ մի նման բան չեղավ, սա զուտ հայկական կրկես էր:

Ո՞վքեր են նրանք և ինչպե՞ս հայտնվեցին Երևանում. այս հարցերի պատասխանը պատրաստվում էի ստանալ կրկեսային ներկայացումը դիտելուց հետո միայն: Հանդիսատեսն արդեն իր տեղում էր, երբ ինչ-որ իրարանցում սկսվեց:

Պարզվեց' հովհարային անջատում է սպասվում, իսկ արջերը, եթե, Աստված մի արասցե, այդ ժամանակ կրկեսի հրապարակում լինեն, շատ ծանր կարձագանքեն լույսի կտրուկ անջատմանը. կարող են վախենալ և հարձակվել մարդկանց վրա: Որոշվեց հետաձգել ներկայացումն անցանկալի հետևանքներից խուսափելու համար: Սա, իհարկե, լավագույն նորությունը չէր հանդիսատեսի համար, նրանք ստիպված լքեցին տարածքը: Իսկ ես որոշեցի մնալ ու ծանոթանալ շրջիկ կրկեսի դերասանների հետ:

Անիվներով տնակներից մեկի մուտքի մոտ հանդիպեցի մի ժպտերես ու բարեհամբույր աղջկա: 24-ամյա Ստեֆանյան առաջին անգամ խաղահրապարակ է դուրս եկել չորս տարեկանում: Կրկեսային ընտանիքում ծնված երեխայի համար բնավ զարմանալի չէ: Մանկուց ճանապարհորդել է աշխարհի տարբեր երկրներում ու հայկական դրոշի ներքո ներկայացրել Հայաստանը:

«Վերջին երեք տարիների ընթացքում ընտանիքով աշխատում էինք Չեխիայի «Հումբերտո» կրկեսում, հետո որոշեցինք ներկայանալ նաև Հայաստանում: Անձնակազմ հավաքեցինք, հաջողվեց»,- պատմում է Ստեֆանյան: Կրկեսի մասին ավելի մանրամասն պատմեց Ստեֆանյայի հայրը՝ կրկեսի գեղարվեստական ղեկավար Գևորգ Գրիգորյանը՝ նույն ինքը՝ ծաղրածու Գոշան՝քսան տարուց ավելի այստեղ աշխատող: Շրջիկ կրկեսը ստեղծվել է երկու ամիս առաջ և ոչ մի կապ չունի պետկրկեսի հետ: Պարզապես ժամանակն էր, որ Հայաստանը նույնպես ունենար ամբողջ երկրով շրջող կրկես:

«Երևանի կրկեսից ընդամենը երկու դերասան ունենք, մնացածը տարբեր երկրներից են: Համարները բազմազան են՝ աճպարարությունից մինչև 120 բաժակներով համարը՝ գրանցված Գինեսի ռեկորդների գրքում»,-պատմեց Գևորգը:

Որոշեցի այլևս չտանջել դերասաններին իմ հարցերով, առանց այդ էլ շատերը ներկայացման հետաձգման պատճառով տրամադրություն չունեին: Վերադարձա հաջորդ օրը: Հետնաբակում հանդիպեցի արդեն կազմ-պատրաստ դերասաններին:

Անդրեյ Կալյուժնին կապիկներ վարժեցնող է: Նա հասցրել էր կերպարանափոխվել և ներկել աչքերն ու շուրթերը: Խոսելով իր կապիկների մասին՝ առանձնացրեց 23 ամյա Սեմյոնին, որը վաղուց արդեն ոչնչով չի հետաքրքրվում. իր կարիերայի ընթացքում նա արդեն ամեն ինչ տեսել ու արել է: «Իսկ ահա երիտասարդ կապիկներն այդպիսին չեն, հետաքրքրասեր են» - պատմեց Անդրեյը:

Կալյուժնին նախկինում եղել է Հայաստանում՝ 1996-ին: Նրա համոզմամբ, ոչինչ չի փոխվել. մարդիկ այն ժամանակ էլ կրկես չէին գալիս, հիմա էլ: Պատճառը կազմակերպչական խնդիրներն են, օրինակ, երկար ժամանակ սպասում էին տարածքի տրամադրմանը:

Նախկին դելֆինարիումով մեկ գնում-գալիս էր արծաթափայլ զգեստով մի շիկահեր աղջիկ՝ 18-ամյա Ֆենյան: Նա հանդիսավարն էր և օղակներով համարի բեմադրիչը: Ֆենյան, որը մեծ հաջողությամբ կարող էր նկարահանվել որևէ ֆիլմում, խոստովանեց, որ իր կյանքը չի պատկերացնում առանց կրկեսի:

Ֆենյային արենա ճանապարհելուց հետո վազեցի դահլիճ, որպեսզի ներկա լինեմ բեմադրությանը: Հանդիսատեսի շարքերում իսկական տոն էր, մարդկանց աչքերում կրկեսի կարոտ կար: Ծաղրածուի արածը մի մեծ բան չէր՝ սուլիչով սուլել ու ինչ-որ հնարքներ ցուցադրել, իսկ արդյունքն աննախադեպ էր:

Շրջիկ կրկեսը Երևանում կմնա դեռ երկու ամիս, ապա կներկայանա մարզկենտրոններում, նաև՝ Արցախում: Ներկայացումները կարելի է դիտել յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ և կիրակի, ժամը 19:00-ին:

Այս թեմայով